Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրաւական համակարգի շուրջ ծաւալուող իրադարձութիւններին, մեր մտահոգութիւնն էինք յայտնել քաղաքական իշխանութեան կողմից դատարանների եւ դատաւորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթոյլատրելիութեան վերաբերեալ:
Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելոյթ-կոչը եւ Ազգային Ժողովի Իմ քայլը խմբակցութեան ղեկավարի յայտարարութիւնը ո՛չ միայն եկան հաստատելու մեր մտահոգութիւնը, այլեւ ամրագրելու այն իրողութիւնը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանութիւն հաստատելու եւ սահմանադրական կարգի տապալման ուղին:
Հանրային պահանջի անուան տակ, իսկ իրականում առաջնորդուելով սեփական շահերով` պետութեան հաստատութենական հենքը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականութիւնն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարութեան հետ:
Դատական համակարգի իւրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատաիրաւական համակարգի բարեփոխումների հետ:
Դաշնակցութիւնը, լինելով հայ ժողովրդի ներկայի եւ ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ` Հայոց պետականութեանը սպառնացող ներկայ ընթացքը գնահատում է խիստ վտանգաւոր:
Իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր ճիւղերին կոչ ենք անում` դադարեցնել հակասահմանադրական ընթացքը եւ զերծ մնալ հակապետական գործողութիւններից:
Կոչ ենք անում դատաւորներին` հաւատարիմ մնալ սահմանադրութեամբ իրենց վերապահուած արդարադատութիւն իրականացնելու առաքելութեանը:
Երկրի ապագայի համար յանձնառու քաղաքական ուժերին եւ հանրութեանը կոչ ենք անում համախմբուել իրական ազգային օրակարգերի շուրջ:
Համարժէք քայլերով եւ գործողութիւններով հակազդելու ենք իշխանութիւնների բոլոր այն ծրագրերին, որոնք խաթարելու են երկրում Սահմանադրական կանոնների ամբողջականութիւնը եւ ներհասարակական կայունութիւնն ու զարգացումը:
Հ․Յ․Դ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
16 սեպտեմբեր 2019


