Կոմիտաս Վարդապետ` «Սեւանայ Մենաստանի Մենակեաց»-ը

0 0
Read Time:4 Minute, 35 Second

Համադրեց` ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ

Ստորեւ` Կոմիտասի մասին Սիմոն Վրացեանի յուշերէն հատուածներ.

«Եթէ հաճոյ է վեհին ինձ չկորցնել, այլ եւ գտնել, արտասուելով աղերսում եմ` արձակեցէք ինձ Ս. Էջմիածնի միաբանութեան ուխտից եւ նշանակեցէք Սեւանայ մենաստանի մենակեաց: Քսան տարի կորցրի, գուցէ մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները` իբրեւ առաւել կարեւոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ եկեղեցւոյ եւ գիտութեան:

Վեհափառութեանդ ծառայ եւ որդի`

Կոմիտաս Վարդապետ

Միաբան

Ս. Էջմիածնի»:

«Սեւանայ մենաստանի մենակեաց»-ը, ի հարկէ, խօսք էր: Հազիւ թէ Կոմիտասը ինքն էլ լուրջ կերպով հաւատում էր իր ասածին: Նրան, անկասկած, ուրիշ ապրումներ էին յուզում եւ ուրիշ ձգտումներ:

Սեւանի մենաստանում պարտկուող մարդը չէր նա, ոչ էլ` մենակեցութեան ընդունակ: Կասկածից դուրս է, որ նրան հրապուրում էին ազատ աշխարհը եւ ազատ արուեստի ասպարէզը, «Հին աստուածները»: Այդտեղ նա կարող էր աւելի մեծ յաջողութեամբ շահեցնել իր «ուսումնասիրութիւնների պտուղները»` ի փառս հայ ազգի եւ «տառապեալ սուրբ եկեղեցւոյ»:

Ինչպէս եւ բնական էր սպասել, Իզմիրլեանը մերժեց Կոմիտասի խնդրանքը: Յաջորդ տարի, 1910-ի աշնան, Կոմիտաս թողեց Էջմիածինը իր ծննդավայրը այցելելու պատրուակով: Այնտեղից անցաւ Պոլիս, ուր ընկաւ իր փնտռած տարերքի մէջ, իր «Գուսան» համբաւաւոր երգչախումբով գերեց պոլսահայութեան սրտերը: Համերգներ տուեց նաեւ Իզմիրում եւ Եգիպտոսում, նոյնպէս` արտասովոր փայլով:

Կոմիտասը պոլսում էլ ունեցաւ հակառակորդներ: Ի միջի այլոց, նրա համերգների դէմ ելաւ այն օրերի պատրիարքական փոխանորդ, տխրահռչակ Ղեւոնդ եպս. Դուրեանը, բայց ժողովրդական խանդավառ ոգեւորութեան մէջ խեղդուեցին այդ թշուառականների ոտնձգութիւնները: Կոմիտասը իր փառքի գագաթնակէտին էր:

Եթէ չեմ սխալւում, նա մի անգամ էլ վերադարձաւ Էջմիածին` չեմ իմանում ինչ ակնկալութիւններով, բայց այս անգամ էլ այնտեղ չգտաւ իր որոնածը: Եւ այնուհետեւ, թօթափելով իր ոտքերի փոշին, ընդմիշտ հեռացաւ Էջմիածնից:

1914-ի յունիսին, Ամերիկայից դէպի Կարին անցնելիս, ես Կոմիտասին հանդիպեցի Փարիզում: Պուլվար Սեն Միշէլով բարձրանում էի վեր: Մի էլ, Պուլվար Մոնփառնասի մօտերը նա դիմացս ելաւ աշխարհականի սեւ հագուստով, յարդի գլխարկը գլխին, սիրուն գաւազանը ձեռքին: Այնքան անակնկալ էր մեր հանդիպումը, որ մի պահ երկուսս էլ շուարած ու լուռ մնացինք: Ապա բուռն թափով ողջագուրուեցինք:

– Վայ, «մաթռաբազ» («մատրապազ» թրքերէնով կը նշանակէ միջնորդ կամ խաբեբայ. Կոմիտաս այդ անունով «մկրտած» էր Վրացեանը), դու Փարիզո՞ւմ, ի՞նչ ես անում այստեղ:

Եւ թեւիցս բռնած` քաշեց մօտակայ սրճարանը` «Քլոզի տէ Լիլա», Սեն Միշէլի եւ Մոնփառնասի անկիւնում, ուր մի քանի ժամ անցկացրինք միասին: Ես պատմեցի իմ մասին: Շատ գոհ չմնաց իմ պատմութիւնից: Նա ինձ ուրիշ ասպարէզ էր ցանկանում: Դաշնակցական գործիչ դառնալու համար, նրա կարծիքով, պէտք չկար ճեմարան աւարտելու եւ համալսարանական կրթութիւն ստանալու…

Ինքը եկել էր Փարիզ երաժշտական ինչ¬որ համագումարի մասնակցելու: Իր զեկուցումները մեծ հետաքրքրութիւն էին առաջ բերել համագումարում: Ուրախ էր այնչափ: Կեանքով եւ աշխուժով այս մար՞դն էր, որ ուզում էր Սեւանի մենակեաց դառնալ…

Ես յաջորդ օրը պիտի մեկնէի Փարիզից եւ ուրիշ հանդիպում չէի կարող ունենալ հետը: Բաժանուեցինք Պոլսում տեսնուելու խոստումով: Եւ… էլ չտեսնուեցինք:

Բայց ոչ, ես մի անգամ էլ տեսայ Կոմիտասին, իսկ նա ինձ տեսա՞ւ, չեմ կարող ասել: Մի օր այցելեցի նրան Վիլ Ժուիֆի հոգեբուժական հաստատութեան մէջ, բայց երանի թէ այցելած չլինէի, այնքան ճնշիչ եղաւ իմ տպաւորութիւնը: Եւ մինչեւ այսօր էլ, ամէն անգամ, երբ յիշում եմ նրան, ճեմարանի շէնշող ու լուսախինդ Կոմիտասի կողքին, առջեւս է գալիս Վիլ Ժուիֆի նրա քայքայուած ու մաշուած ստուերը, եւ սարսուռ է գալիս վրաս:

Հոգեբուժարանի պաշտօնեան դժկամութեամբ յանձն առաւ առաջնորդելու ինձ Կոմիտասի մօտ: Նա, ասում էր, չի ուզում տեսնուել մարդկանց հետ, «հանգիստ ձգեցէք նրան»: Բայց ես պնդեցի եւ հետեւեցի պաշտօնեային: Ընդարձակ բակի մի ծայրում, ծառի տակ, կծկուած էր մի ուրուական` անշարժ, անորոշ հայեացքը յառած տարածութեան մէջ: Ծերացած, նիհար, մազերը քունքերի վրայ ճերմկած, միայն աչքերը Կոմիտասի վառվռուն աչքերն էին յիշեցնում:

Յուզումով մօտեցայ ու կանգնեցի առջեւը: Ոչ մէկ շարժում, ուշադրութեան ոչ մէկ նշոյլ:

– Աստուած օգնական, հա՛յր սուրբ,- ասացի յուզուած:

Ոչ մէկ շարժում եւ ոչ մէկ պատասխան:

– Հա՛յր սուրբ, «մաթռաբազ»-ն է: Ես եմ, հայր սուրբ:

Կարծես մի կայծ ցոլաց աչքում, կարծես շրթունքները շարժուեցին, ժպտաց կարծես, կամ թերեւս ինձ այդպէս թուաց: Եւ դարձեալ անտարբերութիւն: Լուռ նստած էր հայեացքը անհունութեան մէջ:

Մի տարօրինակ դող անցաւ մարմնովս: Հոգեկան անբացատրելի խռո՞վք արդեօք, թէ՞ սարսուռ ու վախ` սիրելի անձի մը, սարսափելի ճակատագրի առջեւ:

Մէկ էլ, առանց ինձ հաշիւ տալու, ուզեցի բռնել ձեռքը եւ համբուրել, այն քնքուշ մատները, որոնք երբեմն այնպիսի ճարտարութեամբ թռչկոտում էին դաշնամուրի ստեղնաշարի վրայով:

Բայց հազիւ էի շարժուել, Կոմիտասը ընդոստ վեր թռաւ տեղից` աչքերը կատաղութեամբ լեցուն, բռունցքը ճօճելով օդի մէջ,

– Հեռացի՛ր,- պոռաց նա սպառնական,- կորիր աչքիցս: Ի՞նչ ես ուզում… ես չկամ, չկամ, հասկանո՞ւմ էք, թուհ թշուառականներ…

Եւ վազելով փախաւ, հեռացաւ:

Ես կեանքումս մղձաւանջային շատ ծանր վայրկեաններ եմ ապրել, շատ տագնապներ եմ անցկացրել, մահուան աչքերին եմ նայել, բայց ինչ որ տեսայ Վիլ Ժուիֆում, Կոմիտասի մօտ, ինչ որ զգացի այդ սարսափելի վայրկեանին, անպատմելի է:

Ամբողջ այդ տեսարանին լուռ հանդիսատես ֆրանսացի պաշտօնեան, կարեկցութեամբ բռնեց թեւս եւ առաջնորդեց զիս դէպի հաստատութեան ելքը:

– Ես ձեզ նախազգուշացուցի,- ասաց նա դրան մօտ: – Ուրիշների հետ աւելի վատ է վարւում, հանգիստ ձգեցէք նրան:

«Հանգիստ ձգեցէք». այդ օտարականը չգիտէր, չէր կարող ըմբռնել, թէ ի՛նչ էր Կոմիտասը մեզ համար: Հայ ժողովրդի եւ հայ մշակոյթի համար:

1935 թուականի ձմեռնամուտի մի անձրեւոտ օր էր: Փարիզի եկեղեցում, Ժան Գուժոն փողոցի վրայ, ասեղի տեղ չկար: Փողոցն էլ բերնէ բերան բռնուած էր ամեն սեռի, հասակի ու դասակարգի հայերի բազմութեամբ, Կոմիտասի յուղարկաւորութիւնն էր:

Վերջապէս նրա տանջուած մարմինը հանգիստ էր գտել: Հոգեւոր մեղեդիներ էին երգում նրա վրայ: Ա՛հ, եթէ յանկարծ կարողանար վեր կենալ դագաղից, լսել ինչ են երգում, ինչպէ՛ս են երգում: Այդպէ՞ս կ՛երգէր ինքը: Ով լսել էր նրա «Ի վերին Երուսաղէմ»-ը, չէր կարող սարսուռ չզգալ Փարիզի հայոց եկեղեցում, Կոմիտասի դագաղի մօտ:

Մի բանում, սակայն, Կոմիտասը բախտաւոր եղաւ: Նրա տառապած մարմինը չյանձնուեց օտար հողին: Նա այսօր հանգիստ ննջում է հայրենի հողի ծոցում: Մասիսի հովանու ներքեւ, զնգուն Զանգուի եզերքին:

Դարեր կը գան ու դարեր կ՛անցնեն, եւ քանի կանգուն է հայոց Մասիսը, քանի ապրում է հայութիւնը իր աննման հանճարով եւ պողպատէ կամքով, Կոմիտասի լուսապայծառ յիշատակը կը մնայ անթառամ Հայկի զաւակների բաբախուն սրտերում:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles