Արցախի Հարցի Շուրջ Տարօրինակ Զարգացումներ Են Տեղի Ունենում

0 0
Read Time:3 Minute, 31 Second

p4-5 bԳէորգ Դարբինեան
(յապաւումով)

Հայաստանի Արտաքին Գործոց նախարար Էդուարդ Նալպանտեանն Նոյեմբեր 19ին, անակնկալ այցելել է Ազգային ժողով եւ փակ հանդիպում անցկացրել Ազգային Ժողովի արտաքին յարաբերութիւնների, պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի յանձնաժողովների անդամների, ինչպէս նաեւ Եւրոխորհրդարանում հայկական պատուիրակութեան ներկայացուցիչների հետ: Հանդիպումից յետոյ Նալպանտեանը չի մանրամասնել, թէ ինչով է պայմանաւորուած այս պահին նման փակ հանդիպում անցկացնելու անհրաժեշտութիւնը: Եւ, չնայած դրան, որոշ հանգամանքներ թոյլ են տալիս ենթադրել, որ խօսքը վերաբերում է Ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորմանը: Աւելին` Ազգային ժողովում անցկացուած այս հանդիպումը ամրապնդում է կասկածները, որ Արցախի հիմնահարցի շուրջ ինչ-որ տարօրինակ եւ, չի բացառւում, վճռորոշ կուլիսային գործընթացներ են տեղի ունենում, որոնք փաստացի սկսուեցին նախորդ շաբաթ Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարար Սերգէյ Լավրովի` Հայաստան կատարած այցից յետոյ: Դրա մասին է խօսում իրադարձութիւնների ժամանակագրութիւնը:

Լավրովը դեռ չէր հասցրել Հայաստանից հեռանալ, երբ թէ՚ հայկական, թէ՚ ռուսական լրատուամիջոցները, յղում կատարելով անանուն աղբիւրների, նշեցին, թէ քննարկւում է նախկին Արցախին յարակից, ներկայիս Արցախի մաս կազմող առնուազն հինգ շրջաններ Ատրպէյճանին յանձնելու եւ Արցախին միջանկեալ կարգավիճակ տալու տարբերակը: Դրանից յետոյ տեղի է ունենում Արցախի նախագահ Բակօ Սահակեանի` աննախադէպ օրակարգով եւ ուղերձներով յագեցած այցը Մոսկուա, որտեղ նա յայտարարում է, առանց Արցախի` բանակցութիւններին լիարժէք մասնակցութեան, հիմնահարցի կարգաւորման անհնարինութեան մասին: Թէեւ Սահակեանը Մոսկուայում պաշտօնական հանդիպումներ չունեցաւ, սակայն նրան ասուլիս կազմակերպելու հնարաւորութիւն տրուեց Քրեմլին մերձ լրատուական գործակալութիւնում, ինչը Արցախի գերիշխանութիւնը իւրատեսակ ձեւով եթէ չճանաչելու, ապա գոնէ ընդգծելու դրսեւորում էր:
Այդ ընթացքում ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքը ընկերային ցանցերի միջոցով յայտնեց, որ համանախագահները մեկնում են Նիւ Եորք` ՄԱԿ-ի կեդրոնակայան, եւ Ուաշինկթըն` Արցախի հարցով խորհրդակցութիւններ անցկացնելու` առանց բացատրելու, թէ ինչո՞վ է պայմանաւորուած դրանք յատկապէս ՄԱԿ-ում անցկացնելու անհրաժեշտութիւնը, երբ ՄԱԿ-ը Արցախի հարցով զբաղուելու յանձնարարութիւն չունի:

Բացի դրանից` Բակօ Սահակեանի Մոսկովեան այցի աւարտից յետոյ Արցախի Արտաքին Գործոց նախարար Կարէն Միրզոյեանը կանգ է առնում Երեւանում եւ գրեթէ աննկատ այցելում Հայաստանի խորհրդարան, որի մասին որեւէ պաշտօնական հաղորդագրութիւն չի արւում: Իսկ մինչ այդ Հ.Հ. Արտաքին Գործոց նախարար Էդուարդ Նալպանտեանը հանդիպում էր անցկացնում Ա.Մ.Ն. պետական քարտուղարի եւրոպական եւ եւրասիական հարցերով փոխտեղակալ Պրիճիթ Պրինքի հետ` օրակարգում քննարկելով Արցախի հիմնահարցը:

Դրա նախօրէին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա.Մ.Ն. պետական քարտուղարութեան ներկայացուցիչը փաստացի ո՚չ հերքում եւ ո՚չ էլ հաստատում է այն տեղեկատուութիւնը, թէ բանակցութիւններում քննարկւում է Ատրպէյճանին տարածքներ յանձնելու հնարաւորութիւնը` նշելով միայն, թէ Միացեալ Նահանգները պաշտպանում է Հայաստանի եւ Ատրպէյճանի իշխանութիւնների ու Մինսքի խմբի միջեւ ընթացող ներկայիս գործընթացը: Թէ բանակցութիւնների բացակայութեան պայմաններում ի՞նչ գործընթաց նկատի ունէր Պրինքը, որոշ չափով բացայայտեց Մինսքի Խմբակի ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքը, որ օրերս յայտարարեց, թէ ուրախ է, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահները համաձայնել են քննարկել հակամարտութեան կարգաւորման մանրամասները: Այս յայտարարութիւնն առաւել քան տարօրինակ էր, եթէ նկատի ունենանք, որ մինչ այդ համանախագահներն առաջընթաց էին որակում նոյնիսկ խաղաղութեան պահպանման համար անհրաժեշտ քայլերի շուրջ կողմերի քննարկումները:
Եւ ահա Հայաստանի իշխող կուսակցութեան` Հանրապետական Կուսակցութեան գործադիր մարմնի հերթական նիստից յետոյ, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրիւ անակնկալ յայտարարեց, թէ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի կ՚ունենայ Դեկտեմբերին` մինչեւ սահմանադրական հանրաքուէի անցկացումը, այսինքն` մինչեւ Դեկտեմբերի 6-ը: Սա այն դէպքում, երբ մինչ այդ խօսւում էր այդ հանդիպումը միայն հանրաքուէից յետոյ անցկացնելու մասին:
Չափազանց տարօրինակ է նաեւ վերջին շրջանում Պաքուի պահուածքը: Նախ` պաշտօնական Պաքուն, սովորութեան համաձայն, իրարանցում չբարձրացրեց Արցախի նախագահի` Մոսկուա կատարած այցի եւ նրան այնտեղ ցուցաբերուած աննախադէպ վերաբերմունքի կապակցութեամբ: Աւելին` ազերի իշխանութիւնները Նոյեմբերի 12-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտէի միջնորդութեամբ, Հայաստանին վերադարձրին սահմանը պատահաբար անցած` Տաւուշի մարզի Կոթի գիւղի 76-ամեայ բնակչուհի Լուսինէ Աբովեանին, իսկ Նոյեմբերի 18-ին` նաեւ ամիսներ առաջ ինքնակամ ազերի կողմն անցած` Արցախի զինծառայող Անդրանիկ Գրիգորեանին:
Բացի դրանից` վերջին շաբաթներին Ատրպէյճանն իրեն ոչ բնորոշ խաղաղասիրութիւն է դրսեւորում նաեւ հակամարտ զօրքերի շփման գծում` աստիճանաբար նուազեցնելով հայկական դիրքերի գնդակոծման յաճախակիութիւնը: Սա բացարձակապէս չի տեղաւորւում Արցախի հարցով բանակցութիւնների ցանկացած ռաունտին ընդառաջ իրավիճակը լարելու` Պաքուի մարտավարութեան մէջ` թոյլ տալով եզրակացնել, որ այս տարօրինակ վարքագիծը պայմանաւորուած է սպասողականութեամբ:
Այսպէս նկատելի հանդարտութիւն է ցուցաբերում նաեւ հայկական կողմը: Օրեր առաջ, երբ Արցախում հակառակորդի կրակոցներից երկու ժամկէտային զինծառայողներ զոհուեցին, ո՚չ Երեւանից, ո՚չ էլ Ստեփանակերտից համարժէք պատասխան չեղաւ: Դժուար է հաւատալ, որ այս հանգամանքների` նման տարօրիակ դասաւորութիւնը պատահական համընկնման արդիւնք է, եւ որ այս ամէնին Եդուարդ Նալպանտեանը պարզապէս հերթապահ հարցեր քննարկելու համար էր շտապել Ազգային Ժողով: Չի բացառւում, որ իսկապէս բեկումնային իրադարձութիւններ են տեղի ունենում թե՚ մերձաւորարեւելայն տարածաշրջանում առկայ քաղաքական իրավիճակի եւ թէ՚ Ատրպէյճանին Եւրասիական Տնտեսական Միութիւն քաշելու` Ռուսաստանի հետեւողական քաղաքականութեան գործընթացում: Սակայն թէ յստակ ի՞նչ քուլիսային ընթացքներ կարող են ընթանալ, կարելի է միայն ենթադրել: Այս հարցին, իհարկէ, դեռ կ՚անդրադառնանք:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles