
Տիգրան Չանտոյեան
Երեւան
Մայիս 14-ին անցկացուած ընտրութիւնների արդիւնքում Թուրքիոյ «Մեժլիս»-ի՝ Ազգային Ժողովի են անցել հետեւեալ քաղաքական ուժերը` «Արդարութիւն եւ Բարգաւաճում» կուակցութիւնը (323 աթոռ), Քըլըճտարողլուի «Ժողովրդավար Հանրապետական» կուսակցութիւնը (212 աթոռ) եւ ձախակողմեան կանաչներու գլխաւորութեամբ «Աշխատանք եւ ազատութիւն» դաշինքը (60 աթոռ)։
Նախագահի թեկնածուներից գործող նախագահ Էրտողանը հաւաքել է ձայների 49․52 տոկոսը, ընդդիմութեան միասնական թեկնածու Քեմալ Քըլըճտարօղլուն ապահովել է ընտրողների 44․88 տոկոսի աջակցութիւնը, «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,17 տոկոս: Թեկնածու Մուհարէմ Ինճեն, հակառակ քաշուած ըլլալուն, ստացել է ձայների 0,43 տոկոսը: Թուրքիոյ ընտրական կեդրոնական յանձնախումբը վաւեր է համարում տրուած ձայները: Առաջին փուլում յաղթելու համար թեկնածուներից մէկը պէտք է ստանար 50 առ հարիւր գումարած մէկ ձայն: Մայիս 28-ին նշանակուել է քուէարկութեան երկրորդ փուլ, որի քարոզարշաւը սկսուել է արդէն իսկ:
Նախագահական ընտրութիւններում երրորդ թեկնածու Սինան Օղանը դեռեւս չի յստակեցրել, թէ որ թեկնածուին են աջակցելու երկրորդ փուլում: Այս պարագայում Սինան Օղանի ձայները որոշիչ նշանակութիւն ունեն:
Նախագահական ընտրութիւններում թեկնածութիւնը հանած, բայց, նախնական տուեալներով, աւելի քան 200 հազար ձայն ստացած Մուհարէմ Ինճէն եւս դեռ չի որոշել, թէ ում է աջակցելու ընտրութիւնների երկրորդ փուլում:
Ինճէն ընտրութիւններից երեք օր առաջ տեղեկացրել էր, որ հանում է իր թեկնածութիւնը: Այնուամենայնիւ Ինճէն ստացել է ձայների աւելի քան 0,4 տոկոսը, նրա օգտին քուէարկել է աւելի քան 234 հազար ընտրող, այդ թւում արտասահմանում: Թուրքիոյ ընտրական կեդրոնական յանձնախումբը աւելի վաղ որոշել էր, որ չնայած Ինճէի հրաժարուելուն, նրա օգտին տրուած ձայները չեն զրոյացուի:
Վերջին հարցումների տուեալներով` Ինճէի համար պատրաստ է եղել քուէարկել ընտրողների մօտ 2-3 տոկոսը, սակայն Ապրիլի սկզբին այդ թիւը հասել էր 8-9 տոկոսի, Ինջէի օգտին արդէն հասցրել էին քուէարկել արտասահմանեան քուէարկութեան ընթացքում:
Քըլըճտարօղլուն եւ Էրտողանը միաժամանակ հարցազրոյց են տուել թրքական պատկերասփիւռին: Էրտողանը տեղեկացրել է, որ Ինճէն պատասխանել է իր զանգին, իսկ Քըլըճտարօղլուն նշել է, որ չի կարողացել զանգահարել Ինջէին եւ հրաւիրել նրան ընդդիմութեան հանրահաւաքին:
2018-ի նախագահական ընտրութիւններում Ինճէն ստացել էր ձայների աւելի քան 30 տոկոսը որպէս Քըլըճտարօղլուի գլխաւորած կուսակցութեան թեկնածու, բայց 2021-ին, Ինճէն դուրս է եկել կուսակցութիւնից եւ հիմնել իր կուսակցութիւնը:
Պոլսի հայ համայնքից Սեւան Սըւաճըօղլուն անցել է խորհրդարան: Ան ընդգրկուած էր Էրտողանի «Արդարութիւն եւ Բարգաւաճում» կուակցութեան ցուցակում: Սեւան Սըւաճըօղլուն հայ համայնքի ակտիւ անդամներից է: Սովորել է Պոլսոյ համալսարանի բժշկական համալսարանում: Աշխատում է Պոլսոյ հայկական եւ Աճըպատէմի հիւանդանոցներում: Մասնակցել է Պոլսոյ հայոց պատրիարքի 2019-ի ընտրութիւններին։ Ամուսնացած է, ունի երկու դուստր: Ըստ պոլսահայ խմբագիր Բագրատ Էստուկեանի Պոլսում Քըլըճտարօղլուն առաջատար է: Պոլսահայութիւնը այս անգամ միաձայն չէ: Այս անգամ պոլսահայերի մէջ եղան նաեւ իշխանութեանը ձայն տուողներէ: Էստուկեանը մտավախութիւն է յայտնել, որ անապահովութեան եւ քաղաքական հաշուէյարդաների շրջան կրնայ սկսիլ Թուրքիայում: Նրա փոխանցմամբ հայերը, որոնք բացայայտ ընտրել են Քրըճտալօղլուին, չի բացառւում շուտով համալրեն քաղաքական բանտարկեալների շարքը:
Կիրակի օրը Թուրքիոյ կառավարութիւնը կալանաւորել է մի խումբ միջազգային դիտորդների, որոնք ժամանել էին Թուրքիա` ընտրութիւններին հետեւելու համար: Պատուիրակութիւնը Թուրքիոյ կառավարութիւնից պաշտօնական դիտորդի հաւատարմագրում չի ստացել, սակայն պաշտօնապէս հրաւիրուել է քրտական առաջատար եւ ընդդիմադիր դաշինքի առանցքային անդամ Ժողովուրդի ժողովրդավարական կուսակցութեան կողմից:
Սպանացի դիտորդների թւում էին ձախակողմեան ՛՛Podemos՛՛ կուսակցութեան, Պասք ազգայնական դաշինքի ՛՛EH Bildu՛՛-ի անդամները եւ Քաթալոնիոյ ձախակողմեան ՛՛Esquerra Republicana՛՛ կուսակցութեան ծերակուտականը: Դիտորդները եղել են քրտերի մեծ բնակչութեամբ Սղերթ քաղաքում, երբ նրանց բերման են ենթարկել եւ տարել ոստիկանական բաժանմունք կիրակի` ընտրութիւնների օրը: Այնուհետեւ, ոստիկանները գնացել են հիւրանոց, որտեղ գտնւում էին դիտորդները եւ բերման ենթարկել պատուիրակութեան մնացած անդամներին, ովքեր միացել էին ոստիկանական կալանքի տակ գտնուող իրենց ընկերներին:
Նրանց պահել են մինչեւ Երկուշաբթի առաւօտ եւ ազատ են արձակել` երկիրը լքելու պայմանով: Երկուշաբթի օրը նրանց ուղեկցել են օդակայան, որտեղից նրանք հետ են թռչել Սպանիա:
Այդ պատճառաւ Սպանիոյ արտաքին գործերի նախարարութիւնը եւ ՛՛Podemos՛՛ կուսակցութիւնը դատապարտել են Թուրքիոյ կողմից սպանացի դիտորդների պատուիրակութեան կալանաւորումը եւ դրան յաջորդած վտարումը, որոնք ուղարկուել էին երկիր` նախագահական ընտրութիւնները վերահսկելու համար: Արտաքին գործերի նախարարութիւնը վտարման առնչութեամբ բողոք է ներկայացրել Թուրքիոյ իշխանութիւններին:
Յունաստանը բողոք է ներկայացրել ֆրանսական «Լը Մոնտ» թերթի դէմ այն բանից յետոյ, երբ այն հրապարակել է Թուրքիոյ ընտրութիւնների արդիւնքների քարտէսը, որտեղ մի շարք յունական կղզիներ ներառուել են որպէս թրքական տարածք:
Երկուշաբթի «Լը Մոնտ»-ի անգլերեն տարբերակում յայտնուած քարտէսի վրայ յունական Քիոս, Սամոս, Իկարիա, Քօս, Իոս, Ամորքոս եւ Ռոտոս կղզիները նշուած են որպէս կղզիներ, որոնք կիրակի օրը կայացած ընտրութիւններշւմ քուէարկել են Թուրքիոյ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըճտարօղլուի օգտին:
Ըստ Յունաստանի արտաքին գործոց նախարարութեան երկու պաշտօնեաների` Փարիզում Յունաստանի դեսպան Տիմիթրիոս Զեւելաքիսը նամակ է գրել թերթի հրատարակիչներին` կոչ անելով հեռացնել քարտէսը: «Լը Մոնտ»-ը հեռացրել է քարտէւն իր կայքից:
Քըլըճտարօղլուն յայտարարել է, որ իշխանութեան գալու դէպքում երկրից կը վտարի բոլոր փախստականներին: «Ընտրուելու դէպքում ես հետ կ’ուղարկեմ բոլոր փախստականներին»,- Անգարայում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա: Նրա խօսքով, Թուրքիայում մօտ տաս միլիոն փախստական կայ: «Եթէ նրանք մնան, աւելի քան 10 միլիոն նոր փախստականներ կը հոսեն Թուրքիա: Եթէ նրանք մնան, տոլարը կը բարձրանայ մինչեւ 30 լիրա»,- ասել է Քըլըճտարօղլուն, որ Էրտողանին մեղադրել է Մայիսի 14-ին կայացած քուէարկութեան առաջին փուլում ստի եւ մեքենայութիւնների մէջ: «Սուտն ու զրպարտութիւնը մռայլեցրին քարոզարշաւը: խարդախութիւնները սահմաններ չունեն»,- շարունակել է Քըլըճտարօղլուն` յաւելելով, որ ընդդիմութիւնը բողոքներ է ուղարկել երկրի ընտրական կեդրոնական յանճնախումբ` քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ: Քըլըճտարօղլուն նաեւ հերքել է Էրտողանի մեղադրանքները Քիւրտերու եւ Թուրքիայում արգելուած FETO կազմակերպութեան հետ իր ենթադրեալ կապերի վերաբերեալ, որին երկրի իշխանութիւնները մեղադրում են 2016 թուականի Յուլիսին յեղաշրջման փորձ կազմակերպելու մէջ: «Անկեղծօրէն ասում եմ բոլոր քաղաքացիներին. ես չեմ նստել ահաբեկչական կազմակերպութիւնների կողքին եւ երբեք չեմ նստի նրանց հետ նոյն սեղանի շուրջ: Ես ազնիւ եմ լինելու եւ աշխատելու եմ յանուն երկրի բարօրութեան»,- վստահեցրել է ընդդիմութեան առաջնորդը: Նա կոչ է արել բոլոր ընտրողներին մասնակցել ընտրութիւններին եւ ասել, որ այս անգամ իւրաքանչիւր ընտրատեղամասում քուէարկութեան եւ ձայների հաշուարկի վերահսկողութիւնը պէտք է իրականացնի ոչ թէ ընդդիմութեան մէկ դիտորդ, այլ միանգամից հինգը: Քըլըճտարօղլուն յայտարարել է, որ մտադիր չէ պարտուել նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում, որպէսզի երկիրը չթողնի հանրապետութեան ներկայի ղեկավար Էրտողանին: «մենք չենք թողնի մեր հայրենիքը կեղծ համաշխարհային առաջնորդին, ով դեռ երէկ Մեծ Մերձաւոր Արեւելքի համանախագահն էր, իսկ այժմ կողմնորոշուած է դէպի Ռուսաստան, որի դռան մօտ նա կռացել եւ ճանկռում է»,- «Թուիթըր»-ի իր էջում հրապարակուած տեսաուղերձում ասել է նա: Իսկ Քրեմլը` անկախ Թուրքիոյ նախագահական ընտրութիւնների արդիւնքներից, ակնկալում է, որ Մոսկուայի եւ Անգարայի համագործակցութիւնն կ’ընդլայնուի, քանի որ այն իսկապէս փոխշահաւէտ է: Ռուսաստանը յարգանքով է վերաբերւում թուրք ժողովրդի ընտրութեանը: Այս մասին յայտարարել է Ռուսիոյ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Փեսքովը: Ռուսաստանը եւ Թուրքիան համագործակցում են ճարտարագիտական, զբօսաշրջութեան, առեւտրի, գիւղատնտեսութեան, ինքնաշարժի եւ օդային փոխադրումների ոլորտում, եւ այդ համագործակցութիւնը բխում է Ռուսաստանի եւ Թուրքիոյ ժողովուրդների շահերից, ընդգծել է Փեսքովը: «Այդ իսկ պատճառով, իհարկէ, մենք մեծ հետաքրքրութեամբ, մեծ ուշադրութեամբ հետեւում ենք այս օրերին Թուրքիայից եկող լուրերին: Մենք յարգանքով ենք վերաբերւում եւ կը վերաբերուենք թուրք ժողովրդի ընտրութեանը: Բայց, ամէն դէպքում, մենք ակնկալում ենք, որ մեր համագործակցութիւնը կը շարունակուի, կը խորանայ ու ընդլայնուի»,- ասաց նա: Իսկ այն հարցին, թէ արդեօք Միացեալ Նահանգները կարո՞ղ է «թրքական մայտան» կազմակերպել ընտրութիւնների երկրորդ փուլից առաջ, Փեսքովն ընդգծել է, որ Թուրքիան ուժեղ ժողովրդավարական երկիր է, որը կարող է ապահովել թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրութիւններ եւ կանխել ցանկացած անօրինական գործողութիւն: «Մենք դրանում կասկած չունենք»,- յաւելել է Փեսքովը, մեկնաբանելով թրքական ընդդիմութեան` հանրապետութիւնում նախագահի ընտրութիւններին չմիջամտելու Ռուսաստանին աւելի վաղ հնչեցուած կոչը։ «Մենք շատ թանկ ենք գնահատում մեր երկկողմ յարաբերութիւնները, որովհետեւ Թուրքիոյ հանրապետութիւնը մինչ այժմ շատ պատասխանատու խելամիտ դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանային եւ միջազգային մի ամբողջ շարք խնդիրների հարցում, որոնց մենք բախւում ենք»,- ասել է Փեսքովը՝ աւելացնելով, որ այդ դիրքորոշումը համապատասխանում է Ռուսաստանի իշխանութիւնների շահերին: Փեսքովը հաւաստիացրել է, որ Ռուսաստանը, որը բարձր է գնահատում երկկողմ յարաբերութիւնները, առաւել եւս որեւէ միջոց չի ձեռնարկի Թուրքիոյ հանդէպ: