ԵՐԵՒԱՆ․- Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեան Արցախի հանրային պատկերասփիւռի կայանին (որ կը գործէ Երեւանէն) տուած հարցազրոյցին ընթացքին յայտարարեց, որ Արցախի վերաբերող յաջորդ քայլը պէտք է ըլլայ զբաղիլ մեր ժողովուրդի՝ Արցախէն տեղահանուած քաղաքացիներուն վերադարձը ապահովելու հարցով, շեշտելով, թէ այդ մէկը․- «Մեր օրակարգային հարցերից մէկն է, եւ մենք պիտի սկսենք քննարկումներ, այդ թւում նաեւ՝ ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար։ թԷ ի՞նչ կարգավիճակով, դա քննարկումների, բանակցութիւնների հարց է, ինձ թւում է՝ էդ հարցում, բնակչութեան վերադարձի հարցով շահագրգռուած են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եւրոպական, ամերիկեան, ռուսական, դրանում շահագրգռուած է, ինձ թւում է, նաեւ Ատրպէյճանը, որովհետեւ մեղադրանքներ են հնչում նաեւ միջազգային հանրութիւնից, որ իրենք նպաստել են բնակչութեան բռնի տեղահանմանը: Եւ այդ հարցի շուրջ, ինձ թւում է, պէտք է սկսել բանակցութիւններ»:», ըսաւ ան:
Սեպտեմբեր 19-20ին Ատրպէյճանի ռազմական գործողութիւններուն մասին մեկնաբանելով, ան շեշտեց, թէ․- «Ռազմական գործողութիւնները սկսելէ ժամեր ետք հասկցայ, որ մնացած ենք մինակ. ռուսական կողմը դիտորդի դերին մէջ էր: Սեպտեմբեր 19-ին ես առաւօտեան կը գտնուէի ռուս խաղաղապահներու հրամանատարին մօտ, առաջին ազդակը, որ կարելի է սկսին ռազմական գործողութիւնները, եղած է այն, որ Շուշիի զրահապատի յուշարձանին մօտ, ուր կայ 2 յենակէտ` ռուսական ու ատրպէյճանական, ատրպէյճանական յենակէտէն մօտեցած են ռուսական յենակէտին եւ զգուշացուցած, որ թաքցուցէք անձնակազմը, շուտով պիտի աշխատի հրետանին: Այդ փաստը մենք ներկայացուցած ենք ռուս խաղաղապահներու հրամանատարին. անոնք ալ տեղեակ էին ատոր մասին, եւ ճշդումներէ ետք հաստատուած է այդ փաստը: Ինծի համար պարզ եղած է, որ որոշ ժամանակ ետք հաւանական է սկսի ռազմական գործողութիւնը: Արդէն տեւական ժամանակ մեր զինեալ ուժերը ու ուժային կառոյցները բարձր մարտական վիճակի բերուած էին, համապատասխան հրահանգները տրուած էին` ներառեալ քաղաքացիական պաշտպանութեան հետ կապուած։ Գրեթէ բոլոր շրջանները ենթարկւում էին խկիստ հրետակոծութեան, եւ պարզ էր՝ այդ իրավիճակում մենք պէտք է ամէն ինչ անէինք՝ դիմադրելու համար: Ռազմական գործողութիւնները սկսելուց յետոյ, ժամեր անց ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք այդ յարձակման դէմ: Ռուսական կողմը գտնւում էր, կարելի է ասել, դիտորդի կարգավիճակում, եւ մենք պէտք է մեր հարցերը ինքնուրոյն ունակ լինէինք կարգաւորել: Պաշտպանութեան բանակի, այլ ուժային կառոյցների եւ նաեւ մեր բնակչութեան հետ միասին սկսուել են ռազմական գործողութիւնների պատասխան գործողութիւնները, եւ հէնց այդ գործողութիւնների շնորհիւ էր, որ հնարաւոր եղաւ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցութիւններ, որը տեւել է շուրջ 12 ժամ: Մեր համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողութիւնները, քանի որ ուժերը անհամեմատ էին, եւ ինչքան մենք երկար շարունակէինք, էնքան կ՛ունենայինք աւելի շատ զոհեր եւ կորուստնէր: Եւ իմ նպատակը՝ որպէս Արցախի նախագահ, կայանում էր նրանում, որ մենք հնարաւորինս արագ կանգնեցնէինք ռազմական գործողութիւնները եւ խուսափէինք աւելի շատ զոհերից: Ես ստիպուած էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանօթ էին եւ նախկինում էլ նաեւ Արայիկ Յարութիւնեանի հետ իրենք ունեցել են կապ եւ լիազօրուած էին մեր հետ իրականացնել համապատասխան աշխատանք»։
Յաւելեալ մանրամասնութիւններ փոխանցելով, Շահրամանեան տեղեկացուց, թէ արդէն սկսած էին բանակցութիւններ ռազմական գործողութիւնները դադրեցնելու համար: «Հաշուի առնելով նաեւ, որ ազերի կողմն էլ էր կրում բաւականին մեծ կորուստներ, եւ այն հանգամանքը, որ մեր շրջանները արդէն գտնւում էին, կարելի է ասել, շրջափակման մէջ, հակառակորդը մօտեցել էր Ստեփանակերտին եւ գտնւում էր Կրկժան կոչուող տեղամասին շատ մօտ, այդ իրավիճակում այլ բան, քան գնալ որոշակի զիջումների, մեզ չէր մնում, եւ ես առաջարկել եմ՝ իրենք գրաւոր ուղարկեն իրենց պահանջները ռազմական գործողութիւնները անյապաղ դադարեցնելու համար։ Առաջին փաստաթուղթը մեր կողմից չի ընդունուել, եւ մենք մեծ կազմով, որի մէջ մտնում էր անվտանգութեան խորհրդի ողջ կազմը, նախկին նախագահները, գրեթէ բոլոր քաղաքական ուժերը, մենք մշտապէս քննարկումներ էինք իրականացնում եւ փոփոխութիւններ էինք անում եւ տեղեկացնում ատրպէյճանական կողմին»:
Այդ առաջին փաստաթուղթը, ըստ անոր, յանձնուողականութեան փաստաթուղթ էր։ «Եւ բանակցութիւնների արդիւնքում մենք ընդունել ենք մի փաստաթուղթ եւ համաձայնել ենք մի փաստաթղթի շուրջ, որը նախատեսում էր Սեպտեմբերի 20-ի ժամը 1-ին դադարեցնել լրիւութեամբ ռազմական գործողութիւնները, երկրորդ կէտը նախատեսում էր Պաշտպանութեան բանակի լուծարում, դուրսբերում Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի մնացորդները, այդ թւում՝ յանձնում են ծանր զինտեխնիկան հետագայ շուտափոյթ գործածութեան նպատակով: Պարզ է, որ մեր համար անընդունելի էր էդ ձեւակերպումը՝ «Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի մնացորդների դուրսբերում», բայց դա ատրպէյճանական կողմի պնդումն էր, եւ մենք, հասկանալով, որ մենք էդ փաստաթղթի տակ չենք ստորագրում ու ոչ մի իրաւական պատասխանատուութիւն մենք չենք վերցնում մեր վրայ, եւ մենք առաջիկայում էլ իրենց տեղեկացնում էինք՝ ե՛ւ բանաւոր, ե՛ւ գրաւոր որ մենք չունենք Հայաստանի Հանրապետութեան Զինուած ուժերի ներկայացուած չի Արցախում: Եւ, ինչպէս յայտնի է, երրորդ մասը նախատեսում էր հանդիպում Եւլախում ամսի 21-ին, եւ պիտի քննարկուէր ադրբեջանական կողմից ներկայացուած համարկման հարցերը: Ինչ իրականացուել է եւ ինչ որոշում կայացուել է Արցախի Հանրապետութեան ղեկավարութեան եւ անձամբ իմ կողմից, մենք ունեցել ենք մի նպատակ՝ փրկել արցախցիների կեանքերը, փրկել մեր բանակի զինուորների եւ սպայակազմի կեանքերը, ինչը, ինձ թւում է, մենք կարողացել ենք իրականացնել», յայտարարեց Շահրամանեան:
Սեպտեմբեր 28-ի հրամանագիրին մասին խօսելով, Շահրամանեան յայտնեց թէ.- «Երկրորդ փաստաթուղթը՝ նախագահի հրամանագիրը, որը մեծ քննարկման առարկայ է դարձել, որի գինը հէնց բնակչութեան անվտանգ դուրսբերումն էր, նաեւ էդ փաստաթղթի առաջին կէտում նախատեսուած էր, որ նաեւ զինծառայողները կարող էին անվտանգ դուրս գային, մեր բնակչութիւնը՝ իրենց սեփական աւտոմեքենաներով եւ գոյքով:
Երկրորդ կէտը նախատեսում էր լուծարել պետական համակարգը, որի արդիւնքում Արցախի Հանրապետութիւնը պէտք է դադարէր գոյութիւն ունենալ: Երրորդ կէտը նախատեսում էր, որ մեր բնակչութիւնը, ծանօթանալով ատրպէյճանական կողմի ներկայացրած ծրագրին, պիտի ինքնուրոյն եւ կամաւոր որոշում կայացնէր՝ մնա՞լ, դո՞ւրս գալ, թէ՞ յետ վերադառնալ Արցախ՝ ապրելու: Այդ փաստաթուղթը լայն քննարկում է ստացել, եւ մեղադրում են, որ Արցախի նախագահը ստորագրել է փաստաթուղթ, որով լուծարում է Արցախի Հանրապետութիւնը: Քննարկւում է այդ փաստաթղթի մի կէտը, բայց մեր բնակչութիւնը չգիտեն հիմնական այդ փաստաթղթի ընդունման պատճառը, որը թոյլ է տուել մեր բնակչութեանը անվտանգ դուրս գալ Արցախից: Շատ չխորանալով էդ փաստաթղթի մէջ՝ ես ուզում եմ յայտարարել, որ մենք գիտենք այդ փաստաթղթի ուժն ու կարողութիւնները, եւ մենք դեռ ժամանակ կ՛ունենաք անդրադառնալու այդ փաստաթղթին»: