2020-ի Պատերազմում Մեր Պարտութիւնը Չի Կոտրել, Այլ Միայն Վնասել Է Արցախահայութեան Մէջքը

0 0
Read Time:6 Minute, 30 Second


ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ

Ուղիղ մէկ տարի է անցել այն օրուանից, երբ սկսուեց Արցախեան երրորդ պատերազմը: Պատերազմ, որ սանձազերծել է Ազրպէյճանը Թուրքիայի զինուած ուժերի հետ համատեղ` Հիւսիսային Սուրիայից, Լիպիայից, Փաքիստանից հաւաքագրուած միջազգային ահաբեկչութեան զգալի ուժերի մասնակցութեամբ: Փաստօրէն Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակը ստիպուած էր 44 օր շարունակ դիմակայել ոչ միայն Ազրպէյճանի զինուած ուժերի յարձակումը: Առաւել եւս, որ թշնամին բազմակի գերակշռում էր ոչ միայն կենդանի ուժի թուաքանակով, այլեւ արդիական, անգամ` գերարդիական սպառազինութեամբ: Համոզուած եմ` եթէ խնդիրը վերաբերէր միայն ազրպէյճանական զօրքերի յարձակմանը, ապա պատերազմի արդիւնքները միանգամայն հակառակ պատկերը կը կազմէին, այսինքն` այնպիսին, ինչպէս 1991-1994 թուականների պատերազմի եւ կամ, առնուազն, 2016-ի քառօրեայ պատերազմի աւարտին էր:
Սակայն, արդեօք, մենք լիարժէք պատրա՞ստ էինք համաժամանակ պատերազմելու Ազրպէյճանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչութեան դէմ: Դատելով նախապատերազմեան շրջանի պաշտօնական հաւաստիացումներից` Արցախի պաշտպանութեան բանակը եւ, ընդհանուր առմամբ, հայոց բանակը սպառազինուած էր արդիական զինատեսակներով եւ համալրուած համապատասխան զինուորական կրթութեան տէր սպայական անձնակազմով` այն աստիճան, որ ի զօրու էր ոչ միայն արժանուոյնս դիմակայելու Ազրպէյճանի յարձակմանը, այլեւ հակայարձակ գործողութիւններով նրան պարտադրելու վերադառնալ իր ելման դիրքերը: Արդեօք, բաւարա՞ր էր բանակի սպայական ու, մանաւանդ, բարձր սպայական անձնակազմի բարոյա-հոգեբանական վիճակը, որ, անշուշտ, կարեւոր ու վճռական գործօն է պատերազմական իրավիճակներում: Եւ վերջապէս, հայոց բանակն ամուր, անյողդո՞ղդ էր Արցախի պաշտպանութեան բանակի հետ մէկտեղ Արցախի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի անվտանգութեան յուսալի երաշխաւորի իր ստանձնած պարտաւորութեան մէջ:
Աւա՜ղ, անցած պատերազմի ողջ ընթացքը եւ մեր կրած պարտութիւնը ցուցադրեցին, որ բոլոր այդ հարցադրումների պատասխանները սոսկ վերապահումներով էին դրական: Միակ յուսադրող երեւոյթը, որի մասին բացառապէս հպարտութեամբ կարող ենք բարձրաձայնել, դա շարքային զինուորների, կամաւորականների եւ կրտսեր ու միջին սպայական անձնակազմի ցուցաբերած, յիրաւի, խիզախ, հերոսական պահուածքն էր մարտական գործողութիւններում: Այդ են վկայում պատերազմից տուն դարձած զինուորների պատմութիւններն իրենց զինակիցների հերոսականութեան մասին, ինչին չենք կարող չհաւատալ: Ինչպէս որ չենք կարող հաւատ չընծայել նրանց այն վկայութիւններին, համաձայն որոնց, կռուող բանակը, փաստօրէն, զուրկ էր ընդհանուր համաճակատային եւ ըստ ուղղութիւնների լիարժէք կառավարումից եւ որ ակնյայտ էին բարձրագոյն հրամկազմի ոչ կշռադատ հրամանները, ինչը հանրութեան շրջանում ենթադրաբար գնահատւում է ոչ այլ կերպ, քան դաւաճանութիւն հայրենիքին ու ժողովրդին:
Արդիւնքում Արցախի Հանրապետութիւնը կորցրեց իր տարածքների շուրջ երեք չորրորդական մասը, այդ թւում` Հադրութն ու Շուշին, հարիւրաւոր այլ բնակավայրեր: Մենք տուեցինք հազարաւոր զոհեր, գերիներ եւ անյայտ կորածներ, որոնց վերջնական թիւն առ այսօր ստոյգ ճշդուած չէ: Կորցրինք վիթխարի քանակութեամբ նիւթական եւ ոչ նիւթական մշակութային արժէքներ` եկեղեցիներ, վանքեր, թանգարաններ, յուշարձաններ, որոնք ահա ամիսներ ի վեր թշնամին հետեւողականօրէն ոչնչացնում է` այդ գրաւեալ տարածքներից հայոց պատմական հետքն ի սպառ վերացնելու նպատակով:
Առ այսօր շարունակում է Արցախի սահմաններից դուրս մնալ պատերազմի պատճառով տեղահանուած եւ Հայաստանում ժամանակաւորապէս ապաստանած մեր հանրապետութեան քաղաքացիների մի հոծ զանգուած` տասնեակ հազարաւորներ: Ինչո՞ւ: Պատճառները, իւրաքանչիւր առանձին ընտանիքի համար, տարբեր են եւ ինչ որ տեղ, հնարաւոր է, արդարացուած` կեանքի անվտանգութիւն, տան, բնակարանի եւ ունեցուածքի կորուստ, զբաղուածութեան խնդիր, բացառապէս հայրենի բնակավայրում ապրելու, առայժմ անիրականանալի, երազանք: Սակայն բոլոր պատճառներից առաւել գերական, եկէք համաձայնենք, նրանցից շատերի համար վաղուայ օրուայ անորոշութիւնն է, որ, չեմ կասկածում, անընդհատ, անողոք կրծում է Արցախ չվերադարձած մեր իւրաքանչիւր հայրենակցի սիրտն ու հոգին:
Թէկուզ հարկ է պատշաճը մատուցել եւ ասել, որ հետզհետէ նկատելի առաջընթաց են ապրում թշնամու վերահսկողութեան տակ անցած բնակավայրերից տեղահանուած եւ անցած ամիսներին Արցախ վերադարձած քաղաքացիների ընդունման, տեղաւորման եւ բնակ-կենցաղային նուազագոյն պայմաններով ապահովման աշխատանքները, որոնք հետեւողականօրէն իրականացւում են, ժողովրդական բառ ու բանով ասած, «տեղներս նեղ, սրտներս լեն լինի» սկզբունքով: Վերադարձած քաղաքացիների զգալի մասը տեղաւորուել է հիւրանոցներում, հանրակացարաններում, հանրային այլ շինութիւններում, տիրազուրկ բնակարաններում ու գիւղական առանձնատներում, մի խօսքով` ուր որ հնարաւոր է` ապահովուած լինելով առաջին անհրաժեշտութեան կենցաղային պայմաններով եւ ամէնօրեայ սննդամթերքով: Բացի այդ, հետզհետէ կեանքի է կոչւում պատերազմի հետեւանքով բնակիչների կրած նիւթական վնասների փոխհատուցման գործընթացը: Ձեռնարկւում են այլ օժանդակ միջոցներ: Հայրենիք վերադարձած քաղաքացիների մի մասն էլ ժամանակաւորապէս տեղաւորուել է ազատ բնակտարածք ունեցող այլ բնակիչներից վարձակալած բնակարաններում եւ առանձնատներում` պետութեան կողմից վարձավճարի որոշակի փոխհատուցման պարտաւորութեամբ:
Բացի այդ, Արցախի բնակավայրերում` սկսած Ստեփանակերտից մինչեւ ծայրամասային գիւղերը, լայն թափ են առել բնակարանային շինարարութիւնը եւ հին բնակֆոնտի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները, հիմնւում են նոր բնակավայրեր, որոնք նախատեսուած են տեղահանուած բնակիչների համար:
Միեւնոյն ժամանակ` տակաւին առկայ է թուրք-ազրպէյճանական տանդեմի եւ միջազգային ահաբեկիչների նոր համատեղ յարձակման հաւանականութիւնը` ինչպէս Արցախի, նոյնպէս եւ Հայաստանի դէմ: Այդ մասին պատեհ, թէ անպատեհ չեն ալարում յայտարարել թէ Պաքւում եւ թէ Անգարայում` քողարկուած կամ բացայայտ հասկացնելով, որ, չենթարկուելու դէպքում, այս անգամ բանը կարող է հասնել հայութեան բնաջնջման, ինչպէս Արցախում, նոյնպէս եւ Հայաստանում: Իսկ ենթարկուելը, նրանց հասկացութեամբ, Արցախի բնակչութեան համաձայնութիւնն է ընդունել Ազրպէյճանի իրաւաենթակայութիւնը, ինչը թէ Պաքւում եւ թէ Անգարայում շատ յստակ գիտակցում են, որ ոչ մի դէպքում հնարաւոր չէ: Օտար, առաւել եւս թշնամական լծից իր ազատութեան համար անցեալ դարի 80-ականների վերջին հերթական անգամ ոտքի ելած եւ իր անկախ, ինքնիշխան պետականութիւնը կերտած արցախահայութիւնը երբեք, ոչ մի պարագայում ծնկի չի գայ: Բացի այդ, հետզհետէ կեանքի են կոչւում տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ:
Ի դէպ, ուշագրաւ է, որ յամառօրէն ժխտելով անցած դարասկզբի` 1915-1923 թուականների Հայոց ցեղասպանութեան փաստը Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան Թուրքիայի մնացեալ տարածքներում, Արեւելեան Հայաստանում եւ Արեւմտեան Մերձկասպիայում, այսինքն` ներկայիս Ազրպէյճանի տարածքում, անգամ անցած դարավերջին` 1988-1992 թուականներին Ազրպէյճանում նոյն դաժան ոճով պետականօրէն կազմակերպուած եւ իրագործուած հայ բնակչութեան ջարդերը, այնուամենայնիւ, այդ ցեղասպան պետութիւնների քաղաքական, հանրային, ընկերային եւ այլ հարթակներից մեզ, հայերիս ուղղուած յորդորներ ու նախազգուշացումներ են հնչում` չմոռանալ պատմական անցեալի դառը դասերը: Այսինքն` անկախ որդեգրած ժխտողական քաղաքականութեանը, իրենք իսկ քաջատեղեակ են այդ իրականում անժխտելի հակահայկական, հակամարդկային յանցագործութիւններին, բայց ահա, չակերտների մէջ ասած, «բարեկամաբար» խորհուրդ են տալիս չստիպել իրենց վերստին դիմելու պատժիչ գործողութիւնների, ասել է թէ` կրկնաբար շարունակելու Հայոց ցեղասպանութիւնը:
Ժողովրդական ասացուածքը պնդում է` «Եղունգ ունես, գլուխդ քորիր»: Մինչդեռ մենք յոյս ենք կապում հիմնականում այլոց եղունգների` աշխարհի ուժային կենտրոնների, միջազգային կառոյցների բարեսիրտ վերաբերմունքի եւ աջակցութեան հետ: Ինչ խօսք, դա նոյնպէս անհրաժեշտ է: Բայց եկէք մտածենք, որ նոյն այդ կենտրոններն ու կառոյցները սեփական շահերն ունեն մեր տարածաշրջանում եւ, ճշգրիտ, Արցախում, շահեր, որոնք շատ յաճախ հակասութեան ու բախումների մէջ են իրար հետ: Արդեօք, հէնց այդ հակասութիւնների ու բախումների արձագանգը չէ՞ր 44-օրեայ պատերազմը` մեզ համար իր անչափ ծանր հետեւանքներով:
Աշխարհը` յանձինս միջազգային հանրութեան, բաւարարւում է հակադարձման քայլի հետ դոյզն իսկ առնչութիւն չունեցող, սոսկ անիմաստ դատապարտման խօսքով: Ոչ աւելին: Այլապէս, հեռուն չգնանք, այդպէս` անտարբերութեան աստիճան անհաղորդ չէին մնայ Արցախի ու նրա ժողովրդի դէմ Ազրպէյճանի եւ Թուրքիայի համատեղ սանձազերծած եւ իրագործած անցեալ տարուայ աշնանային յարձակման եւ այդ յարձակման ընթացքում արձանագրուած այն աղաղակող հակամարդկային գործողութիւնների ու միջոցների հանդէպ, ինչպիսիք են զանգուածային ոչնչացման գերարդիական զինատեսակների, այդ թւում, մանաւանդ, ֆոսֆորական ռումբերի կիրառումը, միջազգային ահաբեկչական ուժերի ներգրաւումը պատերազմին, անկախ տարիքից ու սեռից խաղաղ հայ բնակիչների խոշտանգումները, գլխատումները, պատերազմի յայտարարուած աւարտից յետոյ գերեալ հայ զինծառայողների եւ պատանդ վերցուած քաղաքացիական անձանց տունդարձի իրաւական հրամայականը քաղաքական շահարկման ենթարկելու եւ տարաբնոյթ սակարկումների խնդրի վերածելու ջանքերը եւ այլն, եւ այլն: Բնականաբար, առկայ բոլոր միջոցներով կը զսպէր ու խստագոյնս պատասխանատուութեան կ’ենթարկէր հակամարդկային ոճրագործութիւնների հեղինակ այդ պետութիւններին: Ասել եմ մի առիթով, կրկնում եմ հիմա` արդեօք, անտարբերութեան, անհաղորդ վերաբերմունքի նոյն դրսեւորումը չէ՞ր Հայոց ցեղասպանութեան առնչութեամբ:
Բարձրագոչ խօսք չէ, որ ասում եմ` 2020 թուականի պատերազմում մեր կրած պարտութիւնն ամենեւին չի կոտրել, այլ միայն վնասել է Արցախի հայութեան մէջքը, ինչի ապաքինումը ժամանակի խնդիր է, ընդ որում` ոչ երկար ժամանակի: Մանաւանդ, ինչպէս տեսնում էք, մենք բոլորս էլ ոտքի վրայ ենք, ոչ ծնկի եկած, հետեւապէս ի զօրու ենք ազգովի` Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան վիթխարի ներուժի կիրառմամբ շարունակելու իրագործել որդեգրած մեր նուիրական իղձերը, խնդիրներն ու նպատակները: Յիշենք ու երբեք չմոռանանք, հայ ժողովուրդը, այդ թւում առանձնապէս Արցախի հայութիւնն իր բազմադարեայ պատմութեան մէջ մէկ անգամ չէ, որ յայտնուել է նման ծանր, անգամ` առաւել վատթար իրավիճակներում, բայց կարողացել է ժամանակի ընթացքում բուժել ստացած վէրքերը, ուղղել փոքր ինչ կորացած մէջքն ու արժանապատիւ դիմակայել առկայ ու գալիք մարտահրաւէրներին: Իսկ քանի որ մենք մեր հերոսական նախնեաց ժառանգներն ենք, ուստի, բնականաբար, նաեւ մեր հոգու պարտքն է կատարելու Աստծոյ հրամայականը` շուտափոյթ յաղթահարել մեր մէջ բուն դրած անորոշութեան ախտանիշը եւ համընդհանուր ջանքերով վերացնել պատերազմի հետքերը, շէնացնել երկիրը` գալիք դարերին ապահով հասցնելու ու մեր գալիք սերունդներին փոխանցելու համար հայոց ազատ ու անկախ պետականութիւնը: Մեզ պատուհասած աղէտն ընդհանրական է, հետեւապէս. հատուածային տարբերակումների, մեզնից իւրաքանչիւրը` Արցախում լինի, Մայր Հայաստանում. թէ հայոց սփիւռքում, հոգու պարտքի զգացումով պիտի մասնակից լինի աղէտից հայրենիքի ու ժողովրդի փրկութեան, երկրի վերաշինման գործին:
Խոնարհումս Արցախեան ազատամարտի, մասնաւորապէս, 2020 թուականի աշնանային պատերազմի կենաց ու մահու կռիւներում իրենց երիտասարդ կեանքը յանուն հայրենիքի զոհաբերած մեր հերոս, մեր սուրբ նահատակների յիշատակին: Փառք ու պատիւ հայրենիքի նուիրեալներին:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Արցախի 44-օրեայ Պատերազմի Ա․ Տարելիցին Առթիւ․- Բողոքի Ցոյց Եւ Հաւաք՝ Յունաստանի Մէջ
Next post Տերեւաթափ․- ԺՊՏՈՒՆ ՍԱՐՀԱՏԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles