«ԴՐՕՇԱԿ» թիւ 8, 2023
Առաջնորդող Յօդուած
«Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան,
նայի՛ր նրա երիտասարդութեանը»
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Երիտասարդութեան դերի վերաբերեալ Գարեգին Նժդեհի գնահատականը կարելի է համարել անքննելի ճշմարտութիւն, աւելի՛ն, սխալ չի լինի աւելացնել, որ ինչպիսին որեւէ երկրի երիտասարդութիւնն է, այնպիսին է եւ նրա ներկան: Մենք դրա վկան ենք եղել անցած 35 տարիների ընթացքում: 1988 թ. սկսուած ազգային զարթօնքը երազանքից իրականութեան վերածող առաջատար ուժը հէնց օրուայ երիտասարդութիւնն էր:
1988 թուականի փետրուարի տասնութին ուսանողական կուռ շարքերով եւ որպէս ազգային գիտակցութեան կրող անհատներ, խռնուելով Երեւանի Ազատութեան հրապարակում, այս երիտասարդութիւնը աւելի քան երկու տարի եղաւ պայքարի առաջին գծում, այնուհետեւ նրա մէկ հատուածը խաղաղ հրապարակներից փոխադրուեց Արցախ ու Հայաստանի սահմաններ եւ ապահովեց Արցախի ազատագրումը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների անկախացումն ու հայոց երկու պետականութիւնների ձեւաւորումն ու կայացումը:
Այս սերունդը հոգեւոր իմաստով ծնունդն էր ազգային այն հզօր վերազարթօնքի, որը հայրենի հողի վրայ սկսուեց անցած դարի 60-ականներին եւ իր քուրայում պողպատի պէս կոփեց հայրենանուէր ու պահանջատէր տեսակի: Ցաւօք, ձեռք բերուած ազատութեանն ու անկախութեանը հետեւեցին ազգային դպրոցի եւ գիտութեան աղաւաղումն ու քայքայումը` այս անգամ արտաքին փափուկ ուժի ներգործութեամբ: Խորհրդային գաղափարախօսութեան մերժման հետ մերժուեց նաեւ ազգային տեսլականների եւ արժեհամակարգի հիմքի վրայ գաղափարների (եթէ ոչ` գաղափարախօսութեան) ներդրումը հասարակական գիտակցութեան եւ, մասնաւորապէս, աճող սերնդի դաստիարակութեան հիմքում: Այն, ինչ մերժուեց տգէտ ղեկավարութեան կողմից` որպէս ազգայնական ուժերի չափազանցուած մտայնութիւն, բնաւ չառաջացրեց քարացած դատարկութիւն. դատարկուած տեղը գրաւեցին արտածին, ապազգային եւ հակազգային այլասերիչ հոսանքները: Մինչ իշխանութիւնները շարունակում էին քաղաքական «տուն-տունիկ» խաղալ օտար հոսանքների ու կազմակերպութիւնների մսուրում ձեւաւորուած երիտասարդութեան հետ, այդ երիտասարդութիւնը աճելով` նախ խորտակեց այդ ինքնավստահ ու թուացեալ ճարպիկ իշխանութեանը, ապա խորտակեց Արցախը եւ շարունակում է Հայաստանի ինքնիշխանութեան ոչնչացման ծրագիրը:
Ահա՛ երիտասարդութեան երկու սերունդ, որոնցից առաջինը կարողացաւ փշրել խորհրդային կապանքներն ու ինքնազոհաբերութեան գնով հող ազատագրել ու երկիր անկախացնել եւ նրան յաջորդած սերնդի մի հատուած, որը կեղծ խոստումներով զաւթելով իշխանութիւնը` ոչ միայն ազգային ու պետական ձեռքբերումներից շատերը մսխեց, այլեւ շարունակելով օտար ուժերին ծառայութիւնը` ներսից քանդում է ազգային-պետական կառոյցները, հայոց հոգեւոր ինքնութիւնն ու վերջինիս հոգեւոր-մշակութային եւ պատմական կռուանները` կրթութեան եւ գիտութեան համակարգերը: Ակնյայտ է, որ այս դաւադրութիւնը իրականացնողները, առաւել եւս` ծրագրողները, հրաշալի գիտեն, թէ ո՛րն է հասարակութիւնների գլխաւոր շարժիչ ուժը, որո՛նք են այդ ուժի մտաւոր եւ հոգեւոր հիմնասիւները: Ի դէպ, պատահական չէ, որ պետութիւններ եւ պետական համակարգեր խորտակած վերջին տասնամեակների գունաւոր յեղափոխութիւնների վարակը կրող ուժը երիտասարդութիւնն էր, իսկ նրա գործածած աւերիչ զէնքը վերազգային համաշխարհայնացման գաղափարախօսութիւններն էին:
Վերադառնալով անցնող երեք եւ կէս տասնամեակների մեր իրականութեանը` պէտք է փաստենք, որ ճակատագրական փոթորիկների մէջ հայոց երկրի հաւատարիմ ու հետեւողական զինուորների շարքում էր դաշնակցական երիտասարդութիւնը:
Բնաւ չնսեմացնելով հայրենիքին անսակարկ ծառայած եւ ծառայող այլ հայորդիների դերն ու վաստակը` կարծում եմ` իրաւունք ունենք մատնանշելու, որ նրանց շարքերում կազմակերպօրէն կուռ, գաղափարապէս համակարգուած եւ ծրագրային առումով հետեւողական դիրքերում է եղել Դաշնակցութեան դրօշի ներքոյ ինքնադրսեւորուած հայ երիտասարդութիւնը` իր միասնական կառոյցներով եւ աշխարհատարած թեւերով: Այդ երիտասարդութիւնն իր մարտական կոփուածքը ստացաւ Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանութեան ժամանակ` որպէս իւրատեսակ կամաւորական բանակ, եւ զէնքը ձեռքն առաւ հետագայ բոլոր ռազմական փորձութիւնների ժամանակ:
Այնուամենայնիւ, սխալ կը լինի միայն այս տեսանկիւնից դիտարկել եւ գնահատել Դաշնակցութեան երիտասարդութեան դերակատարութիւնը` Հայաստանի անկախացման ու Արցախի ազատագրման շրջանից սկսած: Որպէս ազգային-ընկերվարական կուսակցութեան անդամներ` դաշնակցական երիտասարդները իրենց կուսակցական մկրտութեան օրերից պայքարի մէջ եղան Հայաստանի ժողովրդավարացման, հայ ժողովրդի ներքին ազատութիւնների եւ ընկերային-իրաւական համակարգի կայացման համար:
Այսօր էլ այդ երիտասարդութիւնը սպասում է պայքարի կոչի, եւ ոչ մի կասկած չկայ, որ լինելու է Հայաստանը հակազգային եւ դաւաճանական վարչակարգից ազատագրողների, Արցախը շրջափակող շղթաները փշրողների առաջին շարքում: Եթէ ինչ-որ մէկը կը մտածի, թէ սա փորձ է ներկայացնելու ներկայ հայ հասարակութեանը մաս կազմող ինչ-որ արտասովոր շերտի, ասենք, որ այդպիսի յաւակնութիւն, չափազանցութիւն կամ գաղտնիք չկայ ներկայացուածի մէջ: Պարզապէս այս երիտասարդութիւնը գաղափարապէս դաստիարակուել եւ մկրտուել է ազգային գաղափարախօսութեան աւազանում: Նախ այդ աւազան մտել են նրանք, որոնք եղել են հայրենասիրութեան «կրօնի» հաւատացեալները եւ ապա անցել են գաղափարաքաղաքական դաստիարակութեան դպրոց:
Եւ այս օրինակը լաւագոյն վկայութիւններից է այն ճշմարտութեան, որ մեր Արցախ-Հայաստան երկիրը կարող է փրկուել ու վերածնուել, եթէ մենք կրկին վերադառնանք մեր հոգեւոր-մշակութային արմատներին, մեր ազգային ինքնութեանը, որը հազարամեայ կաղնու պէս ժամանակներին ներդաշնակ փոխում է իր տերեւներն ու սաղարթը, սակայն շարունակում է սնուել միմիայն սեփական արմատներից, այդ արմատներով ամուր կառչած է հայրենի հողից եւ բաց չի թողնելու այդ հողը, որքան էլ օտարասուն ազգադաւները ձգտեն ճիւղակոտոր անել ծառը, ներարկել նրան օտարի թոյնը եւ թուլացնելով` ոչնչացնել ծառի արմատները:
ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 1999 թուականի որոշմամբ` օգոստոսի 12-ը հռչակուել է Երիտասարդութեան միջազգային օր:
Այս օրուայ նպատակն է յիշեցնել եւ շեշտել աշխարհի զարգացման եւ կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպէս նաեւ նրանց առջեւ ծառացած ամէնօրեայ խնդիրների մասին: Կասկած չկայ, որ հայ երիտասարդութիւնը, լինելով համաշխարհային երիտասարդութեան մասը, պէտք է իր ներդրումն ունենայ աշխարհի առաջադէմ երիտասարդութեան պայքարում` յանուն համընդհանուր խաղաղութեան, բարեկեցութեան, ազգային ու մարդկային իրաւունքների, բնապահպանական խնդիրների եւ ընդդէմ համաշխարհային համահարթեցման ու երիտասարդութեան ապագաղափարայնացման, ընդդէմ ցեղասպանութիւնների եւ ահաբեկչութեան, ընդդէմ աշխարհի գերուժերի դաւադիր ծրագրերի` օգտագործելու երիտասարդութեան ներուժը աւանդական հասարակութիւնների ու արժէքների քայքայման ու այլասերման, սեփական ազգային ինքնութեան եւ այլ հիմնարար արժէքների մերժման նպատակով:
Այո՛, ինչպէս հազարամեակներ շարունակ եղել է հայ ժողովուրդը, այնպէս էլ այսօրուայ նրա երիտասարդութիւնը պէտք է լինի համաշխարհային քաղաքակրթութեան կրողն ու ջահակիրը, բայց չմոռանայ, որ այդ ամէնից առաջ նա ծնունդը եւ կրողն է հինաւուրց ու իւրատիպ հայ ինքնութեան, որ պատմական պատասխանատուութիւն է կրում այդ ինքնութեան, հայոց աստուածաշնչեան երկրի եւ պետութեան գոյատեւման, նրա նոր վերածննդի եւ հզօրացման համար: Պատմական պատասխանատուութեան զգացումը մարդու եւ հաւաքականութիւնների բարոյական արժեհամակարգի առանցքային սիւնն է, եւ նրանով է չափւում մնացած ամէն ինչ: Իսկ պատմական պատասխանատուութեամբ օժտուած սերունդ ունենալու համար նախ անհրաժեշտ է սերունդներին կրթել ու դաստիարակել այդպիսին:
Այդ ճանապարհով եւ այդ դէպքում միայն մենք կարող ենք հանգիստ լինել հայ ազգի, հայոց երկրի եւ պետականութեան շարունակականութեան համար: