ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՃԱՓՈՆՈՒՄ
Տիգրան Հեքեքեանի ղեկավարած “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ“ երգչախմբի` Ճափոնում ունեցած փայլուն համերգային շրջագայութեան մասին արձագանգները չեն լռում: Առ այսօր հիացական քննարկումներ են տարւում երաժշտական ամենատարբեր շրջանակներում` հայ անուանի խմբի եւ նրա քառասնօրեայ ուղեւորութեան մասին, որն իր մէջ ներառել էր 18 համերգ, վեց հանդիպում, զանազան միջոցառումներ, Տիգրան Հեքեքեանի կողմից անցկացուած վարպետաց դասեր եւ այլն:
Շրջագայութիւնը նուիրուած էր հայ-ճափոնական դիւանագիտական յարաբերութիւնների քսան, հայ գրատպութեան 500-ամեակներին եւ Երեւանը “Աշխարհի գրքի մայրաքաղաք 2012“ հռչակուելու նշանակալից իրադարձութիւններին:
Հիւրախաղերը նախաձեռնել եւ ֆինանսաւորել էր ճափոնական խոշոր երաժշտական մի կազմակերպութիւն` “Մին Օն“ը, որի նախագահ Հիրոյասու Քոբայասիի խօսքերով` իրենց իրականացրած տարեկան հազարից աւել համերգների մէկ երրորդը կազմում են արտերկրից ժամանած յայտնի կատարողներ, խմբեր: Վերջիններս ընտրւում են յստակ սկզբունքով. բացի համաշխարհային համբաւից, նրանք նաեւ պիտի կարգով բարձր լինեն ճափոնական նմանատիպ խմբերից: Կազմակերպող կողմը շատ լաւ ծանօթ էր “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ“ երգչախմբին: 2002 թուականին, Եւրոպական Երգչախմբային Համադաշնակցութեան կողմից “Աշխարհի լաւագոյն մանկական երգչախմբի“ եւ “Եւրոպայի մշակոյթի դեսպան“ի տիտղոսին արժանացած երգչախմբի համբաւը վաղուց էր հասել աշխարհի այս անկիւնը եւս, չնայած դրան, պարոն Քոպայասիի պնդմամբ, Ճափոնիայում Տիգրան Հեքեքեանի խմբի ունեցած յաջողութիւնը գերազանցեց իրենց ամենահամարձակ սպասելիքները: Գրեթէ բոլոր քաղաքներում համերգների տոմսերը սպառուել էին դեռ հայկական երգչախմբի ժամանելուց ամիսներ առաջ, ճափոնացիները գնացքի, նոյնիսկ` օդանաւի, տոմս էին պատուիրում մէկ այլ քաղաք հասնելու եւ այնտեղ երգչախմբին ունկնդրելու համար:
Ճափոնիայում Տիգրան Հեքեքեանն առաջին անգամ յաղթանակ տօնեց 1992 թուականին Հ.Հ. ձայնասփիւռի պետական երգչախմբի հետ, երբ հայ խմբերգային պատմութեան մէջ առաջին ոսկէ մետալը բերեցին հայրենիք: Այս այցն արդէն երկրորդն է, երբ մաէսթրոն իր արուեստով, երաժշտական բարդագոյն ստեղծագործութիւնների բարձրակարգ մեկնաբանումով, խմբի երգացանկի բացառիկ բազմազանութեամբ հիացնում էր կիրթ ու խստապահանջ ճափոնացի ունկնդրին: Զուր չէ, որ համերգներից յետոյ, իրենց ազգային նկարագրով զուսպ, զգացմունքները թաքցնող ճափոնացիներն արցունքն աչքերին շտապում էին արտայայտել իրենց պարուրած յոյզերը.
Երգչախումբը հանդէս եկաւ ճափոնական խոշորագոյն եւ հռչակաւոր` 1500 – 2200 տեղանոց դահլիճներում: Եղան Եամաքատա, Եոքոհամա, Տոչիքի, Քիտակիուսու, Մարուքամէ, Սափորօ, Նագոյա, Նաքաօ, Միյազաքի, Քանազավա, Եամաքուչի քաղաքներում եւ այլուր: Գլխաւոր համերգներն էին Օզաքայի Սիմֆոնիք համերգադահլիճում ելոյթն ու իհարկէ եզրափակիչը Թոքիոյի Օփերա Սիթի աշխարհահռչակ համերգասրահում:
Համերգներից բացի երեխաները հնարաւորութիւն ունեցան նաեւ ծանօթանալ հիւրասէր եւ նրբանկատ ճափոնացի ազգի սովորութիւններին, պատմութեանը, աւանդոյթներին, ճափոնական թէյ պատրաստելու եւ ըմպելու արարողութեանը, Սափփորոյում` գարեջրի փառատօնին, սեփական ձեռքերով ճափոնական խորոված պատրաստեցին: Եղան թանգարաններում, մշակութային կեդրոններում, շատ ջերմ եւ յիշուող հանդիպումներ ունեցան հասակակիցների հետ:
Նման հանդիպումներից մէկը Սափփորոյում ճափոնական “Նակաշիմա“ մանկական երգչախմբի հետ էր, որի խմբավար Սահոքօ Սայիտոն “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ“ին ունկնդրելուց յետոյ այնպիսի յուզմունքի մէջ էր, որ ուղղակի բառեր չէր գտնում արտայայտուելու համար: Նա անդադար կրկնում էր. – “Ես չեմ հաւատում, չեմ հաւատում, որ հայկական այս անուանի երգչախումբը հիմա մեր կողքին է“:
Օրեր անց, երբ Տիգրան Հեքեքեանն իր սաների հետ արդէն մէկ այլ քաղաքում էր, Սայիտոյից նամակ ստացաւ հետեւեալ բովանդակութեամբ.-
“Օր ու գիշեր միայն Ձեր երգչախմբի բացառիկ երգեցողութեան մասին ենք խօսում մեր տանը եւ իմ երգչախմբում: Երգչախմբով որոշեցինք յառաջիկայում ծրագրուած մրցոյթի մեր ծրագրում ընդգրկել ձեր երգացանկից Ռոպերթ Պետրոսեանի “Ապարան“ ստեղծագործութիւնը, որը վստահաբար մեր երգչախմբին յաջողութիւն կը բերի: Շատ ենք խնդրում, որ տրամադրեք մեզ “նոթա“ները: Երազում եմ կրկին հանդիպել ձեր հիանալի խմբին, Թոքիօ մեկնելու տոմս եմ պատուիրել իմ եւ ընտանիքիս համար, եւ թէպետ, համերգի տոմս չունենք, ամեն ինչ կ՛անենք, որ, թէկուզ հեռուից, կարողանանք ունկնդրել ձեր հրեշտակային ձայները“:
Տիգրան Հեքեքեանը չյապաղեց արձագանգել խնդրանքին, եւ հաշուած օրեր անց Ռոպերթ Պետրոսեանի “Ապարան“ եւ ի “նոթա“ները` հայերէն բառերի արտասանման ճիշտ ձեւով, որը թէ գրուած էր, թէ` ձայնագրուած, սիրով յանձնեց Սայիտոյին: Ճափոնացիներն էլ սպասեցնել չտուեցին. մի քանի օր անց մաէսթրօ Հեքեքեանը նկարահանած տարբերակով կարողացաւ տեսնել, թէ ինչ ջանասիրութեամբ են “Նակաշիմա“ երգչախմբի սաները սերտել եւ կատարում հեռաւոր Հայաստանի` Ապարան անունը կրող գողտրիկ վայրի մասին երաժշտական կտորը:
“Հայաստանի Փոքրիկ Երգիչներ“ը ճափոնական հողում մարդասիրական փոքրիկ առաքելութիւններ եւս կատարեցին, օրինակ` Ֆուքուոքա կղզում երգով փորձեցին սփոփել այդ օրերին ջրհեղեղից տուժած ընտանիքներին, Նակազաքիում այցելեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիւլէական ռումբի պայթումից զոհուածների յիշատակի կոթող եւ հենց պայթումների օրերին` Օգոստոսի 6-ին եւ 9-ին, Օզաքայում եւ Քանազավայում հայ մանուկների շուրթերից հնչեցրեցին Ալեքսանտր Յարութիւնեանի “Մանկական աղօթք“ն ու յաւերժ յիշատակ նահատակների եւ կոչ խաղաղութեան:
Յիշարժան պահերը շատ էին: Օգոստոսի 2- ին ահարկու թայֆունի ականատես եղան Միյազակիում` ապշելով, թէ եղանակային այդ պայմաններում ինչպէս էր, որ դահլիճում շատ քիչ ազատ աթոռ կար. տոկուն ու անհողդողդ ճապոնացիներին, թերևս, անհնար էր համերգը լսելու ցանկութիւնից ետ պահել:
Նակոյայի “Այիչի մշակութային կեդրոնի“ յայտնի համերգասրահում մեր երգչախմբի ազդագիրը զետեղել էին աշխարհի լաւագոյն կատարողների կողքին, որոնց թւում էին Վիեննայի, Ֆրանքֆուրթի ձայնասփիւռի “ֆիլհարմոնիք“ նուագախմբերը, Իսահակ Պերելմանը, Միշա Մայսքին, Պարպրա Հենտրիքսը եւ այլոք: Բացատրեցին, որ ճեմասրահի այդ պատուաւոր անկիւնում յաւերժացւում են միայն տուեալ դահլիճում բացառիկ յաջողութեան եւ ընդունելութեան արժանացած, համաշխարհային ճանաչում ունեցող կատարողները: Ինչ խօսք, նման փաստը պակաս չէր ոգեւորում հայ երեխաներին եւ իրենց ղեկավարին, քան տասնեակ րոպէներ տեւող ու չդադարող ծափերը:
Իսկ ծափերն իսկապէս բուռն էին: Դրանց բացառիկութիւնն էլ կայանում էր նրանում, որ ճափոնացի ունկնդիրն իսկապէս չափից դուրս զուսպ է եւ բոլորովին հակուած չէ արտասովոր յուզմունք ցոյց տալ, իսկ համերգի աւարտին ոտքի կանգնելու սովորութիւն ընդհանրապէս չունի: Բայց, արի ու տես, որ Տիգրան Հեքեքեանի եւ իր երգիչների “կախարդական“ ներգործութեամբ այս հանդիսատեսն ասես ուրիշ մարդ էր դառնում: Երգերին արձագանգում էին եռանդուն, ճափոներէն ստեղծագործութիւններն ընդունում խանդավառութեամբ, իսկ երգչախմբի անդամների կողմից անթերի ճափոներէնով իւրաքանչիւր ստեղծագործութեան ծանուցումը` ողջունում երախտագիտութեամբ: Ճափոնիայում սիրուած “Ֆուրուսատո“ (Հայրենիք) երգի ժամանակ արտասւում էին բոլորը` երիտասարդից մինչեւ զառամեալ ծերունի, ասեմ աւելին` յուզւում էին անգամ երգչախմբի երեխաները. հայրենիքը իւրաքանչիւրի համար թանկ է, որ լեզուով էլ որ գովերգուի, մանաւանդ, երբ տասնեակ օրեր հեռու ես նրանից:
Մի քանի համերգ եղաւ, որոնց աւարտին ճափոնացի ունկնդիրն այնուամենայնիւ չկարողացաւ դիմադրել ոտքի ելնելու մղումին եւ երկար, յոտնկայս ծափերով թոյլ չէր տալիս երգչախմբին հեռանալ բեմից: Դրանցից մէկը հէնց այդ նոյն Նակոյայի համբաւաւոր սրահի համերգն էր, միւսը` Օզաքայի “Սիմֆոնիք“ համերգադահլիճինը:
Համերգաշրջանը եզրափակում էր կաեւորագոյն համերգը Թոքիոյի “Օփերա Սիթի“ համերգասրահում: Աշխարհում մեծ անուն վայելող այս դահլիճն իր պատերի ներքոյ հիւրընկալում է բացառապէս համաշխարհային մեծութիւնների: Ահռելի, գեղեցկագոյն սրահն օժտուած է հիանալի հնչողութեամբ: Երգչախմբի սաները պատմում են, որ երբ վերջին զանգերն ազդարարեցին ժամը եօթն ու ետնաբեմից տեսան այդ հոյակերտ դահլիճը` լի իրենց ելոյթին սպասող հանդիսատեսով, անչափ յուզուեցին: Մէջբերեմ երգչախմբի սան Սվետա Բարսեղեանի օրագրից տողեր.
“Վերջին համերգը մեր ելոյթներից ամենաանմոռանալին էր: Եզրափակիչ երգի ժամանակ անակնկալ ունէինք` իջանք բեմից, մօտեցանք մարդկանց, ծաղիկներ նուիրելով ճափոներէն առողջութիւն մաղթեցինք իւրաքանչիւրին: Ես երեւի երբեք չմոռանամ, թէ ինչպէս երկու ճափոնուհի, յուզուած, արցունքն աչքերին խոնարհուել էին ձեռքս պահած եւ ինչ-որ բան էին մրմնջում իրենց լեզուով: Ես իմաստը չէի հասկանում, բայց կարծես թէ շնորհակալութիւն էին յայտնում: Եթէ ճափոներէն խօսել իմանայի, կ՛ասէի, որ այդ մենք ենք իրենց անչափ շնորհակալ: Իրենց եւ տասնեակ հազարաւոր ճափոնացի ունկնդիրներին, որոնք մեզ այդքան մեծ ջերմութեամբ ընդունեցին: Համերգից յետոյ արտասւում էին բոլորը` ղեկավարները, կազմակերպիչները, հանդիսատեսը, մենք: Չեմ յիշում, որ երբեւէ նման զգացում ապրած լինեմ“:
Այս համերգը ճափոնացիները նկարագրեցին մէկ բառով` “սուպարաշիի“, ինչը համերգին ներկայ` Ճափոնիայում Հ.Հ. Արտակարգ եւ Լիազօր դեսպան պարոն Հրանդ Պօղոսեանի խօսքերով` գովասանքի ամենաբարձր արտայայտութիւնն է: Պարոն Պօղոսեանը նաեւ յաւելեց. “Փոքրիկ Երգիչներ, բայց մեծ յաջողութիւններ, բարձր արհեստավարժութիւն: Երեխաները մեծ գործ արեցին մեր երկու ժողովուրդների մշակութային մերձեցման գործում: Ճափոնիայում նրանց շրջելու ժամանակահատուածում բազմաթիւ զանգեր ստացանք ճափոնացիներից, որոնք ցանկութիւն էին յայտնում մեկնել Հայաստան: Սա իսկապէս նշանակալից ձեռքբերում է: Շնորհակալութիւն“:
Երգչախմբի անդամները Հայաստան վերադառնալուց առաջ հնարաւորութիւն ունեցան եւս մի անմոռանալի օր անցկացնելու Թոքիոյի “Սիզնիլենտ“ում` արդէն որպէս ամենասովորական երեխաներ, որոնց հրճուանքն ու ուրախութիւնը տեսնելիս մի պահ սկսում էիր կասկածել, թէ այդ նոյն մանուկներն են, որ բեմից ներկայանում էին` կատարեալ վարպետ կատարողների պէս իրենց մաէսթրոյի նուազագոյն շարժումները վերարտադրելով:
Երգչախումբն արդէն հայրենիքում է:
“Հայաստանի Փոքրիկ Երգիչներ“ի կենսագրութեան մէջ աւելացաւ եւս մի կարեւոր էջ, հայ մշակութային առօրիեայում` եւս մի նշանակալից նուաճում, նոյնը` եւ դիւանագիտական ասպարէզում: Տիգրան Հեքեքեանի խումբն արդէն վաղուց Ճափոնիայում չէ, սակայն այնտեղից շարունակւում է նամակների տարափը, ճափոնական մամուլը գրում է հայ մանուկների մասին, իսկ Հայաստան այցելելու ցանկութիւն յայտնած ճափոնացի զբօսաշրջիկները, որոնց թիւն անընդհատ աճում է, պնդում են, որ իրենց օրակարգում անպայման ընդգրկուի հանդիպում Տիգրան Հեքեքեանի երգչախմբի հետ:
Կանաչ ճանապարհ ձեզ, սիրելի մաէսթրօ Հեքեքեան եւ շատ սիրելի մեր փոքրիկներ, նորանոր յաջողութիւններ ու նուաճումներ: