
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Մութն էր պատել հայոց աշխարհին,
Եղեռն ու օրհաս պարուրել նրան,
Փոթորիկները մռնչում էին,
Երկունք էր ապրում յոյսերի հսկան:
Պահերը հապճեպ խուսափում էին,
Հրանօթները` ոռնում մահերգանք,
Լեռների վրայ թափով անմեկին
Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ:
Եւ քարէ մարդիկ, քարէ սրտերով,
Քարէ սրտերով ու կամքով քարէ,
Հայոց լեռներում կռանում էին
Կեանքի ու մահուան երգը մետաղէ…
Աշխարհանցում էր անծիր քաոսում,
Տարերքն էր փրթում անդունդ ու գագաթ,
Ընդերքից ժայթքած լաւա էր հոսում,
Դարեր կուտակուած հրաբուխ համակ…
Բախումը լաւի ու վատի զարզանդ
Անտեղիտալի վերջին գուպարում.
Ժողովուրդ ու հող ձուլուած անվկանդ
Յաղթական թափով էին վարարում…
Արարում էին ապրելու կորով,
Նուաճում էին ուժ ու իրաւունք.
Արեան, պողպատի, քարի շաղախով
Կեանքն էր կարկառւում բարձունքից բարձունք:
Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ,
Մետաղէ մի երգ հայոց լեռներում.
– Մե՛րն է յաղթանակ, մե՛րն է յաղթանակ…
Հզօր Մասիսն էր ահեղ գոռերգում:
Շառագունուել էր ո՜ղջ հորիզոնը,
Արեւը ամպից դժուար էր ջոկւում.
Բայց լոյսն էր կոխում հայ երկնի զոնը,
Հայոց աշխարհին նարօտ էր կապում:
Մեր ոթած արեան կարմիրը շատ էր
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կարմիրը շատ է,
Մեր նուիրումի արիւնը սրբեղ:
Մեր կոփած երկնի կապոյտը շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կապոյտը շատ է,
Մեր խորունկ հոգու երկինքը բիւրեղ:
Մեր հուր երկունքի ծիրանին շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի նարնջին շատ է,
Մեր յաւերժութեան ծիրանին շքեղ: