Յաղթում Է Նա, Ով Գործում Է

0 0
Read Time:7 Minute, 38 Second

«Դրօշակ» թիւ 7, 2023

Առաջնորդող Յօդուած

Տարբեր քաղաքագէտներ, գործող եւ նախկին քաղաքական գործիչներ յաճախ գրում են, թէ Նիկոլ Փաշինեանը սխալուեց՝ այս կամ այն քայլն անելով, փորձ չունէր, ձախողեց բանակցութիւնները եւ այլն:

Մարդիկ, թերեւս փորձելով մնալ քաղաքական կոռեկտութեան սահմաններում, այս ձեւով խուսափում են աւելի կոշտ, միաժամանակ դիպուկ գնահատականներ տալ երկրի ղեկավարի գործողութիւններին:

Իրականում տուեալ գործունէութեան ընթացքին հետեւելիս ակնյայտ է դառնում Նիկոլ Փաշինեանի ռազմավարական մօտեցումների եւ մարտավարական գործողութիւնների ողջ հետեւողականութիւնն ու տրամաբանական շղթան: Եւ սա վերաբերում է ոչ միայն երկիրը ղեկավարելու ժամանակահատուածում նրա իրականացրած քայլերին, այլեւ քաղաքական ողջ գործունէութեանը: Նա միշտ էլ դէմ է եղել Արցախի անկախութեան համար պայքարին, իսկ 2008 թուականին Արցախի հարցում զիջողական փլաթֆորմով եղել է Լեւոն Տէր-Պետրոսեան նախագահի թեկնածուի թիմի անդամ, մշտապէս դէմ է եղել արցախցիներին եւ Հայաստանում նրանց քաղաքական պետական գործունէութեանը, դեմ է եղել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային յարաբերութիններին եւ գործել է դրանց դէմ, մասնաւորապէս՝ պայքարելով ռուսական սահմանապահ եւ մնացած ռազմուժին Հայաստանից դուրս բերելու համար՝ գործակցել է նոյն եւ նմանատիպ ծրագրերով Հայաստանում գործունէութիւն ծաւալած արեւմտեան պաշտօնական եւ առերեւոյթ անկախ կառոյցների հետ: Նիկոլ Փաշինեանը մշտապէս ընդդիմադիր գործունեություն է ծավալել հզոր Հայաստանի եւ Արցախի համար բազմավեկտոր քաղաքականութիւն իրականացնող ուժերի դէմ եւ, վերջապէս, իր շուրջ խմբուած մարդիկ ոչ միայն կրողն են եղել նոյն գաղափարների, այլեւ մաս կազմելով արեւմտեան պաշտօնական, սորոսական եւ այլ նախագծերի, յիշեալ ուղղութիւններով որոշակի աշխատանքներ են իրականացրել տարիներ շարունակ: Արտաքին, այդ թւում՝ թրքական ազդեցութեամբ, երիտասարդութեան այս շերտը նախապատրաստուել է որպէս այն գունաւոր յեղափոխութիւնների շղթայի մեկ օղակը, որոնք ծաւալուեցին արաբական աշխարհից մինչեւ Միջին Ասիա, մասնատեցին Վրաստանը, գլխաւորում են Ուքրայինայի համար կործանարար պատերազմը։

Այսօր արդէն շատերի համար է տեսանելի, որ Փաշինեանի արտաքին քաղաքականութիւնն ուղղուած է երկու հիմնական նպատակների` վերջնականապէս Հայաստանը ձերբազատել Արցախի խնդրից ու արցախցիների ճակատագրից, որից յետոյ ինքնաբերաբար տարածաշրջանից կը հեռանան ռուս խաղաղապահները, իսկ այնուհետեւ Հայաստանի ղեկավարը կը ստորագրի մնացած ողջ ռուսական ռազմական ներուժի, մասնաւորապէս Թուրքիոյ հետ Հայաստանի սահմանը վերահսկող ռուսական սահմանապահ ուժերի հետ եղած պայմանագրային պարտաւորութիւնների չեղարկման մասին փաստաթուղթ: Այսինքն՝ Արեւմուտքի թելադրանքով նա պէտք է դառնայ այն ղեկավարը, որը քաղաքական, իրաւական քայլերով Ռուսաստանին պէտք է դուրս մղի Հարաւային Կովկասից: Եթէ ինչ-որ մէկը կարող է մտածել, թե շարադրուած դատողութիւնները Նիկոլին վարկաբեկելու կամ հանրութեանը վախեցնելու համար են, խորհուրդ կը տամ յիշել երկրի ղեկավարի տարբեր արտայայտութիւններն այն մասին, թե ՀԱՊԿ-ը մեզ ոչ միայն չի պաշտպանում, այլեւ իր ներկայութեամբ աւելի մեծ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար, Հայաստանը դուրս չի գայ ՀԱՊԿ-ից, բայց ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից, այնպէս չէ, որ մեզ զենք առաջարկող ուրիշ պոտենցիալ դաշնակիցներ չկան, բայց նման գործարք հնարաւոր չէ, քանի դեռ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ է մեր ռազմական համագործակցութիւնը եւ այլն:

Գոյութիւն ունի տեղի ունեցողը անխուսափելի գործընթաց համարող մտայնութիւն, ինչը յատուկ է Նիկոլի օրօք քաղաքագէտներ դարձած թաքսիի վարորդների, տնային տնտեսուհիների, հովիւների, ինչպէս եւ կրթական ցենզ ունեցող «ծակ փիլիսոփաների» որոշակի շերտին: Ըստ վերջիններիս՝ Ռուսաստանը շարունակում է ամբողջովին իշխել խորհրդային նախկին մետրոպոլիայի տարածքում, ուրեմն եւ այն, ինչ կատարվում է Հայաստան-Արցախում եւ նրա շուրջ, տեղի է ունենում Ռուսաստանի գիտութեամբ ու պարտադրանքով, անգամ 2020 թուականի պատերազմը եւ ռուսական ազդեցութեան աւանդական գօտում թրքական ազդեցության տարածումը, Ատրպէյճանի պոկուելը հավասարակշռութեան ռուսական բեւեռից եւ ամբողջովին թրքական ազդեցութեան տարածքի վերածուելը: Ռուսաստանին 200 տարուայ իր ազդեցութեան գօտուց դուրս մղելու ատրպէյճանաթրքական եւ արեւմտեան փորձերը տեղի են ունենում հենց ռուսների ցանկութեամբ, եթէ ոչ ռուս-թրքական գործարքի համաձայն: Սրանից էլ բխում է, որ իր արարքների համար ոչ թէ Նիկոլն է մեղաւոր, այլ ռուսները եւ այն, ինչ տեղի է ունենում, անհնար է կասեցնել, որովհետեւ փոքր Հայաստանը ի զօրու չէ խափանել ռուսների ծրագրերը։ Իսկ այն, որ վերջին տասնամեակներին ռուսական ազդեցության դաշտից պոկուեցին եւ արեւմտեան գերիշխանութեան ներքոյ յայտնուեցին Վրաստանն ու Մոլտովան, միջինասիական թրքացեղ հանրապետությունները ակտիւօրէն կապերը սերտացնում են Արեւմուտքի, Թուրքիոյ, Չինաստանի եւ այլոց հետ` գրեթէ ուղիղ համեմատութեամբ հեռանալով ռուսական ազդեցութեան դաշտից, այն, որ խորհրդային նախկին Մերձպալթեան հանրապետութիւնները արեւմտեան բեւեռում կոշտ հակառուսական դիրքերում են ոչ միայն քաղաքականօրէն, այլեւ ՆԱԹՕ-ի ռազմական դաշինքին անդամակցութեամբ, որ փրոթրքական Ատրպէյճանն այսօր արտաքնապէս ատամներ է ցոյց տալիս, իսկ ներքնապէս ամբողջովին հակառուսական, հակահայկական եւ հակաիրանեան հիստերիայի մէջ է եւ, փաստացի, նախկին խորհրդային հանրապետություններից միայն Պելոռուսն է, որ գունաւոր յեղափոխութեան աւերիչ հետեւանքներից վախեցած՝ վերջին տարիներին ամբողջովին վերադարձաւ Ռուսաստանի «ուղեծիր», սա չեն ցանկանում տեսնել կամ պետական քարոզչութեան ծխածածկոյթի ետեւում չեն նկատում մեր այն տնային տնտեսուհիները, թաքսիի վարորդները, հովիւները, կրթական ցենզ ունեցողների, ինչպէս եւ պաշտօնէութեան ու գործարարների այն շերտերը, որոնք վերջին հինգ տարիներին եղան «թաւշեայ» իշխանութեան հենարանը ու այսօր վերջիններիս գլխաւորութեամբ Արցախն ու Հայաստանը առաջնորդում են դեպի վերջնական կործանում:

Հասնելով այստեղ՝ անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ մեր ներկայ ողբերգութիւնների հիմքում հայաստանեան հասարակութեան մտային, գաղափարական ու բարոյական անկումն է, ինչը սրընթաց կերպով տեղի ունեցաւ անկախութեան երեք տասնամեակների ընթացքում: Նիկոլ Փաշինեանը բարձրացաւ այդ ֆոնին եւ նուաճած բարձրութեան վրա կարող է մնալ միայն հասարակութեան անկման եւ անկման շարունակականության պայմաններում: Հասարակութեան արթնացումը, ազգային-քաղաքական մտքի վերազարթոնքն ու զարգացումը կանխորոշելու են Նիկոլի իշխանութեան խեղդամահ լինելը իր ձեւաւորած հակազգայնութեան, տգիտութեան եւ անբարոյականութեան ճահճում։ Այդ պատճառով էլ տուեալ երեւոյթների դէմ պայքարը Նիկոլի ներքաղաքական գործունէութեան առանցքն է: Միւս կողմից՝ Նիկոլի նկատմամբ աճում է արտաքին ճնշումը՝ արագացնելու իր հակահայ պարտականութիւնների կատարումը։ Արեւմուտքի մօտ աճում է այն համոզմունքը, որ ուքրայինական ճակատում Ռուսաստանին յաղթել չի կարող։ 2022 թուականի սկզբին ՀԱՊԿ-ը կասեցրեց միջինասիական առանցքային պետութիւն Ղազախստանում արեւմտաթոքական յեղաշրջման փորձը, եւ այժմ զգալի է Անդրկովկասի թեւում Ռուսաստանի նկատմամբ ռեւանշի հասնելու արեւմուտքի ձգտումը։ Այս երեւույթը վերջերս ակնառու դարձաւ Վրաստանում, որտեղ օտարերկրեայ ազդեցութեան գործակալների գործունէութեան թափանցիկութիւնն ապահովելուն ուղղուած միանգամայն տրամաբանական օրէնքի ընդունման նախաձեռնութիւնը հանդիպեց Արեւմուտքի կատաղի հակազդեցութեանը, երկրի ներսում հինգերորդ շարասիւնը այնպիսի զանգուածային ալեկոծություն բարձրացրեց, որ ազգային ուժերը նոր գունավոր յեղափոխութիւնից խուսափելու նպատակով հրաժարուեցին իրենց նախաձեռնութիւնից։ Վրաստանը լաւ օրինակ է՝ ինչպէս աւելի քան մէկ տասնամեակ իշխանութիւնը պահող ազգային ուժերը փորձում են երկիրը դուրս բերել ատրպէյճանաթրքական եւ արեւմտեան ազդեցութիւնից, սակայն նոյն այդ ուժերը դա թոյլ չեն տալիս (իհարկէ, ի տարբերութիւն Հայաստանի, Վրաստանում թուրք-արեւմտեան կամակատարների իշխանութեանը փոխարինած ուժերը վարում են ազգային շահերից բխող, հաւասարակշռուած քաղաքականութիւն․ չնայած մեծ ճնշմանը՝ նրանք նաեւ չմիացան հակաուքրայինական կոալիցիային

Հայաստանի նկատմամբ նման ակնառու ճնշում չի զգացվում շատ պարզ պատճառով՝ մեր երկրի իշխանութիւնները հպատակի հնազանդութեամբ կատարում են Արեւմուտքի, ինչպէս եւ, առաջին հերթին, ատրպէյճանցիների ու թուրքերի թելադրանքը։ Փաստ է, որ Հայաստանի իշխանութիւնները պատրաստակամ են կատարելու վերջիններիս ոչ միայն հողային եւ կոմունիկացիոն բնոյթի պահանջները, այլեւ սկսել են պատմական ու ազգային հիմնարար արժէքներից հրաժարուելու գործընթաց, իսկ երկիր գնում-գալիս են արեւմտեան անվտանգութեան ծառայութիւնների պատասխանատուները, կասկածելի օտարերկրացիներ վխտում են Հայաստանի սահմանային գօտիներում, այստեղից պետական բարձրագոյն պաշտօնեաներ այցելում են նրանց կեդրոնները, եւ ակնյայտօրէն Հայաստանը գտնւում է վերջիններիս աքցանի մէջ։ Ինչպէս գրում են նաեւ օտար վերլուծաբանները, Հայաստանին սպառնում է պալքանացումը, այսինքն՝ նախապատրաստում են Հայաստանը վերածելու ծխացող բախման գօտու, եւ այդ հակամարտութեան նախերգանքը ակնառու է Արցախի ու Հայաստանի հասցէին հնչող կոշտ սպառնալիքների մեջ։ Իհարկէ, արտաքին թելադրողների ու շահառուների նպատակը միայն փոքր Հայաստան-Արցախը չէ, այլեւ Ռուսաստանն ու Իրանը, միջինարեւելեան եւ կեդրոնասիական հսկայ տարածաշրջանին տիրելու գերուժերի դարաւոր երազանքները։

Այլեւս կոյրը միայն չի տեսնի, որ Հայաստանի իշխանութիւնները ձգտում են վերջնականապէս յանձնել Արցախն ու Հայաստանից այն տարածքները, որոնց հաւակնում է Ատրպէյճանը, թուրքատրպէյճանական պահանջով բացել Զանգեզուրի թուրանական միջանցքը։ Այդ իշխանութիւնները յոյս ունեն, որ եթէ թշնամու ուզածները յանձնեն, վերջիններս թոյլ կը տան, որ իրենք շարունակեն հանգիստ իշխել երկրում։ Միաժամանակ Հայաստանի իշխանութիւնները երկրի անվտանգութեան երաշխիքները հայցում են Արեւմուտքից։ Այս ողորմելի պահուածքով նրանք ամէն օր, որպէս նշանաբան, թութակի պէս կրկնում են ժողովրդավարութեանը հաւատարիմ լինելու մասին յանկերգը, երբ Արեւմուտքը ողջ աշխարհում «թքել է» եւ՛ ժողովրդավարութեանն վրայ, եւ՛ ժամանակաւոր օգտագործման ծառայող խամաճիկ ռեժիմների։

Եվւ եթէ ցայսօր պարտութիւնը մինչեւ վերջ հասցնելու Հայաստանի իշխանութիւնների ծրագիրը չի յաջողւում իրականացնել, պատճառն այն է, որ առայժմ, առանց իրավիճակը բախման աստիճանի սրելու, այդ ծրագրերը յաջողեցնում է ձախողել Ռուսաստանը։ Ռուսաստանն, անշուշտ, այդ բանն անում է՝ ելնելով իր շահերից։ Մենք չգիտենք, թե ի վերջոյ իր ոխերիմ բարեկամների հետ Հայաստանի հաշուին փոխզիջումների գնալու դէպքում ինչ են լինելու Ռուսաստանի նոր զիջումները։

Խօսելով առկա ճակատագրական վիճակը յաղթահարելու մասին՝ պէտք է արձանագրենք, որ մոլորութիւն է ընդդիմութեան այն պատկերացումը, թե իշխանութիւնը հնարաւոր է փոխել, եթէ ողջ ժողովուրդը ոտքի կանգնի։ Որեւէ շարժման կամ յեղափոխութեան ժամանակ ոտքի է կանգնում ժողովրդի մի քանի տոկոսը, իսկ յաղթանակն ապահովում է ողջ երկրում յեղափոխականների ստեղծած համաժողովրդական մթնոլորտը։ Հայաստանում այսօր գոյութիւն ունի համընդհանուր ատելութեան վիճակ, բայց ոչ ըմբոստութեան մթնոլորտ։ Որպէսզի կուտակուած դժգոհութեան էներգիան շարժման մեջ դնի զանգուածներին, թւոււմ է, թէ անհրաժեշտ է գլխաւոր պայմաններից մեկի առկայութիւնը՝ ժողովրդի համար ընդունելի առաջնորդի եւ նրա ծրագրի ի յայտ գալը, որոնց յաղթանակին եւ երկիրը վերափոխելու կարողութեանը ժողովուրդը կը հաւատայ։ Առաջնորդի ու ծրագրի առաջնայնութեան հարց հաւանաբար գոյութիւն չունի, դրանք փոխշաղկապված են իրար։ Այդ ծրագիրն ու անձը պէտք է ներշնչեն, որ ունակ են փոխելու, ինչպէս եւ փոխարինելու գործող իշխանութեանը, քանի որ անկախացման շրջանից սկսած՝ հայ ժողովուրդը աւելի շատ գայթակղվում է մերժման ծրագրով եւ իշխանափոխութեան իրատեսական լինելու հեռանկարով։ Սրանով յանդերձ, նախորդին փոխելուց հետո նախորդի վերածվելու օրինակներից խուսափելու համար այդպիսի առաջնորդը պէտք է ներկայանայ ներկայանալի թիմով, ներշնչի, որ մարմնաւորում է Արցախի, Հայաստանի եւ Սփիւռքի հաւաքական կամքն ու ամբողջականութեան գաղափարը, պէտք է դառնայ համախմբող առանցք Արցախի ազատագրութեան, Հայաստանի ինքնիշխանութեան վերականգնման գլխաւոր գաղափարների շուրջ։ Հայաստանի համապարփակ ճգնաժամը յաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ թե հայկական անձնագրով, այլ ազգային էութեամբ, անկաշառ ու անհաւակնոտ իշխանութիւն։ Իհարկէ, սա ուտոպիային մոտեցող ցանկութիւն է, բայց այլ կերպ մեր երկիրը կուլ տուող ճահճից դուրս գալ հնարաւոր չէ։

Վլատիմիր Վիսոցկին երգում էր․«Իսկական ըմբոստները քիչ են․ Ահա եւ չկան առաջնորդներ»։

Առանց շարժման եւ առանց ըմբոստների՝ նաեւ չեն առանձնանում առաջնորդները։

Փաշինեանը Հայաստանը տոտալ կերպով միակուսակցականացնում է, իսկ գալիք ընտրական փորձութիւնները նախապատրաստւում է յաղթահարել անօրինականութիւնների ճանապարհով։ Նա հրաշալի գիտի, որ իր վզից կախուած է պետական դաւաճանի մեղադրանքը եւ, ի դէպ, պատահական չէ, որ զանազան բարձրագոյն պաշտօնէաներ վերջերս իրար ետեւից կրկնում են Արցախը Ատրպէյճանի կազմում թողնելու հակասահմանադրական դիրքորոշումը՝ սրանով երեւի ստանձնելով իրենց շեֆի խօսքի եւ յանցաւոր գործունէութեան պատասխանատւութեան մէկ բաժինը։

Այնուամենայնիւ, պէտք է խոստովանել, որ մէկ հարցում Նիկոլի վարքագիծը տրամաբանական է՝ յաղթում է նա, ով գործում է եւ նախաձեռնութիւնը պահում է իր ձեռքում։

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles