Արցախը՝ Պատերազմից Յետոյ

0 0
Read Time:3 Minute, 13 Second

Գառնի Մութաֆեան

Յատուկ ՀԱՅՐԵՆԻՔ-ին

«Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»․ Ցուցանակը յուշում է՝ արդէն Արցախում ենք։ Սկսւում է անցակէտերի շարանը։ Թիւով 9 անցակէտ, որոնք անցնելուց յետոյ միայն կարող ես մտնել քո հայրենիք, քո տուն։

Հասնում ենք Աղաւնոյ, կանգնում հերթական անցակէտի մօտ, մեզ է մօտենում մի ռուս խաղաղապահ ու խնդրում անձնագրերը։ Նայում է փաստաթղթերին, հայեացքով զննում մեքենայում գտնուող միւս ուղեւորներին, ստուգում է բեռնախցիկը, մօտենում է դիմապակուն ու նկատում Հայաստանի դրօշը։ Շատ անտարբեր ասում է, որ հանենք դրօշն ու դնենք միայն Ստեփանակերտ հասնելուց յետոյ։ Հարցին, թէ ինչու՞ պէտք է հանենք դրօշը հնչում է աւելի անտարբեր պատասխան․ «Չի կարելի»։ Ստիպուած հանում ենք դրօշը ու շարունակում ճանապարհը։

Մի փոքր էլ ընթանալուց յետոյ հասնում ենք Շուշիի անցակետ։ Առաջին բանը, որ նկատում ենք մեծ ու կարմիր տառերով «Şuşa» գրութիւնն է։ Անցակէտում ռուսական ու ատրպէյճանական դրօշներն են, իսկ Շուշիում՝ Թուրքիոյ ու Ատրպէյճանի։ Բերդաքաղաքը պաշարուած է։ Կարծես վանդակի մէջ լինի։ Ներսում ազերի զինուորներն են։ Մի մասը նկարւում է, իսկ միւս մասը նստած է մեքենայի մեջ ու նայում է անցնող-դարձողին։ Նայում է վերեւից, նայում է քմծիծաղով, նայում է  թշնամաբար, նայում է տիրոջ աչքով։ Տեսարանը սարսափեցնող է։ Ասես մղձաւանչ լինի։ Լրագրողական հետաքրքրութիւնս ինձ դրդում է ձեռքս վերցնել հեռախօսն ու նկարել, բայց նոյն պահին մտափոխւում եմ։ Ամէն բան կորցնում է իմաստը, ցաւը կրկնապատկւում է, անկարողութեան զգացումը թւում է, թէ քեզ կը հասցնի խելագարութեան։ Անցակէտում կանգնում ենք 1 կամ 2 րոպէ, սակայն թւում է, թէ մի ամբողջ յաւերժութիւն է տեւել։ Մնացած ճանապարհը անցնում է լուռ։ Միայն հասցնում ես աննկատ արցունքներդ մաքրել, իբրեւ թէ չես ուզում կողքիներդ տեսնեն, մինչդեռ բոլորը նոյն վիճակում են։

Ստեփանակերտի ճանապարհին հանդիպեցինք մի խումբ աշխատաւորների, կանգնեցինք․

-Տղերք, ո՞նց էք, հօ չէ՞ք վախենում, որ թուրքը ձեզնից մի քանի քայլ է հեռու (ծիծաղելով)։

-Որ վախենայինք էլ էստեղ ինչի էինք գալիս։ Թուրքից վախենալ չկայ։

Հասնում ենք Ստեփանակերտ։ Անցնում ենք շուկայով, յետոյ հասնում վերածնունդի հրապարակ, պտտւում ենք քաղաքում։ Այս քաղաքում պատերազմի շունչը դեռ օդում զգացւում է։ Այն իր հետքը թողել է։ Շէնքերի, սրճարանների, խանութների վրայ տեսանելի են կրակոցների հետքերը։ Սակայն մարդիկ փորձում են շարունակել ապրել, փորձում են վերագտնել կորցրած ուժն ու ժպիտը։

Խօսում ենք այգում նստած մարդկանց հետ, որոշներն ապրում են միայն ներկայով, չեն ուզում յաջորդ օրուայ համար ծրագրել, բայց Արցախից գնալու մասին չեն ուզում անգամ մտածել, ասում են․

-Ու՞ր գնանք, սա մեր հողն է։ Մենք այստեղ ենք ծնուել ու մեծացել են։ Դժուար ժամանակներ են, բայց սա էլ կ՛անցնի, ամէն ինչ լաւ է լինելու։

Չնայած պատերազմի ծանր հետեւանքների, Արցախը երիտասարդների պակաս չունի։ Ստեփանակերտի, Մարտունու փողոցներում տեսնում ենք երիտասարդ տղաների ու աղջիկների։ Իրենց հայեացքներում չկայ առաջուայ անհոգութիւնը։ Թէպէտ պատերազմը խլել է դա, բայց փոխարէնն աւելացրել է պատասխանատուութեան զգացումը եւ յանուն հայրենիքի օրն ի բուն աշխատելու ցանկութիւնը։ Նրանց համար կայ մէկ յստակ ու մեծ վերնագիր․ «ԱՊՐԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՒ ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՅԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԳԱԼԻՔ ՅԱՂԹԱՆԱԿԻ»։

Մինչեւ Երեւան վերադառնալը որոշեցինք մտնել Ստեփանակերտի սրճարաններից մէկը։ Տեսնում ենք մի խումբ հաւաքուած մարդկանց։ Մուտքին միջոցառման պաստառն էր փակցրած։ Երիտասարդ զոյգի նկար էր, իսկ վրան գրուած էր՝ անաւարտ պատմութիւն։ Արդէն պարզ դարձաւ, թէ ինչ միջոցառում է։ 21-ամեայ Անգելինա Առստամեանի գրքի շնորհահանդէսն էր։ Պատերազմի ժամանակ ամուսինը՝  Կարէն Բեգլարեանը, զոհուել է։ Մի քանի ամիս անց կորցրել է դեռ չծնուած երեխային։ Բայց չկոտրուել է։ Գիրք է գրել նրանց սիրոյ պատմութեան մասին։ Մօտենում ու խօսում ենք նրա հետ։ Ասում է․

-Այս հողը լացելով ջրելու համար չէ։ Ես պիտի իմ կարողացածի չափով շարունակեմ Կարէնի գործը։

Ու ժպտում էր։ Ժպտում էր, որպէսզի մենք չտխրէի՞նք, թէ՞ այդպէս էր ուզում թաքցնել աչքերում եղած ցաւն ու թախիծը, արդէն էական չէ։

Թէպէտ Տեղ հասանք կոտրուած, նեղացած ու բարկացած, բայց Արցախն ստիպեց դրանք մի կողմ դնել։ Այստեղ պայքարը օդի հետ է միախառնուած։ Եթէ շնչում ես Արցախի օդը, ապա պիտի մոռանաս յանձնուելու ու կոտրուելու մասին։

Արցախը ցաւի, հպարտութեան, վրէժխնդրութեան խտացումն է։ Արցախը բաց վէրք է, որը պէտք է բուժել։ Բուժել փուլ առ փուլ, քայլ առ քայլ։ Բուժել առանց դադարի, բուժել առանց յոգնելու, բուժել այնքան, մինչեւ վէրքը կը փակուի ու կը մնայ միայն սպին, որը մնալու է յաւերժ, ինչպէս Արցախի պանթէոնում, Եռաբլուրում, իրենց ընտանեկան գերեզմաններում հանգչող տղերքի սխրանքները։

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՆՇՄԱՐՆԵՐ.- ԻՆՉՈ՞Ւ ՉԷՔ ՏԵՍՆԵՐ «ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ»-Ը…
Next post Համազգայինի Լիբանանի Նանօր* Մանկապատանեկան Երգչախումբի Կազմութիւնը  Եւ Երգահանդէսները 1980-ին

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles