Հաւատանք, Որ Հայ Ենք

0 0
Read Time:4 Minute, 45 Second

«Դրօշակ»-ի Առաջնորդող Յօդուած

Թիւ 6 (1652), Յունիս 2021

Հայաստանը մտել է նախընտրական գործընթացների փուլ, եւ, եթէ իշխանութիւնները նոր անակնկալների առջեւ չկանգնեցնեն ժողովրդին, 2021 թուականի յունիսի 21-ին կ՛ուրուագծուի լրջագոյն փորձութիւնների մէջ յայտնուած մեր երկրի ապագան: Այս ընթացքում գործող իշխանութիւնն, ինչ կերպ էլ փորձի մեկնաբանել արտահերթ ընտրութիւնների կայացման վճիռն, ակնյայտ է, որ նա այս քայլին դիմեց` չունենալով այլ ելք: Քաղաքական ու բարոյական վարկը կորցրած ղեկավարութիւնը, հանրային ճնշման պայմաններում կորցնելով երկիրը կառավարելու ունակութիւնը, պատասխանատուութիւնից խուսափելու ելք համարեց փաստացի կորցրած իշխանութիւնը վերադարձնելու վերջին հնարաւորութիւնը` նոր ընտրութեան ճանապարհով:

Այս դէպքում, սակայն, մեզ հետաքրքրողն ընտրական գործընթացին մասնակից այն բեւեռն է, դէպի ուր անշեղ հետեւողականութեամբ թեքւում է հանրային հետաքրքրութիւնը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, Հայ յեղափոխական դաշնակցութիւն ու Վերածնուող Հայաստան կուսակցութիւնների ձեւաւորած դաշինքն ի սկզբանէ գնահատուեց որպէս գործող իշխանութեան հիմնական մրցակից, իսկ աւելի շուտ` այլընտրանքային բեւեռ` ապազգային եւ պարտուողական իշխանութեան նկատմամբ: Նման ձեւաչափով դաշինքի ձեւաւորումն առաջին հերթին պէտք է բացատրել ոչ թէ քաղաքական նախընտրութիւններով, այլ` երկիրը կործանարար ուղուց դուրս բերելու ազգային ու պատմական հրամայականով: Այս առումով, նման համախմբումը նաեւ խորհրդանշական արժէք ու իմաստ է ստանում, երբ նկատի ենք ունենում, որ Արցախ-Հայաստանի փրկութեան համար ձեռք ձեռքի են տուել ճակատագրական փորձութիւնների շրջանում Արցախն ու Հայաստանը ղեկավարած գործիչը, հայոց նոր պետականութեան ակունքներում կանգնած հայոց վերջին յոյսի կուսակցութիւնը եւ Հայաստանի վտանգուած ողնաշարը հանդիսացող հերոսական Սիւնիքի նորաստեղծ քաղաքական ուժը: Այս միաւորման առողջ տրամաբանական հիմքն են կազմում նաեւ այն իրողութիւնները, որ Ռոպերթ Քոչարեանի ու Դաշնակցութեան միջեւ գործակցութիւնը սկսուել է դեռեւս արցախեան ազգային-ազատագրական պայքարի շրջանից եւ արդիւնաւէտօրէն շարունակուել է Հայաստանի ամենաբուռն զարգացման տարիներին: Ողջ այս ընթացքում այդ յարաբերութիւնները պայմանաւորուած են եղել հայրենի պետականութիւնների կենսական շահերով, եղել են գործնական, անկեղծ ու պարկեշտ:

Հայոց նոր պետականութեան կերտման ժամանակաշրջանում առանձնայատուկ է եղել նաեւ ՀՅ Դաշնակցութեան կապը Սիւնիքի հետ: Դաշնակցութեան Սիւնիքի կառոյցները, որոնք գլխաւորաբար ունեցել են մարտական դիմագիծ, յաջողութեամբ մասնակցել են Արցախի ազատագրման եւ Հայաստանի հարաւային սահմանների պաշտպանութեան գործին: 2020 թուականի աշնանային պատերազմին յաջորդած դժուարին օրերին էլ տարբեր վայրերից մէկտեղուած Դաշնակցութեան կամաւորականներն ուս-ուսի կանգնեցին հայրենի բնակավայրերի սահմանները պահող սիւնեցիների կողքին:

Պէտք չէ կասկածել, որ գալիք ընտրութիւններից յետոյ նոյնպէս նշուած երեք ուժերը համատեղուած ուժով անելու են ամէն ինչ` հայանպաստ լուծումներ ապահովելու համար այն կենսական հարցերում, որոնցով օրուայ 24 ժամը տագնապած են իւրաքանչիւր բնական հայի միտքն ու հոգին:

«Հայաստան» քաղաքական դաշինքը չի գնում ընտրութիւնների` շահարկելով մարդկանց զգացմունքներն, ինչն, ի դէպ, իշխող ամբոխավար իշխանութիւնների հիմնական զէնքն է: Ընդդիմադիր ազգային բեւեռն, որպէս քաղաքական յայտ, հանրութեանը ներկայացել է նախընտրական ծրագրով, որում շարադրուած են անվտանգութեան, տնտեսութեան, քաղաքականութեան, կրթութեան ու մշակոյթի եւ այլ ոլորտներում առկայ համընդհանուր ճգնաժամի յաղթահարման եւ երկրի զարգացման ուղենիշները:

Եթէ իշխանութեան վրայ դեռեւս գտնուող ուժի ողջ նախընտրական ծրագիրը հերթական անգամ վարկաբեկման ճանապարհով ընդդիմութեան նկատմամբ ատելութեան բորբոքումն է, ապա ազգային բեւեռի համազգային տեսլականները կոչուած են հետընտրական Հայաստանում ապահովելու «Կոնսենսուս մինուս մէկ» բանաձեւի կենսագործումը, ինչը նշանակում է բոլորի հետ համագործակցելու կամք` բացառութեամբ դաւաճանական, պարտուողական էութեամբ վարչախմբի եւ նրա արբանեակների: Իշխանութեան գալուց յետոյ կառավարող դաշինքի գլխաւոր անելիքներից մէկը դառնալու է ազգային համերաշխութեան վերականգնումը եւ պառակտուած հասարակութեան համախմբումն ազգային գերակայ նպատակների շուրջ, առանց որի անհնարին կը լինի իրագործել մնացած բոլոր խնդիրները, ամրապնդել պետականութեան թուլացած հիմքերը:

Թերեւս աւելորդ չէ արձանագրելը, որ հայաստանցիներից ոչ պակաս անհանգստութեամբ ու ակնկալիքներով այս ընտրութիւնների արդիւնքներին սպասում են արցախահայութիւնն ու սփիւռքահայութիւնը: Մեր ազգային օրկանիզմի պառակտուած երեք մասերի համար էլ «Հայաստան» դաշինքի յաղթանակը նշանակելու է հաւատի վերարթնացում Հայաստանի ու Արցախի ապագայի հարցում եւ ազգային երեք թեւերի մերձեցմամբ` հայկական եռամիասնութեան վերականգնում: Եթէ հասարակութեան անկումային տրամադրութիւնները հասկանալի են Արցախի դէպքում, ապա իրականութեան ամբողջ ողբերգականութիւնն ակնառու է դառնում, երբ անդրադառնում ես, որ, օրինակ, վերջին ամիսներին աննախադէպ չափերի է հասել վտանգուած Հայաստանից արտագաղթը: Բնականաբար այս իրավիճակն անդրադառնում է կեանքի ու կենսագործունէութեան բոլոր ոլորտների վրայ:

Այնուամենայնիւ մռայլ օրինակներն աւելի շուտ նրանց համար են, որոնք լաւ չեն պատկերացնում, որ փաշինեանական ապազգային խունթային ձայն տալը նշանակում է` սահմանային բնակավայրերի անպաշտպան վիճակի շարունակում եւ թուրքական հետագայ առաջխաղացում, Արցախի հարցի վերջնական մոռացում, ստորացուած, օտարից փրկութիւն մուրալու արտաքին քաղաքական վարք, ներքին կեանքի պառակտուածութեան խորացում, տնտեսական անվերահսկելի դարձող անկում, թուլացող ու քայքայուող պետականութիւն` համատարած յուսալքութեան եւ երկրից փախուստ տալու տրամադրութիւնների պայմաններում: Իրականում երկրի ներսում տեղի է ունենում հանրային տրամադրութիւնների արմատական փոփոխութիւն: Դատելու կարողութեամբ օժտուած մարդու համար համեմատութեան եզրեր չկան այն հարցում, թէ կողմերից իւրաքանչիւրն, իշխանութիւն ստանձնելու յայտ ներկայացնելով, այդ պատասխանատու եւ ծանր առաքելութեան համար ի՛նչ պատրաստուածութեամբ է ներկայացել ժողովրդին:

Եթէ ժողովրդի հետ «Հայաստան» դաշինքի հանդիպումներն անցնում են առկայ վիճակի յաղթահարման եւ ապագայի հետ կապուած խնդիրների ու ծրագրերի քննարկման մթնոլորտում, ապա մրցակից կողմը, հոգեբանօրէն գտնուելով ընդդիմադրի կարգավիճակի մէջ, փորձում է արդարանալ` նախորդող շրջանի իր բոլոր մեղքերը բարդելով նախկինների վրայ, ինչպէս եւ զբաղւում է մրցակիցներին ամբաստանելու, սեւացնելու գործով: Կողմերի ցայտուն տարբերութիւններից մէկն էլ այն է, որ «Հայաստան» դաշինքի շուրջ այսօր համախմբւում են քաղաքական, տնտեսական, կրթական, գիտական, մշակութային ընտրախաւը, երկրի ճակատագրով մտահոգ հասարակական շերտերն, ըստ էութեան բազմակողմ տեղեկատուութեան տիրապետող հանրութիւնը, իսկ միանձնեայ ընտրապայքար իրականացնող վարչապետի անօրինական պաշտօնակատարի կողքին դժուար է նշմարել քայլածների խմբակին մաս չկազմած, քիչ թէ շատ ճանաչուած եւ հեղինակութիւն վայելող ոեւէ անձի: Դժուար է վիճարկել այն փաստը, որ Ազգային դաշինքի յաղթանակի դէպքում երկրին սպասւում է խաղաղութիւն եւ ներքին անդորր, իսկ հակառակ պարագայում` շարունակուելու է ժողովրդից օտարուած իշխանութեան թաքուն, վտանգաւոր ու անհեռանկար գործունէութիւնն` օր օրի անպաշտպան եւ խոցելի դարձող երկրում: Դժուար է բարձրաձայնելը, թէ Հայաստանն այսօր այնքան է հեղինակազրկուած, որ չի ընկալւում որպէս լուրջ պետութիւն: Մի պետութիւն, որն ունակ չէ պաշտպանելու սեփական սահմանները, կորցրել է կայուն կենսագործունէութեան ճանապարհը, ընկղմուած է ներքաղաքական պղտոր մթնոլորտի մէջ, ուր պատերազմում կրած խայտառակ պարտութիւնից յետոյ երկրի ղեկավարը թաքնւում է ժողովրդից եւ տեղաշարժւում է հարիւրաւոր ուժայինների պաշտպանութեան շղթայի միջով, նման պետութիւնը նաեւ չի արժանանում որեւէ արտաքին ուժի գործնական աջակցութեանը:

Իւրաքանչիւր հայի համար այլեւս աներկբայ պէտք է լինի, որ մեր երկրին անհրաժեշտ է արմատական շրջադարձ այս գահավիժման ընթացքից: Այդ փոփոխութեան խաղաղ ու օրինական ճանապարհը մեզ ընձեռուած քաղաքակիրթ ընտրութեան առիթն է: Կ՛ընտրի՞ հայ ժողովուրդը փրկութեան ուղին, թէ կործանման ընթացքի մէջ կը հաշտուի անարժանապատիւ գոյաքարշութեան հեռանկարի հետ: Ամօթալի է նոյնիսկ, որ կարող է գոյութիւն ունենալ նման երկընտրանք: Յունիսի 20-ին, անկասկած, արձանագրուելու է հայոց նոր վերածննդի սկիզբը: Հաւատանք ինքներս մեզ, հաւատանք, որ մենք հայ ենք:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՍԼԱՔՆԵՐ.- ԱՏՐՊԷՅՃԱՆԷՆ ՆՈՐ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ»…
Next post ԱՅԼ ՀԱՅԵԱՑՔ. ՏԱԳՆԱՊԷՆ ԵՏՔ ԿԱ՞Յ ԻՐԱՒՈՒՆՔՈՎ ԵՒ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ԻՐԱՒ ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles