2021 Թուական Սեպտեմբերի 27․ Պատերազմից Մէկ Տարի Անց Արցախում

1 0
Read Time:2 Minute, 23 Second

Գառնի Մութաֆեան

«Հայրենիք»

2021 թուական Սեպտեմբերի 27: Պատերազմից անցաւ մէկ տարի, բայց ամէն ինչ կարծես նոյնն է: Ամէն ինչ այնպէս է, ինչպէս մէկ տարի առաջ: Ցաւն ու վիշտը չի պակասել: Պատերազմն ու իր հետեւանքները ծանրացել են Արցախի վրայ:

Արցախում օդը ծանր է, մարդիկ լուռ, փողոցները կիսադատարկ: Արցախի աշնանային ցուրտը պարուրուած է տխրութեամբ: Մինչդեռ ցուրտը քո ներսում է եւ դու ներսից ես մսում: Լռութեան մէջ, մէկ էլ մի ձայն է լսւում: Գնում ենք այդ ձայնի ուղղութեամբ ու հասնում ենք զոհուած զինուորների պուրակ: Քաղաքի այն քիչ հատուածը, որտեղ դատարկ չէ: Մարդիկ լուռ են, իւրաքանչիւրը նստած կամ կանգնած նայում է տղերքի նկարներին: Լռութիւնը խախտում է միայն անընդհատ հնչող անունները: Պատերազմի տարելիցին ընդառաջ պուրակում տեղադրել են բարձրախօսներ, որպէսզի անընդհատ լսես այդ անունները: Դրանք մէկը չէ, երկուսը չեն, հազարը չեն: Շատ են, շատ – շատ են: Տպաւորութիւն է, թէ մատդ դնում ես վէրքի վրայ ու հանելու փոխարէն, ինչքան ուժ ունես սեղմում ես: Մի քանի րոպէ մնում ենք այնտեղ, սկսում ենք շնչահեղձ լինել ու մեզ արագ դուրս ենք գցում պուրակից:

Շարժւում ենք դէպի Մարտունի: Անցնում ենք Մարտունու քաղաքապետարանի մօտով ու տեսնում  Մոնթէի արձանը: Պատերազմի ժամանակ ռմբակոծուած արձանը` մէկ տարի անց արդէն բարեկարգուած ու նորոգուած: Անցնում ենք Մարտունու գիւղերով: Երկու տուն ենք անցնում ու երրորդի դիմաց սեւ ժապաւէն է, եւս երկուսը ու կրկին սեւ ժապաւէն: Սա Մարտունու Գիշի գիւղն է: Այս փոքր գիւղը արցախեան երկու պատերազմների ժամանակ ունեցել է յիսուն զոհ: Մտնում ենք գիւղի դպրոց: Շրջում ենք ու բարձրանում երկրորդ յարկ․ միջացքում տղերքի նկարներն են: Դպրոցի տնօրէնը հասնում է նկարների մօտ ու լռում: Միայն կիսաձայն ասում է` մեր գիւղի տղերքն են: Ձայնը սկսում է խզուել, աչքերը լցւում է ու գլուխը կախում․ այլեւս ոչինչ չկայ ասելու:

Յաջորդ կանգառը Մարտունու սահմանամերձ Սօս գիւղն էր: Այստեղ զգում ես, թէ մահը իր ողջ սարսափով ինչքան մօտիկ է քեզ: Դիրքերը տան պատուհանից տեսանելի են: Բայց մարդիկ ապրում են ու շարունակում աշխատել, արարել: Գնում ենք գիւղի դպրոց: Մտնում ենք ներս ու հաճելի ակտիւութիւնից (եռանդից, խմբ․) գլխապտոյտ է առաջանում: Երեխաները վազվզում են միջացքով,մէկը շտապում է ճաշարան, միւսը դասարան, միւսն էլ արդէն դասերը աւարտել է ու գնում է տուն: Սօսը սահմանամերձ գիւղ է, իրեն բնորոշ խնդիրներով ու հոգսերով: Տնօրէնն ասում է` դժուարութիւններ կան, թէ՛ ֆինանսական (նիւթական, խմբ․)  , թէ՛ հոգեբանական: Թշնամուն ու նրանց մի քանի քիլոմեթր է բաժանում: Եթէ իրենց կեանքի համար չէ, ապա երեխաների համար շատ են անհանգստանում, բայց թողնել գիւղն ու գնալ չեն պատրաստւում: «Սա մեր դիրքն է, դասալիքն էլ` դաւաճան»,– ասում են դպրոցի աշխատակիցները:

Իսկ յետոյ հնչում է զանգը, նորից աղմուկ ու աշխուժութիւն․ աշակերտները վերադառնում են դասարաններ:

Այս աշխուժութիւնը մարդկանց սրտերում պատուած գորշութեան հակառակ կողմն է: Այս աշխուժութիւնը քեզ հասնում է ընկճախտից, ներսիդ ցուրտը փոխարինում հաճելի ու երկար սպասուած ջերմութեամբ: Այս աշխուժութեան մէջ վերագտնում եւ վերաիմաստաւորում ես պայքարդ ու հաւատում դրա յաղթական աւարտին:

Պատերազմից ուղիղ մէկ տարի յետոյ հէնց այդ նոյն օրը Արցախում լինելը ծանր ու դժուար էր, բայց Արցախում միշտ էլ բուժում կայ ցաւին: Արցախը գիտի ինչպէս բուժել վէրքերդ: Մնում է` մենք էլ կարողանանք նրա վէրքերը բուժել:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Հեռաւոր Արեւմուտքէն Դէպի Մօտակայ Հարաւ
Next post Մեր Տեսլականը, Իրողութիւնները Եւ Յաղթանակի Հեռանկարը

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles