Լրահոս

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- «ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՈՎ ԽՕՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԵՏ» ՅԱՅՏՆԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեան` Ցեղասպանութեան վերապրողներէն Սիրարփի Խոյեանի (Հ. Մ. Ը.Մ.-ի հիմնադիրներէն` Տիգրան Խոյեանի այրին) հետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատուիրակութիւնը, Ապրիլ 12-ին ժամանեց Ուաշինկթըն, մասնակցելու համար հիւլէական անվտանգութեան վեհաժողովին:
Այս առթիւ նախագահ Սարգսեան, Ուաշինկթընի մայր տաճարին մէջ, Միացեալ Նահանգներու նախկին նախագահներէն՝ Վուտրօ Ուիլսընի գերեզման այցելութիւնէն ետք, խօսք առնելով յայտնեց թէ Թուրքիան նախապայմաններ պարտադրելով, չի կրնար յարաբերիլ Հայաստանի եւ հայութեան հետ: Աւելի քան երեք հարիւր ներկաներ ժամանած էին, որոնց կարգին Ցեղասպանութենէն վերապրողներ: Նաեւ ներկայ էին Հայաստանեայց Եկեղեցւոյ Ամերիկայի Արեւելեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Ա.Մ.Ն. Արեւելեան թեմի Առաջնորդ Օշական Արք. Չօլոյեան:
Ստորեւ, նախագահ Սարգսեանի խօսքը.-
Սիրելի՜ հայրենակիցներ,

Այսօր մենք միասին մեր յարգանքի տուրքը մատուցեցինք նախագահ Վուտրօ Ուիլսընի շիրիմին` մարդու եւ Ա.Մ.Ն. Առաջնորդի, ում մեր ժողովուրդը յիշում է ու միշտ կը յիշի որպէս հայ ժողովրդի իսկական բարեկամի: Նախագահ Ուիլսընը մեծ գործիչ էր, գործիչ, ում իր հայրենիքից հազարաւոր մղոններ հեռու բնակուող հինաւուրց ժողովուրդը գրեթէ հարիւր տարի անց էլ շարունակում է մեծարել ու փոխանցել այդ մեծարանքը սերունդէ սերունդ: Ուիլսընը հայերիս համար ոչ միայն կորուստեալ հայրենիքի իղձը կենարար հողով ամրացրեց, այլեւ աշխարհին պատուիրան թողեց այն մասին, որ մեծերը կարող են եւ պարտաւոր են թոյլ չտալու փոքր ժողովրդի տառապանքների կրկնութիւն: «Դուք մտածե՞լ էք Հայաստանի տառապանքների մասին: Դու՞ք օժանդակեցիք հայերին այն բանից յետոյ, երբ նրանք տառապանքներ կրեցին: Այժմ զօրակցէ՜ք, որ նրանք այլեւս երբեք չտառապեն». նախագահ Ուիլսընի` Փետրուար 26, 1919-ի Պոսթընեան ելոյթի այս բառերը հնչում են մինչ օրս, ինչն իրականում նա յղում էր ողջ մարդկութեանը: «Զօրակցէ՜ք, որ այլեւս հայերը երբեք չտառապեն»` այս խօսքով Ա.Մ.Ն. 28-րդ նախագահը դեռ իննիսուն տարի առաջ փաստացիօրէն ձեւակերպում էր Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսւում ցեղասպանութիւնների եւ ապագայ բոլոր տառապանքների կանխարգելումը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Նախագահի շիրիմի առջեւ եւ զեկուցում, որ Հայոց Ցեղասպանութիւնից իննիսունըհինգ տարի յետոյ էլ աշխարհի շատ երկրներ, կազմակերպութիւններ եւ քաղաքական գործիչներ, այդ թւում եւ իր հայրենիքում, շարունակում են գործել Ուիլսընեան պատգամի տրամաբանութեամբ: Հայ ժողովուրդը յիշում եւ յիշելու է բոլորին. անուն առ անուն:

Սիրելի՜ հայրենակիցներ,

Ամերիկահայութիւնը, յատկապէս վերջին տասնամեակներում, դարձել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գործի ամենաեռանդուն ու ամենահետեւողական օղակներից մէկը եւ, համոզուած եմ, այսուհետ եւ՜ս ջանալու է բազմապատկուած ճիգերով: Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսափելին:

Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրման նախօրէին ոմանք մտավախութիւն ունէին, թէ դրանով կը դանդաղեցուեն կամ ժամանակաւորապէս կը սառեցուեն Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղուած միջազգային քայլերը: Ժամանակը ցոյց տուեց, որ այդ մտավախութիւններն անհիմն են եւ անհիմն կը լինեն այնքան ժամանակ, քանի մենք բոլորս պատրաստ ենք առաւել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի:

Անցած ամիսներին մենք ձեզ հետ միասին վկան եղանք Թուրքիոյ դատապարտուած փորձերին` պառակտելու հայրենիքն ու Սփիւռքը, իրավիճակը ներկայացնելու այնպէս, թէ իբր գոյութիւն ունի երկու տարբեր կարծիք Հայաստանում եւ Սփիւռքում: Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները: Չկայ Հայաստանի հայութեան եւ Սփիւռքի հայութեան կարծիքների տարբերութիւն. կայ միասնական հայ ժողովուրդ, եւ նա տեր է իր արդար դատին:

Այո՜, մենք պատրաստ ենք եւ ցանկանում ենք բնականոն յարաբերութիւններ ունենալ մեր բոլոր հարեւանների հետ, բայց մենք չենք յանդուրժի, որ պայմաններ թելադրուեն մեզ: Այս առաւօտ ես հանդիպեցի Թուրքիոյ վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է շատ յստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզուով խօսել Հայաստանի եւ հայութեան հետ: Մենք դա պարզապէս թոյլ չենք տայ: Մենք չենք պատրաստւում որեւէ ձեւաչափում քննութեան առարկայ դարձնել Ցեղասպանութեան եղելութեան փաստը կամ ձեւացնել, թե հաւատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարութիւն ունենալ Արցախի հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակայ է փորձութիւնների, որովհետեւ մենք անցնում ենք չտրորուած արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատուով է բռնելու նաեւ այս քննութիւնը:

Յարգելի՜ հայրենակիցներ,

Դուք, որպէս արտերկրում ապրող, բայց հայութեան ցաւերով ու շահերով տոգորուած հաւաքականութիւն, անխորտակելի ուժ էք. դուք Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարեւոր բաղկացուցիչն էք: Սա գիտակցում են թէ՜ մեր բարեկամները, թէ՜ միւսները: Դուք ձեր կեցուածքով ու վճռականութեամբ ապացուցում էք, որ սխալ են եղել բոլոր այն հաշուարկները, ըստ որոնց հայութեանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնել՝ ցրելով աշխարհով մեկ: Յուրաքանչիւր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պէտք է դառնայ այն կաթիլը, որը քար է ծակում: Մենք հենց այդ ճանապահին ենք: Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել: Եւ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերութեան, ցինիզմի ու երկերեսանիութեան քարը: Դրա համար մենք ունենք բաւականաչափ համբերութիւն, հավատ եւ նպատակասլացութիւն:

Հայրենակիցնե՜ր,

Թոյլ տուէք խօսքս աւարտել երախտագիտութեան բառերով ուղղուած մի երկրի ու մի ժողովրդի, որ ծնել է դեսպան Մորկընթաուի եւ նախագահ Ուիլսընի պէս գործիչներ: Հայութիւնն ուժեղ է եւ կարողանում է ինքնարտայայտուել Ամերիկայի Միացեալ Նահանգներում: Դա անշուշտ ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկեան ազատութեան արժանիքն է: Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզօր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատարութիւնն ունի հայ ժողովրդի կեանքում:Աստուած պահի Ամերիկան, Աստուած պահի Հայաստանը եւ փառք հայ ժողովրդին:

Hairenik Media Hairenik Media

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button