1988 թուականի Փետրուարն ազդարարեց ազգային զարթօնքի եւ նորագոյն ժամանակների ազատագրական պայքարի մեկնարկը, որի փառապսակը Հայաստանի վերանկախացումն էր եւ Արցախի Հանրապետութեան կերտումը:
Ի պատասխան արցախահայութեան սահմանադրական իրաւունքի իրացման խաղաղ պայքարի, Ատրպէյճանը` Խորհրդային իշխանութիւնների անտարբերութեան պայմաններում, 1988 թուականի Փետրուարի 27-ից 29-ը կազմակերպեց եւ իրականացրեց Սումկայիթ քաղաքի հայ ազգաբնակչութեան արիւնալի ջարդերը: Սումկայիթին յաջորդեցին Պաքւում, Գանձակում, Շամխորում եւ այլ քաղաքներում իրականացրած հայկական կոտորածներն ու ցեղային զտումը:
1988 թուականի Սումկայիթի հայկական ջարդերը, հարիւր հազարաւորների բռնի տեղահանումը, դրանց յաջորդած արցախեան առաջին եւ 44-օրեայ պատերազմն ու Արցախի հայաթափումն ու Ատրպէյճանին բռնակցումը, Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառումն ու կեղծ դատավարութիւնն ի ցոյց են դնում տարածաշրջանում Ատրպէյճանի երկարաժամկէտ ռազմավարական նկրտումները:
Ատրպէյճանի հակահայ քաղաքականութիւնն այսօր բացայայտ դրսեւորւում է Պաքւում ընթացող դատավարութեան բեմականացմամբ, նաեւ այսպէս կոչուած «խաղաղութեան» պայմանագրի բանակցութիւնների գործընթացով, որի ակնյայտ նպատակը ոչ թէ միջազգային իրաւունքի եւ կանոնների վրայ խարսխուած խաղաղութեան հաստատումն է, այլ` հայկական պետականութեան փաստացի կազմաքանդումը, հայկական քաղաքական գործօնի վերացումը:
Սումկայիթի ջարդերի 37-րդ տարելիցի եւ Պաքւում շարունակուող դատավարական ֆարսի կապակցութեամբ Հ.Յ.Դ. Բիւրոն յայտարարում է.
. Դաշնակցութիւնը շարունակելու է հետամուտ լինել 1988 – 90 թուականներին Ատրպէյճանի կողմից իրականացուած ցեղասպանական գործողութիւնների ճանաչման, դատապարտման եւ արդար հատուցման պահանջին:
. Սումկայիթում, տարբեր այլ քաղաքներում եւ Արցախում Ատրպէյճանի կողմից իրականացրած ցեղասպանութեան զոհերի արդար փոխհատուցման եւ վերադարձի իրաւունքի պահանջը, ինչպէս նաեւ Պաքւում պատանդառուած բոլոր գերիների եւ պահուող անձանց անյապաղ ազատ արձակումը պէտք է հայ-Ատրպէյճանական բանակցութիւնների օրակարգի մաս դառնան:
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
28 Փետրուար 2025


