Հատրութի Գոյները Նոր Ցուցասրահում

0 0
Read Time:3 Minute, 22 Second


Նորաբաց «Դիզակ Արթ» սրահում Հատրութը ներկայացնող 26 կտաւ է ցուցադրուած: Հատրութի երկրագիտական թանգարանի 7500 ցուցանմուշներից այս նկարներն են միայն փրկուել եւ այն էլ դիպուածների արդիւնքում:
Նոյեմբեր 2019-ին թանգարանն այդ նկարներն ուղղարկել է Մոսկուա, կազմակերպուած ցուցահանդէսին ներկայացնելու համար: Ատրպէյճանցիները տեղեկացել էին ցուցադրութեանը Արցախի Հանրապետութեան մասնակցութեան մասին ու աղմուկ բարձրացրել: Ցուցահանդէսի կազմակերպիչները թանգարանի տնօրինութեանը յայտնել էին, որ չեն կարող նկարների անվտանգութիւնն ապահովել, եւ դրանք մնացել ու ցուցադրուել են Մոսկուայում: 2020-ի Յունուարին նկարները պէտք է վերադարձնէին թանգարանին, սակայն քովիտ 19-ի պատճառով տեղափոխումը յետաձգուել էր: Այդպէս նկարները մնացին Մոսկուայում եւ փրկուեցին կորստից:
«Դիզակ Արթ»-ի համահիմնադիրներից Պատմական միջավայրի պահպանութեան Հատրութի շրջանային ծառայութեան պետ Գայանէ Բուդաղեանը ներկայացնում է կտաւների ստեղծման պատմութիւնը: 2017-ից Հատրութի վարչակազմի մշակոյթի բաժինը նախաձեռնել էր «դիզակի գոյները» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու էին հրաւիրւում տարբեր երկրների նկարիչներ: Ռուսաստանից, Ուքրայինայից, Հնդկաստանից, Վրաստանից, Պալթեան եւ այլ երկրներից մասնակցող նկարիչներն այդ օրերին ստեղծագործում էին Հատրութի տարբեր բնակավայրերում: Պայմանն այն էր, որ նկարիչներից իւրաքանչիւրը չորս գործ պէտք է թողնէր Հատրութի թանգարանին:
Այս հաւաքները, որոնք տեղի կ՛ունենային ամէն Յունիս ամսուան ընթացքին, իրականացուեցին երեք տարի, որի շնորհիւ թանգարանը հարստացաւ 200 գեղանկարով: Գայանեն ասում է, որ արդէն պատկերասրահ ունենալու մասին էին մտածում: 2020-ին համաճարակի պատճառով յետաձգել էին Սեպտեմբերին, յետոյ էլ պատերազմն սկսուեց: Բնակիչները Հատրութից տեղահանուեցին Հոկտեմբերի առաջին տասնօրեակում, իսկ յետոյ Հատրութն ամբողջութեամբ անցաւ թշնամուն:
«Հատրութի երկրագիտական թանգարանում 7500-ից աւելի ցուցանմուշ մնաց, դրանց լուսանկարներն անգամ մնացել են թանգարանում: Թանգարանի հաւաքածոյի մասին միակ փաստական վկայութիւնը թանգարանի զբօսավարի կազմած աշխատանքային ծրագիրն է, որը մշտապէս նրա պայուսակում է եղել եւ այդպէս է պահպանուել»,- պատմում է Գայանէն:
Մէկ ուրիշը «Դիզակ Արթ»-ին է փոխանցել Հատրութում հրատարակուող «Դիզակ» թերթի 3 համար: Թերթը «մի ցուցանմուշի պատմութիւն» սիւնակում ներկայացնում էր թանգարանային ցուցանմուշների պատմութիւնը, սակայն թերթի արխիւը նոյնպէս մնացել է Հատրութում: Այդպէս կորցրին նաեւ Հատրութի մասին ողջ պատմագիտական նիւթը:

Դիզակի մշակոյթն այս սրահում եզրափակւում է Խծաբերդից բերուած խաչքարի բեկորով: Խաչքարը գիւղի աղբիւրի մօտ է դրուած եղել, զոհուածների աճիւնների որոնողական աշխատանքներին մասնակցողներից մէկն այս Յունուարին թաքուն դուրս է բերել եւ տուել Տիւմի գիւղից մի աղջկայ: «Ես նրան խնդրեցի, որ տայ ցուցադրութեան համար: Այն ինչ մնացել է Հատրութից, որոշել ենք հաւաքել «Դիզակ Արթ» -ում, որպէսզի Հատրութից տարհանուած 13 500 բնակիչները հայրենիքից մի մասնիկ ունենան» -, ասում է Գայանեն:
Երեւան քաղաքում բացուած մշակութային սրահը «Դիզակ Արթ» են անուանել Հատրութի պատմական Դիզակ անունը պահպանելու համար: Ցուցասրահի պատին փակցուած լուսանկարներում Արցախի ամենաբարձրադիր եւ սուրբ լեռն է` Դիզափայտը, որի կատարին էլ գտնւում է հատրութեցիների սրբավայրը` Կատարոյ վանքը: Դիզակ անունն առաւել յայտնի է դարձել 17-րդ դարում, երբ ձեւաւորուել են Խամսայի մելիքութիւններն ու Դիզակի մելիքութիւնը դարձել է գլխաւոր կեդրոնը:
Հատրութում մի քանի թանգարանի նիւթ է մնացել:
Հին Հատրութ թաղամասի ամենահին շէնքերից մէկում գործող երկրագիտական թանգարանի վեց սրահներում Հատրութը ներկայացուած էր սկսած նախնադարից մինչեւ մեր օրերը: Գայանէ Բուդաղեանն ասում է, որ թանգարանը հարստացել էր, յատկապէս, մասնագիտութեամբ պատմաբան Արթուր Մկրտչեանի տնօրինութեան շրջանում (1986-91): Յետագայում հայրենագիտական թանգարանն անուանակոչուել է Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ, անուանի հատրութեցի Արթուր Մկրտչեանի անունով:
Թանգարանի վեց սրահներում ցուցադրուած էր Ազոխի քարանձաւի կենդանական ու բուսական աշխարհը, Հատրութից պեղուած հնագիտական գտածոները, հատրութեցիների կենցաղը պատկերող առարկաներ եւ ազգագրական նիւթեր, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հատրութեցիները, նաեւ Խորհրդային միութեան այլ երկրներում բնակուող յայտնի հատրութեցիների մասին տեղեկութիւններ:
Սրահներից մէկում, ըստ գիւղերի, փակցուած էին Արցախեան գոյամարտին մասնակցած մինչեւ ապրիլեան քառօրեայ պատերազմում զոհուած անվեհեր դիզակցիների, «մարտական խաչ» -ի ասպետների եւ անհետ կորած ազատամարտիկների լուսանկարները: Առանձին վահանակով ներկայացուած էր Արթուր Մկրտչեանի անցած ուղին եւ այլն: Այստեղ էր դրուած զոհուած ազատամարտիկների յիշատակին նուիրուած յուշարձանի մանրակերտը:
«Եւ սա ամբողջը չէ, մի քանի թանգարանի նիւթ է մնացել Հատրութում, որովհետեւ Հատրութի մարտական գործողութիւններն անկանխատեսելի եղան, ինչպէս Շուշիում եւ ոչինչ չփրկուեց»,- յայտնեց Պատմական միջավայրի պահպանութեան Հատրութի շրջանային ծառայութեան պետ Գայանէ Բուդաղեանը:


Թանգարանը երկու մասնաճիւղ ունէր` Մեծ Թաղերում էր գտնւում Խորհրդային Միութեան օդանաւորդութեան մասնագէտ Արմէնակ Խանփերեանցի տուն-թանգարանը: Այստեղ Խանփերեանցի վերաբերող նիւթերից բացի, տնօրէնը ազգագրական ու հնագիտական նիւթեր էր հաւաքել:
Հատրութի Տումի գիւղում 2014-ին հիմնուել էր Թեւան Ստեփանեանի տուն-թանգարանը: Նա 1920-ական թուականներին Հատրութի շրջանում հակաթրքական պայքարի կազմակերպիչներից էր, Դրոյի եւ Նժդեհի զինակիցը:
Հատրութի շրջանի Տող գիւղում է գտնւում Տողի մելիքական ապարանքը, որն ըստ պահպանուած արձանագրութեան կառուցուել է 1737-ին եւ պատկանել է Դիզակի Մելիք Եգանին: Տողի մելիքական ապարանքի արգելոցի տարածքում հիմնուած թանգարանում ցուցադրւում էին տարբեր տարիներին ապարանքի տարածքում իրականացուած պեղումների արդիւնքում յայտնաբերուած նիւթերը:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՓՈՒԹԻՆ՝ ՓԱՇԻՆԵԱՆԻ ԵՒ ԱԼԻԵՒԻ ՄԻՋԵՒ
Next post Ի՞ՆՉ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԱԴՐԱ՞Ծ Է, ՎԵՐՍԿՍԱ՞Ծ, ՀՍԿՈՒՄԻ ՆԱԽՕՐԵԱ՞Կ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles