Վախենում Եմ

0 0
Read Time:5 Minute, 9 Second

Գրեց՝Նորեկ Գասպարեան

Մեսրոպեան Ուղղագրութեան Վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

23 Յունիս 2021

 

«Դրօշակ», թիւ 6 (1652)

Ինչից եմ վախենում: Գուցէ չասե՞մ ինչպէս շատ շատերը…բայց լռութեան կողքին ապրելն էլ մի տղամարդկութիւն չէ: Չի ստացւում: Ծանր է: տեսակի խնդիր էլ կայ: Ինչքան էլ ասեն, հերն էլ անիծած, բան չի փոխուելու: Չէ՛, իսկապէս, զարմանալի ոչինչ չկայ: Այս վարակիչը ամենաքիչը մի քանի հազար տարուայ կենսագրութիւն ունի, եւ մենք լաւ էլ ուսումնասիրել ենք դրա աւերող ու կործանիչ բացիլները: մէկը մտածե՞լ է, որ դրանք մեզ հանգիստ թողնելու մտադրութիւն ունեն, որ դրանք կարող են գոյութիւն ունենալ առանց մեզ: Չասէք՝ միամիտ բան եմ ասում, եղբա՛յր, չասէք՝ ձեր մատուցածը քիչ մը հնահոտ է եւ նոր սերմնացաններին անհասկանալի: Մէկ է, չեմ համաձայնի: Ուզէք-չուզէք, ինչքան էլ ձեզ համար անհասկանալի ու տհաճ լինի:

Համարձակ ասեմ՝ ոչ թէ վախ է մտել մէջս, այլ այդ վախը միշտ էլ եղել է ինձ հետ. միասին քնել, միասին արթնացել ենք, միասին ուրախացել ենք, ճանապարհ ենք անցել. մի խօսքով, կարճ-կոնկրետ (ստոյք – ՅՄ)՝ ամեն տեղ միասին ենք եղել, եւ, օրինակի համար, ոչ մէկը չի կարողացել բաժանել մեզ, գոնէ մի քանի օրով հեռացնել իրարից…: Լաւ-վատ սա է իրականութիւնն ու անժխտելին…թաքցնելը չեմ կարծում, որ ճիշտ է:

Չասե՞մ, որ տարիներ առաջ, օրինակ, վախենում էի, չէ՛, սարսափում էի անտարբերութիւնից: եւ մտածում էի, որ դրա դէմն առնելու համար խիզախութիւնն ու նուիրումը չեն հերիքելու, որ երբեք չենք համարձակուելու նրան պատերազմ յայտարարել, եւ նա առանց դիմադրութեան, առանց կրակոցի զաւթելու է մեր երկիրը, մտնելու է մեր քաղաքներն ու շէները եւ քարուքանդ է անելու մեր մեծ ու փոքր տները…եւ մեզանից ոչ մէկը այդ հարիւրամեայ ճակատամարտում զարկուելու «միամտութիւն» չի ունենալու…:

Ուզում եմ ասել՝ կրկին կորսնցնելու ենք, հրաժարուելու ենք ունեցածից, դառնալու ենք անհոտ, անդիմագիծ, օտարացած մէկը՝ անցեալից հեռու, ներկայից դուրս, ապագայից անբաժին…:

Յետո՞յ…վերջից էլ եկող չկայ, որ բան ասի, բան իմանանք…օրինակի համար՝ ասի, որ մի նոր տապան շինելու ժամանակն է, կամ ամեն ինչ դեռեւս ջրի տակ է, եւ աղաւնին տեղ չի գտնում ոտքը դնելու…:

Վախենում եմ իմ եւ մերձաւորիս արանքում մի ժամանակ բնակութիւն հաստատած եւ անընդհատ ընդարձակուող ու նորանոր տարածքներ գրաւող նորին մեծութիւն գիշատիչ ատելութիւնից: Ես-ը, թիմ-ը, նոր-ը, նախքին-ը…վերջապէս՝ նոր Հայաստանը, հին Հայաստանը… սպիտակասեւ տագնապ է…սպիտակասեւ իրականութիւն…: Որտե՞ղ է իմ երկիրը…Ասէ՛ք տեղը… իմանամ՝ ուր է հասել…գնամ աղաչեմ, խոստովանեմ մեղքերս եւ փորձեմ վերադարձնել, փորձեմ բերել հետս…փորձեմ ոտքի կանգնել: Չգիտեմ, գուցէ յաջողուի՞ ապրել: Նեղուածք է, օդը չի հերիքում, մէկը գիշերը կողոպտել է մեզ, մենք՝ անտեղեակ…: Տատս կ’ասէր՝ տունը գող է մտել…

Ո՞վ է աւելորդը…եղբա՛յր, կա՞յ մեր այս պուճուրիկ երկրում մէկը: Ես ամեն օր ու ժամ ինձ համոզում եմ, որ դա յօրինուածք է, գայթակղեցուցիչ սուտ, որ առանց այդ ինչ-որ մէկի, ուզում եմ  ասել՝ այդ աւելորդի, մենք մեր կռիւը տանուլ կը տանք, այսօրուայ կռիւն էլ, վաղուանն էլ…բոլոր կռիւները…եւ ոչ մէկը չի վերադառնայ մարտադաշտից…:

Մէկը կար, գիւղում ապրող մարդ էր: Ամբողջ օրը գիւղամիջի հարիւր տարուայ ծռած նստարանին նստած էր: Լոյսը կաթում էր, նա այնտեղ էր: Ասում են՝ մի քիչ լաւ չի ծնուել, ուզում եմ ասել՝ բոլորի նման չէր, եւ մարդուն մեծ ու փոքր ձեռ էին առնում , ուղարկում ջրի, ինչ որ մէկին օգնելու, տների առաջն աւլելու, հանդից  չվերադարձած մարալ կովերը բերելու…օրինակի համար՝ այդպէս հազար ու մի գործ: Տարիքն առած մարդ էր, բայց էլի ոչ մէկին չէր մերժում, ոչ մէկին չէր կոպտում: Էլի երեխայի պէս վազում էր ջրի…: Եւ երբ մահացաւ այդ մեծ երեխան, ուզում եմ ասել՝ փոխեց բնակութեան վայրը, գիւղը կարծես դատարկուեց, մարդիկ նկատեցին, որ ջարդուել է ծռած նստարանը, որ հազար տարուայ աղբ կայ գիւղի փողոցներում, որ մարալ կովերը ամեն օր դառնում են գել ու գազանի բաժին, որ սառը ջուր բերելը դարձել է, ո՞նց ասեմ, տիեզերք նուաճելու նման մի բան…:

Եւ մենք հիմա դարձել ենք աւելորդ փնտռող: Գիւղերում , քաղաքներում, նոյնիսկ ամենաբոքրիկ բնակավայրերում այդ գործով ենք զբաղուած: Չասե՞ս՝ հանգստացէք մի հատ…Չասե՞ս՝ մեզ ջուր բերող է հարկաւոր, զէնք բռնող էլ, գիրք գրող, հպարտ ու ուրախ դպրոց մտնող…Չասե՞ս՝ առանց մարալ կովի դժուար կը լինի,  շա՜տ դժուար…

Եղբա՛յր, կորցնելուց եմ վախենում: Սկզբունքս, մտածողութիւնս, հաւատս, բարեկամիս տնկած ծառս, տաշած քարս մերձաւորիս…:

Յիշողութի՜ւնս…:

Բայց թաքցնելու բան չկայ, ամենաշատը հենց այդ յիշողութիւնը կորցնելուց եմ վախենում: ինչքան մտածում եմ, դա է ինձ պահողը այս օրեցօր փոքրացող արեւի տակ, դա է հեռուներից ինձ տուն բերողը, ամենաանհասկնալի օրերին կողքիդ պինդ կանգնողը: Օրինակի համար եմ ասում՝ ես առանց նրա ոչ մէկից չէի տարբերուի, ո՛չ էլ նախապապերիս կը ճանաչէի, ո՛չ էլ նախապապերս ինձ կ’ընդունէին…Ո’չ մէկն էլ ինձ ջրի չէր ուղարկի, ո՛չ էլ կը թողնէին աւլել երկրիս ամենահեռաւոր ու մոռացուած շէների նեղլիկ փողոցները:

Մեր բաժան-բաժան, հատուածային փառաբանութիւնից եմ վախենում, մեր մեծամտութիւնից, անընդհատ իրար մեղադրելու, իրար պատերի տակ կանգնեցնելու դաժանութիւնից: Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկեան երկրից հեռացնող մտածումից:

Լսե՞լ էք՝ բանակը պաշտպանում է ժողովրդին, ոչ թէ ինչ-որ անիմաստ, անհասկանալի բարձունքներ, լճակներ, մարգագետիններ…Ես չեմ ասել, քաղաքական գործիչն է ասել…Մի՞թէ փառահեղ չէ…Կարելի է նոյնիսկ ծափահարել, դարձնել ինչ-որ գեներալի պատմական խօսք, բանակաշինութեան փիլիսոփայութեան յենասիւն, ժամանակակից մտածողութեան յենակէտ:

Մի բան էլ ասեմ, չզարմանաք, վախենում եմ ցաւը չզգալուց: Ուզում եմ ասել՝ կորցնելու ցաւը, չտեսնելու, անտուն ու անզէն մնալու ցաւը:

Շուշիում մէկը կար, 1945-ին ոտքերից մէկը թողեց Պերլինի փողոցներում եւ վէրքածածկ մարմինը յենակների արանքում ճոճելով՝ բերեց հասցրեց Շուշի: Հարազատները, բնականաբար, օրերով լացեցին, բախտի բաժանողի հերն անիծեցին, Հիտլերին ամենաքիչը հազար անգամ թաղեցին ու հասկացան, որ մի ոտքով էլ կարելի է մարդավարի ապրել, նոյնիսկ առանց էն միւսի էլ, բայց դա չէ կարեւորը: Էդ մարդը մի օր՝ մի Մայիսի 9-ի՝ մի հանդիպման ժամանակ, երբ արցունքները հսկայական թաշկինակով սրբելով, սկսեց պատմել այդ անիծեալ պատերազմի մասին, հաւաքուածները, չգիտես ինչու, սկսեցին ծիծաղել…:Սկզբում՝ առանձին-առանձին, յետոյ՝ բոլորը միասին, ողջ դահլիճը…:

Եւ գիտէ՞ք՝ ինչ եղաւ յետոյ: Ասեմ: Մարդը դադարեց խօսել, տարիներ շարունակ նոյնիսկ բարեկամների ու ծանօթների հարցերին չէր պատասխանում: Աւելին՝ սկսել էր…ծիծաղել: Մարդ էր մեռնում՝ ծիծաղում էր, ծնւում էր, ծիծաղում էր: Ծիծաղելով էլ գնում էր հանգուցեալին ճանապարհելու: Ասում են՝ ամենաքիչը մի 50 տարի հետն ապրած կնոջն էլ է ծիծաղելով հասցրել գերեզմանոց: Եւ երբ մի անգամ բարեկամ-հարազատ ընկերներով փորձեցին իբր կարգի հրաւիրել նրան՝ համարձակուելով բացատրել, որ նման վայրերում ծիծաղելը վիրաւորական է, առաջին անգամ առանց ծիծաղի երկու բառ ծանր քարերի նման դրեց իրար վրայ.

-Ի՞նչ տարբերութիւն…

Հիմա ես եմ, պատկերացնո՞ւմ էք, սկսել եմ տեղի-անտեղի ծիծաղել… մի բան որից ամենաշատն էի վախենում: Չնայած, ճիշտ էր ասում մարդը՝ Ի՞նչ տարբերութիւն…

 

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԱՆԹՈՅՆ ՍԼԱՔ.- Ո՞Վ Է ՉԱՐԸ…
Next post ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆԸ ՆԵՑՈՒԿ ԿԸ ԿԱՆԳՆԻ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷՋ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒ ՎԵՐԱՈՐԱԿԱՒՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles