Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
Խնդրի էութիւնը
2020-ին աղէտալի պատերազմից անմիջապէս յետոյ, առաւելապէս ատրպէյճանական պարտադրմամբ, հայ-ատրպէյճանական բանակցային օրակարգի առանցքային կէտերից մէկը դարձաւ երկու երկրների միջեւ սահմանազատման (դելիմիտացիա) եւ սահմանագծման (դեմարկացիա) հարցը, ինչը սկսեց լայնօրէն քննարկուել հայկական հասարակական-քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ 2021 թ․ Մայիսին, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք ներխուժումից կարճ ժամանակ անց, Հայաստանի եւ Ատրպէյճանի փոխվարչապետերի գլխաւորութեամբ ստեղծուեց երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողով, որի աշխատանքները, չնայած մի քանի հանդիպումներին, դեռեւս յուսադրութիւն չեն ներշնչում։ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ նախ սահմանազատումը, ապա սահմանագծումը բարդ խնդիրների մի ամբողջ թնճուկ է, որն էլ աւելի է խճճուել ատրպէյճանական զանազան քարտէզագիտական զեղծարարութիւնների, ռազմական ներխուժումների, աշխարհաքաղաքական մրցակցութիւնների, ինչպէս նաեւ ԽՍՀՄ տարբեր տարիների քարտէզների փոփոխութիւնների, եւ 1920 թ․ այս կողմ, ԽՍՀՄ տարբեր որոշումների հիման վրայ հայկական պետութեան տարածքների փոքրացումների, անկլաւների առաջացման եւ այլնի արդիւնքում։
Այս թնճուկը թէկուզ թռուցիկ ընկալելու համար, անհրաժեշտ է նախ պատկերացում կազմել սահմանազատման (դելիմիտացիա) եւ սահմանագծման (դեմարկացիա) էութեան վերաբերեալ, ապա գնահատելով հայ-ատրպէյճանական յարաբերոթիւնների ներկայ վիճակը, հասկանալ Հայաստան-Ատրպէյճան միջպետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մարտահրաւէրները։ Ուստի, նպատակ ունենք «Հորիզոնում» տպագրուող սոյն յօդուածով, ինչպէս նաեւ դրա երկրորդ մասով առարկայացնել պատկերացումները նախ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի, դրա էութեան, միջազգային փորձի եւ ընդունուած մօտեցումների վերաբերեալ, ապա արդէն քննարկման առարկայ դարձնել հայ-ատրպէյճանական սահմանների ճշգրտման գործընթացի խնդիրներն ու ատրպէյճանական կողմի շարունակական պահանջները, ինչի պարագայում Հայաստան-Ատրպէյճան շուրջ 930 քլմ երկարութեամբ սահմանի տարբեր հատուածների վերաբերեալ առկայ են վէճեր, իսկ ատրպէյճանական զօրքերը շարունակում են գտնուել այդ սահմանից շուրջ 200 քառ․քլմ. այս կողմ։
Խնդրոյ առարկային վերաբերող միջազգային պրակտիկ գրականութեան մէջ, որը նաեւ շօշափում է տեսական հարցեր, արժէքաւոր փաստաթուղթ է Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) քարտուղարութեան անդրազգային սպառնալիքների վարչութեան սահմանային անվտանգութեան եւ կառավարման բաժնի կողմից 2017 թ․ հրապարակուած՝ «Պետական սահմանների սահմանազատում եւ սահմանագծում․ Մարտահրաւէրներ եւ լուծումներ» ուղեցոյցը1 (այսուհետ Ուղեցոյց), որը կազմութեան ընթացքում մեծապէս հաշուի է առնուել սահմանային խնդիրների կարգաւորման բելառուսա-լեհական շուրջ տասնամեայ փորձը: Ըստ այդմ սահմանուած է, որ սահմանազատւմը (դելիմիտացիա) հարեւան պետութիւնների միջեւ պետական սահմանի մասին պայմանագրի իրաւական ձեւակերպումն է, եւ գրաֆիկօրէն գծագրուած դիրքը տեղագրական քարտէզի վրայ, ինչը պատշաճ կերպով սահմանուած է դրա համապատասխան գրաւոր նկարագրութեան մէջ։ Դրանից յետոյ քարտէզը եւ նկարագրութիւնը կարող են դառնալ պայմանագրի կամ դրա յաւելուածի անբաժանելի մասը: Սահմանագծումը (դեմարկացիա) հարեւան պետութիւնների կողմից գետնի վրայ պետական սահմանի տեղորոշումն է, ներառեալ սահմանագծման փաստաթղթերի կազմումը, սահմանային տեղորոշումը, համապատասխան նշանների տեղադրումը։ Այսինքն սահմանազատումը սահմանների վերաբերեալ պատկերացման շուրջ քաղաքական համաձայնութեան գալն է, իսկ սահմանագծումը տեղում սահմանային նշանների, փշալարերի, դիտարկման աշտարակների եւ այլնի անցկացումը, ինչպէս նաեւ սահմանագծման ընթացքում օբիեկտիւ խոչընդոտների յաղթահարումը, օրինակ, անբարենպաստ տեղանքների փոխադարձ շրջանցումը, սահմանի՝ գետերի հուներին զուգադիպման ժամանակ վերջինս որպէս սահման ընդունումը եւ այլն, ինչին կ’անդրադառնանք ստորեւ։
Իբրեւ դելիմիտացիայի կամ սահմանազատման հիմք կարող են կիրառուել միջազգային եւ միջպետական համաձայնագրերը, դրանց արդիւնքում կազմուած քարտէզները, վերպետական կազմաւորումների ադմինիստրատիւ սահմանները եւ այլն։
Պետութիւնների միջեւ սահմանների ճշգրտումը տարիներ, յաճախ նաեւ տասնամեակներ տեւող գործընթաց է, անգամ միմեանց միջեւ դիւանագիտական եւ բարեկամական յարաբերութիւնների առկայութեան պայմաններում, ինչպէս օրինակ Հայաստանի եւ Վրաստանի պարագան է, երբ յետանկախական այս ողջ ժամանակահատուածում, հայ-վրացական սահմանի միայն շուրջ 60 տոկոսի դեմարկացիան է աւարտուել, այդ էլ այն պարագայում, երբ դելիմիտացիայի համար երկու հարեւան երկրները հիմք են ընդունել Անդրկովկասի Խորհրդայից Սոցիալիստական Հանրապետութեան 1929 եւ 1935 թթ․ համապատասխան փաստաթղթերը, այսինքն, երբ սահմանազատման իրաւաքաղաքական հենքի վերաբերեալ հակասութիւններ չկան։
Միայն ադմինիստրատիւ սահմաններով բաժանուած պետութիւնները աւելի յաճախ են յանգում սահմանային խնդիրների, ինչպէս օրինակ յետխորհրդային պետութիւնների պարագայում է, օրինակ Առաջաւոր Ասիայում։ Նման խնդիրներ ունեն Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը։ Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը չեն կարողանում համաձայնութեան հասնել Ֆերգանայի հովտի վերաբերեալ2։ Ռուսաստանն ինքը դեմարկացուած սահմաններ չունի օրինակ Վրաստանի եւ Ճապոնիայի հետ։
Սահմանազատման միջազգային իրաւական հիմքը
ԵԱՀԿ Ուղեցոյցը անդրադառնալով, սահմանազատման իրավական հիմքին յղում է կատարում միջազգային իրաւունքի մի շարք կարեւոր փաստաթղթերի, մասնաւորապէս վկայակոչւում է Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների վերաբերեալ Մոնտեվիդիոյի 1933 թ․ կոնվենցիան, որը պետութեան գոյութեան համար նախապայմաններ է սահմանում՝ մշտական տեղաբնիկ բնակչութիւն, սահմանուած տարածք, ազգային կառավարութիւն եւ այլ պետութիւնների հետ քաղաքակիրթ յարաբերութիւնների մէջ գտնուելու կարողութիւն։ Պետութեան՝ որպէս միջազգային իրաւունքի սուբիեկտիւ, վերաբերեալ նորմերն ու տարբերակիչ յատկանիշները պարբերաբար թարմացուել եւ կատարելագործուել են։ Խորհրդային Միութեան փլուզումից եւ Արեւելեան Եւրոպայում քաղաքական փոփոխութիւններից յետոյ 1991 թուականի Դեկտեմբերի 16-ին Եւրոպական համայնքն ընդունեց «Արեւելեան Եւրոպայում եւ Խորհրդային Միութիւնում նոր պետութիւնների ճանաչման ուղեցոյցը»։ Համաձայն դրա պետութիւնները պարտաւոր են ապահովել թուով վեց չափորոշիչներ, որոնցից են, յարգանքը ՄԱԿ-ի Կանոնադրութեան, ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկիի Եզրափակիչ ակտի եւ 1990 թ․ Փարիզի խարտիայի դրոյթների նկատմամբ։
Այդպիսով, սահմանների առկայութիւնը պետութեան գոյութեան նախապայմանային հանգամանքներից մէկն է, սակայն միջազգային կայունութեան եւ հակամարտութիւնների զսպման համար աշխարհակարգին անհրաժեշտ է, որ սահմանները լինեն փոխադարձաբար ճանաչուած եւ պահպանուած։ Այս գործընթացը, ինչպէս վերը յիշատակուեց չափազանց բարդ ու խիստ բազմաշերտ է, որի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք ընդհանուր են եւ նոյնական սահմանազատման եւ սահմանագծման ճանապարհով անցնող բազմաթիւ պետութիւնների համար։ Այդ խնդիրներին եւ դրանց կարգաւորման ընթացակարգերին կ’անդրադառնանք ստորեւ։
Սահմանազատման աշխատանքում նախ եւ առաջ անհրաժեշտ է իրականացնել իրաւական հիմքի (միջազգային կամ միջպետական համաձայնագրի, քարտէզի եւ այլն) փոխադարձ համաձայնութիւն, ապա անցկացնել ներպետական համապատասխան ընթացակարգեր՝ պետական յանձնաժողովի կազմում, միջազգային պրակտիկայի ուսումնասիրութիւն, տարբեր քարտէզների ուսումնասիրութիւններ, ինչպէս նաեւ կատարել հողօգտագործման վիճակի, պատմական ժառանգութեան գնահատում, խնդրայարոյց տարածքների շրջանցման փոխադարձ ընդունելի տարբերակների մշակում։ Պէտք է իրականացնել նաեւ ընդհանուր պետութեան վրայ դելիմիտացուած սահմանի ազդեցութեան գնահատում, սահմանամերձ հատուածներում ինժեներական ենթակառուցուածքների եւ ժողովրդի կենսունակութեան արժեւորում, կադաստրային տեղեկատուութեան հաւաքագրում, սեփականութեան իրաւունքի պաշտպանութիւն, պաշտամունքի յուշարձանների, հողօգտագործման տարածքների, արօտավայրերի, էներգետիկ, ջրային եւ սանիտարական ենթակառուցուածքների գործունէութեան հնարաւորութեան ապահովում եւ այլն։ Այս կէտերից իւրաքանչիւրի վերաբերեալ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան աշխատանք՝ համապատասխան քարտէզագիտական նիւթի կիրառմամբ։
Մեթոդաբանական առանձին մօտեցումներ են կիրառւում, երբ սահմանագիծն անցնում է բնական այնպիսի աշխարհագրական պայմաններով, ինչպիսիք են լեռնային տեղանքը, գետը, լիճը, ծովը, ինչպէս նաեւ այլ տարածքներ (դաշտ, անապատ, ճահիճ եւ այլն)։ Օրինակ, լեռնագագաթներով անցնող սահմանների սահմանազատման համար առաջարկւում է, օգտագործել «ջրբաժան մօտեցումը», եթէ տեղում առկայ են ջրային հոսքեր, կամ օգտագործել միջգագաթային գոգաւորութիւնները։ Ինչ վերաբերում է գետով անցնող սահմաններին, ապա որպէս կանոն, ինչպէս վերը նշուեց, հիմնականում, եթէ առկայ է սահմանագծի եւ գետի համընկնում, ապա գետը համարւում է սահմանագիծ, այստեղ արդէն բանակցութիւններով կարգաւորման հարցեր են հանդիսանում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գետում նաւարկութիւնը (եթէ այն նաւարկելի է), կղզիների պատկանելութիւնը (եթէ այդպիսիները կան)։ Մէկ այլ խնդիր է այն, երբ գետի հոսքը ենթարկւում է փոփոխութիւնների։ Այն պարագաներում, երբ սահմանագիծը գետն է, կողմերի միջեւ յաճախ կարող են ընդունուել սահմանի կոնկրետ այդ հատուածի իրաւական ռեժիմի մասին համաձայնագրեր։ Օրինակ, նմանատիպ խնդիրներ են առկայ հայ-վրացական սահմանի Դեբետաւան գիւղի տարածքում, երբ սահմանագիծ համարուող Դեբետ գետը տարածուել է դէպի հայկական կողմ եւ իր հետ տարել գիւղի մշակովի հողից մի փոքր հատուած։ Առանձին կարգաւորումներ են գործում նաեւ ծովային եւ լճային սահմանների պարագայում, սակայն դրանց անդրադարձը նպատակայարմար չենք համարում, քանի որ հայ-ատրպէյճանական յարաբերութիւններում, նման խնդիր դրուած չէ։
Մեթոդաբանական այլ մօտեցումներ կարելի է կիրառել այն դէպքերում, երբ սահմանագիծն անցնում է մարդածին օբիեկտներով, ինչպիսիք են, օրինակ ճանապարհներն ու երկաթուղին, կամուրջներն ու այլ կառոյցները, էլեկտրասնուցման գծերը, խողովակաշարերը, հողային ոռոգման ջրագծերը, պաշտամունքի օբիեկտները եւ այլն։
Սահմանազատման բանակցութիւնների նախապատրաստական փուլում անհրաժեշտ է գոյքագրել բոլոր այն օբիեկտները, որոնք հատում են սահմանը, որպէսզի որոշուի դրանց պատկանելութիւնը եւ նշանակութիւնը ինչպէս այն պետութեան համար որը դա կառուցել է, այնպէս էլ հարեւան պետութեան համար, ինչպէս նաեւ անդրսահմանային նշանակութեան համար, բայց յատկապէս տեղի բնակչութեան համար, այնպէս, որ բնակչութեան կեանքում կենսական նշանակութեան բարդութիւններ չառաջանան։ Աւտոմայրուղիները եւ երկաթուղիները երկրի կենսական ենթակառուցուածքներ են՝ մարդկանց, ապրանքների եւ բեռների տեղափոխման համար: Դրանք յաճախ անցնում են սահմանային գծի երկայնքով, յաճախակի հատելով այն, իսկ որոշ առանձին հատուածներում՝ դրա հետ համընկնելով: Ամենապարզ դէպքն այն է, երբ ճանապարհը հատում է սահմանը եւ հեռանում նրանից։ Մնացած դէպքերում խնդիրը պէտք է լուծուի հետեւեալ կերպ՝ բնակեցուած տարածքները մեկուսացուած չթողնելու համար անհրաժեշտ է որոշել, թէ որ ճանապարհն է աւելի կարեւոր այս կամ այն պետութեան համար, որպէսզի բանակցութիւնների ընթացքում հնարաւոր լինի պլանաւորել ճանապարհահատուածների փոխանակում։ Դրանց վրայով անցնող սահմանային գիծը փոխանցելի են այս կամ այն կողմ՝ կախուած նրանից, թէ որ կողմն է գումար ծախսել ճանապարհի կառուցման վրայ, եւ որ կողմի համար է այն աւելի կարեւոր։ Միջազգային պրակտիկայում կիրառուող այս մօտեցումը, որեւէ կերպ հաշուի չի առուել այն պարագայում, երբ Ատրպէյճանին է յանձնուել Գորիս-Կապան հիմնական ճանապարհահատուածը, ինչի պարագայում մի շարք հայկական բնակավայրեր տեւական ժամանակահատուած զրկուած էին կենսական ճանապարհից, իսկ Հայաստան-Իրան կապը էապէս դժուարացել է այլընտրանքային Գորիս-Տաթեւ-Կապան ճանապարհով։
Վերոշարադրեալ աշխատանքներից յետոյ, արդէն գալիս է մասնագիտական եւ տեխնիկական աշխատանքի ժամանակը, ինչի անդրադարձը սոյն յօդուածում նպատակայարմար չենք գտնում։
Խնդրայարոյց հարցերի լուծման կարգը
Ինչ վերաբերում է խնդրայարոյց հարցերի լուծման կարգին, ապա միջազգային պրակտիկայում կիրառուող հիմնական մօտեցումը միջազգային այնպիսի չէզոք կողմի ներգրաւումն է, որի հանդէպ համատեղ վստահութիւն են տածում սահմանազատուող կողմերը։ Ինչ վերաբերում է սահմանի որոշակի հատուածներում առկայ խնդիրներին, ապա այդպիսի տարածքները կարելի է որակել որպէս «գորշ գօտիներ» եւ դրանց վերադառնալ սահմանազատման եւ սահմանագծման հիմնական գործընթացից յետոյ՝ բանակցային այլ փուլի միջոցով։
Սոյն յօդուածում բերուած մօտեցումները ի հարկէ կիրառելի են, երբ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնող կողմերը տրամադիր են խաղաղութեան եւ ունեն դրան հասնելու քաղաքական կամք եւ չեն հետապնդում կարճ ժամանակ անց հերթական ռազմական ագրեսիայի սանձազերծում եւ սահմանագծումը չեն պատրաստւում յարմարեցնել այդ ագրեսիայի նախապատրաստութեան համար, մի բան, ինչն ամբողջովին բացակայում է Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւններում, երբ մաքսիմալիստական մօտեցումներով տրամադրուած Ատրպէյճանը ամէն ինչ անում է սահմանազատման արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան կենսական ենթակառուցուածքների նկատմամբ վերահսկողութիւն պահպանելու, խոշոր բնակավայրերն անհրաժեշտութեան դէպքում կրակի տակ առնելու, ցանկացած պահի Հայաստանի որեւէ հատուածի կեանքը կաթուածահար անելու, ջրային պաշարների եւ ջրահաւաք աւազանների նկատմամբ վերահսկողութիւն ունենալու, Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայութիւնը պահպանելու եւ, անկլաւների խնդիրն օգտագործելով, ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու համար։ Յօդուածի յաջորդ մասում արդէն կ’անդրադառնանք բուն հայ-ատրպէյճանական սահմանազատման գործընթացին, հասկանալու ստեղծուած իրավիճակն ու փորձելու վեր հանել ատրպէյճանական կողմի իրական նպատակադրումները։
*
Հարեւան պետութիւնների միջպետական յարաբերութիւններին բնորոշ այս գործընթացը ընթացակարգերի եւ մօտեցումների առումով որեւէ ընդհանրութիւն սակայն չունի Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւնների հետ։ Ատրպէյճանի նպատակը ակնյայտօրէն շարունակում է մնալ ոչ թէ խաղաղութեան հաստատումը, այլ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ատրպէյճանը փորձում է սահմանազատումը յարմարեցնել այդ ագրեսիայի նախապատրաստութեանը՝ մասնաւորապէս ստրատեգիական կարեւորութեան բարձունքներում դիրքաւորուած մնալով։ Մաքսիմալիստական մօտեցումներով տրամադրուած Ատրպէյճանը ամէն ինչ անում է սահմանազատման արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան կենսական ենթակառուցուածքների նկատմամբ վերահսկողութիւնը պահպանելու, խոշոր բնակավայրերն անհրաժեշտութեան դէպքում կրակի տակ առնելու, ցանկացած պահի Հայաստանի որեւէ հատուածի կեանքը կաթուածահար անելու, ջրային պաշարների եւ ջրահաւաք աւազանների նկատմամբ վերահսկողութիւն ունենալու, Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայութիւնը պահպանելու եւ, անկլաւների խնդիրն օգտագործելով, ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու համար։
Ինչպէս նշեցինք նախորդիւ, 2020 թ․ աղէտալի պատերազմից անմիջապէս յետոյ, առաւելապէս ատրպէյճանական պարտադրմամբ, հայ-ատրպէյճանական բանակցային օրակարգի առանցքային կէտերից մէկը դարձաւ երկու երկրների միջեւ սահմանազատման (դելիմիտացիա) եւ սահմանագծման (դեմարկացիա) հարցը, ինչը սկսեց լայնօրէն քննարկուել հայկական հասարակական-քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ 2021 թ․ Մայիսին, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք ներխուժումից կարճ ժամանակ անց, Հայաստանի եւ Ատրպէյճանի փոխվարչապետերի գլխաւորութեամբ ստեղծուեց երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողով, որի աշխատանքները, չնայած մի քանի նախկին, ինչպէս նաեւ առաջիկայում պլանաւորուած հանդիպումներին, դեռեւս յուսադրութիւն չեն ներշնչում։ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ նախ սահմանազատումը, ապա սահմանագծումը բարդ խնդիրների մի ամբողջ թնճուկ է, որն էլ աւելի է խճճուել ատրպէյճանական զանազան պատմաշխարհագրական զեղծարարութիւնների, ռազմական ներխուժումների, աշխարհաքաղաքական մրցակցութիւնների, ինչպէս նաեւ ԽՍՀՄ տարբեր տարիների քարտէզների փոփոխութիւնների, եւ 1920 թ․ այս կողմ, ԽՍՀՄ տարբեր որոշումների հիման վրայ հայկական պետութեան տարածքների փոքրացումների, անկլաւների առաջացման եւ այլնի արդիւնքում։ Յօդուածի երկրորդ մասով, արդէն տեսական գիտելիքի համակարգմամբ, կ’անդրադառնանք Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդրին՝ վեր հանելու գործընթացի դժուարութեան առարկայական պատճառները եւ իրավիճակի շարունակական ապակայունացմանն ուղղուած ատրպէյճանական քաղաքականութիւնը։
Քաղաքական խոչընդոտներ
Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման գործընթացում առկայ խնդիրները կարելի է դասակարգել երկու հիմնական խմբերում։ Առաջին խումբը կարող է ներառել այն խնդիրները, որոնք ուղղակիօրէն վերաբերում են սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ երկրորդ խումբը զուտ քաղաքական խնդիրներն են, Ատրպէյճանի բացայայտ թշնամական կեցուածքը, ցեղասպանական գործողութիւնները Արցախում, որոնց անդրադարձը էականօրէն կը մեծացնի այս աշխատանքի ծաւալն ու մեզ կը շեղի բուն նիւթից։ Միայն նշենք, որ ատրպէյճանական թշնամական քաղաքականութիւնը եւ բոլորովին վերջերս ռազմատենչ հռետորաբանութեան եւ Հայաստանից տարածքային պահանջների նոր նշաձողերը, անիմաստ են դարձնում նաեւ սահմանների սահմանազատման գործընթացը, քանի որ վերջինս մի բան է, որ պէտք է ծառայի հարեւան պետութիւնների միջեւ համակեցութեան հաստատմանն ու զարգացմանը, եւ ոչ թէ պատերազմական յանցագործութիւնների արդիւնքում զաւթած տարածքների ու դիրքերի փաստաթղթային ամրագրմանը։ Այդուհանդերձ, անդրադառնանք այն խնդիրներին, որոնք ուղղակի կապ ունեն սահմանազատման հետ, մասնաւորապէս․
Սահմանազատման համար փոխադարձ իրաւական հիմք
Ինչպէս յօդուածի առաջին մասում ենք քանիցս անդրադարձել՝ սահմանազատման համար փոխադարձ ընդունելի իրաւական հիմքի շուրջ պայմանաւորուածութիւնը նախապայմանային նշանակութեան չափազանց կարեւոր հանգամանք է հետագայ աշխատանքների արդիւնաւէտութեան ապահովման տեսանկիւնից։ Հայ-ատրպէյճանական յարաբերութիւններում այս խնդիրը գալիս է 20-րդ դարասկզբից եւ իր ազդեցութիւնն ունի մերօրեայ քաղաքական զարգացումներում։ Միջանկեալ նշենք, որ թէեւ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը իրեն հռչակել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան իրաւայաջորդ, Ատրպէյճանն անկախութիւնից յետոյ սահմանադրութեամբ իրեն հռչակել է Մուսաֆաթական Ատրպէյճանի իրաւայաջորդ, այն պետութեան, որի քարտէզները չեն ընդունուել նոյնիսկ Ազգերի Լիգայի կողմից։ Հաւանաբար այդ մտացածին սահմանները երեւակայելով էր, որ Յունուարի 10-ի հարցազրոյցի ժամանակ Իլհամ Ալիեւը յայտարարեց, որ Ատրպէյճանի տարածքն ի սկզբանէ եղել է 100․000 քառ․ քլմ., եւ որ այդ տարածքներից տրամադրուել են հայկական պետութեանը։
Ամէն դէպքում խորհրդայնացուած Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ առաջին սահմանային յստակեցումները փորձ արուեցին կատարել խորհրդայնացումից մի քանի տարի անց։ Հետագայում ԽՍՀՄ զինուած ուժերի գլխաւոր շտաբը հաստատել է մի շարք քարտէզներ, որոնց արդիւնքում Հայաստանը կորցրել է շուրջ 1200 քառ․ քլմ. տարածք, այդ թւում ինքնիշխան կապը Արցախի հետ։
Այս հարցն իրական խնդրի է վերածուել հայ-ատրպէյճանական յարաբերութիւններում, քանի որ Պաքուն ոչ միայն պահանջում է սահմանազատումն իրականացնել ԽՍՀՄ ամենավերջին սահմաններով, որոնք իր համար ամենայաջողն են, այլ նաեւ գոնէ յայտարարութիւնների մակարդակով չի պատրաստւում խաղաղ կերպով հեռանալ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Կողմերը կարծես թէ մօտ էլ չեն համաձայնութեան թէ ԽՍՀՄ գլխաւոր շտաբի որ թուականների քարտէզներով պէտք է սահմանազատում իրականացուի, վերջերս ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարը հնչեցրեց 1974 եւ 1978 թուականները, ինչի համաձայնութիւնը ատրպէյճանական կողմից կարծես թէ դեռեւս հաստատուած չէ։
Ալմա Աթայի հռչակագրին յղման հարցը
Յետպատերազմեայ բանակցային գործընթացում ՀՀ իշխանութիւնների կողմից անհարկիօրէն կիրառութեան մէջ դրուեց Հայաստանի եւ Ատրպէյճանի կողմից միմեանց տարածքային ամբողջականութիւնը ԱՊՀ նպատակների եւ սկզբունքների, դրա հիմքերի մասին Ալմա Աթայի հռչակագրով իբր թէ ճանաչուած լինելու մասին կեղծ թէզը։ Ընդ որում Հայաստանի իշխանութիւնները փորձում էին Ալմա Աթայի խաղաքարտը խաղարկել ինչպէս Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնից ձերբազատուելու, այնպէս էլ ՀՀ-Ատրպէյճան միջպետական խնդիրները լուծելու համար։ Իրականում 1991 թ․ Դեկտեմբերի 21-ին Ատրպէյճանի Հանրապետութեանը, Հայաստանի Հանրապետութեանը, Պելառուսի Հանրապետութեանը, Ղազախստանի Հանրապետութեանը, Ղրղզստանի Հանրապետութեան, Մոլտովայի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան (ՌՍԴԽՀ), Տաճկաստանի Հանրապետութեան, Թուրքմենիստանի, Ուզպէքիստանի Հանրապետութեան եւ Ուքրանիայի կողմից ստորագրուած Ալմա Աթայի հռչակագրով որեւէ կերպ չէր կարող ճանաչուել Ատրպէյճանի սուվերենութիւնը Արցախի նկատմամբ՝ ի թիւս այլնի, նախ, որովհետեւ այդ հռչակագրի ստորագրման ժամանակ արդէն Արցախը՝ համաձայն միջազգային եւ ԽՍՀՄ ներքին օրէնսդրութեան հանրաքուէով հռչակել էր իր անկախութիւնը, ապա նաեւ այն պատճառով, որ Արցախի հարցում տարընկալումները կանխելու համար ՀՀ Գերագոյն խորհուրդն ընդունել էր համապատասխան վերապահումներ։ Բայց քանի որ սոյն յօդուածի քննարկման նիւթն ուղղակիօրէն չի վերաբերում Արցախին, ապա զերծ մնանք այս ուղղութեամբ յաւելեալ քննարկումներից։ Ալմա Աթայի հռչակագիրը, նաեւ չի կարող իրաւական հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետութեան եւ ատրպէյճանական Հանրապետութեան միջեւ սահմանազատման եւ սահմանագծման համար, ի թիւս այլնի նաեւ այն պատճառով, որ Ատրպէյճանը, ի տարբերութիւն Հայաստանի, չի վաւերացրել Ալմա Աթայի հռչակագիրը։ Մասնաւորապէս, պաշտօնական Պաքուն նախ առ ոչինչ է յայտարարել հռչակագիրը ստորագրած Այաս Մութալիբովի ստորագրութիւնը։ Ալմա Աթայի հռչակագրում Ատրպէյճանի ստորագրութիւնը երկրորդ անգամ զետեղւում է 1993 թ․ Սեպտեմբերի 24-ին, սակայն հռչակագիրը, որպէս այդպիսին ատրպէյճանական օրէնսդրի կողմից չի վաւերացւում։ Սակայն նոյն օրը, Ատրպէյճանի Գերագոյն խորհուրդը վաւերացնում է Անկախ Պետութիւնների Համագործակցութեան Կազմակերպութեան (ԱՊՀ) կանոնադրութիւնը՝ այդպիսով դառնալով ԱՊՀ անդամ։ Ալմա Աթայի հռչակագիրը Ատրպէյճանի կողմից շարունակում է մնալ ստորագրուած, բայց չվաւերացուած։ Համաձայն «Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին» Վիեննայի 1969 թ․ կոնվենցիայի՝ միջազգային պայմանագրի ստորագրումն ու վաւերացումը տարբեր հասկացութիւններ են։ Ըստ կոնվենցիայի 14-րդ յօդուածի՝ «Իր համար պայմանագիրը պարտադիր լինելու մասին պետութեան համաձայնութիւնն արտայայտւում է վաւերացման միջոցով»։
Ելնելով վերոգրեալից կարող ենք եզրայանգել, որ սահմանազատման գործընթացում նախապայմանային նշանակութիւն ունեցող փոխադարձ ընդունելի իրաւական հիմքի փնտռտուքներում Ալմա Աթային հռչակագիրը որպէս այդպիսին լինել չի կարող։
Անկլաւների հարց
Ատրպէյճանական կողմը պարբերաբար բարձրացնում է նաեւ այսպէս կոչուած անկլաւների հարցը, իրականում անկլաւներն առաջ եկան 1920-ական թթ․, երբ խորհրդային իշխանութիւնը, ելնելով գիւղատնտեսական նպատակներից Ատրպէյճանին անկլաւներ տուեց Հայաստանի տարածքում, իսկ որոշ ժամանակ անց, ատրպէյճանական քաղաքականութեան արդիւնքում անկլաւացաւ հայկական Արծուաշէնը ու շարունակեց մնալ որպէս այդպիսին։ Հայկական անկլաւ Արծուաշէնի եւ Տաւուշի ու Արարատի մարզերի ատրպէյճանական անկլաւները (միասին վերցուած) գրեթէ նոյն տարածքն ունեն 44-45 քառ․ քլմ.։ Ընդ որում, ժամանակին Ատրպէյճանին տրուած անկլաւները գտնւում են Հայաստանի Հանրապետութեան կարեւորագոյն միջպետական ճանապարհների՝ դէպի Վրաստան եւ Իրան մայրուղիների վրայ։ Բացի այդ, համաձայն քարտէզագէտ Ռուբէն Գալիչեանի՝ 1920-30-ական թթ․ Ատրպէյճանը Հայաստանից բռնագրաւել է շուրջ 1200 քառ․ քլմ. տարածք1, այդ թւում Լաչինի հատուածում, որի արդիւնքում, ինչպէս նշուեց կտրուել է Հայաստանի կապն Արցախի հետ։ Հետաքրքիր է, որ համաձայն 1926-1927 թթ․ քարտէզների՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքը 30․948 քառ․ քլմ. էր, իսկ Ատրպէյճանինը 2000 քառ․ քլմ. աւելի փոքր, քան այժմ է։ Իսկ աւելի վաղ՝ 1920-ակաների քարտէզների համաձայն՝ նոյնիսկ Հայաստանն Արցախի հետ ունէր ցամաքային կապ, որը վերացաւ այսպէս կոչուած «Կարմիր Քրտստանի» ստեղծման պատրուակով, երբ Հայաստանից տարածքներ տրուեցին Ատրպէյճանին։
Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի բռնագրաւում
Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ մի քանի ռազմական ագրեսիաների արդիւնքում Ատրպէյճանին յաջողուել է Հայաստանի ինքնիշխան տարածքից բռնազաւթել շուրջ 200 քառ․ քլմ. տարածք։
Սահմանային խնդիրների պատճառով Հայաստանի Հանրապետութեան տասնեակ բնակավայրեր, ատրպէյճանական զինուժի գործողութիւնների արդիւնքում, զրկուած են իրենց մշակովի հողատարածքներն ու արօտավայրերն օգտագործելու հնարաւորութիւնից։ Յունուարի 10-ի իր ասուլիսում Ալիեւը բացէիբաց յայտարարեց, որ չեն պատրաստւում ատրպէյճանական զինուած ուժերը յետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս հարցում ատրպէյճանական դիրքորոշումը եւս մէկ առանցքային խոչընդոտ է Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման աշխատանքներում։
Այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջ
Սահմանազատման գործընթացը տորպեդահարող՝ ատրպէյճանական միւս պահանջը այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» գործարկումն է՝ ատրպէյճանաթուրքական ուղենիշներով։ Պատերազմից յետոյ ատրպէյճանաթուրքական տանդեմը մշտապէս խօսում է այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» բացմնան անհրաժեշտութեան մասին՝ յաճախ չթաքցնելով այդ նպատակին հասնելու գործում ռազմական ուժի կիրառման պատրաստակամութիւնը։ Չնայած հայկական կողմը պատրաստ է իր մասով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցուածքների ապաշրջափակմանը եւ այդպիսով Ատրպէյճանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապը հնարաւոր դարձնելուն, այնուամենայնիւ պաշտօնական Պաքուն ցանկանում է Հայաստանի տարածքով արտատարածքային (extraterritorial) միջանցքի ձեռքբերում, որի վրայ չի տարածուի ՀՀ ինքնիշխանութիւնը: Վերջին շրջանում ատրպէյճանական պետական ու մերձիշխանական շրջանակների կողմից ակտիւացել են խօսակցութիւնները նաեւ այդ, իրենց կողմից ենթադրելի, միջանցի երթուղու շուրջ։ Եթէ նախկինում դիտւում էր նաեւ Սիւնիքի մարզի հիւսիսային հատուածը, ապա այժմ հիմնական շեշտը դրւում է Հայաստանի ծայր հարաւի՝ Իրանի հետ սահմանային Մեղրիի վրայ։
Ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետութեան եւ ատրպէյճանական Հանրապետութեան միջեւ յարաբերութիւններում վերջինիս կողմից բացակայում է սահմանազատման, ապա եւ սահմանագծման վերաբերեալ քաղաքական կամքը, ինչը ընթացիկ գործընթացն ընդամէնը միջոց է՝ միջազգային յարաբերութիւնների ներկայ տեղապտոյտից ու Հայաստանի թոյլ կեցուածքից օգտուելով պաշտօնական Երեւանից աւելին պոկելու, ռազմական ուժի կիրառման սպառնալիքի տակ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու, ինչպէս նաեւ արդէն իսկ ձեռքբերուածը փաստաթղթային ամրագրման հասցնելու համար։ Այս իրավիճակում սահմանազատման գործընթացը չի կարող ծառայել իր բուն նպատակին։ Հայաստանի իշխանութիւնների բացարձակապէս ոչ կոմպետենտութեան ու ադեկվատ պատասխանի բացակայութեան պայմաններում, սահմանազատման այս գործընթացը հետզհետէ վերածում է ոչ թէ Հայաստանի անվտանգային կարիքները մեղմող ու կայունացնող գործընթացի, այլ ճիշդ հակառակը՝ յղի նոր անկայունութիւններով ու սպառնալիքներով։