ԱՒԻԿ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆ
Ձմեռ է, պաղ է, գիշեր ակամայ,
Ճերմակն է իջնում դաշտերի վրայ,
Ձիւնի փաթիլները նուրբ ու անաղարտ,
Թափւում են արդէն սարերի վրայ:
Անսահմանութեամբ, անհուն կապոյտի,
Լցուած ցնորքով երազանքների,
Հրճուած այս պահի արթուն հմայքով,
Կ’ուզեմ արարել մի նոր մեղեդի:
Բաբախուն սրտով ու երազներով,
Կապոյտ եւ մաքուր, յոյսի յորձանքով,
Կ’ուզեմ ես զարթնել ցոլքով գալիքի,
Անթափանց լոյսով ոսկեայ արեւի:
Կուզեմ թախիծս ծածկել շղարշով,
Նոր անուրջների սրտառուչ երգով,
Հսկել իմ ճամբան շեղուող հողմերից,
Քայլել խանդավառ անաչառ երթով:
Իմ երգով այսօր թո°ղ որ բոլորի,
Յոյսի լայն ճամբան անվերջ երկարի,
Կ’ուզեմ աշխարհում բարին միշտ յառնի,
Մարդկանց երազը արեւին յարի:
Ձմեռ է ցուրտ է՝ լուսինն է պարզկայ,
Ճերմակն է իջել դաշտերի վրայ,
Երանութիւն է անմէգ, անսովոր,
Նոր տարուայ դիւթիչ՝ գիշերն է ահա…
Պոսթըն