ՆԻՒ ԵՈՐՔԵԱՆ ՊԱՐԳԵՒ` Հ.Հ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆԸ
Երեւանում յիսուն գեղարուեստական գունաւոր լուսանկարներից բաղկացած ցուցահանդէս նուիրեց Հ.Հ. պաշտպանութեան նախարարութեանը Նիւ Եորքաբնակ լուսանկարի վարպետ Ռոպերթ Կարապետեանը: Այդ աշխատանքները նա կատարել է երկու տարի առաջ, ընտիր պահեր որսալով Երեւանում, Հանրապետութեան հրապարակում կայացած` Հ.Հ. անկախութեան քսանամեակին նուիրուած տօնակատարութիւնից: Որոշ լուսանկարներում պատկերելով ընդհանուր համաժողովրդական տօնախմբութիւնը, լուսանկարի ճանաչուած վարպետը հիմնական ուշադրութիւնը նուիրել է Հայկական բանակի ցուցադրական ելոյթներին, ճեպաքաղելով բազմաթիւ ուշագրաւ տեսարաններ:
Նիւ Եորքից բերած ցուցահանդէսը Հ.Հ. Պաշտպանութեան նախարարութիւնում բացուելու էր Սեպտեմբեր 24-ին, որն այնուհետեւ հեղինակը այն ամբողջութեամբ յանձնելու էր նախարարութեանը:
Մինչ այդ ցուցադրութիւնը, Ռ. Կարապետեանը տուեալ ցուցահանդէսը ներկայացրել է Նիւ Եորքում` հոծ բազմութեան ոգեւորութեան պայմաններում, իսկ մինչեւ նախարարութիւնում ցուցադրուելը նրա երեւանեան անդրանիկ բացումը տեղի ունեցաւ “Մոսկուա“ թատրոնի երկրորդ յարկի ճեմասրահում:
Կատարելով բացման արարողութիւնը, Հ.Հ. Պաշտպանութեան նախարարութեան պաշտօնեայ Ֆելիքս Պօղոսեանը ներկաներին տեղեակ պահեց, որ Ռոպերթ Կարապետեանը այս ցուցահանդէսը Նիւ Եորքցիներին ներկայացնելուց յետոյ բերել է Երեւան, այստեղ ցուցադրելու եւ ապա Հ.Հ. պաշտպանութեան նախարարութեանը նուիրելու մտադրութեամբ:
Նախարար Սէյրան Օհանեանը հաւանութիւն է տուել այս ձեռնարկին, ընդունել առաջարկը, եւ որոշում է կայացուել նախ ցուցահանդէսը բացել երեւանցիների համար սիրելի վայր այս հնագոյն օճախում, նոր միայն Հայոց բանակի ուժն ու գեղեցկութիւնն արտայայտող հրաշալի հաւաքածոն տանել նախարարութիւն:
Նա նախարարութեան անունից շնորհակալութիւն յայտնեց հեղինակին` յատկապէս այս ցուցահանդէսի միջոցով Հայոց բանակի հմայքը արտերկրում ներկայացնելու համար, նրան մաղթեց յետագայ ստեղծագործական նորանոր յաղթանակներ:
Ռ. Կարապետեանին ողջունեց նաեւ նրա բարեկամ Մայիս Ռաֆայէլեանը, նշելով նրա բազմաշնորհութիւնը` դերասան, լուսանկարիչ, գեղանկարիչ, դրանց անուրանալի ցուցադրումը իրենց ասպարէզներում դեռեւս ուսանողական նստարանից սկսած: Նա միաժամանակ նշեց, որ արուեստագէտը անցեալ դարի վերջերին Միացեալ Նահանգներ բնակութեան մեկնելուց յետոյ հայրենիքի հանդէպ սէրը միշտ պահել է իր սրտում, հայեացքը միշտ հառել Երեւանին ու Հայաստանին, եւ միշտ առիթ է որոնում գալու, միանալու մեր ընթացքին, իր համեստ աւանդը բերում մեր ընդհանուր գործին, որն արտայայտւում է ցուցահանդէսներ բացելով, լուսանկարահանումներով, նուիրատուութիւններով եւ այլն:
Իր շնորհակալութեան խօսքում Կարապետեանը յիշեց Հ.Հ. նախագահի աշխատակազմին, որի աջակցութեամբ է երկու տարի առաջ յայտնուել Հանրապետութեան հրապարակի յոբելինական տօնակատարութեանը, պատկերահանել քսանամեակի հանդիսութեան շատ մանրամասներ, որոնք առկայ են ցուցահանդէսում:
Լուսանկարի յայտնի վարպետ Պօղոս Պօղոսեանը մեզ հետ զրուցելիս ասաց, որ առանց Ռոպերթ Կարապետեանի կատարած աշխատանքի թերի կը լիներ անցեալ դարի երկրորդ կէսի հայ մշակոյթի էջերի լուսանկարահանումը, որին լծուած էին այնպիսի նշանաւոր վարպետներ, ինչպիսիք էին Նեմրութը, Վարազդատ Սեւոյեանը, Ռաֆիկ Համբարձումեանը, ուրիշներ:
Իսկ դերասանուհի, Հ.Հ. ժողովրդական արուեստագիտուհի Ժենեա Աւետիսեանը վերյիշեց իր Նիւ Եորքեան հիւրախաղերը, երբ “Մեծապատիւ Մուրացկանների“ ներկայացմանը իրեն Աբիսողոմ աղայի դերակատարմամբ ընկերակցել է Ռոպերթ Կարապետեանը:
***
“Մոսկուա“ թատրոնում ցուցադրուելուց յետոյ ցուցահանդէսն այնուհետեւ ներկայացուեց Հ.Հ. պաշտպանութեան նախարարութիւնում, ում էլ հասցէագրուած էր ցուցահանդէսը, եւ որտեղ այն մշտական “գրանցում“ էր ստանալու:
“Այդ նպատակով էլ եկել էի Երեւան, մեզ հետ զրուցելիս“, ասաց Ռոբերտ Կարապետեանը: “Ժամանելուցս շատ առաջ պարոն նախարար Սէյրան Օհանեանին նամակ-գրութիւն էի ուղարկել այն մասին, որ ես լուսանկարել եմ Հ.Հ. 20-ամեակին նուիրուած երեւանեան զօրահանդէսը, ցանկութիւն ունեմ բերելու այն Երեւան, տեղում ցուցադրելու, ապա այն ամբողջութեամբ նուիրելու նախարարութեանը: Կարճ ժամանակում դրական պատասխան ստացայ նախարարութիւնից եւ առանց որեւէ ակնկալիքի, այլ իմ երկրի, իմ հողի հանդէպ պարտքի զգացումով ցուցահանդէսն առայ ու եկայ Երեւան“:
Ցուցահանդէսը նախարարութիւնում բացուեց Սեպտեմբեր 24-ին: Բացմանը նախարարը ներկայ չէր, որովհետեւ գործուղման մէջ էր գտնւում Հայաստանից դուրս: Բացմանը մասնակցել են պաշտպանութեան փոխնախարար Արա Նազարեանը, գլխաւոր շտապի պետի տեղակալ Ստեփան Գալստեանը, վարչութիւնների ղեկավարներ, այլ պաշտօնեաներ, ովքեր ուրախութեամբ ընդունեցին նուիրատուութիւնը, ողջունեցին ցուցահանդէսի բացումը, նշելով աշխատանքների գեղարուեստական եւ թեքնիք-կատարողական վարպետութեան բարձր մակարդակները:
Պաշտօնեաներն ասացին, որ նախարարի վերադարձին իրենք կը զեկուցեն նրան` բացման արարողութեան մասին:
“Այս նոյն ցուցահանդէսը 2012 թուականին ես բացել եմ Նիւ Եորքում, որը մեծ յաջողութիւն է ունեցել յատկապէս մեր հայրենակիցների, ինչպէս նաեւ հետաքրքրուած ամերիկացիների շրջանում“, ասաց լուսանկարիչը:
Ներկայ ցուցահանդէսը Ռոպերտ Կարապետեանի միակ հայրենական մշակութային նուիրուատուութիւնը չէ: Տարիներ առաջ նա Երեւանի Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանին է նուիրել մէկ ճամպրուկ` իր իսկ ձեռքով կատարած լուսանկարչական գործեր, թիւով` 6000 հատ, որոնք անցեալ դարի երկրորդ կէսի Խորհրդային Հայաստանի մշակութային կեանքի իւրօրինակ տարեգրութիւնն են կազմում: Թատրոն, երաժշտութիւն, գրականութիւն, նկարչութիւն, ճարտարապետութիւն այս ամէնն ընդգրկուած են այդ ինքնատիպ եւ բացառիկ հաւաքածւում:
2011 թուականին լուսանկարիչը ցուցահանդէս է բացել Երեւանի “Նարեկացի արուեստի միութիւնում“` նուիրուած Էրեբունի-Երեւանի տարբեր յոբելեաններին` սկսած 1968 թուականից, երբ մեծ շուքով նշուեց Երեւանի 2750-ամեակը, եւ այդ ամբողջական ցուցահանդէսը նուիրել “Էրեբունի“ թանգարանին: Այդ ցուցահանդէսն այնուհետեւ տեղափոխուել է Մարտունի (Հայաստանի Հանրապետութիւն) եւ “Էրեբունի“ թանգարան:
Վերջերս Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամենօրեայ հայկական վարժարանում Ռոպերթ Կարապետեանը ներկայացրել է “Իմ Երեւանը“ նիւթով ցուցահանդէսը: 35 մեծադիր լուսանկարից բաղկացած ամբողջ ցուցադրութիւնը նա նուիրեց դպրոցին, արժանանալով ուսումնական հաստատութեան ամբողջ կազմի, այդ թւում` նրա տնօրէն Զարմինէ Պօղոսեանի շնորհակալութեանը: Հեղինակին վստահեցրել են, որ ցուցահանդէսը մշտական գործելու է վարժարանի դասասենեակներից մեկում, որպէսզի նրա սաներն ամէն օր տեսնեն, իմանան, որ իրենք Հայաստանի սիրուն մայրաքաղաք Երեւան ունեն:
Հայրենիք կատարած հերթական ներկայ այցի ընթացքում արուեստագէտ-լուսանկարիչը ձեռքերը ծալլած չի նստել լուսանկարել է Երեւանում ու նրանից դուրս տեղի ունեցած իրադարձութիւնները, հայրենիքում իր` նախորդ մեկնումից յետոյ կատարուած փոփոխութիւնները, կենդանի հաղորդմամբ հանդէս եկել “Կեդրոն“ հեռուստատեսութեամբ:
“Ապարանի տարածքում մի մեծ խաչ են տեղադրել, Աբովեանում հսկայ եկեղեցի կառուցել, այլ հոգեւոր կեդրոններ են վերակենդանացրել դրանք բոլորը լուսանկարել եմ, որովհետեւ ուզում եմ եկեղեցական թեմաներով մի ցուցահանդէս բացել, Միացեալ Նահանգներ վերադառնալուց յետոյ“, ասաց լուսանկարիչը: “Բացի այդ մտադիր եմ նաեւ առաջիկայում, այսինքն, երեք տարի յետոյ իմ լրանալիք 80-ամեակը նշել Երեւանում, յատուկ ցուցահանդէսով: Այդ ցուցահանդէսում ներկայացնելու եմ 20-րդ դարի խորհրդային մշակոյթի այն մեծերին` հայ եւ օտարազգի, որոնց լուսանկարել եմ Դաւիթ Խանճեան, Վալերի Գերգիեւ, Յովհաննէս Չէքիճեան, Վախթանգ Ճապուկեանի, Լիլի Չուգասըզեան այսպէս, շատերը“, ասաց Ռոպերթ Կարապետեանը:
Երեւան