Թեհրանի Մէջ․- Հ․Յ․Դ․ 131-Ամեակի Նշում

0 0
Read Time:15 Minute, 25 Second


Դեկտեմբեր 25, 2021-ին Հայ ուսանողական «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահին մէջ տեղի ունեցաւ Հ․Յ․Դ․-ի 131-ամեակի նշում, որ սկսաւ «Մշակ բանուոր»-ով, ապա մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ ներկաները յարգեցին արցախեան պատերազմին նահատակուած հայորդիներուն, նաեւ յաւերժութեան միացած գաղափարական ընկերներուն յիշատակը:
Օրուան բանախօսն էր «Կամաւորական շարժում» կազմակերպութեան նախագահ, Հ․Յ․Դ․ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, որ անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովուրդի ներկայ կարգավիճակին`ըսաւ․-

Դաշնակցութեան օրը, հաշուետուութեան օր լինելով, յաճախ նաեւ տօն է համարուել, սակայն այսօր, մեր երկրի ու ազգի վիճակը նկատի ունենալով, ի՞նչ տօնի մասին կարելի է խօսել: Եթէ երկրիդ կարեւոր մասը գերեվարուած է, հայրենիքդ` վտանգուած, յաղթանակդ` հարամուած, ազգդ` բզքտուած, ապագադ` անորոշ, արժանապատուութիւնդ` ոտնահարուած, հպարտութիւնդ` տիղմի մէջ թաղուած, համատարած ամօթի այս պայմաններում ի՞նչ տօն:

Պարտուած երկրի ու ազգի կուսակցութիւնը նոյնպէս պարտուած է: Իսկ պարտութիւնը չեն տօնում:

Անշուշտ, պարտուել հնարաւոր է, ցաւօք, կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց այս ամէնը կարող է կործանիչ չլինել: Կարող է կործանիչ չլինել, եթէ մենք չենք հաշտւում պարտութեան հետ, եթէ մեր մէջ դեռ շարունակւում է վճռականութիւնը` կորցրածը ետ բերելու, կորցրածին վերատիրանալու: Եթէ կայ այդ վճռականութիւնը, եթէ կայ այդ ոգին, տրամադրութիւնը` պարտութիւնը ժամանակաւոր է դառնում, ժամանակաւոր է լինելու: Մինչդեռ պարտութիւնը կարող է կործանիչ լինել, երբ մեր մէջ մեռնում է պայքարի ոգին, եւ մենք հաշտւում ենք պարտութեան հետ, երբ անվերադարձ կորուստ ենք համարում հայրենիքի կորուստը: Այդ ժամանակ արդէն պարտութիւնը կործանիչ է լինում:

Մենք մինչեւ նոյեմբերի 9-ը, պատերազմի 44 օրերի ընթացքում, աւելի քիչ բան ենք կորցրել, քան նոյեմբերի 9-ից յետոյ, երբ ստորագրուել է յանձնուողական պայմանագիրը: 44-օրեայ պատերազմում դաժան էր ամէն ինչ` թանկագին զոհեր տուեցինք, տարածքներ կորցրեցինք, բայց կռւում էինք: Նոյեմբերի 9-ից յետոյ այլեւս չենք կռուել: Նոյեմբերի 9-ից յետոյ մեզնից ուզել են` մենք տուել ենք, առաջ են եկել, տիրացել են` մենք հաշտուել ենք դրա հետ եւ այդպէս աւելի շատ բան ենք կորցրել նոյեմբերի 9-ից յետոյ, քան պատերազմի ժամանակ:

Երբ պայքարի ոգին կորում է, համաձայնում ես ամէն ինչի հետ: Թշնամին ուզում է մենք բանակ չունենանք` մենք կործանում ենք բանակը, քանդում ենք, վարկաբեկում ենք, քատրային ջարդ ենք կազմակերպում, ցնցումների ենք ենթարկում, Գլխաւոր շտաբի պետ ու նախարար ենք անընդհատ փոխում… Բանակը քանդում ենք, թշնամու ուզածն ենք անում:

Պայքարի ոգու բացակայութիւնն է, որ երբ թշնամին չի ուզում մենք Արցախում լինենք, Արցախը յիշենք, մենք դադարում ենք Արցախ ճամբորդելուց: Պաշտպանութեան նախարար ենք փոխում, որովհետեւ համարձակուել է Արցախ գնալ:

Այսպէս կոչուած սահմանազատման, սահմանագծման գործընթացը դեռ չսկսուած` թշնամին տարածքներ է վերցնում, գրաւում: Եւ մենք լուռ համակերպւում ենք: Որոտանը կոչում ենք Չայզամի…

Ազրպէյճանն ու Թուրքիան նոր պայմաններ են առաջ քաշում` միջանցք, միջանցքներ, հրաժարում Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից, Ազրպէյճանի եւ Թուրքիայի տարածքային ամբողջականութեան ճանաչում… Ախորժակը ուտելիս է բացւում: Մերոնք ասում են` եկէք, մեզ կերէք` առանց որեւէ դիմադրութիւն ցոյց տալու:

Պարտութեան գործընթացը շարունակւում է: Մեր տունը քանդւում է, կործանւում ենք:

Այսպէս որ շարունակուի, Սիւնիքն ու Սեւանն էլ ենք տալու: Նրանք ուզում են` մերոնք տալիս են: Իրաւունք չունենք թոյլ տալու: Պարտութեան գործընթացը օր առաջ պէտք է կասեցնենք, իրաւունք չունենք թողնել, որ այսպէս շարունակուի:

Հիմա կը մտածէք` չափազանցնում եմ: Չի կարող մի երկրի իշխանութիւն իր երկրի թշնամին լինել: Ճիշդ է, բայց այդ երեւոյթը շատ պարզ է բացատրել:

Մեր պատմութիւնը վկայ է` միշտ եղել են մարդիկ, որ ասել են` թշնամին մեղաւոր չէ.  թշնամին մեղաւոր չէ, երբ մեզ կոտորում է, թշնամին մեղաւոր չէ, երբ բռնագրաւում է մեր հայրենիքը, թշնամին մեղաւոր չէ, երբ մեզ աքսորում է մեր հողից: Այդ մենք ենք մեղաւոր, որ համարձակւում ենք պահանջել, համարձակւում ենք ասել, որ մենք էլ ենք ուզում ուրիշների նման մեր հայրենիքում ապրել, հայի նման ապրել:

Գիտէք` ասում են` զիջենք, որ խաղաղութիւն լինի: Վաղը, որ Սիւնիքը գրաւեն, դարձեալ պէտք է զիջենք որ խաղաղութի՞ւն լինի, որ Սեւանն էլ գրաւեն` էլի պէտք է զիջենք, որ խաղաղութի՞ւն լինի… Որովհետեւ, եթէ չզիջենք, կռիւ կը լինի: Խաղաղութիւնը չի կարող նպատակ լինել: Խաղաղութիւնը պէտք է հետեւանք լինի մեր գործողութիւնների:

Նրանց համար հայրենիքը տարածք է, ազգը զանգուած, որի մէջ իրենք ուզում են ապրել կուշտ ու անհոգ: Հիմա թէ դրանից յետոյ Արցախն այլեւս ումը կը լինի, իրենց հոգը չէ, Սիւնիքն էլ կը կորցնենք` իրենց հոգը չէ, որովհետեւ հայրենիքի ընկալում չունեն, ազգի ընկալում չունեն իրենք, տարածքի, զանգուածի հասկացողութիւն ունեն:

Կ՛ասէք` հնարաւո՞ր է, որ այդպէս լինի: Այո՛, հնարաւոր է: Իրենք բարձրաձայն էլ այդ մասին խօսում են` մենք, քանի որ պահանջում ենք, քանի որ նրանց թշնամի ենք համարում` նրանք աւելի են թշնամանում, երբ նրանք աւելի են թշնամանում, մենք նորից նրանց թշնամի ենք համարում, եւ նրանք է՛լ աւելի շատ են թշնամանում: Նրանք կարծում են, որ պատճառը մենք ենք, պատճառը մենք ենք, որ Թուրքիան ու Ազրպէյճանն այսօր մեր հողի վրայ աչք ունեն, մեր իրաւունքները բռնաբարում են… Մեղաւորը մենք ենք` իրենք այդպէս են մտածում: Շատերդ կ՛ասէք` սա ի՞նչ անտրամաբանական բան է, բայց այդպէս է, նրանք այդ մասին բարձրաձայն ասում են եւ չեն էլ ամաչում:

Հայկական իրականութիւնը վաղուց ի վեր բաժանուած է եղել Վարդան Մամիկոնեանների եւ Վասակ Սիւնիների: Երկու մեծ ճամբար է գոյութիւն ունեցել` բաժանուած ենք եղել ազգայինի եւ ոչ ազգայինի: Եւ իրականութիւնն այն է, որ այդ բաժանուածութեան մէջ որեւէ քաղաքական ուժ, կամայ-ակամայ, յայտնուել է այս կամ միւս ճամբարում: Ի հարկէ այդ ճամբարներում էլ եղել են շատ-շատ բաժանումներ, տարակարծութիւններ, խնդիրներ, բայց մեծ հաշուով քաղաքական ուժերը կամ ազգային ճամբարում են եղել, կամ` ոչ ազգային: Կամ Վարդան են եղել, կամ` Վասակ:

Ազգային թեւը, ազգայինը կարեւորելով է ձգտել համամարդկային արժէքների, ազգայինը կարեւորելով` փորձել է երջանկութեան հասնել ազգերի մեծ ընտանիքում: Ոչ ազգային ուժերն անտեսել են ազգային խնդիրները եւ ձգտել են համամարդկային արժէքների, որպէսզի իրենք, որպէս առանձին խմբաւորում, կարողանան լաւ ապրել:

Որ այդպիսիները կան մեր իրականութեան մէջ` սարսափելի չէ: Սարսափելին այն է, երբ այդպիսիները իշխանութիւն են դառնում: Երբ նրանք իշխանութիւն են դառնում, վիճակն այնպիսին է լինում, ինչպէս այսօր է մեզ մօտ:

Եւ դա նորութիւն չէ, դա նոր բան չէ, որ մեր կեանքում ստեղծուել է: Այսօրուայ իրավիճակը շատ նման է 90-98 թուականների մեր կացութեանը: Այն ժամանակ էլ ազգային մեծ զարթօնք` ղարաբաղեան շարժման հետ, այդ զարթօնքի ալիքի վրայ ձեւաւորուած իշխանութիւն: Թւում էր կոմունիստական ուժն իր գաղափարախօսութեամբ, աշխարհաքաղաքական արժեհամակարգով այլեւս կործանուեց ու վերջացաւ, բայց այն ծնունդ տուեց մի նոր ղեկավարութեան` Լեւոն Տէր Պետրոսեանի առաջնորդութեամբ: Եւ շատ չանցած` նկատեցինք, որ սա եւս իր աշխարհաքաղաքական ընկալումներով նոյնանում է կոմունիստների հետ, միայն թէ մի տարբերութեամբ` կոմունիստները ձգտում էին կոմունիզմի, ինքը ձգտում էր միայն ինքը գիտի, թէ ինչի:

Ի՞նչ էր ասում Լեւոն Տէր Պետրոսեանը: Ասում էր` Ղարաբաղի հարցը ղարաբաղցիների հարցն է, ասում էր` 21-րդ դարում սահմանները չեն գործում, իրապաշտ եղէք, ասում էր` քանի կայ Արցախի հարցը` լաւ չենք ապրելու: Ասում էր` պարտաւոր ենք Թուրքիայի հետ լեզու գտնել, մոռանալ Ցեղասպանութիւնը, Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւններում նոր էջ է պէտք բացել… Եւ ամէն ինչ լաւ կը լինի:

Ուշադրութիւն դարձրէք, թէ այսօր ինչ է ասւում: Նոյնն է ասւում, կրկնւում է, բայց մի տարբերութեամբ` Լեւոն Տէր Պետրոսեանը չյաջողեց, որովհետեւ, ի տարբերութիւն Նիկոլի, իր շրջապատում կային ազգային տարրեր: Ազգային տարրեր, որոնք մասնակից էին եղել Արցախի ազգային ազատագրական պայքարին եւ չէին կարող կիսել իրենց առաջնորդի մօտեցումները, միատարր չէր իր խումբը: Նիկոլի մօտ բոլորը նիկոլ են: Բացի այդ այն ժամանակ կար Արցախեան ազատագրական շարժում, կար արցախեան գործօն, որն ազդում էր մեր իրականութեան վրայ, թողնում էր իր դրոշմը: Նիկոլի իշխանութեան գալուց սկսեալ լռել է արցախեան գործօնը, չկայ այն: Նաեւ արցախցիների մեղքով չկայ այդ ինքնուրոյնութիւնը, չկայ այդ ինքնուրոյն դերակատարութիւնը: Եւ վերջապէս կար Դաշնակցութիւնը, որ թէեւ հալածուած էր, ապօրինի էր յայտարարուած, ընդյատակեայ գործունէութիւն էր իրականացնում, բայց կենդանի գործօն էր, ներկայ էր Արցախում, իսկ Երեւանում պայքարի առաջին գծում էր: Եւ մենք յաղթեցինք:

Թէպէտ Լեւոն Տէր Պետրոսեանը ձախողեց, բայց նրա գիծը չոչնչացաւ: Նրա քաղաքական-գաղափարական ուղղութիւնը շարունակեց ապրել: Լեւոն Տէր Պետրոսեանի դպրոցից մի սան` Նիկոլ Փաշինեանը, հրապարակ իջաւ: Նա չունէր իր ուսուցչի բանականութիւնն ու պահուածքը: «Ժուլիկ» էր, վախկոտ ու ամբոխավար: Իր ուսուցիչը նրան բնորոշեց իբրեւ պատուհաս:

Նիկոլ Փաշինեանը ներազգային ճակատում իբրեւ վարքագիծ որդեգրեց փոփուլիզմն ու ամբոխավարութիւնը, իսկ արտաքին քաղաքական յարաբերութիւններում` «ժուլիկութիւնը»:

Մեզ յայտնի ու անյայտ ուժեր երկար տարիներ ծրագրեցին 2018 թուականին մեզ մօտ տեղի ունեցած իշխանափոխութիւնը: Նրանց հոգսը, սակայն, երկրի ներքին իրավիճակը, երկրում առկայ խնդիրներն ու դժուարութիւնները` փտածութիւն, անարդարութիւնը եւ աղքատութիւնը չէին: Նրանց նպատակը այլ էր.  ծրագրել եւ իրականացնել ամէն հնարաւորը, որպէսզի Հայաստանը դուրս բերեն ռուսական դաշնակցային դաշտից եւ այդպիսով Իրանը շրջափակեն հիւսիսից: 2018 թուականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնը հակառուսական եւ հակաիրանական երեւոյթ էր:

Դրսի որոշակի ուժեր աւելի քան 10 տարի դրամագլուխ եւ զանազան ծրագրեր ներդրեցին, հարիւրաւոր երիտասարդների կազմակերպեցին եւ փողոց դուրս բերեցին: Գործիքը պատրաստ էր: Այդ երիտասարդները` ոգեւորուած ուրիշների կարգախօսներով ու ծրագրերով, առանց մտածելու, առանց հասկանալու տարածաշրջանային զարգացումները, մեր երկրի գերզգայուն իրավիճակը, առանց յստակ պատկերացում ունենալու իրենց վաղուայ անելիքի մասին` նետուեցին դաշտ: Նրանք նոյնիսկ իրենց շարժման ընթացքի ժամանակացոյց չունեցան, չկարողացան հասկանալ, թէ ինչպէս ղեկավարել այս շարժումը, որ նուազագոյնի հասցուեն հնարաւոր բացասական հետեւանքները: Նրանք նետուեցին դաշտ եւ արեցին ամէն ինչ, որ, Հայաստանը վճարի նոյն գինը, ինչ վճարեց Վրաստանը` Աբխազիայով եւ Օսեթիայով, Ուքրանիան` Խրիմով:

Ցաւօք, մեր ժողովրդի մեծամասնութիւնը պաշտպանեց նրանց: Ի հարկէ դրա հիմնական պատճառն այն էր, որ ժողովուրդը դժգոհ էր, հիասթափուած ու զզուած նախկինների վարքուբարքից: Մարդիկ դուրս եկան փողոց ոչ թէ, որովհետեւ Արցախ չէին ուզում, որովհետեւ հակառուսական եւ հակաիրանական տրամադրութիւններ ունէին, այլ` պարզապէս յոգնած էր նախկիններից: Եւ, քանի որ կազմակերպուած չէր ժողովուրդը, նրա շարժումը տարերային ընթացք ստացաւ: Պոռթկում էր դա: Դա կազմակերպուած ժողովրդի յեղափոխութիւն չէր, եւ արդիւնքն էլ եղաւ այն, ինչ որ եղաւ: Մեծամասնութիւնը յստակ գիտէր, թէ ինչ չի ուզում, ինչի դէմ է, բայց չգիտեր, թէ ինչ է ստեղծում, ինչ է լինելու:

Այդ նոյն մեծամասնութիւնը, որ Նիկոլին բերեց իշխանութեան, յաջորդ օրուանից սկսած` սկսեց արտագաղթել Հայաստանից, որովհետեւ չէր հաւատում այն ամէնին, ինչ ստեղծել էր: Նրանք պաշտպանեցին այս շարժումը` նախկիններին հակադրուելու համար, ոչ յանուն Նիկոլի: Մինչեւ այսօր էլ նոյն պատճառաբանութիւնն է օգտագործւում` եթէ Նիկոլը չէ, ուրեմն նախկիններն են:

Բայց, նոյնիսկ մեծամասնութիւնն է սխալւում, ի հարկէ միշտ ժամանակաւորապէս:

Միայն թէ անգամ ժամանակաւորապէս սխալուողները կարող են հասցնել երկիրը մի վիճակի, ինչ ունենք այսօր:

Սրանք մեզ հասցրին պատերազմի այնպիսի պայմաններում, որ մենք չկարողացանք կռուել: Չկարողացանք կռուել, որովհետեւ չնախապատրաստուեցինք պատերազմի: Բոլորը գիտէին, որ պատերազմ է լինելու: 2016թ. պատերազմից յետոյ արդէն յստակ էր, թէ ինչպիսին է լինելու յաջորդ պատերազմը` ի՛նչ զէնքերով: Եւ մենք չնախապատրաստուեցինք: Մենք նախընտրեցինք ներքին գզվռտոցով զբաղուել: Մենք անխնայ էինք, դաժան էինք ներքին այլախոհների նկատմամբ, եւ ապիկար ու անընդունակ արտաքին վտանգներն ու սպառնալիքները դիմագրաւելու հարցում:

Մենք ոչ միայն չնախապատրաստուեցինք պատերազմին, այլեւ չկարողացանք ղեկավարել կռիւը:

Չկարողացա՞նք, թէ՞ չուզեցանք` ես սրա յստակ պատասխանը չգիտեմ: Եւ տարբերութիւնը շատ էլ մեծ չէ, կարծես, որովհետեւ այն բանակը, որ պէտք է պատերազմէր, բանակը, որ առաջինը պէտք է դիմագրաւէր այդ սպառնալիքը, ոտքի տակ էր ընկել արդէն երեք տարի: Բանակի հեղինակութիւնը ոչնչացուած էր, բանակը ցնցուած էր: Բայց, այդուամենայնիւ, դա մեր բանակն էր, այն բանակը, որով տարիներ շարունակ հպարտացել ենք` որպէս տարածաշրջանի ամենահզօր բանակ:

Պատերազմ էր, բայց մենք զօրակոչ չարեցինք: Մեր պահեստային ստորաբաժանումները կազմակերպուած չէին, հակառակ այն բանի որ մենք տարիներ շարունակ, գուցէ 10 տարուց աւելի, ամէն օր խօսել ենք կազմակերպուած, պարբերական վերապատրաստում անցնող պահեստային ստորաբաժանումներ ունենալու անհրաժեշտութեան մասին: Մենք հասկանում էինք, որ պատերազմի դէպքում մեր հիմնական թերութիւնը մեր եւ մեր բանակի սակաւաթիւ լինելն է: Բերում էինք տարբեր երկրների փորձառութիւնը, ասում ու պնդում էինք… Ի վերջոյ, նախքան պատերազմը, մենք նախաձեռնեցինք կամաւորական շարժումը, որպէսզի կամաւորութիւն հասկացողութիւնը կարողանանք կազմակերպուած վիճակի բերել, որպէսզի կամաւորը ընդունակ լինի կռուելու: Միայն կռուելու ցանկութիւնը բաւարար չէ, կամաւորը պէտք է ի վիճակի լինի կռուելու: Իսկ իշխանութիւններն ի՞նչ արեցին: Զօրակոչ չյայտարարեցին, նախկին սպաներին ու մասնագէտ զինուորականներին ծառայութեան չհրաւիրեցին եւ յոյսը դրեցին միայն կամաւորների վրայ` անկազմակերպ, յանպատրաստի` հայրենասէր տղերքին քշեցին մսաղացի մէջ: Առանց հրամանատարութեան… Կոչ արեցին գիւղապետերին, կուսակցապետերին` ջոկատներ ձեւաւորել եւ գնալ Արցախ: Այսինքն մեր բանակի հրամանատարներն այնքա՞ն էր կորած, որ յոյսները դրել էին գիւղապետերի ու կուսակցապետերի վրայ:

Կռուի ընթացքում եւ կռուից յետոյ իրենց պարտուողական նպատակները արդարացնում էին զոհերի մեծ թուով: Իսկապէս ցանկացած զինուորի կեանք մեզ համար մեծ արժէք է: Այդ կեանքի համար պէտք է հոգալ մինչեւ պատերազմ ուղարկելը: Այդ զինուորին պէտք է պատրաստուած տանել կռիւ, որպէսզի նուազ հաւանականութիւն լինի, որ կը վնասուի: Զինուորին պէտք է սպառազինուած տանել կռիւ, որպէսզի հնարաւորութիւն ունենայ պաշտպանուելու: Անպատրաստ, անպաշտպան, անկազմակերպ երիտասարդներին քշել էին ճակատ եւ ասում էին, թէ զոհերի թիւը շատ է: Թէ տարածքները կարեւոր չեն, այլ` մարդկային կեանքերը:

Ի հարկէ մարդկային կեանքերը կարեւոր են: Բայց իրենք սուտ են խօսում` կեանքը կարեւորողը կը կարեւորէր կեանքը այդ մարդկանց ապրելու ժամանակ: Այդ մարդկանց կեանքը կարեւոր է, երբ ապրում են, երբ վազում են կռիւ, երբ պատրաստ են գնալ, իրենց հայրենիքի համար կռուել ու մեռնել: Նուազագոյնը նրանց համար պէտք է ապահովել հնարաւորութիւն, որ այդ մարդը կարողանայ կռուել: Էլ չեմ ասում, որ զոհուածների համար մտահոգուողները պէտք է մտածեն, ոնց են ապահովելու ապագայ յաղթանակը: Միայն յաղթանակի դէպքում է, որ այդ տղերքի նահատակութիւնը կ՛իմաստաւորուի: Այդ տղաների նահատակութիւնը կ՛իմաստաւորուի միայն այն ժամանակ, երբ մենք կռուի դաշտում յաղթանակ արձանագրենք, երբ մենք յաջողութիւն ունենանք: Ապա թէ ոչ, մենք նրանց երկրորդ անգամ կը սպաննենք:

Պարտուողական յայտարարութիւնից յետոյ շատերը, նորից զոհերի քանակը պատրուակելով կամ պատճառաբանելով, ասում են` այդ յանձնուողական յայտարարութիւնը պէտք է շուտ ստորագրուէր, ուշացրին: Այսինքն, նման յայտարարութեան դէմ չեն, անոր շուտ ու ուշին են դէմ: Սա ողբերգութիւն է: Մենք դէմ ենք` թէ՛ պարտուողական յայտարարութեան, թէ՛ նահանջին, թէ՛ միակողմանի զիջումներին:

Այստեղ, նախքան ասելիքիս ամենակարեւոր մասին անցնելը, կ՛ուզէի մի քիչ խօսել մեր մասին: Ժողովուրդը չափազանց մեծ ակնկալիքներ ունի Դաշնակցութիւնից: Ես հասկանում եմ` մենք պէտք է տէր կանգնենք մեր ժողովրդին, մեր ժողովրդի պահանջներին, իրաւունքներին եւ այդ առումով ժողովրդի դժգոհութիւնն ու ակնկալիքները, նոյնիսկ չափազանցուած ակնկալիքները արդարացուած են, բայց կը ցանկանայի մի քանի երեւոյթի անդրադառնալ:

Երբ գալիս է ընտրութիւնների ժամանակը մեր օգտին չեն քուէարկում, իսկ յետոյ, փոխարէնը, իրենց կողմից քուէարկուած իշխանութիւններից պահանջեն, մեզանից են պահանջում: Շատ հետաքրքիր երեւոյթ է. ամէն ինչի համար պատասխանատու ենք մենք: Մեզանից են պահանջում` ուրիշի քուէարկում: Իսկ հիմա մեղադրում են, որ իրենց կողմից ընտրուած իշխանութիւններին չենք քշում հրապարակից: Որ վճռական չենք: Որ քայլ չենք անում առաջ, որ չենք պատժում նրանց: Դրա համար են մեզ մեղադրում: Իրենց ընտրած իշխանութեանը մենք պէտք է քշենք: Ես խօսքերը չեմ ծամծմում:

Այսօր մեզանից պահանջում են, որ մենք պատժենք Նիկոլին: Ես մի անգամ ասել եմ, հարցը Նիկոլը չի, այլ նիկոլիզմը: Մենք պէտք է կարողանանք հասկանալ, որ վատից միշտ աւելի վատը կայ: Իսկ եթէ Նիկոլին փոխարինի անարխիա՞ն, քաոսը: Հաւատացնում եմ` աւելի ճիշդ է, որ այն մեծամասնութիւնը, որ նրան բերել է իշխանութեան, այդ նոյն մեծամասնութիւնը նրան քշի իշխանութիւնից: Գուցէ սխալ արեցի ասեցի, աւելի լաւ էր, թող վախի մէջ ապրէր:

Յաճախ մեզ մեղադրում են, ինչու էք համագործակցել նախկինների հետ: Քիչ առաջ բացատրեցի` երկու մեծ ճամբար կայ, կամ այս ճամբարում ես, կամ` միւս ճամբարում: Կարող ես քո ընտրած ճամբարում, միւսների հետ ունենալ շատ խնդիրներ, տարաձայնութիւններ, ինչպէս մենք ունէինք. թէ ընկերային անարդարութեան, թէ քատրային քաղաքականութեան, թէ քաղաքական մշակոյթի առումով: Բայց ի վերջոյ կար մէկ իրականութիւն` այս ճամբարում Արցախը համարում էին Հայաստան: Հակառակ ճամբարում զիջումը համարում էին փրկութիւն:

Մենք եղել ենք այնտեղ, բայց լուռ չենք եղել, չենք ձայնակցել ամէն քայլին: Ստորագրուել է Քի Ուեսթ, Մատրիտ, Քազան: Մենք ամէն վայրկեան շտապել ենք դիրքորոշում ցոյց տալ եւ ասել ենք, որ մենք դէմ ենք: Ասել ենք վճռական, բարձրաձայն, լուրջ: Ես հասկանում եմ` քանի որ Ազրպէյճանը նոյնպէս չի ընդունել այդ պայմանագրերը, մեր դիրքորոշումները չեն կարեւորուել: Յաճախ մարդիկ տեղեակ չեն, ասում են ո՞նց էիք դուք այնտեղ, երբ Քի Ուեսթ էր ստորագրւում: Այնտեղ էինք, ընդդիմանում էինք, բայց քանի որ Ազրպէյճանը չէր ընդունում Քի Ուեսթը, Քի Ուեսթը կորում էր, անգոյ էր դառնում:

Ասում են, ձերը ռեւանշիզմն է, աթոռակռիւ, նախկինների պէս ուզում էք վերադառնալ: Հաւատացէք` ոչ: Երբ պատերազմը սկսուեց, առաջին իսկ ժամերին մենք յայտարարեցինք` դադարեցնում ենք ներքին բոլոր տարաձայնութիւնները , խնդիրները եւ մէկ մարդու պէս կանգնում ենք պետութեան կողքին, դառնում ենք զինուորն այդ պետութեան եւ գնում ենք ճակատ: Եւ մենք ոչ միայն ասացինք, այլեւ ողջ ընդդիմութեանը բերեցինք մեր դիրքորոշման: Բոլորս միասին դիրքորոշուեցինք: Գիտէինք ամէն օր ինչ է կատարւում Ղարաբաղում, որքան սուտ է ասւում հայկական հեռուստատեսութեամբ: Չէինք խօսում, լռում էինք, բողոքում էինք միայն Նիկոլի մօտ: Որովհետեւ պայքարի մէջ պէտք չէ թուլացնէինք մեր ոգին, պառակտում պէտք չէ մտցնէինք: Իսկ հիմա՞ ինչու լռենք, ինչո՞վ ուրախանանք, ինչո՞ւ պէտք չէ պայքարենք: Հայրենիք ենք կորցրել եւ կորցնում ենք: Երբ թաւալգլոր գնում ենք դէպի կործանում, ինչպէ՞ս կարելի է լռել: Ասել թէ աթոռակռիւ է, իշխանութեան համար կռիւ է` արդար չէ: Այսօրուայ մեր իրականութիւնն այնպիսին է, որ մարդ նման բաներ մտածելու տրամադրութիւն անգամ դժուար ունենայ:

Մեր պայքարը Նիկոլ Փաշինեանի դէմ ինքնանպատակ չէ: Եթէ այսօր Նիկոլը յայտարարի, որ վերջ է դնում զիջողական քաղաքականութեանը, որ պատրաստ է դիմադրել, պատրաստ է նոր գործընթաց սկսել յանուն մեր կորսուած հայրենիքի իրաւունքների վերականգնման, որ ծնկի չգայ Թուրքիայի առջեւ, չի ընդունի Թուրքիայի նախապայմանները, եթէ ասի, որ ինքը տէր է Արցախին եւ չի յանձնի Արցախը, մենք վաղը կը դառնանք իր զինուորը: Եւ չկասկածէք, որովհետեւ մեզ համար ամենակարեւորը հայրենիքն է, Արցախն է: Մեր հիմնական կռիւը թշնամու դէմ է: Ազրպէյճանի դէմ է: Թուրքիայի դէմ է: Ազրպէյճանի, Թուրքիայի հետ համագործակցող Նիկոլ Փաշինեանը ածանցեալն է այդ պայքարի: Մեր իրական պայքարը Ազրպէյճանի դէմ է, Թուրքիայի դէմ է, եւ մենք տեղերը պէտք չէ շփոթենք: Ազրպէյճանի եւ Թուրքիայի դէմ մեր պայքարի ընդարձակումով, հաւատացած եղէք, առանց ոչ մի բան անելու էլ Նիկոլն ու իր շրջապատը կը հեռանան: Վստահ եղէք:

Ազրպէյճանը նենգ ու խորամանկ պետութիւն է: Նա հակառակ այն բանի, որ դուրս մնաց Ռուսաստանի այսպէս ասած ազդեցութեան դաշտից, կարողացաւ այնպէս անել, որ յոյսը չմարի Ռուսաստանի մօտ, որ օրերից մի օր ինքը կարող է վերադառնալ: Ազրպէյճանը կարողացաւ վաստակել Թուրքիայի ամբողջական զօրակցութիւնը: Նա հասկացաւ Իսրայէլի համար Իրանի կարեւորութիւնը: Իր երկիրը տրամադրեց, որ դառնայ Իսրայէլի համար լրտեսական-զինուորական կենտրոն եւ օգտագործեց Իսրայէլի ու Թուրքիայի Արեւմտեան դաշնակիցների հովանաւորութիւնը: Ինքը լաւ խաղաց, կարողացաւ ապահովել ամէնին: Իրականութեան մէջ մենք չենք պարտուել միայն Ազրպէյճանին: Մենք կռուել ենք Ազրպէյճանի, Թուրքիայի, Իսրայէլի եւ համաշխարհային ահաբեկչութեան դէմ` բոլորի դէմ միասին: Բայց ոչ Իսրայէլի, ոչ Արեւմուտքի, ոչ էլ միջազգային ահաբեկչութեան համար, Արցախը հարց չէր: Նրանց հարցը` Ռուսաստանն էր, նրանց հարցը Իրանն էր: Մենք Ռուսաստանի ու Իրանի կռիւը մենակ տուեցինք այդ չորս ուժերի դէմ: Եւ մենք մնացինք մենակ, մեր իշխանութեան ապիկարութեան պատճառով:

Ամէն ինչ շատ վատ է: Բայց մենք ընկճուելու, ստեղծուած իրավիճակի հետ համակերպուելու իրաւունք չունենք: Համեմատաբար իբրեւ կազմակերպուած ուժ, մնացել ենք մենք` Դաշնակցութիւնը: Մենք պարտաւոր ենք վերակազմակերպել Արցախի ազատագրական շարժումը: Մենք պարտաւոր ենք համընդհանուր կռուի դուրս գալ թշնամու դէմ բոլոր բնագաւառներում` քաղաքական, ցուցական, դիւանագիտական, հայդուկային պայքարի: Եւ աշխարհով մէկ, ամէնուր բոլորս պէտք է մասնակցենք այդ պայքարին: Ազրպէյճանը պէտք է հասկանայ, որ հանգիստ չի ունենալու, չի մարսելու, չի վայելելու մեր Շուշին ու Հադրութը:

Մեր կռիւը, պայքարը նոր է սկսւում: Աշխարհը պէտք է տեսնի, հասկանայ, արձանագրի, որ հայ ժողովուրդը դէմ է յանձնուողական յայտարարութեան, դէմ է իր տարածքների բռնազաւթմանը, պէտք է հասկանայ, որ ոչինչ չի վերջացել, այլ միայն սկիզբ է առել: Մենք վճռական ենք ամէն գնով վերատիրանալու մեր հայրենիքին, մեր իրաւունքներին:

Պայքարի, կռուի զանազան հնարաւորութիւններ կան:

Ամէն ինչ` կազմակերպուող նոր պայքարին` սա պէտք է լինի մերօրեայ նշանաբանը: Շղթայազերծենք համընդհանուր պայքարը, ազատագրենք մեր հայրենիքը, քողազերծենք Ազրպէյճանի էութիւնը, նոյեմբերի 9-ի պարտուողական յայտարարութիւն առոչինչ յայտարարենք, ի ցոյց դնենք արար աշխարհին Արցախի հարցի արդարացիութիւնը, ոտքի ելնենք, փողոց դուրս գանք եւ թոյլ չտանք Հայաստանի Հանրապետութիւն-Թուրքիա որեւէ ստորացուցիչ պայմանագրի ստորագրում:

Ամէնուր համընդհանուր պայքար թշնամու դէմ: Ազգային նոր զարթօնք է հարկաւոր, եւ ինքնաբերաբար կը քշենք ներքին եւ արտաքին չարիքները դէպի պատմութեան աղբանոց, լուսանցք եւ կամ գրողի ծոցը:

Եզրափակիչ խօսքը արտասանեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանը, որ անդրադառնալով Հ․Յ․Դ․-ի 131-ամեակին` նշեց. «Այսօր Սուրբ Ծննդեան եւ յիշատակի ոգեկոչում է: Այդ օրերի պայմանների մէջ ծնունդ առաւ մի մանուկ, որի հիմնական նպատակը իր ժողովրդին փրկելն էր եւ փրկելու համար իր վրայ վերցրեց այդ առաքելութեան ծանր բեռը: Անցնող 131 տարիների ընթացքում ՀՅԴ-ն իր գերագոյն ճիգով, իր զաւակների ընտրելագոյն երամը ընծայաբերեց մեր ժողովրդի ազատագրական բագինի վրայ, եւ այսօր անհրաժեշտ է յարգանքի տուրք` այն նուիրեալներին, որոնք իրենց կեանքը նուիրաբերեցին յանուն հայրենիքի»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles