Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու Եւ Գրասենեակներու Աշխատանքներու Ամփոփագիր (Յունուար 1-Փետրուար 15)

0 0
Read Time:8 Minute, 56 Second

 

Հայ Դատի աշխարհասփիւռ յանձնախումբերու եւ գրասենեակներու աշխատանքները տարեսկզբէն կեդրոնացած են Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութեան եւ վերադարձի իրաւունքի երաշխաւորման, ատրպէյճանական պատերազմական յանցագործութիւննեուի հանրահռչակման եւ պաշտօնական Պաքուի ու յանցագործութիւններուն ներգրաւուած առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցներու կիրառման եւ այլ ուղղութիւններով։

 

Հայ դատի կեդրոնական գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ դատի կեդրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայ դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը Փետրուարի 9-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետութիւնում Գանատայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էնտրու Թըրնըրի հետ։ Տէր-Խաչատուրեանը շնորհաւորել է 2023 թ. Հոկտեմբերին Երեւանում գանատական դեսպանատան բացման առթիւ, ինչը նպաստելու է Գանատա-Հայաստան յարաբերութիւնների զարգացմանը։ Հանդիպման ընթացքում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցչի կողմից բարձրացուած հիմնական հարցերը վերաբերում էին Գանատայից առկայ ակնկալիքներին՝ նկատի ունենալով Ատրպէյճանի ցեղասպանական գործողութիւնների միջոցով Արցախի էթնիկ զտումը, Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցութիւնները, յատկապէս ատրպէյճանական սպառնալիքները, Ատրպէյճանի կողմից Հայաստանի Հանրապետութեան տարածք փաստացի ներխուժումն ու բռնագրաւումը եւ այլն։

Մտահոգութիւններ են հնչել նաեւ Գանատայի կառավարութեան՝ Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու մասին վերջին որոշման վերաբերեալ։ 2020 թ. Հոկտեմբերի սկզբին Օթթաուան կասեցրել էր դէպի Թուրքիա ռազմական նշանակութեան արտադրանքի արտահանման թոյլտուութիւնները՝ մասնաւորապէս օպտիկական սարքաւորումները, որոնք Թուրքիան օգտագործում էր իր անօդաչու թռչող սարքերի մէջ, որոնք էլ այնուհետեւ ուղարկւում էին Ատրպէյճան եւ օգտագործւում 2020 թ. 44-օրեայ պատերազմի ժամանակ հայերին թիրախաւորելու համար։ 90 րոպէ տեւողութեամբ հանդիպումն աւարտուեց երկուստեք պատրաստակամութեամբ՝ շարունակել նման հանդիպումները ապագայում եւ հնարավորութեան դէպքում համագործակցել փոխշահաւէտ նախաձեռնութիւններով՝ տարբեր ոլորտներում ամրապնդելու Գանատա-Հայաստան յարաբերութիւնները։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների յանձնախմբը տարեսկզբին, իր հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից զատ, աշխատանքներ իրականացրեց Երուսաղէմի հայկական թաղամասի պաշտպանութեան աշխատանքներին օժանդակելու համար։ Յունուարի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Խոակին Կաստրոն հիւրընկալել է կոնգրեսական քննարկում՝ ուշադրութիւն հրաւիրելով Երուսաղէմի հայկական թաղամասի նկատմամբ յարձակումների վրայ։

Գալիֆորնիայի նահանգային խորհրդարանում Յունուարի 22-ին ստորագրուել է ԱՄՆ Գալիֆորնիա նահանգի եւ ՀՀ Սիւնիքի մարզի միջեւ համագործակցութեան հաստատման վերաբերեալ յուշագիր։ Կարեւոր այդ արարողութեանը ներկայ են գտնուել տեղական օրէնսդիրներ, Հայ դատի Ամերիկայի կեդրոնական եւ Գալիֆորնիայի նահանգային յանձնախմբերի պատասխանատուները, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Հայ դատի ԱՄՆ Արեւմտեան ափի յանձնախմբի ջանքերի արդիւնքում՝ Գալիֆորնիայի եւ ՀՀ Սիւնիքի մարզի միջեւ նահանգային-մարզային յարաբերութիւնների համագործակցութեան վերաբերեեալ աշխատանքները սկսուել են դեռեւս 2022 թ. սկզբից, երբ Փետրուարի 10-ին Գալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել էր համապատասխան բանաձեւ։ Հետագայում Գալիֆորնիայի նահանգային խորհրդարանն ընդունել էր նաեւ մէկ այլ հայանպաստ բանաձեւ՝ դատապարտելով Արցախի դէմ Ատրպէյճանի շրջափակումն ու ագրեսիան, պահանջելով անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ Արցախի բարձրաստիճան ղեկավարներին, վերահաստատելով Արցախի ինքնորոշման իրաւունքը եւ կոչ անելով գործուն քայլերով դատապարտել Հայաստանի դէմ Ատրպէյճանի թշնամական քաղաքականութիւնը։ Իր խօսքում ՀՀ ԱԺ անդամ Արթուր Խաչատրեանը շնորհակալութիւն յայտնեց Քրիս Հոլդենին՝ հայամէտ բանաձեւերն առաջ մղելու համար, ինչպէս նաեւ երախտագիտութիւն յայտնեց Գալիֆորնիայի օրէնսդիրներին եւ Հայ դատի յանձնախմբին՝ Գալիֆորնիայի եւ Հայաստանի միջեւ կապերն ամրապնդելու այս պատմական ջանքերին աջակցելու համար: Խաչատրեանն ընդգծել է, որ բանաձեւերի ընդունումը «շատ կարեւոր քաղաքական ուղերձ է աշխարհին, Ատրպէյճանին եւ նրա հովանաւոր Թուրքիային։ Չնայած Ատրպէյճանի ագրեսիային, Արցախի վերաբերեալ էջը փակուած չէ, Արցախի ժողովուրդն իրաւունք ունի ինքնուրոյն որոշել իր ճակատագիրը, ինչպէս աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ»։

Արթուր Խաչատրեանը Գալիֆորնիայից մեկնել է Ուաշինկթոն, որտեղ Յունուարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը, Հայաստանի անվտանգութեանը եւ Ատրպէյճանին պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութեանը վերաբերող հարցեր։ Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուէյն Մոլընի եւ Գարի Փեթերսի հետ հանդիպումների ընթացքում Խաչատրեանը նշել է, որ եթէ Ալիեւի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառուեն Արցախի 150․000 հայութեան նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան համար, այն շարունակելու է սաստկացնել իր ագրեսիան։ Ատրպէյճանական զօրքերը ներկայումս գտնւում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրայ՝ Սիւնիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում։ Ալիեւը մարտահրաւէր է նետում Հայաստանի միջազգայնօրէն ճանաչուած սահմաններին, սպառնում է Սիւնիքով միջանցք բացել եւ Թուրքիայի հետ ցամաքային կապ ապահովել, ինչպէս նաեւ ճնշում է Հայաստանին՝ ընդունելու նոր Սահմանադրութիւն։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կազմակերպած կոնգրեսական ճեպազրոյցների ընթացքում, Յունուարի վերջին, հանդիպելով կոնգրեսականներ Ջեյմս Կոստայի եւ Բրեդ Շերմանի հետ՝ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը ներկայացրել են Արցախի ժողովրդի անքակտելի իրաւունքները, ազգային շահերը եւ ժողովրդավարական ձգտումները։ Ճեպազրոյցի ընթացքում Ստեփանեանն ու Բեգլարեանը սեփական վկայութիւններն են ներկայացրել Ատրպէյճանի կողմից Արցախի տասն ամիս տեւած շրջափակման դաժան իրողութիւնների մասին, որոնք գագաթնակէտին հասան 2023 թ. Սեպտեմբերի ցեղասպանական յարձակմամբ, ինչի արդիւնքում բռնի կերպով դատարկուեց Արցախը։ Բանախօսները խօսել են արցախահայութեան դէմ Ատրպէյճանի կանխամտածուած յարձակումների պատմութիւնից, ինչը հիմք է հանդիսացել 2023 թ. ցեղասպանութեան։ Նրանք նաեւ կարեւորել են ԱՄՆ-ի կողմից Ատրպէյճանին Արցախի ցեղասպանութեան համար պատասխանատուութեան ենթարկումը, ի թիւս այլնի կարեւորելով՝

  • Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնուելով Սենատի Ս.3000 բանաձեւի ընդունման վրայ, որը պարտադրում է 907-րդ բանաձեւի ամբողջական կիրարկում։ Մագնիցկու պատժամիջոցների կիրառումը ռազմական յանցագործութիւնների եւ էթնիկ զտումների համար։
  • ԱՄՆ օժանդակութիւնն Արցախի բռնի տեղահանուած հայութեանը, բռնի տեղահանուած հայերի անվտանգ վերադարձի երաշխաւորումը։
  • Ամերիկեան եւ միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023 թ. Սեպտեմբերին գերեվարուած Արցախի առաջնորդների եւ 2020 թ. ատրպէյճանաթուրքական յարձակումներից յետոյ ապօրինաբար պահուող ռազմագերիների անյապաղ ազատ արձակումը։
  • Արցախի հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանումը։

Ստեփանեանն ու Բեգլարեանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղուած Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրաւունքի իրացմանը եւ առանց կատարուած յանցագործութիւնների համար պատասխանատուութեանը, տարածաշրջանում անհնար կը լինի կայուն խաղաղութիւն հաստատել։ Նրանք նաեւ ընդգծել են, որ Ատրպէյճանի կառավարութեան կողմից բորբոքուած համակարգային հակահայկական ատելութիւնը պէտք է արմատախիլ արուի՝ ապահովելու համար հակամարտութեան կայուն կարգաւորումը եւ տարածաշրջանային կայունութիւնը։

Ամերիկեան սենատորներ Էդ Մարքին եւ Բիլ Քեսիդին Փետրուարի սկզբին ներկայացրել են երկկուսակցական բանաձեւ՝ ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջելով զեկոյց ներկայացնել Ատրպէյճանում մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ՝ համաձայն «Արտաքին աջակցութեան ակտի» 502Բ(ց) բաժնի պահանջների: Պետքարտուղարութիւնից հայցուող տեղեկատուութիւնը վերաբերելու է ինչպէս Ատրպէյճանի ներսում, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղում մարդու իրաւունքների ոտնահարումներին, որոնց արդիւնքում Արցախում արձանագրուեց էթնիկ զտում։ Որպէս համահեղինակներ՝ բանաձեւի նախագծին են միացել նաեւ սենատորներ Մարկօ Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբէթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Ռոբերտ Մենենդեսը եւ Փիթեր Ուելչը։ Այս առիթով, բանաձեւի նախագծին աւելի շատ սենատորների միացումն ապահովելու համար՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը սկսել է համագաղութային արշաւ՝ ամերիկահայութեանը մղելով, Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի էլեկտրոնային համակարգերի միջոցով, իրենց շրջաններից ընտրուած սենատորների վրա բանեցնելու համայնքային ճնշում։ «Արտաքին աջակցութեան ակտի» 502Բ(ց) բաժինը երկար ժամանակ գոյութիւն ունեցող, սակայն չօգտագործուած ակտ է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգային աջակցութիւնը «ցանկացած երկրի, որի կառավարութիւնն իրականացնում է միջազգայնօրէն ճանաչուած՝ մարդու իրաւունքների կոպիտ խախտումներ: Եթէ ներկայացուած բանաձեւն ընդունուի, դա կը լինի առաջին դէպքը, երբ Կոնգրեսը 1976 թուականից ի վեր զեկոյց է պահանջում համաձայն 502Բ(ց) բաժնի:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Լոուլերը վերջերս միացել է Կոնգրեսի հայկական յանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնին եւ Գուս Բիլիրակիսին, ինչպէս նաեւ Գաբէ Ամոյին՝ ներկայացնելով «Հայկական պաշտպանութեան ակտը»։ Ատրպէյճանին Ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկելուն միտուած այս նախագիծը նույնպէս էապէս խթանուել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից։ Բանաձեւի նախագիծը նախորդ տարեվերջին ամերիկեան Սենատի կողմից միաձայնութեամբ ընդունուած համանուն բանաձեւի տրամաբանութիւնն է կրկնում արդէն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ գալիս է առաջ մղելու ներամերիկեան օրէնսդրական գործընթացը՝ ապահովելու համար ԱՄՆ Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի (907-րդ բանաձեւ) կիրարկումը եւ էապէս սահմանափարելու ԱՄՆ նախագահի լիազօրութիւնները յիշեալ յօդուածի կիրարկումից հրաժարուելու գործում։ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն արդէն իսկ սկսել է համագաղութային լայնամասշտապ գործողութիւնների արշաւ՝ «Հայկական պաշտպանութեան ակտի» (Հ.Ր.7288) արագ քննարկմանն ու ընդունմանը նպաստելլու համար:

Եւրոպա

Հայ դատի Եւրոպայի գրասենեակը շարունակել է օժանդակել «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման աշխատանքներին, որոնց արդիւնքում Յունուարի 27-ին եւ 28-ին անցկացուեց երկրորդ համաեւրոպական համախմբումը՝ ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023 թ. Հոկտեմբերի 1-ին Պելճիքայի մայրաքաղաք Պրուքսէլում եւ եւրոպական 13 քաղաքներում կազմակերպուած բողոքի համաժամանակեայ ցոյցերն էին։

Այս անգամ, աւելի քան 50 եւրոպական քաղաքներում կազմակերպուած տարաբնոյթ ձեռնարկների միջոցով, «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը Եւրոպական միութեան, եւրոպական երկրների, ինչպէս նաեւ Եւրոպայի խորհրդի ղեկավարութիւնից պահանջում էր էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականութեան համար դատապարտել Ատրպէյճանին, պահանջել ազատ արձակել հայ ռամագերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին, զօրակցութիւն յայտնել բռնի տեղահանուած արցախահայութեանն, ինչպէս նաեւ պատժամիջոցներ կիրառել Պաքուի նկատմամբ։

Կազմակերպուած ձեռնարկները ներառում էին հաւաքներ, ցոյցեր, իրազեկման գործողութիւններ, մամուլի ասուլիսներ, բարեգործական աշխատանք, դասախօսութիւններ, ֆիլմերի ցուցադրութիւն եւ այլն, որոնց մասնակցութիւն են ունեցել նաեւ բազմաթիւ օտար քաղաքական կուսակցութիւններ, խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, առհասարակ քաղաքական դէմքեր, ինչպէս նաեւ մեծաթիւ լրագրողներ։ Միջոցառումների օտարազգի մասնակիցները նոյնպէս արտայայտել են իրենց պատրաստակամութիւնը շարունակելու պայքարը յանուն արցախահայութեան իրաւունքների վերականգնման։

Եւրոպայի տասնչորս երկրներում գործող Հայ դատի յանձնախմբերն իրենց ակտիւ մասնակցութիւնն ու կազմակերպական օժանդակութիւնն են բերել կազմակերպուած յիշեալ միջոցառումներին։

Ֆրանսա

Ֆրանսայի Հանրապետութեան Սենատը Յունուարի 17-ին, գրեթէ միաձայնութեամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանն աջակցող, Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցներ եւ հայ բնակչութեան՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրաւունքի երաշխիքներ պահանջող բանաձեւ։ Ստեղծուած իրավիճակում չափազանց կարեւոր է Ֆրանսայի օրէնսդիր մարմնի բարձր պալատի կողմից այնպիսի քաղաքական դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցութիւն Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնորոշմանը, Արցախում ատրպէյճանական վերջին ագրեսիայի դատապարտում, հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի երաշխաւորման անհրաժեշտութիւն, Հայաստանի Հանրապետութեան տարածքների տէօկուպացիա, Հայաստանի կողմից իր անվտանգութիւնը, այդ թւում ռազմական ճանապարհով, պաշտպանելու կարողութիւնների զարգացում, Պաքուում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատութիւն, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն։ Կարեւոր նշանակութիւն ունի նաեւ Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջը։

Միացեալ Թագաւորութիւն

ՄԹ Լորդերի պալատի միջազգային յարաբերութիւնների եւ պաշտպանութեան յանձնաժողովը Յունուարի 10-ին լսումներ է անցկացրել Արցախի եւ Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւնների վերաբերեալ։

Լսումներին մասնակցում էր նաեւ ՄԹ Հայ դատի յանձնախումբի ատենապետ Անէթ Մոսկոֆեանը։ Հայ դատի յանձնախումբն այս լսումների համար իրականացրել էր յանձնաժողովի քարտուղարութեան եւ անդամների տեղեկատուական իրազեկում՝ Ատրպէյճանի կողմից իրականացուած ռազմական յանցագործութիւնների, էթնիկ զտումների եւ ցեղասպանութեան, մշակութային ու կրօնական ժառանգութեան ոչնչացման, գերիների ու անօրինական առեւանգուած անձանց վերաբերեալ: Հայ դատի յանձնախումբը տեղեկատուութիւն էր խնդրել մասնաւորապէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպոյից, Ցեղասպանութիւնների կանխարգելման Լեմկինի ինստիտուտից, պարոնուհի Քերոլայն Քոքսի “ՀԱՐՏ” բարեգործական հիմնադրամից, «Թաթոյեան» հիմնադրամից եւ “Գլոբալ Վիտնեսս” կազմակերպութիւնից։

Գանատա

Դեռեւս Յունուարի 23-ին Հայ դատի Գանատայի յանձնախումբը յայտարարեց, որ հաւանականութիւն կայ առ այն, որ գանատական կողմը կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանուած՝ ռազմական արտադրանքի վաճառքի արգելակումը՝ Շուէտի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։ Յանձնախումբը նկատել էր, որ Թուրքիայի նկատմաբ կիրառուող զէնքի արգելակման վերացումը յատկապէս վտանգաւոր է գանատաթուրքական ռազմական առեւտրի վերջին սկանդալային բացայայտումներից յետոյ, երբ 2019 թ. պաշտօնական Օթթաուան թոյլատրել էր անօդաչուներում կիրառուող Լ3Հառիս/ՎԵՍՑԱՄ տեխնոլոգիաների վաճառքը Անկարային, ինչը հանդիսանում էր «Բայրակթար» անօդաչուների մրցունակութիւնն ապահովող առանցքային դետալներից մէկը։ Հետագայ հետաքննութիւնն ապացուցել էր այդ տեխնոլոգիաների փոխանցումը Ատրպէյճանին, ինչն արգելուած էր։ Բացայայտուել էին թուրքական այլ զեղծարարութիւններ եւս։ Մասնաւորապէս, գանատական տեխնոլոգիան, համապատասխան թուրքական դիմումի, ենթակայ էր կիրառման ոչ թէ յարձակողական, այլ հետախուզական անօդաչուների համար։ Պետական այս հետաքննութիւնից յետոյ, գանատական կողմը, Հայ դատի Գանատայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, Թուրքիայի նկատմամբ կիրառեց ռազմական արտադրանքի վաճառքի արգելակում։

 

Յունուարի 30-ին արդէն պարզ էր, որ Օթթաուան չեղարկել է գործող արգելակումը։ Հայ դատի յանձնախումբն իր հերթին յայտարարեց, որ այս որոշումը տագնապալի մտահոգութիւններ է առաջացրել գանատահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Գանատայի հաւատարմութիւնը մարդու իրաւունքներին, միջազգային անվտանգութեանն ու արդարութեանը։ Ամէն դէպքում, Հայ դատի Գանատայի յանձնախումբն ի գիտութիւն է ընդունել գանատական կառավարութեան վստահեցումն առ այն, որ Թուրքիա զէնքի արտահանման թոյլտուութիւնները կչեղարկուեն կամ կը կասեցուեն այն պարագայում, երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերեալ հաւաստի ապացոյցներ պարզուեն։

Մերձաւոր Արեւելք

Թուրքիայի յայցի հիման վրայ Արդարադատութեան միջազգային դատարանում Իսրայէլի դէմ Յունուարի 11-ից մեկնարկած լսումների վերաբերեալ նոյն օրը յայտարարութիւն է տարածել Հայ դատի Մերձաւոր Արեւելքի յանձնախումբը՝ մատնանշելով Թուրքիայի երկդիմի քաղաքականութիւնը, որը մի կողմից մեղադրում է Իսրայէլին ցեղասպանութիւն իրագործելու մէջ, միւս կողմից չի դադարեցնում վերջինիս հետ իր առեւտրային յարաբերութիւնները, իսկ միւս կողմից էլ չի ընդունում Հայ ժողովրդի ցեղասպանութիւնը։ Յանձնախումբը նաեւ քննադատել է Իսրայէլին՝ Հայոց ցեղասպանութիւնը չընդունելու, Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողութիւններին մեղսակցութեան վերաբերեալ։ Անդրադառնալով Գազայի հատուածում ընթացիկ ռազմական գործողութիւններին՝ յանձնախումբը կարեւորել է ռազմական գործողութիւնների ու մարդասիրական աղէտի դադարեցումն ու երկու կողմերի համար ընդունելի լուծումներ գտնելու շուրջ խաղաղ կարգաւորման գործընթացի մեկնարկը:

 

Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles