Պատմական Իրողութիւններ Եւ Ճակատագրական Հետեւանքներ

0 0
Read Time:4 Minute, 53 Second


«Դրօշակ»

Սեպտեմբեր 2021
Առաջնորդող յօդուած
Սեպտեմբեր ամիսը այսուհետ ամրագրուելու է մեր գիտակցութեան մէջ հայութեան կեանքում տեղի ունեցած երեք կարեւորագոյն իրադարձութիւններով: Սեպտեմբեր 2, 1991-ին ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի, Շահումեանի շրջանային խորհրդի եւ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների համատեղ նստաշրջանը հռչակագիր ընդունեց ԼՂՀ հռչակման եւ նրա պետական իշխանութեան ու կառավարման ժամանակաւոր մարմինների ձեւաւորման մասին: Նոյն 1991 թուականի Սեպտեմբեր 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնութեամբ քուէարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետութիւն ստեղծելու օգտին: 29 տարի անց` Սեպտեմբերի 27, 2020-ին, Ատրպէյճանը Թուրքիայի անմիջական մասնակցութեամբ պատերազմ սկսեց Արցախի դէմ, որի հետեւանքները ոչ միայն կործանարար եղան Արցախի համար, այլեւ լրջագոյն սպառնալիքներ են պարունակում Հայաստանի ամբողջականութեան եւ յետագայ ինքնիշխան գոյութեան համար:
Հայութեան` ազգային գիտակցութեամբ օժտուած հատուածի համար Արցախի ազատագրումը նորագոյն շրջանի ազգային գլխաւոր ձեռքբերումն էր, որովհետեւ անգամ Հայաստանի անկախութեան տեսլականը շատ աւելի իրականանալի հեռանկար ունէր, քան Լեռնային Արցախի հայկականութեան պահպանումը եւ նրա ազատագրումը ատրպէյճանական լծից, իսկ հայկական Արցախի գոյութիւնը լուրջ պատուար էր դառնալու Հայաստանի համար` էականօրէն մեծացնելով միասնական հայրենիքի ընդհանուր ներուժը:
Դաւադրական պատերազմից մէկ տարի անց անդրադառնալով անցած ճանապարհին եւ ներկայ վիճակին` պարտաւոր ենք յանուն ապագայի յստակեցնել, թէ արդեօք թոյլ չե՞նք տուել այնպիսի ճակատագրական սխալներ, որոնք դեր են խաղացել ողբերգական հետեւանքների հարցում: Ինչո՞վ էինք զբաղուած տասնամեակներ շարունակ, երբ թշնամին, մանկապարտէզից սկսած, դաստիարակում էր իր ժողովրդին, թէ Ղարաբաղն իրենցն է, եւ այն ցանկացած գնով պիտի ետ նուաճեն: Երբ այդ թշնամին, իր նպատակներին հետամուտ, ամէն օր խնդիրներ էր ստեղծում հայկական կողմի համար սահմանային գօտում, մարտական շփման գծում, միջազգային կազմակերպութիւններում եւ ամէնուր, մենք հակադարձողի դերի մէջ գոհանում էինք, եթէ յաջողւում էր չէզոքացնել հակահայկական հերթական որոշումը միջազգային ատեաններում կամ ռազմական սադրանքը սահմանին: Անցած 30 տարիներին թշնամի երկրում իշխող գաղափարախօսութեան եւ ներհասարակական մթնոլորտի պայմաններում չյայտնուեց մի «խաղաղասէր», որը կասկածի տակ Ստեփանակերտ 1988-ին կը դնէր Արցախի ատրպէյճանապատկանութեան հարցը կամ ակնարկ կ՚անէր հրաժարուելու «դժբախտ, դժգոյն» բնակավայրերից, այնինչ ազգայինազատագրական պայքարի ճանապարհ ընտրած հայութեան զանգուածներ ուսերի վրայ իշխանութեան բերեցին հայրենիք յանձնող օտարասուն խառնախմբի եւ ցաւի բթացած զգացողութեամբ չեն արձագանգում թէ՛ կորցրածի, թէ՛ հնարաւոր կորցնելիքի համար: Քսանհինգ տարի չաւարտուած պատերազմի երկիրը յաղթողի ու ամենակարողի ինքնահաւանութեամբ արհամարհեց ազգային գաղափարախօսութեան սերմանման, ազգային դաստիարակութեան, երկիրը հաւանական մարտահրաւէրների յանդիման առողջացնելու եւ արդարութեան հիմքի վրայ հզօրացնելու հիմնահարցերը: Երես առած երեխայի պէս հակառակորդը ցանկութեան դէպքում եւ՛ բանակցեց, եւ՛ զուգահեռաբար ձեռնարկեց ռազմական սադրանքներ ու երկու պատերազմ` թքած ունենալով, թէ ինչ կ՚ասեն արտաքին ուժերը (որոնք այդպէս էլ նրան չդատապարտեցին, այլ միշտ երկու կողմերին նախատեցին հաւասարապէս): Այնինչ հայկական կողմը կարգապահ աշակերտի պէս միշտ ձգտեց դրսի ուժերին ապացուցելու, թէ ինչքան լսող է եւ պարտաճանաչ: Ատրպէյճանը մշտապէս վարեց ագրեսիւ հռետորաբանութիւն, անընդհատ մեծացրեց իր ռազմական ներուժը, օտարերկրեայ պաշտօնական զօրամիաւորումների եւ ահաբեկիչ վարձկանների ներգրաւեց յանցագործ պատերազմի մէջ, երբեք թոյլ չտուեց, որ այլ արժէքներ դաւանող եւ ազգային-պետական ռազմավարութեան շուրջ անհամաձայնութիւններ ունեցող ուժերը գլուխ բարձրացնեն երկրի ներսում, իսկ Հայաստանը վախեցաւ անգամ ռազմաքաղաքական համաձայնագիր կնքել Արցախի հետ, վախեցաւ կամ քամահրանքով վերաբերուեց տարածքների բնակեցման հարցին եւ կեղծ ժողովրդավարութիւն խաղալով իր ծոցում տաքացրեց օտարի հինգերորդ շարասիւնը հանդիսացող ուժերի, որոնք պէտք է խաղաղ տիրանային իշխանութեանը եւ քանդէին երկիրը: Անշուշտ, երկար տարիների անպտուղ գործելակերպը չդարձաւ արցախեան պարտութեան ու չաւարտուած կապիտուլեացիայի անմիջական պատճառը, սակայն այն հող նախապատրաստեց նրանց գալու համար, որոնց իշխանութեան օրօք հնարաւոր դարձաւ այն, ինչ եղաւ:
Արձանագրենք, որ օտարի թելադրանքին ենթակայ բացարձակապէս անփորձ եւ անպատասխանատու նոր իշխանութիւնը ոչ միայն ունակ չեղաւ պաշտպանելու երկիրը հնարաւոր պատերազմից եւ դրա կործանարար հետեւանքներից, այլեւ նոյն թեթեւամտութեամբ պատրաստակամութիւն է դրսեւորում վաւերացնելու փաստաթղթեր, որոնք ոչ միայն Արցախի կորուստը իրաւականօրէն կ՚ամրագրեն, այլեւ այնպիսի զիջումներ Հայաստանից, որոնցից յետոյ Հայաստանը առհաւէտ կը կորցնի անվտանգութիւնն ու ինքնուրոյնութիւնը ապահովելու հնարաւորութիւնը: Հայաստանի վերջին պարտուողական իշխանութիւնը, ձեռք ձեռքի տուած առաջին պարտուողական իշխանութեան հետ, փայփայում է այն յոյսը, թէ թուրք-ատրպէյճանական առաւելապաշտական պահանջները բաւարարելուց յետոյ Հայաստանը կը ստանայ յաւերժական խաղաղութիւն, բայց այդ անուրջները ոչ մի առնչութիւն չունեն ո՛չ պատմական նախադէպի, ո՛չ թրքական ռազմավարական ծրագրերի եւ ո՛չ էլ աշխարհաքաղաքական կոնկրէտ իրողութիւնների հետ: Զգալով իր թոյլ տուած պատմական սխալների ծանրութիւնը եւ միւս կողմից պատանդ մնալով հայոց պարտութիւնների ծրագրի վերջնականացմանը` արկածախնդիր իշխանութիւնը արտաքին մարտահրաւէրներից շեղելու համար շարունակում է ժողովրդի ամբոխային կրքերը գրգռել ներքին դասակարգային պայքարով: Համակողմանիօրէն ձախողուած իշխանութիւնը պատասխանատուութիւնից խուսափելու լաւագոյն պաշտպանական մարտավարութիւն է որդեգրել յարձակումը: Երկրի ճակատագրական հարցերում բացարձակ կրաւորականութեան պայմաններում շարունակւում է դատական հետապնդումների բազմասերիանոց շօ-ուն: Ըստ էութեան, երկրում հաստատուած է աւտորիտար խունթա, որի յենարանը ազգային անվտանգութեան եւ ոստիկանութեան ուժերն են: Ասուածի ամենէն աւելի ակնառու օրինակը ներկայիս խորհրդարանն է, որի միջանցքները լցուած են համազգեստաւոր ու աւտոմատաւոր մարդկանցով, որոնք հրաման ստանալուն պէս խուժում են նիստերի դահլիճ եւ ծեծում պատգամաւորների: Ընդդիմադիր տարբեր գործիչների, տեղական իշխանութեան ներկայացուցիչների հետ անօրինականօրէն ձերբակալուել ու փակի տակ են պահւում երկրի բարձրագոյն ներկայացուցչական մարմնի պատգամաւորներ: Ճնշման տակ է ազատ մամուլը, ուժային կառոյցների ծառայամիտ ղեկավարները պատրաստակամօրէն ժողովրդի դէմ են դուրս բերում բիրտ վարք դրսեւորող ուժերի` անկախ նրանից, թէ ինչի դէմ է ուղղուած հանրային դժգոհութիւնը: Իշխանութիւնը առանց վարանելու նորանոր օրինակներով փաստում է, որ իր համար երկրի բոլոր օրէնքները, այդ թւում` մայր օրէնքը, ոչ մի արժէք չունեն: Այս քաղաքական վարքի համար կրկնուող պատմական օրինաչափութիւն է նաեւ երկրի օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների կեդրոնացումը մէկ մարդու ձեռքում, ինչը սովորաբար վերածւում է անվերջանալի գործընթացի եւ աւարտւում է իշխանական համակարգի ու նրա կրողի կործանմամբ:
Նրանք, ովքեր քուլիսների ետեւում խորհուրդներ են տալիս ինքնահաւան բռնապետիկին` սեփական փորձառութիւնից ելնելով, կարող էին իհարկէ զգուշացնել վերջինիս, բայց նրանք էլ կարծես էյֆորիայի մէջ են: Ներքին լսարանի առջեւ պատասխանատուութիւն չունենալով, իսկ արտաքին ուժերի կողմից լռութեան խրախուսանքի արժանանալով` գործող խունթան, «դրական ազդակներին» արձագանգելով, ընթանում է դէպի հերթական պարտաւորութիւնների կատարումը ազգի ոխերիմ թշնամիների նկատմամբ:
Կը գտնի՞ արդեօք բարոյալքուած, խաբուած ժողովուրդն իր մէջ բաւարար իմաստնութիւն եւ կամք` ոտքի կանգնելու եւ կանխելու այս գահավիժումը:
Պատասխանատու են բոլորը, քանի որ այս երկիրը ներկայի պատանդը չէ. այն աւելի շատ պատկանում է անցեալին ու ապագայի սերունդներին: Ոտքի կանգնելու, գործելու պատասխանատուութիւնը բոլոր նրանց ուսերին է, ովքեր կարողունակ են եւ հայրենիքը վեր են դասում ամէն ինչից:

Յ.Գ.- Այս պայմաններում իշխանութիւնը, որը երկրի սահմանների պաշտպանութեան գործը պատրաստ է յանձնել ցանկացածին որ այդ պատասխանատուութիւնը կը ստանձնի, պատրաստւում է կատարել երկրի անկախութեան օրուան նուիրուած գունագեղ տօնակատարութիւն: Կարելի՞ է տօնել մի երկրի անկախութիւնը, որի սահմաններից ներս, ազատօրէն թրեւ է գալիս թշնամին` ճանապարհներ է փակում, դիրքեր է գրաւում, յաւակնում է տիրանալու հաղորդակցական միջանցքների: Անկախութեան օրը տօնելու իշխանութեան բարոյական իրաւունքին չարժէ անդրադառնալ` չեղած բանից չեն խօսում:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Գրախօսական ․- Մուշեղ Իշխանին «Մնաս Բարով Մանկութիւն»
Next post Գորիս-Կապան Մայրուղիին Վրայ Ատրպէյճանական Անցակէտ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles