Մեզ Այսօր Մի Նոր Լեմքին Է Պէտք…

0 0
Read Time:7 Minute, 34 Second

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Ինչպէս գիտէք, թուրքերի ձեռքով 1915 թ. մեր դարաւոր, պապենական հողերի բռնագրաւումից, դրանց վրայ ապրող միլիոնաւոր հայութեան գազանաբար բնաջնջումից 33 տարի յետոյ, 1948 թուին իրաւաբան Ռաֆայէլ Լեմքինը ստեղծեց պետութիւնների կողմից ժողովուրդների դէմ իրագործուող մեծագոյն յանցագործութեան` ցեղասպանութեան կանխման եւ պատժման օրէնք, որն ուժի մէջ մտաւ ՄԱԿ-ի կողմից երեք տարի անց, 1951 թուին: Շեշտում եմ` կանխման եւ պատժման օրէնք, ոչ թէ սոսկ` դատապարտման:

Չեմ ուզում անդրադառնալ պատմութեան մէջ մեծագոյն ցեղասպանութիւնը կրելով հանդերձ, այս օրէնքից զերծ մնալու մեր անկարողութեանը ընդհանրապէս, միայն ուզում եմ 108 տարեկան իր լուծումը, իր պատիժը չստացած մեր ցեղասպանութեան դատը չշփոթենք, չմիախառնենք մեր նորօրեայ ցեղասպանութեան հետ:

Յիշեցնեմ, որ մեր առաջին` 1915 թ. Ցեղասպանութիւնը կատարուեց թուրքական իշխանութեան կողմից, եւրոպական երկրների անմիջական զօրակցութեամբ, տասնեակ միսիոնարական կազմակերպութիւնների, միջազգային թղթակիցների ներկայութեամբ:

Մեր Արցախի նորօրեայ ցեղասպանութիւնը կատարուեց Հայաստանի իշխանութեան, նրան սատար կանգնող արեւմտեան, եւրոպական, բնականաբար հայութեանը դեռ լրիւ չոչնչացրած թուրք իշխանութիւնների, տասնեակ միջազգային թղթակիցների, միսիոնարական կազմակերպութիւնների եւ մասնաւորապէս ԱՄՆ-ի դեսպանների միասնական գործունէութեամբ:

Շարունակեմ յիշեցնել. 1915 թ. մենք պետականութիւնից զուրկ, անզէն, անբանակ, անկազմակերպ, անառաջնորդ, միայն թուրք խորհրդարանում մի քանի անդամներով, համատարած կղերականութեան վրայ հիմնուած, ամենածանր միջոցներով մեր հայկականութիւնը, մեր հողերը պահպանող ըմբոստ ժողովուրդ էինք:

2018 թ. իշխանափոխութեան ժամանակ Արցախի Հանրապետութիւնը իր զաւակների եւ ողջ հայութեան ջանքերով արդէն 6 տարուայ ծանր պատերազմում յաղթած, հազարաւոր անձնուէր զաւակների կեանքերով ազատագրած, իր բանակն ու պետական կառոյցը ստեղծած, աշխարհի մի շարք երկրների կողմից ընդունուած, իր սահմանները հաստատած, ցեղասպանուածի, թոյլի, անկարողի հոգեբանութիւնից հային ազատագրած, թուրքից մեր միլիոնաւորների վրէժը լուծած, մեր երկրի ամենահարուստ, անբաժանելի, ծաղկող հատուածն էր համարւում:

Եւ յանկարծ 2018 թ. Հայաստանի իշխանութեանը տիրացած մի ոմն նիկոլ, որին 2018 թ. յեղափոխութիւն անուան տակ մեզ պարտադրեց այլոց ձեռքով իր նպատակին հասնող հզօր Ամերիկան, որի գալուստով միամտօրէն շատերս խանդավառուեցինք` աւելի հզօր երկիր կառուցելու հեռանկարով տարուած: Սակայն նաեւ շատ արագ այդ նոյն շատերս հասկացանք, թէ ի՛նչ ոչնչութեան, ամենաստոր արարածին ենք խանդավառութեամբ յանձնում երկիրը, ընդամէնը 5 տարի յետոյ այն յանձնում է թշնամուն` արհամարհելով արցախահայութեան իրաւունքները, նրանց ներդրումը իրենց ազատագրման համար:

Ո՛չ, չի յանձնում, այլ նուիրում է իր եւ իր նման պատահականօրէն պաշտօնների տիրացածների միասնութեամբ` որպէս Ազրպէյճանի «դարաւոր» երկիր:

Յանձնում է հանգիստ, առանց պատասխան տալու իր եւ Արցախի ժողովրդին, 10 հազար նուիրեալների ընտանիքներին, նրանց որբացած զաւակներին, ճանապարհներին նետուած, անպատուած նրանց դիակներին, գերի վերցուած եւ դեռ գերութեան մէջ տանջուողներին:

Յանձնում է յոխորտալով, իրեն հաւատարիմ իր նման ցնցոտի զինուորական պաշտօնեաների, իր կողմից նշանակուած, իր գործակից Արցախի նախագահ յորջորջուող մի ստահակի միասնական համաձայնութեամբ, ողջ մեղքը նախկինների վրայ բարդելով, (մոռանալով, որ ինքն էլ է նախկին), գոյութիւն ունեցող բանակը ոչնչացնելով, ունեցած եւ դիտաւորեալ չօգտագործուած հսկայական ողջ զինամթերքը հանգիստ խղճով թշնամուն յանձնելով: Վկան` Պաքւում որպէս «յաղթանակած» երկիր մեր զէնքերի ցուցադրութիւնը: Սա էլ յիշեցում` բոլոր նրանց, որոնք կոկորդ էին պատռում, որ նախկինները զէնքն ու զինամթերքը կերել, ոչնչացրել են: Ցաւօք արտաքին թշնամին այն ցուցադրելով` երկրի ղեկավարի սուտը բացայայտեց:

Այսքանից յետոյ ոչ միայն թշնամու շահերը պաշտպանող Հայաստանի ներկայ իշխանութիւնը պատասխանատուութեան չի ենթարկւում, այլ մինչ օրս շարունակում է իր իշխանութիւնը եւ երկիրը մասնատելու իր գործը:

Բնականաբար ազերի կոչուած թշնամին առաւել եւս պատասխանատուութեան չի ենթարկւում, չի մեղադրւում ուրիշի երկիր զաւթելու, այդ երկրում ապրող ժողովրդին կոտորելու, մորթազերծ անելու, կենդանի այրելու, անդամահատելու, գերի վերցնելու, չարչարանքների ենթարկելու, իր հողից տեղահանելու, ցեղասպանութիւն գործելու համար:

Քանի դեռ աշխարհում չի յայտնուել, սեփական իշխանութեան կողմից թշնամու հետ համաձայնեցուած, յօգուտ թշնամու իր ժողովրդի դէմ ցեղասպանութիւն իրագործած մէկ այլ երկիր, նրան պատժելու օրէնք դեռ գոյութիւն չունի:

Ահա թէ ինչո՛ւ մեզ պէտք է մի նոր Լեմքին` այս նոր տեսակի ցեղասպանութեան համար մասնաւոր օրէնք մշակելու, քանզի այն չի համապատասխանում ՕՏԱՐ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ իրականացուող ցեղասպանութեան արդէն գոյութիւն ունեցող 1948 թուին ստեղծած իր օրէնքին:

Ի՞նչ իմանար ժողովուրդների իրաւունքների համար պայքարող Լեմքինը, որն այնքան սրտցաւօրէն մօտեցաւ հայութեան ապրած մեծագոյն հարուածին, նրա դէմ օգտագործուող անարդարութեանը, որ իր ստեղծած օրէնքից դուրս մի նոր օրէնսդրութեան կարիք պիտի զգար հայութեան մէկ այլ հատուած: Կարիք պիտի զգար` 108 տարի յետոյ մի նոր ցեղասպանութեան ենթարկուելով, այս անգամ` արդէն ԻՐ ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՁԵՌՔՈՎ:

Ի՞նչ իմանար, որ հայութիւնը անզօր գտնուեց նոյնիսկ յօգուտ իրեն ստեղծուած օրէնքը օգտագործելու:

Չկարծէք` այնքան միամիտ եմ, որ յոյս եմ կապում օրէնքին, սակայն արձանագրուելու է մի փաստ, ստեղծուելու է մէկ այլ օրէնք, ըստ որի, ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼՈՒ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ ՎԱՃԱՌՈՂ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ: Գիտեմ, նոյնիսկ եթէ այդ օրէնքն արդէն գոյութիւն ունենար, կրկին մենք չէինք օգտուի: Այս ամէնը գրում եմ մեր անտարբեր ժողովրդին բացայայտելու այն ահռելի, աշխարհում չտեսնուած աւերը, որ ներկայ իշխանութիւնը իրագործեց եւ դեռ շարունակելու է իրագործել երկրում:

Եթէ 1915 թ. աշխարհն էր անտարբեր հետեւում անապատներում բզկտուող մեր ազգի մասնիկներին, այսօր մենք ենք հետեւում, թէ ինչպէ՛ս մեր ազգի մասնիկները, արցախցիների խելակորոյս կարաւանները ստիպողաբար հեռանում են իրենց հողից, իրենց բնակավայրերից:

Հարիւր հազարաւոր, իրենց երկիրը շէնացրած, իրենց տներից տեղահանուած հայութիւն թշնամու կոտորածից սարսափահար փախչում է իր հողից: Փախչում է` այնտեղ թողնելով մի հսկայական ապրուած կեանք, իր գերդաստանի յուշերը, գոյքեր, դժուարութեամբ ստեղծուած ագարակներ, այգիներ, հարազատների, որդիների, նախնիների, հերոսների գերեզմաններ, փողոցներ, քարաշէն տներ, անծայրածիր դաշտեր ու հովիտներ, իրենց զաւակներին պատկանող բնական հարստութիւններ:

Սրանք սոսկ թուարկումներ են միայն… Ես կարկամած եմ, չգիտեմ` ինչպէ՞ս ներառեմ իւրաքանչիւրի սրտի տրոփիւնը, արագ ու շփոթ հաւաքուած ո՞ր կապոցի մէջ տեղաւորեմ այդ տներում, այդ հողի վրայ իրենց ներդրած, զոհողութիւններով լեցուած իրենց կեանքի ո՞ր հատուածը:

Ինչպէ՞ս, սրտի ո՞ր անկիւնում ամուր փակեն հարազատ հողի կանչը:

Ինչպէ՞ս բառերի վերածես իրենց ապրուած կեանքին հրաժեշտ տուող վշտի ահռելիութիւնը:

Ինչպէ՞ս հաւաքագրես իրենց հողին հրաժեշտ տուող նրանց ապրումները, հառաչանքները, նրանց կարօտը, որը դեռ բազմանալու, խեղդելու է իրենց:

Ինչպէ՞ս իրենց զգայարանների յիշողութիւնից ջնջես անձրեւից յետոյ իրենց հրաշագեղ բնութեան զարթօնքի բուրմունքը:

Հայրենի երկրից այսքան տարի հեռու, իւրաքանչիւր օր ես դեռ կարօտում, փնտռում եմ իմ երկրի այդ բուրմունքը:

Երեւի մենք` ցեղասպանուածների շառաւիղներս, մեր մաշկի վրայ ենք զգում արցախցիների հոգեկան ապրումները, տանջւում նրանցից իւրաքանչիւրի, իւրաքանչիւր երեխայի, մեծահասակների անորոշ, վախով լեցուած հայեացքների համար, քանզի մենք դեռ ազատագրուած չենք մեր ծնողների երբեք չջնջուող ապրումներից եւ իւրաքանչիւրի հայեացք մխրճւում է մեր սրտի մէջ, մեզ տանում ետ, վերակենդանացնում արդէն մեր բջիջների մասնիկը դարձած մեր ծնողների յաւէտ մեզ հետ հասակ առած, չսպիացող խոցերը:

Մի՞թէ մխիթարութիւն է, որ նրանք հեռանում են մեքենաների շարասիւնով, ոչ հետիոտն, չէ՞ որ նրանք տեղահանւում են ոչ իրենց կամքով, ոչ միայն իրենց տներից, այլ` իրենց հարազատ միջավայրից, հողից, երկրից, լեռներից, անտառներից եւ ամենասոսկալին` տեղահանւում են հայ դաւաճանների պատճառով:

Զարմանալի նմանութեամբ, նրանց թողած տներն ու գոյքերն էլ ցուցակագրւում են ինչպէս 1915 թ. մեր ցեղասպանութեան ժամանակ: Այսինքն որքան փորձում եմ տարբերութիւն գտնել մեր նախկին ցեղասպանութեան եւ նորի միջեւ, այնքան նմանութիւնն է խորանում, այնքան տանջանքս է խորանում: Չէ՞ որ երկու դէպքում էլ նոյն ցեղասպան թշնամին է գործում:

Հիմա եմ ամբողջ էութեամբ զգում Կոմիտասի հոգեվիճակը, հասկանում Էջմիածնի շրջակայքում անօգնական նետուած, թուրքի կոտորածից հազարաւորների անյուսալի վիճակին ականատես Մարտիրոս Սարեանի ուշակորոյս, ամիսներով հիւանդութեան պատճառը:

Մեզնից շատերն են այսօր ոչնչացուած, անելանելի, հիւանդ, ուշակորոյս վիճակի մէջ զգում, յատկապէս` սփիւռքում, որովհետեւ, երբ մեր վերլուծումներով փորձում էինք դէպի կործանում գնացող ժողովրդին սթափեցնել, ոտքի հանել, մեզ լռեցնում էին, որ մենք երկրում չենք: Մենք երկրում չէինք, քանզի այսօրուայ երկիրը կործանող ստալինեան թափթփուքների պատճառով երկրից հեռացանք: Ինչպէ՞ս, ինչպէ՞ս հասկացնենք այս ամէնը մեր անտարբեր ժողովրդին:

Այսօր մենք ազգովին ենք մեղսակից մեր նորօրեայ ցեղասպանութեան համար:

Այո՛, ականատես լինելով այս թափթփուք իշխանութեան դաւաճանութեանը` հանդուրժեցինք եւ դեռ մինչ օրս հանդուրժում ենք. շատերը նոյնիսկ համարձակւում են դեռ այսքանից յետոյ էլ արդարացնել, սատար կանգնել նրան:

Կործանման եզրին հասած ժողովուրդը, փոխանակ ինքնակամ դուրս գալու, իր ձեռքով իր երկիրը կործանողի դատաստանը տեսնելու, նոյնիսկ հրապարակ դուրս գալու կանչերն է անտեսում:

5 տարի փոխանակ միաւորուելու, իր ամենավերջին մասնիկներով դուրս նետելու այս ազգադաւ իշխանութեան, իրար բզկտեցինք:

Սուտը դարձաւ երկրի պաշտօնական սնունդը, եւ որկրամոլ ժողովուրդը ագահաբար սնուեց ու ուռճացաւ դրանով` արհամարհելով ճշմարտութիւնը:

Իրականութիւնը, ճշմարտութիւնը բացայայտողներս արհամարհուեցինք, մինչ երկրի վարձկալ բռնապետը իրեն ամբողջովին անձեռնմխելի, ապահով զգալով, էլ աւելի ամրացաւ գահին` իրեն իշխանութեան բերողների վստահութիւնը է՛լ աւելիով շահելով:

Մեր երկիրը եւ ժողովրդին աստիճանաբար բարոյազրկելու, անսակարկ հայրենազրկելու աւելի յարմար թեկնածու, ԼՏՊ-ից յետոյ, Արեւմուտքը չէր կարող ընտրել:

Ամենազարմանալին այն է, որ դեռ այսօր էլ մեր ժողովուրդը չի գիտակցում, որ այս իշխանութեան իւրաքանչիւր օր իր երկրի կորուստն է: Չի հասկանում, որ պատահական դիպուած չէր մեր երկրի վերանկախացման նախօրեակին արցախահայութեան դէմ նոր պատերազմը: Թշնամին դէմ է մեր անկախութեան, հասկացէք, եւ նա իր համախոհներին երկրի ներսում ունենալով` աստիճանաբար ոչնչացնելու, ի սպառ վերացնելու է այն:

Նորօրեայ ստալինները, արիւնակցական շարունակութեամբ մեր երկրի ղեկավարները, կրկին կեանքի կոչեցին ստալինեան ընդհատուած ծրագիրը` Արցախը կրկին Ազրպէյճանի իշխանութեանը յանձնելով:

Յունուարին դադարում է Արցախի սրտի զարկը: Գրում եմ այս նախադասութիւնը շնչահեղձ լինելով… Հայութիւնը կորցնում է իր ամենակարեւոր պատնէշներից եւ ամենահարուստ պաշարներով յագեցած իր հարազատ երկրի դարաւոր մասնիկը:

Իրական թշնամուն թողած, իրար դէմ ելած ժողովուրդ, նայէք ձեր շուրջը, տեսէք, թէ աշխարհը տնտեսական ի՛նչ մեծ պատերազմների մէջ է: Նոր հարստութիւններ են պէտք մեծ պետութիւններին` իրենց հզօրութիւնը պահպանելու համար: Մենք ինքնակամ, ձրիաբար թշնամուն ենք յանձնում մեր երկրի ամենահարուստ շրջանը, որ յետոյ ողբանք, կրկին ուրիշների ողորմածութեանը յանձնենք մեր ճակատագիրը: Կրկին մեր զաւակներին յանձնենք մեր չլուծուած Դատի մի նոր հատուած եւս:

Այսօր շատացել են Արցախը կրկին ետ բերողների կոչերը, երբ դեռ հանդուրժում են Արցախը ինքնակամօրէն յանձնած դաւաճան իշխանութեան ներկայութիւնը:

Արեւմտահայութիւնը իր դէմ կատարուած ցեղասպանութեան պատասխանատուներին իր ձեռքով ոչնչացրեց, ականատես լինելով, որ աշխարհի դատարանները ոճրագործ ցեղասպանների մեծագոյն պաշտպանն են միայն:

Արդեօ՞ք արեւելահայութիւնն էլ այս գիտակցութեան կը գայ եւ ժամ առաջ կը փրկի երկիրը իրեն կործանողներից: Չէ՞ որ առջեւում նոր կործանման ծրագրեր են իրականացւում:

Այսօր երբեք չընկճուող իմ հոգում անդառնալի կորուստ է, նուաստացում, բողոք ու ճիչ է, ցասում, անողոք դատաստանի հրամայական, իմ երկիրը ոչնչացնող բոլոր ազգերի դէմ անխնայ ատելութիւն:

Երբեք չխաղաղուող իմ հոգում պայքարի հրամայականն է, իսկ ականջներումս Ստեփանակերտի թատրոնում 8 տարի առաջ «Մուսա Լերան 40 օրերը» իմ ներկայացմանը եկած մեր զինուորների ոտքերի դղրդիւնի արձագանգն է դեռ հնչում:

Այդ դղրդիւնը դեռ երկար արձագանգելու է նաեւ Արցախի լեռներում:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles