Հ.Յ.Դ. 21-րդ Գերագոյն Ժողովի Յայտարարութիւնը

0 0
Read Time:1 Minute, 16 Second

Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան 21-րդ Գերագոյն ժողովը, քննելով Հայաստանի քաղաքական, ընկերային-տնտեսական իրավիճակը, ներքին եւ արտաքին ճակատների վրայ առկայ մարտահրաւէրները, արձանագրում է.

Սահմանադրական փոփոխութիւններից բխող պետական կառավարման համակարգի փոփոխութիւնները եւ համապատասխան օրէնսդրական կարգաւորումները անհրաժեշտ նախադրեալներ են ստեղծել մեր պետականութեան կայուն զարգացման համար:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգութեան հիմնախնդիրը շարունակում է մնալ հիմնական օրակարգ եւ թելադրում է առաջնահերթ ռազմավարութիւնները պետական եւ հանրային կեանքի տարբեր ասպարէզներում:

Եւրասիական տնտեսական միութեան եւ Եւրոպական Միութեան հետ գործընկերային յարաբերութիւնների համադրմամբ բարենպաստ միջավայր է ստեղծուել բազմաշառաւիղ, փոխլրացնող արտաքին քաղաքականութիւն իրականացնելու, քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները արդիւնաւորելու համար:

Առ այդ, առաջիկայ երկամեայ ժամանակաշրջանի համար Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն ժողովը առաջնահերթ է համարում.

–  Իրաւունքի գերակայութեան սկզբունքների լիարժէք իրացումը երաշխաւորող մարդու իրաւունքների ու ազատութիւնների ապահովման համակարգի ձեւաւորումը,

– Կայուն զարգացում ապահովող ընկերային շուկայական տնտեսական համակարգի ձեւաւորումը, ընկերային արդարութեան սկզբունքների պահպանման գործում պետութեան առաջնային դերակատարութեան ստանձնումը եւ նոր աշխատատեղերի ու եկամտաստեղծ գործունէութեան խթանումը,

–  Հանրային կեանքի բոլոր ոլորտներում համակարգային եւ որակական փոփոխութիւնների իրականացումը, իշխանութեան մարմինների թափանցիկ, հաշուետու եւ արդիւնաւէտ աշխատանքը, հակափտածութիւն քաղաքականութեան աշխուժացումը,

– Հասարակութեան մէջ պետութեան եւ ապագայի հանդէպ վստահութեան հիմքերի ստեղծումը,

–  Երկրի առաջանցիկ զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը եւ դրանից բխող ծրագրերի իրագործումը,

– «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջական գործադրման եւ ռազմաարդիւնաբերական համակարգի զարգացման նախադրեալների ստեղծմանն աջակցումը,

– Աշխուժ ժողովրդագրական քաղաքականութեան իրականացման ուղղութեամբ թիրախաւորուած ու գործուն քայլերի ձեռնարկումը եւ արտագաղթի կասեցումը:

Մեկնելով այս հաստատումներից եւ առաջնահերթութիւններից` Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակի շեմին ՀՅԴ Հայաստանի կազմակերպութիւնը վերահաստատում է իր կամքն ու վճռականութիւնը հետեւողական եւ ամէնօրեայ աշխատանքով նպաստելու մեր պետականութեան հետագայ զարգացմանը, մեր ժողովրդի անվտանգ եւ արժանապատիւ կեանքի պայմանների ապահովմանը:

Հ.Յ.Դ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԺՈՂՈՎ

25 Մարտ 2018

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles