Մանազկերտի Ճակատամարտից մինչ Աղաւնոյի յանձնումը. Օգոստոսի 26-ի Սեւ Օրը Պատմութեան Երկայնքով

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
«Ալիք»
1991 թուականի Սեպտեմբեր 2-ի ընդունուած հռչակագրով,
Արցախը դարձաւ հայկական երկրորդ Հանրապետութիւնը, այդպիսով՝ իրականութիւն դառնալով միացեալ հայրենիքի գաղափար-տեսլականը:
Այն, անցնելով դառն եւ անողոք պատերազմների, տանջանքների, ու զրկանքների միջով, դարձաւ իրական-իրաւական մի պետական կառոյց՝ միջազգային օրինաչափութիւններին եւ օրէնքներին համահունչ, արդարացնելով ողջ հայութեան երազանքներն ու տենչանքը:
Աւա՜ղ, դարանակալ թշնամիները՝ ներքին եւ արտաքին ամէն անարգ միջոցներով՝ խաթարեցին նրա բնականոն կեանքի յարատեւումը…
Կանխամտածուած ու ամենայն մանրամասնութեամբ ծրագրուած պատերազմ պարտադրուեց գրեթէ անպաշտպան Արցախեան պետականութեանը, եւ նրանից ու ՀՀ-ի անվեհեր զաւակներից աւելի քան 5 հազար զոհ խլեց եւ շուրջ 10 հազարի հասնող անդամալոյծ ու զանազան հիւանդութիւններով տառապող երիտասարդութիւն թողեց… ի տրիտուր հայազգի մի որոշ տարրի եւ քաղաքական «գործիչների» իշխանատենչ մոլուցքին յագուրտ տալով…
Այսուամենայնիւ, աշխարհում ամէն ինչ վերջ ունի… Պատմութիւնն ունի նաեւ տհաճ վախճան՝ այն բոլորի նկատմամբ, որոնք օտարամոլ կեցւածքով Արցախն յանձնելով անհագ թշնամուն, մեզ թողեցին աւելի քան 150 հազար հայրենազրկուած եւ սպանդի ենթարկւած ազգաբնակչութիւն՝ Արցախեան իրենց հայրենիքից վտարւած:
Բայց-բա՛յց, հաւատքը զօրաւոր է: Վերադարձ դէպ հայրենական օրրան, ամէն զրկանքներ յաղթահարելով՝ պիտի դառնայ իրական…
Ի լրումն վերոնշեալ երեւոյթի, ստորեւ, շօշափելի եւ իրական փաստ: 2022 թուականի Օգոստոսի 25-26-ին, Աղաւնոյի յանձնումն թշնամի երկրին։
Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանում գտնուող Աղաւնոյ գեղատեսիլ, նորակառոյց գիւղը (գերազանցապէս վերակառուցուած սփիւռքահայութեան ներդրումով) ինչպէս նաեւ Բերձորն ու Սօսի (Սուսի) գիւղերն ու յարակից տարածքները, եւ, մանաւանդ, Լաչին-Գորիս ռազմավարական յոյժ կարեւոր եւ ամբողջովին վերանորոգուած մայրուղին, վերջնական 2022 թուականի Օգոստոսի 26-ին, յանձնուեց թշնամի Ատրպէյճան կոչեցեալին:
Նախ դրա պատմականը՝ ըստ հետեւեալի.
Յետ Հ․Հ․-Արցախի Հանրապետութեան եւ ատրպէյճանական յորդանների միջեւ 44-օրեայ պատերազմը, աւարտուեց… 2020 թուականի Նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնութեան Հ․Հ․-ն եւ Ատրպէյճանի ղեկավարների միջեւ կնքուած պայմանագրով, ըստ որի՝ փաստօրէն Հ․Հ․-ը որպէս պարտուած երկիր, նոյն թուականի Նոյեմբերի 9-ից սկսեալ ենթարկւում է կապիտուլիացիայի եւ ընդունում մի շարք պարտաւորութիւններ՝ հանդէպ թշնամի երկիրն, ինչպէս նաեւ առանձնակի «պարտաւորութիւններ» ու «յանձնառութիւններ» հանդէպ թշնամուն…
(Մինչ օրս այդպէս էլ չի պարզՈւել այդ ինչ բնոյթի են եղել…)
Եւ ահա՛ իրականութիւնը, այսպէ՛ս.
2022 թՈւականի յունիսի 27-ին Հ․Հ․ վարչապետի պաշտօնատարը իր մի պատգամ-ասուլիսի ընթացքին, յստակ յայտարարում է, որ … (այո՛, տարածքներ պիտԻ յանձնել «յաղթողի» զինեալ ուժերին…:
Եւ ահա՛, տեսնում ենք արդիւնքը…
2022 թւականի Օգոստոսի 5-ին, Աղաւնոյ գիւղ է այցելում Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան նախարար ոմն՝ Հայկ Խանումեանը եւ բնակիչներից պահանջում է մինչեւ Օգոստոսի 25-ը, գիւղը ամբողջովին դատարկել եւ առանց որեւէ վնաս հասցնելու բնակարաններին՝ դրանք յանձնել թշնամի զօրայիններին՝ ստանալով նոր տներ այլուր:
Հրամանը չկատարող անձը կամ բնակիչը կը զրկուի նոր տուն ստանալու կարելիութիւնից… մի այլ յարմար վայրում:
Ի բացառեալ մի երկու-երեք պարագայի, ի բացառեալ մի քանի ազնիւ հայորդիների, ովքեր չցանկացան իրենց տունն ու տեղը թողնել անարգ թշնամուն:
Աղաւնոյ յանձնումը միակ դէպքը չէր, վերջերս նոյնկերպ յանձնեցին հէնց Հ․Հ․ մայր հողամասերից, եւ տակաւին պարտւողականութիւնը շարունակում է «ԱՆԿԼԱՒ» անուան ներքոյ:
Իսկ վերջերս, Սպիտակ տանը, Օգոստոսի 8-ին, եռակողմ ձեւաչափով հանդիպմանը՝ կրկին խոստումներ «Ատրպէյճանապատկան» տարածքներ յանձնելու մասին…
«Աղաւնոյի ու Լաչինի ճանապարհի դատարկումն տեղի ունեցաւ 2022 թւականի Օգոստոսի 25-ին, եւ թշնամու զօրքը մտաւ այնտեղ որպէս յաղթական օր, 2022 թւականի Օգոստոսի 26-ին:
Սկզբում լուրեր տարածուեցին, որ այդ օրը՝ խանում Մեհրբան Ալիեւի տարեդարձի օրը, այն կատարւել է որպէս նրան նուէր…
Բայց Ո՛Չ, հազար անգամ Ո՛Չ: Այն կրում էր 7 այլ նշանաւոր թուականին՝ որպէս յիշատակում:
Եւ ահա՛ 1071 թուականի Օգոստոսի 26
Մի թուական, որ Սելճուկեան ցեղախմբերի օրուայ Սուլթանը, ով կոչւում էր Սուլթան Ալափ Արսալան, նոյն թուականին կարողացաւ յաղթել Բիւզանդիոյ կայսեր՝ Ռոմանոս 4-րդին Արեւելեան Հայքի Մշոյ շրջանի Մանազկերտ քաղաքի պարիսպների ներքոյ եւ այսպիսով ոտք դնելով բիւզանդական կայսրութեան տարածք, հետագային դուռ բացելով թաթարական-օսմանեան ցեղերի թափանցումն բիւզանդական կայսրութիւն, եւ ի վերջոյ ամբողջովին տիրակալել այն:
Սելճուքները ակունք առնելով Մոնկոլիայի տափաստաններից օժտուած ռազմական կարողութիւններով, աստիճանաբար յաղթում են Խարիզմաշահերի իրանական տիրակալներին եւ ամբողջութեամբ տիրանալով Խորասանի տարածաշրջանին շարժւում են Կասպիան լճի հարաւով՝ դէպ Իրանի ամբողջական առգրաւումը, եւ ցեղախմբի օրուայ Սուլթան Թողրոլի նուաճողական պատերազմների շնորհիւ յաջողում են տիրել ամբողջ Հարաւային Կովկասին, Վրաստանին, Ախալքալաքին ու շարունակել իրենց յաղթական արշաւը դէպի հարաւ-արեւելք: Սակայն մի շարք ներքին իրադարձութիւնների բերումով, Թողրոլին փոխարինում է եղբօր որդին՝ Ալափ Արսալանը, որ աւելի կատաղի մարտնչող էր քան իր նախորդը: Եւ այսպէս նուաճողական արշաւը շարունակւում է: Նրան յաջորդում է 1064 թուականին գրաւել հազարամեայ Անին՝ Բագրատունեայց մայրաքաղաքը, եւ արեան մէջ խեղդել հայոց արդէն իսկ թուլացած բանակն ու ժողովուրդը:
Նա անմիջապէս շարժւում է դէպի հայոց աշխարհի արեւելեան շրջաններն ու Վանայ լճի հիւսիսային ակունքով հասնում Մշոյ դաշտ ու հինաւուրց Մանազկերտ քաղաքը:
Բիւզանդիոյ կայսեր Ռոմանոս 4-րդը շտապում է իր բանակով դիմագրւել Սելճուքներին, նրան օժանդակում էին հայկական զօրախմբեր աջ եւ ձախ թիկունքում…
Ինչպէս նշուեց Մեծ Մարտը տեղի է ունենում 1071 թուականի Օգոստոսի 26-ին…
Բիւզանդական բանակը պարտւում է եւ կայսեր Ռոմանոսը, ով քաջաբար մարտնչում էր վիրաւորւում եւ գերեվարւում է:
Ալափ Արսալանը գերեվարուած կայսրին ստիպում է չորեք թաթ կզՈւել եւ ոտքը դնելով նրա ուսին, նստում է իր ձին… Հանրութեան առջեւ նւաստացնելով կայսրին…
Ի պատասխան Սուլթանի հարցումին, թէ ինչպէս վարուել իր հետ, կայսրը 3 առաջարկ է տալիս.
Ա-Գլխատել անմիջապէս,
Բ-Ներել եւ թոյլ տալ իրեն տուգանք վճարել Սուլթանին ցկեանս,
Գ-Բարեխղճօրէն ներել…
Նա ներում է կայսր Ռոմանոսին եւ թոյլ է տալիս վերադառնալ Կ. Պոլիս:
Նրան Պոլսում աւելի դաժան ապագայ էր սպասւում, եղբօրորդին տիրացել էր գահին եւ երբ հօրեղբայրը հասնում է Պոլիս, հրամայում է նրան կուրացնել եւ աքսորել հեռակայ մի կղզի, ուր եւ նա մահանում է ցաւագար վիճակում՝ 1071 թւականի աշնանը:
Ահա իմաստը 1071 թւականի Օգոստոսի 26-ի, որը Թուրքիոյ ներկայ իշխանաւորները կարեւորութեամբ նշում են ամէն տարի ու բազմաթիւ ֆիլմեր են նկարահանել եւ գրքեր հրապարակել, եւ յանձնել հարնութեանը:
Պատմական թուականների յիշատակումը բոլոր ազգերի եւ պետութիւնների մօտ ընդունուած է, եւ յարգանքով են վերաբերում…
Իսկ այսօր Սեպտեմբերի 2-ն է, Արցախի անկախութեան օրը: Ցաւալի է, որ այն Օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախութեան հռչակագրի ընդունման օրուայ պէս անտեսւում եւ անփութութեան է մատնւում Հայաստանի իշխանութիւնների կողմից:

