

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութէան Արեւելեան Ա․Մ․Ն․-ի Շրջանային վարչութիւնը սգում է առասպելական երգիչ, ազգային գործիչ, քաղաքագէտ, բանաստեղծ, դերասան Շարլ Ազնաւուրի` աւազանի անունով Շահնուր Վաղինակ Ազնաւուրեանի վախճանն ու ցաւակցում է նրա գերդաստանին ու երկրպագուներին: Ազնաւուրը կեանքից հեռացաւ Հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի հարաւում գտնուող իր տանը:
Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի գրասենեակը տեղեկացրել է, որ Հոկտեմբերի 5-ին Ինվալիտների պալատի պարտէզում արարողութիւն կը կայանայ, որի ընթացքում նախագահը հանդէս կը գայ յատուկ ուղերձով: Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը Ազնաւուրի յուղարկաւորութեան օրը սգոյ օր է յայտարարել: Մաքրոնը հրաւիրել էր Ազնաւուրին իր հետ մեկնել Հայաստան` մասնակցելու Հոկտեմբերի 10-11-ին Ֆրանսախօս երկրների գագաթնաժողովին, ապա համերգով հանդէս գալու:
Ազնաւուրը ոչ միայն Ֆրանսիայի, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ երկրների ամենասիրուած երգիչն էր, այլեւ 1200-ից աւելի երգերի հեղինակ, խաղացել է 60-ից աւելի շարժապատկերներում, որոնց թւում նաեւ Ֆրանսուա Թրիւֆոյի “Կրակիր դաշնակահարի վրայ” 1960 թուականի շարժապատկերում: Ազնաւուրի հեղինակած երգերը կատարել են Էտիթ Փիաֆը, Լէօ Ֆեռէն, Ժիլպեր Պեքոն, Իվ Մոնթանը եւ բազմաթիւ այլ նշանաւոր երգիչներ: Ազնաւուրը երգել է ֆրանսերէն, հայերեն, անգլերէն, գերմաներէն, սպաներէն եւ եբրայէրէն (Yiddish): Ազնաւուրի կատարմամբ 180 միլիոն ձայնապնակներ են վաճառուել:
Լինելով Էտիթ Փիաֆի սեղմ շրջանակում, 1948 թուականին Ազնաւուրն ընկերակցել է նրան Նիւ Եորքի հիւրախաղերի ընթացքում: Վերադարձից յետոյ երգել է Փարիզի աշխատաւորական կարգի սրճարաններում: 1950-ական թուականների կէսին, “Մուլեն Ռուժ” սրահում համերգից յետոյ, Ազնաւուրի համբաւը տարածւում է:
Նրա երգացանկի ամենասիրուած երգերից են “Պոհեմը”, “Նէ” (“She”, բնագրում` “Tous Les Visages De L’amour”), “Դեռ Երէկ”, “Comme Ils Disent” (“What Makes a Man”), “Apres l’Amour”, “Tu T’Laisses Aller”, եւ “Ils Sont Tombes”, որը նուիրուած է Հայոց ցեղասպանութեանը:
Ութ տասնմեակների իր ստեղծագործական կեանքի ընթացքում երգել է սիրոյ, կորստեան, միայնութեան, յուսահատութեան մասին, սակայն նաեւ խիզախել է ներկայացնել արգելուած նիւթէր, ինչպէս` ընկճախտը, նախապաշարումը, միասեռականութիւնը, կիրքը եւ բռնաբարութիւնը: Մի հարցազրոյցի ընթացքում ասել է. “Ես մի տեսակ հիւանդութիւն ունեմ, որի հետեւանքով խօսում եմ այնպիսի նիւթերի մասին, որոնց մասին ընդունուած է լռել: Սկսեցի միասեռականութիւնից ու յետոյ ուզեցի կոտրել բոլոր բանադրանքները (taboo):
Հայ փախստականների որդի Շահնուր Վաղինակ Ազնաւուրեանը ծնուել է Փարիզում 1924 թ. Մայիսի 22-ին: Նրա հայրը` Միքայէլ (Միշայ) Ազնաւուրեանը ծնուել էր Ախալցխայում (Ջաւախք), իսկ մայրը` Քնար Պաղտասարեանը` Զմիւռնիայում, որտեղից մազապուրծ ազատուել էր Հայերի ցեղասպանութեան ճիրաններից:
Հայաստանի 1988 թուականի երկրաշարժից յետոյ, որը 45,000 կեանք խլեց, Ազնաւուրը իր հայրենակիցների համար մարդասիրական օգնութիւն կազմակերպեց: Նոյն ժամանակաշրջանում Ջորջ Տիրան Կառվարենցի հետ գրեց “Քեզ համար, Հայաստան” (“Pour toi Armenie”) երգը, որը կատարեց այնօրիկ մեծագոյն երգիչների մի խումբ: Չորս ամիս շարունակ այդ երգը իշխեց լաւագոյն երգի առաջին տեղում:
2004-ին Ազնաւուրը արժանացաւ Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագոյն շքանշանին, ապա 2008 թ. ստացաւ Հայաստանի քաղաքացիութիւն: 2009-ին Ազնաւուրը նշանակուեց Հայաստանի դեսպան Շուեյցարիայում եւ նոյն տարում պարգեւատրուեց Արցախի Հանրապետութեան “Գրիգոր Լուսաւորիչ” շքանշանով: Ազնաւուրը նաեւ Մ․Ա․Կ․-ում (Ժնեւ) Հայաստանի Հանրապետութեան մնայուն պատգամաւորն էր: Հայաստանում նրա պատուին փողոնցեր են անուանուել, Երեւանում` հրապարակ: Նրա արձանը կանգնեցուած է Գիւմրիում, որը երկրաշարժի պատճառած ամենածանր կորուստները կրեց: 2011-ին Երեւանում բացուեց Շարլ Ազնաւուրի թանգարանը:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Ազնաւուրի ընտանիքի կողմից օգնութեան համար հրէաներին եւ այլոց, որոնք հետապնդւում էին նացիստների կողմից, 2017-ին Ազնաւուրը պարգեւատրուեց Ռաուլ Վալենբերգի մրցանակով: Երկրի նախագահ Ռըոււեն Ռիւլինի կողմից ատանալով մեդալը, Ազնաւուրը շնորհակալութիւն է յայտնել Ռաուլ Վալենբերգի անուան հիմնադրամին` պարգեւի համար, իսկ Իսրայէլի նախագահին` ընդունելութեան համար, ապա առիթն օգտագործելով, հետաքրքրուել է, թէ ե՞րբ է ի վերջոյ Իսրայէլը ճանաչելու Հայոց ցեղասպանութիւնը:
Ազնաւուրի մահուան գոյժին նախագահ Մաքրոնն հետեւէալ խօսքով է արձագանգել. “Հիմնովին Ֆրանսիացի եւ խորապէս կապուած իր հայ արմատներին, համաշխարհային հռչակի տէր Շարլ Ազնաւուրը երեք սերունդ է ուղեկցել է իրենց երջանկութեան եւ թախծի պահերին: Իր գլուխգործոցները, իր ձայներանգը, իր բացառիկ ազդեցութիւնը դեռ երկար ժամանակ կը վերապրեն իրեն”: