Լուսանկարներ` Հէրի Գունտաքճեան
Ա.Մ.Ն.ի Արեւելեան Թեմի բարեխնամ Առաջնորդ Բարձր. Տ. Օշական Արք. Չօլոյեանի հրաւէրով, Ազգային Առաջնորդարանի կազմակերպութեամբ եւ միութիւնների ներկայացուցիչների եւ կազմակերպութիւնների եւ շուրջ 150 հանդիսականների, ներկայութեամբ Դեկտեմբեր 16, 2012թ. Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցաւ հաւաք հանդիպում Հայաստանի մօտ Ա.Մ.Ն.ի Մեծարգոյ դեսպան Ճոն Ա. Հեֆըրնի հետ:
Հաւաքին ներկայ էր, Գերաշնորհ Տ. Անուշաւան եպիսկոպոս Դանիէլեանը Նիւ Եորքի եւ Նիւ Ճըրզիի Հայոց Առաքելական Կիլիկեան թեմի եկեղեցիներու հովիւները:
Երեկոյի բացումը կատարեց Սրբազան Չօլոյեանը, որու աղօթքով, յոտնկայս յարգուեց “Քենեթիքէթի“ դպրոցներից մէկում, սպաննուած անմեղ զոհերի յիշատակը:
Սրբազանը բարի գալուստ մաղթեց դեսպանին եւ իր տիկնոջ եւ նշեց “այս Մայր Եկեղեցին գնուել է 1915թուին, մեր ժողովրդի Մեծ Եղեռնի տարիներին“:
Այս եկեղեցում եւ հարեւան շրջափակում, հանգրուանեցին կոտորուածներից հրաշքով ազատուած հայրենակիցներ:
Այս եկեղեցում հիւրընկալուեցին նաեւ երկրորդ Համաշխարհային պատերազմից ազատուած հայորդիներ:
Մեր ժողովուրդը գոյատեւեց, որովհետեւ մենք հաւատք ունէինք, մեր ապագայի նկատմամբ: Այսօր մենք երջանիկ ենք, որովհետեւ ունենք ազատ եւ անկախ Հայաստան, մեր նախահայրերի հայրենիքը“:
Sրբազանը բեմ հրաւիրեց Ազգային Վարչութեան ատենապետ, տիար Ստիվըն Յակոբեանը, որ բարի գալուստ մաղթեց բոլորին եւ ներկայացրեց դեսպանին: “Յարգելի դեսպանը ծնուել է, Միսուրի նահանգում, շրջանաւարտ է “Միշիկըն Սթէյթ“ համալսարանից: 1982 թուից, աշխատել է Ամերիկայի Արտաքին Գործոց նախարարութիւնում, ծառայել է մի շարք Ամերիկեան դեսպանատներում: Արհեստավարժ քաղաքական գործիչ է: Հայաստանի մօտ դեսպան է նշանակուել, Մայիս 2011 թուից, որից առաջ վարել է պատասխանատու պաշտօն որպէս` “Deputy Chief of Mission at USNATTA in Brussels, Belgium““:
Պրն. Յակոբեանը նշեց` “բոլորիս համար լաւ առիթ է, լսել դեսպանին, որ իր խօսքի աւարտին պիտի պատասխանի, տրուած հարցումներին“:
Բեմ հրաւիրուեց դեսպանը, որ հանգամանօրէն, անդրադաձաւ, Հայաստանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ամերիկեան փոխ յարաբերութիւնների, Ամերիկեան օգնութիւնների եւ ներդրումների եւ մի շարք տարբեր խնդիրների շուրջ:
Պաստառի վրայ, պատկերներով ցուցադրեց Հայաստանում, Ամերիկայի կողմից տարուած աշխատանքների շուրջ:
Ստորեւ համառօտագրուած պիտի փոխանցեմ միայն, որոշ հատուածներ, դեսպանի ելոյթից եւ արծարծուած խնդիրներից:
Դեսպանը իր խօսքի սկզբում, շնորհակալութիւն յայտնեց, Սրբազան Չօլոյեանին, սոյն հաւաքի կազմակերպելու համար:
Բացատրութիւններ տուեց եւ պաստառի վրայ ցուցադրեց մի շարք կարեւոր աշխատանքների մասին, ինչպէս` “Eye Care Project“ի մասին, որ շարժական հիւանդանոցի միջոցով, շրջելով Հայաստանի տարածքում, ձրիաբար, բարձրորակ ակնաբուժական ծառայութիւն է մատուցում ժողովրդին:
Ամերիկեան դեսպանատունը, լայն համագործակցութիւն է ծաւալում այս բարձրորակ բժշկական կազմակերպութեան հետ:
2012 թուականը, կարեւոր տարի եղաւ մեզ համար, նշեց դեսպանը: Մենք տօնակատարեցինք մեր 20րդ քաղաքական համագործակցութեան տարեդարձը, ազատ Հայաստանի հետ:
1992 թուի բացինք Ամերիկայի ժամանակաւոր դեսպանատունը, Երեւանի “Փլազա հօթելում“:
Մեր յարաբերութիւնը, Հայաստանի հետ ամուր է: Մեր նախագահները Օպաման եւ Սարգսեանը քանի մը, հանդիպումներ են ունեցել: Արտաքին Գործոց նախարարուհի Տիկին Քլինթընը, երկու անգամ այցելել է Հայաստան: Մենք աշխատում ենք օգտակար լինել Հայաստանին, որ յաջողի, որպէս դեմոկրատիկ, բարգաւաճ եւ ապահով երկիր:
Դեսպանը իր խօսքը շարունակելով, նշեց` “Այս տարի Հայաստանում տեղի ունեցաւ խորհրդարանական ընտրութիւններ, 2013 թուի Փետրուարին պիտի կատարուի նախագահական ընտրութիւն: Միացեալ Նահանգները, հետաքրքրուած է, Հայաստանում տեսնել ազատ եւ արդար ընտրութիւններ:
Խօսելով տնտեսական խնդիրների շուրջ, դեսպանը նշեց` “Անձամբ եւ նոյնպէս Ուաշինկթընը, պարտաւորիչ ենք համարում, ամրապնդել մեր տնտեսական կապերը Հայաստանի հետ: Հայաստանը արտակարգ յաջողութիւն է արձանագրում համակարգչային գիտութեան ասպարէզում: Ճիշդ է Ամերիկայի ներդրումները Հայաստանում որպէս քանակ, առաջինը չէ, բայց առաջինն է համարւում, որպէս որակ տաղանդաւոր եւ շինարար, հայ ժողովուրդը, հիմնական ազդակն է Հայաստան տնտեսական յաջողութեան“, նշեց դեսպանը:
Դեսպանը խօսեց նաեւ ապահովական համագործակցութեան մասին:
Հայաստանը համագործակցում է ՆԱԹՕի հետ: Դեսպանը նշեց նաեւ “Պէտք է նկատի ունենալ, որ Հայաստանը փոքր երկիր է, քիչ բնակչութեամբ եւ սահմանափակ շուկայով: Սահմանակից 4 հարեւան երկիրների հետ, որոնցից 2ի սահմանները փակ են: Կարեւոր սահմանների, Վրաստանը, որ փակուել էր 2008 թուին, Ռուսաստանի եւ Վրաստանի պատերազմի պատճառով“:
Դեսպանը մէկ սահմանով գոհանալը (Իրանի հետ) վտանգաւոր համարեց: Կարեւոր համարեց, հարեւանների հետ յարաբերութիւնների բարելաւում:
Կարեւորեց նաեւ Ղարաբաղի հարցի լուծումը: Կողմ արտայայտուեց, Թուրքիայի սահմանի բացման կապակցութեամբ, յորդորեց նաեւ արեւմտեան երկիրների հետ տնտեսական կապերի զարգացումը:
Խօսելով հայոց Մեծ Եղեռնի մասին, դեսպանը նշեց, “Հայոց ջարդը 20րդ դարի ամենադաժան երեւոյթն է եղել եւ այդ կապակցութեամբ, Ամերիկայի կողմից որդեգրուած քաղաքական մօտեցումը Ա.Մ.Ն.ի բարձրագոյն ղեկավարութեան է կապւում: Ես այս գիշեր, որպէս դեսպան կը լսեմ ձեզ եւ ձեր կարծիքներն է մօտեցումները կը զեկուցեմ մեր ղեկավարութեան“:
Եղան բազմաթիւ հարցումներ, ցեղասպանութեան եւ Ամերիկայի օգնութեան մասին, հարցերէն մէկը` թէ ինչո՞ւ Հայաստանի օգնութեան մասը աւելի քիչ է քան Ատրպէյճանի եւ Վրաստանի յատկացումը: Արցախի հիմնահարցի, Ատրպէյճանի շարունակական ոտնձգութիւնների եւ այլ ընկերային խնդիրների շուրջ:
Հանդիսութեան աւարտին, Սրբազան Չօլոյեանը շնորհակալութիւն յայտնեց դեսպանին եւ իր տիկնոջ: Նա իր խօսքը ուղղելով դեսպանին նշեց` “բազմաթիւ հարցումներ զբաղեցրին ձեզ, որը ցայտուն ապացոյց է, որ մենք` Սիրում ենք Հայաստանը“:
Սրբազանը որպէս յուշանուէր դեսպանին նուիրեց Հրայր Բազէ-Խաչերեանի կողմից կազմուած պատկերազարդ գիրք մը, Հայաստանի տեսարժան վայրերից, իսկ իր տիկնոջ Լիբբի-ին երկու մարգարտաքարերով զարդարուած խաչեր:
Ձեռնարկի աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն: