0 0
Read Time:4 Minute, 34 Second

Գրեց՝ Նորեկ Գասպարեան

Նորեկ Գասպարեան

Գրող, Արցախի Վաստակաւոր Լրագրող, բեմադրիչ

Մեսրոպեան Ուղղագրութեան Վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

«Դրօշակ», Հոկտեմբեր 2021

 

Չգիտեմ: Անելիքս: Ասելիքս: Բայց թէ, այսպէս շուար, շփոթ կանգնելն էլ մի բան չէ: Գուցէ շատ խօսելո՞ւց է:  Ու յոգն՞լ եմ: Ասում են ՝ լինում է նման բան: Ուզում եմ ասել՝ միշտ մի տեղ կանգնում-մնում ես: Ո’չ առաջ, ո’չ ետ: Դադար: Հնարաւոր է  մե՜ծ… Մռնչում ես…Գիժ է…Չէ’, մահացել-գնացել ես, չկաս, գոյութիւն չունես: Վերջ: Աւարտ: Ընդամենը այդքան բան, այն էլ՝ անհաւատելի: Գոնէ մի եկող լիներ: Նրանցից մէկը: Որ առաջ այնպէս առատօրէն գալիս էին…թէպէտ սպասող էլ չկայ…

Յիշո՞ւմ էք, ցուցակներ, հիւրանոցներ, առանցնատներ…երկրում  նեղուածք էր, հազիւ էինք տեղաւորւում…լա՜ւ էր, շա՜տ լաւ էր…հեքիաթային…Բոլորն ուզում էին տեսնել մեզ…կանգնել մեր կողքին եւ մեր լուսանկարները տեղադրել յայտնի եւ անյայտ թերթերի ու ամսագրերի առաջին էջերին…գունաւոր, մեծադիր…ժամանակակից… Իսկապէս լաւ էր…

Մի տարիքն առած ընկեր ունէի, դժգոհը միայն նա էր՝ ի՞նչ է, բան ու գործ չունեն, որ էսքան գալիս են…: Հասկացանք՝ տօն է, շնորհաւորելը՝  համարեա պարտադիր, բայց էսքա՞ն…

Բոլորի խօսքին չէ, որ հաւատում էինք…բայց թէ, եկողին էլ չէինք ասի՝ տեղ չունենք, կամ ինչու էք եկել: Չէր ստացուի…կարեւորը մենակ չէինք:

Իմ այդ տարիքն առած ընկերոջը, գիտէ՞ք, ամենաշատն ինչն էր զարմացնում: Էդ եկողների կուրծքը զարդարող մեդալներն ու շքանշանները: Շատ: Շա՜տ-շա՜տ: Օրինակի համար, եթէ փորձէին մի մեդալ էլ կախել դրանց կողքին, հաստատ տեղ չէին գտնի: Պատկերացնո՞ւմ էք, ընդամենը մի փոքրիկ ազատ, անմեդալ տեղ: Լա՜ւ էլ զրնգում էին, երբ մեր այդ հերոսները շարժում էին ոտքը կամ ձեռքը: Բա ոնց, եղբա՛յր: Մեդալը հանաք բան չէ, անցած դժուարին ու բարդ ճանապարհի վկան, մի քանի կիլոմետրից երեւում է: Բայց մի անգամ եմ ասում՝ վատ չէր: Կարգին ուրախանում էինք, կարեւորւում, մեզ լաւ զգում, տան եղած-չեղածը դնում սեղանին: Յանկարծ դժգոհ հեռացող չլինի: Անթոյլատրելի բան է, մեզ ոչ սազական, էն էլ՝  նման օրը:

Չէ՛, չեմ ուզում ասել, որ հիմա մեզ շնորհաւորող չկայ: Հիմա էլ կան նման մարդիկ՝ մեր կողքին կանքնող, մեզանով հպարտացող ու հիացող, նոյնիսկ մեզ հերոս համարող, մի ժամանակ թշնամու առաջ երկրի դարպասները գոց պահող, բայց…

Լաւ: Կարծում եմ գոնէ մի օր կարելի է իրար չմեղադրել, դասերով ու խորհուրդներով չյոգնեցնել: Երկիրը չբաժանել նախկինների ու նորերի միջեւ: Հին Հայաստան եւ …նո՞ր…Յետո՞յ…Գուցէ ամենանո՞րը, չէ՛, նորագոյնը…: Չասե՛մ, որ ես նման մեկնութիւններից ոչինչ չեմ հասկանում, որ դա իմ բանականութեան ու մտածումներից դուրս է: Իմ ունեցաղ երկիրը մէկն է, չբաժանուող, ամբողջ, միայն մէկին կամ մի քանիսին չպատկանող:

Կարծեմ 92-ին էր, պատրաստւում էինք մեր կորցրած գիւղերն ու քաղաքները վերադարձնելու, եւ տղերքից մէկը հենց խրամատում ընդամենը քանի մը բառ դրեց իրար կողքի. «Մինչեւ մահը չսիրենք այնքան, ինչքան կեանքը, չենք կարողանում յաղթել…» Չէի հասկանում, աւելի ճիշտ՝ հասկանում էի, բայց չէի ուզում համաձայնել»: Ինչպէ՛ս…մահը սիրել…չէ մի հնարաւոր բան չէ…Ոնց որ ճիշտ չէր զինուոր ախպերս… Ոնց որ մի քիչ, շատ չէ, մի քիչ չափն անցնում էր…Մէկն էլ ասում էր, չէ՛, զարկուողը դաւաճան է…Երեւի նրան էլ չէին հասկանում…

Եւ դա հին Հայաստանում էր…Երկիրն ունէր միայն զինուոր եւ ոգի…Երբ Քարինտակ գիւղի ծայրին կուչ եկած տունը ժամերով կռիւ տուեց ու մնաց անառիկ: Իսկ տանը մի ջահել կին էր ու մի անչափահաս տղեկ, մայր ու որդի…ժամերով թշնամու դէմ…մեն-մենակ…

Երբ արդէն յանձնուած Չլըդրան գիւղում ծերունին մենակ մի քանի ժամ պաշտպանեց իր օճախը, եւ թշնամին չկարենալով գրաւել այն, մատնեց կրակի…մարդը չէր լքել իր հիւանդ կնոջը…: Դա էլի հին Հայաստանում էր…

Երբ հրամանատարն ամեն ինչ անում էր, որպէսզի առաջին գիծ զինամթերք հասցրած 14 տարեկան տղեկը ծնողների հետ հեռանայ վտանգուած գիւղից, եւ այդ 14 տարեկան տղամարդը չի հեռանում…

Երբ մարդիկ, դեռ պատերազմը չաւարտուած, օրեր առաջ ազատգրուած գիւղում աւերակներից քար-քար, ծուէն-ծուէն, բուռ-բուռ բարձրացնում էին քարուքանդ տունը…

Էլի մեր այդ հին Հայաստանում…

Երբ հազար անգամ զարկուած ու յարութիւն առած հրամանատարը մարտադաշտում զինուորից առաջ էր…

Երբ թիկունքն առաջին գիծ էր…

Երբ Շուշիի որբանոցում մեծացածը, չորսին թողած մեկնում էր ճակատ ու…չէր կարող վերադառնալ…Չորս որբ…Առանց որբանոցի…Ո՞վ է ի վիճակի գեղեցիկ պատմութիւններ յօրինելու:

…Երեք եղբայր… հայր ու որդի… մի ամբողջ ընտանիք… Էլի՞…

Արցախի Հանրապետութիւն…  Էլի այդ հին Հայաստանում…

Կարո՞ղ ես հրաժարուել… ունեցածից …երեսուն տարուայ արարումից …Ամեն օրուայ մէջ՝  չարչարանք, ցաւ, խիզախում… արցունքոտ հաց… արժանապատուութիւն…

Ապրո՜ղը…Խենթերի ժամանակը չի աւարտւում, կամ խենթերը երբեք չեն ուշանում… չէ՞ք զգում նրանց տաք մռնչոց-շնչառութիւնը, չէ՞ք լսում անընդհատ մօտեցող կրակ ոտնաձայնը…Դասագրքերից դուրս, խղճուկ օրէնքներից ու որոշումներից անդին… Մահուան հերն անիծաց…Մենակ ու միասին…Չվարժեցուող…

Զինուո՜ր…Առիւծն էլ առիւծ է…Իսկ Շուշիի գերեզմանաքարերին խենթերի պատմութիւնն է … Նախ հեռուներից եկած… 20-րդ դարասկզբին մուսուլմաններից պաշտպանող … Ուսեալ, աշխարհի գործերը մեկնող, դժբախտութիւնների համար ուրիշներին չմեղադրող…

  • Եղբա՛յր, զինուորի նախկինը ո՞րն է… Թող խելօք մէկը բացատրի, իմանանք…

Իսկ երկիրը վէրքածածկ է… մի ծունկը գետնին: Ինքն իր մէջ չտեղաւորուող: Հայեացքը կորցրածին…:

Կարօտը՝ թոնրահացի թանձր բոյր, պապենական տան հոտ, տատիկների գոյն-գոյն շալերի ջերմութիւն… Դիմանալը՝ վերադարձի խորհուրդ…

 

ԿԱՄ

 

Միտքս՝ պտղաւորուելու պատրաստ:

Շնորհաւորե՛նք: Առանց երկմտելու: Եւ անհասկանալի հպարտութիւնից չենք խօսում, արած-թողածից էլ: Ուղղակի մերոնցով: Մէնք ու մենք: Զարկուածների հետ: Դա է ճիշտը: Ով էլ բարեհաճի ժամանել, ուրախ կը լինենք: Ճիշտ է , էն առաջուայ ցնծութիւնը չի լինի, բայց…Մեր տրամադրութեանն ու մտածածին յարիր: Հնի ու նորի խաչմերուկում…:

Եւ ոչինչ, որ ինչ-որ՝ տեղ ինչ-որ բան մնացել է կիսատ…Շշարունակող էլ չի լինելու: Յիշո՞ւմ  էք՝ հունձքն առատ է, մշակը՝ պակաս…Էլի …: Վաղն էլ … Գիտէք չէ՞՝ Աւան հարիւրապետի ամրոցը Շուշիում է…Զօրքն էլ՝  6900 …Դա՝ 1700-ականների սկզբին… Պինդ-պինդ, բարձր-բարձր պարիսպներին էլ՝ մանկութիւնս…: Ձե’ն հանէք…Զինուորի նախկինը ո՞րն է …:

Հաւատաք-չհաւատաք, ընդունէք-չընդունէք, ես հին Հայաստանից եմ գալիս … Շուշիից…Մի՞թէ իրաւունք չունեմ հպարտանալու…:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Մեծարենք Հայ Դատը
Next post ԿԵԴՐՈՆԱԿԱՆՑԻՆ ԵՒ «ԳԻՏԵ՞Ս ՈՎ Է ԻՄ ՀԱՅՐՍ» ԸՍՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles