ՄԻՇՏ ԱՐԹՈՒՆ ՊԱՀԷ’Ք ՁԵՐ ՆԵՐՍԻ ՀԵՔԻԱԹԸ…

 

ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆԵԱՆ

Ծ.Խ.- Նկատի ունենալով, որ այս յօդուածը արեւելահայերէն լեզուով գրուած է, նախընտրելի եղաւ չգործածել խամաճիկներու թատրոն եւ պահել՝ տիկնիկային թատրոն:

Երբ ցանկանում ես անկեղծանալ, նախ եւ առաջ խօսիր տիկնիկի հետ, եւ նրա աչքերը քեզ կը յուշեն, թէ ինչպէս պիտի անցընես կեանքիդ ճիշտ ճանապարհ…
Թէ ի՞նչ տարիք ունի արուեստի` տիկնիկային թատրոն ճիւղը, ստոյգ յայտնի չէ, սակայն որոշ հնագիտական պեղումների արդիւնքում պարզ է դարձել, որ այն սկզբնաւորուել է հնագոյն ժամանակներում եւ իր ակունքներով կապուած է հեթանոսական ծիսակատարութիւնների ու կրօնական խորհրդաւոր ներկայացումների հետ:
Հնագէտները նաեւ պարզել են, որ տիկնիկային թատրոններ են եղել դեռեւս 16-րդ դարում Հայաստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Հռոմում, Հնդկաստանում եւ Յունաստանում: Տիկնիկները պատրաստուել են փայտից, կաւից, կաշուից, գոյնզգոյն թելերից, ինչպէս նաեւ խմորից, դրանց խաղացրել են ճրագի լոյսի տակ` ձգուած պաստառի վրայ ցուցադրուող ստուերապատկերներով:
Այս ձեւաչափով մինչ օրս տիկնիկային ներկայացումներ են ցուցադրւում Ափրիկէի, Հարաւարեւելեան Ասիոյ եւ Հարաւային Ամերիկայի մի շարք երկրներում, որոնք, մեծ հաշւով, նմանեցւում են ծիսակատարութիւնների:
Քրիստոնէական եկեղեցին նոյնպէս անմաս չի մնացել տիկնիկային թատրոնի արուեստից, մենաստաններում տիկնիկային արուեստով ներկայացուել են աստուածաշնչեան առանձին տեսարաններ, որոնցում գլխաւոր կերպարը եղել է Աստուածածին Մարիամը: Այդտեղից էլ ծագել է մարիոնէթ (ռոմանա-գերմանական լեզուներում նշանակում է թատերական տիկնիկ) անուանումը:
Հայկական ծիսական տիկնիկները հազարամեակների պատմութիւն ունեն եւ մեզ են հասել նախաքրիստոնէական շրջանից: Եղել են մոգական ուժով օժտուած մարդակերպ եւ կենդանակերպ տիկնիկներ, որոնք հաստատ մանուկներին զբաղեցնելու համար չեն եղել ստեղծուած, այլ գործածուել են ամենատարբեր կրօնածիսական արարողութիւնների ժամանակ` հոգեւոր եւ ազգագրական երգ-երաժշտութեամբ ու զանազան հմայքներով ուղեկցուող:
Մեզ հասած ամենաւաղ հայկական տիկնիկներից են` Նուրի-նուրին, Ուտիս տատը, որը խորհրդանշում է Բարեկենդանը, եւ Մեծ Պահքը խորհրդանշող Պաս պապը:
Քրիստոնէութէան ընդունումից յետոյ մօտ 1500 տարի անց` տիկնիկային թատրոնի վերակենդանացումից յետոյ միայն, կրկին սկսեցին գործածուել տիկնիկներ:
Երեք տարի առաջ հայկական համայնքներից մէկում` Վրաստանում, հիմնադրուեց եւս մէկ նոր տիկինիկային թատրոն, որն անուանուեց Վրաստանի Հայկական տիկնիկային թատրոն… Ի դէպ, պատմութիւնը յիշում է, որ դարեր առաջ վրացական առաջին տիկնիկային թատրոնն էլ են հայերը հիմնադրել, որը մեծ ճանաչում է ձեռք բերել ժամանակին, սակայն յետոյ մոռացութեան է մատնուել:
Այնուամենայնիւ, թիֆլիսաբնակ մեր հայրենակից Արմէն Յովհաննիսեանը, որ մեր օրերի լաւագոյն տիկնիկագործն է համարւում, իր տիկնիկներին կեանք ու շունչ է տալիս ամենատարբեր նիւթերից, որոշեց վերածնել այդ արուեստը եւ հէնց իր տիկնիկների միջոցով հայկական մշակոյթն ու հեքիաթները պատմել Վրաստանում ապրող հայ մանուկներին:
Տիկնիկագործ Արմէն Յովհաննիսեանից հարցադրուեց` արդեօ՞ք դժուար չէ ստեղծել հայկական մշակութային կեդրոն` տիկնիկային թատրոնի տեսքով, մի երկրում, որտեղ հայկական համայնքն ունի բազմաթիւ կառոյցներ: «Մեծ ճանապարհը բռնելուց առաջ, ի հարկէ, մտածել եմ, որ խոչընդոտներով լեցուն է լինելու, սակայն երբեք չպէտք է վհատուել եւ պէտք է անցնել այդ ճանապարհը»,- պատասխանեց նա:
Մեր զրուցակիցը ծնուել եւ մեծացել է Վրաստանի Մառնէուլի շրջանի Շահումեան գիւղում: Քանի որ կրթութիւնը հայկական է եղել, բնականաբար, ուսումը շարունակել է Հայաստանում, որն աւարտելուց յետոյ վերադարձել է Վրաստան: ,Վերադառնալուց յետոյ իմ գլխաւոր նպատակը հայկականին տիրութիւն անելն էր: Մեր թուլութիւնն այն է, որ մենք կորցնում ենք մեր ազգային դիմագիծը, մեր հայկականը: Դա մեր թուլութիւնից է, այլ ոչ թէ Վրաստանի` պետականօրէն արուած քայլերից, իհարկէ, նրանք դրան նպաստում են, բայց մեր թուլութիւնից է, որ մենք կորցնում ենք մեր ազգայինը, մեր դիմագիծը, եւ ես իմ արուեստում հիմնական շեշտը դրել եմ հայկականը պահպանելու վրայե,- ասում է Արմէն Յովհաննիսեանը:
Հայաստանի եւ Վրաստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում տիկնիկային եւ մշակութային փառատօնների մասնակցելուց յետոյ տիկնիկագործը որոշում է հիմնադրել իր տիկնիկային թատրոնը, որի առաջին նպատակը ազգապահպանութիւնը, հայոց լեզուի պահպանումն է:
«Իմ նպատակը հայապահպանութիւնն է, որպէսզի համայնքին իմ լումայի չափով փրկեմ յետագայ ձուլումից: Քանի որ Թիֆլիսիում միակ հայկական դպրոց թիւ 104 դպրոցն է, իսկ մարզերում ապրող հայ երեխաներն ընդհանրապէս հայերէն լեզուով տիկնիկային թատրոն չեն տեսել, որոշեցի, որ իմ տիկնիկային թատրոնը պէտք է շրջի եւ հասնի նրանց մօտ: Իմ հիմնական շեշտն է` հայ երեխան հայերէն է լսում, նաեւ տիկնիկների միջոցով լսում է հայ մեծերի խօսքը` հայ հեքիաթը»,- նշում է Արմէն Յովհաննիսեանը եւ յաւելում, որ, ի դէպ, հետաքրքրութիւնը ոչ միայն հայկական, այլեւ վրացական միջավայրում է. «Հաւանելով` ինձ առաջարկել են, որ նոյն հեքիաթները թարգմանուեն վրացերէն եւ ներկայացուեն նաեւ վրացի երեխաներին»:
Եռամեայ հետաքրքիր պատմութիւն ունեցող թատրոնի հիմնադրման մասին խօսելիս տիկնիկագործը պատմում է` սկզբնական շրջանում թատրոնը հիմնադրւում է Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի հարկի տակ, որոշ ժամանակ այց թատրոնը հեռանում է, թանգարանից, եւ նրան իրենց հարկի տակ են ընդունում վրացի գործընկերները` Թիֆլիսի Սանտրօ Ախմէտելիի տրամաթիքական թատրոնի շէնքում:
«Ներկայ պահին դեռ անորոշ է տարածքային հարցը, սակայն յոյսով եմ, որ պսակաձեւ ժահրի այս օրերն անցնելուց յետոյ կը յստակեցուի, թէ ինձ ձեւով կը կարգաւորուեն աշխատանքները»,- ասում է Յովհաննիսեան:
Անդրադառնալով հայ եւ վրացի տիկնիկային թատրոնների նմանութիւններին ու տարբերութիւններին` նախ նշում է, որ նմանութիւններից է հէնց տարածքային խնդիրը. «Վրաց կառավարութիւնը ներկայ պահին վրացական տիկնիկային թատրոնի համար նոր շէնք է կառուցում, իսկ տարբերութիւնների մասով նշեմ, որ նրանց ներկայացնումներն աւելի ծախսատար են ու ծաւալուն: Նրանք բեմադրում են համաշխարհսյին ներկայացումներ: Բայց ես ինչ ստեղծում եմ, այն անում եմ որակապէս բարձր եւ փորձում եմ պահել իմ ուրոյն դիմագիծն ու ոճը»:
Արմէն Յովհաննիսեանը նոյնպէս ցանկութիւն ունի, բացի հայկական հեքիաթներից, բեմադրելու նաեւ համաշխարհային գործեր, ինչպէս նաեւ հեքիաթներ մեծերի համար: «Եթէ հեքիաթները մանուկների մօտ նոր են ծնւում, մեծերի մօտ, ցաւօք, հեքիաթներն արդէն աւարտել են: Ես ցանկանում եմ այդ ներկայացումներով մեծերի մօտ արթնացնել այն հեքիաթները, որոնք ունեցել են իրենց ներսում: Եւ առաջինը, որ կը բեմադրեմ մեծերի համար, կը լինի ,քամելիազարդ տիկինը»,- ասում է նա:
Պատասխանելով մեր օրերում ապրող տիկնիկագործների համագործակցութեան, միմեանց նախանձելու կամ աջակցելու մասին հարցին` մեր զրուցակիցն ասում է. «Եթէ ես իմանայի, թէ նախանձն ինչ երեւոյթ է, գուցէ աւելի լաւ պատասխանէի հարցին: Ներքին նախանձ ասուածը չգիտեմ: Ինչ վերաբերում է համագործակցութեանը, անկեղծ կը լինեմ` մենք այսօր լաւ տիկնիկագործ վարպետներ չունենք: Այստեղ` Վրաստանում, կան որոշ տիկնիկագործներ: Իրականում, տիկնիկ ստեղծելը խմբային աշխատանք է, եւ այդ առումով փորձում ենք համագործակցել»:
Ի դէպ, սկզբնական շրջանում թատրոնի հիմնադիրը ձեռնոցային տիկնիկներով է հանդէս եկել, յետոյ անցել է ձողիկաւոր տիկնիկների, իսկ երբ թատրոնի շիրման խլւում է ֆինանսաւորողի կողմից եւ այսօր պահւում է ինչ որ մի նկուղում, տիկնիկագործը փոխում է ոճ եւ փոքրիկ հանդիսատեսին ներկայանում ,խամաճիկների սնդուկե թատրոնով: Իսկ միւս տիկնիկներն իրենց տեղն են գտնում մեծ ճամպրուկներում:
«Տիկնիկային թատրոնի համար ամենակարեւորը բեմի շիրման (սաւան) է, որի յետեւից տիկնիկները ներկայանում են հանդիսատեսին, բայց թէ նախկին ֆինանսաւորողը ինձնից խլեց այն: Ճիշտ է, ձեռնոցային տիկնիկներն այսօր թոշակի են գնացել (…ծիծաղում է), բայց համոզուած եմ, որ մի օր նրանք էլի կը խաղան»,- ասում է Յովհաննիսեանը եւ նշում, որ այսօր իր համար շատ յարմար է սնդուկ-թատրոնով շրջագայելը Ջաւախքի, Ծալկայի, Քուեմօ-Քարթլիի հայկական բնակաւարերում, հինգ հազարից աւելի հանդիսատես ունեցող տարբեր փառատօների մասնակցելը:
«Ես տոմսեր չեմ վաճառում, համարում եմ, որ դեռ պէտք է երեխաներին անվճար մատուցեմ ներկայացումները, քանի որ իւրաքանչիւր խաւի երեխայի այդ հեքիաթը պէտք է հասանելի լինի»,- ասում է տիկնիկագործը:
Մեր զրուցակիցը չի մտաբերում, թէ քանի տիկնիկի է կեանք տուել: Մեր հարցին, թէ տիկնիկները հոգի ունե՞ն, պատասխանում է. «Ի հարկէ, ունեն, նրանք մարդու կրկնօրինակն են, ուղղակի` բարի քարոզողներ: Անգամ չար տիկնիկներ գոյութիւն չունեն, քանի որ չար տիկնիկների մէջ անգամ լինում են բարութեան նշաններ»:
– Եթէ տիկնիկները ունեն հոգի, նրանք մահանո՞ւմ են:
– Կեանքը յաւերժական չէ, եւ այսօր շարժիչ ուժը ես եմ, ու իմ տիկնիկներն ապրում են ինձ անով: Ես դրա մասին երկար եմ մտածել անկախ ամէն ինչից, թէ ինձանից յետոյ ինչպիսի կեանք կը տան նրանց, ես չեմ ցանկանայ, որ նրանք մահանան:
– Այդ դէպքում` տիկնիկները զայրանալ գիտեն:
– Երբեմն դա դրսեւորում են իրենց իսկ դերում: Նրանք դերասան են, իսկ եթէ նրանց հետ չես զբաղւում եւ երկար ժամանակ մի դիրքում են լինում, կարող են զայրանալ նաեւ դրանից: Նրանք էլ յոգնիլ գիտեն: Ես` որպէս վարպետ, դա լաւ զգում եմ, թէ որ պահին եւ որ տիկնիկը շարժուելու կարիք ունի: Նրանք սպասում են վարպետի ձեռքերին` երբ է մօտենալու եւ իրենց էլի կեանք տալու:
Ըստ Յովհաննիսեանի` չնայած ժամանակին Վրաստանի հայկական համայնքը եղել է համայնքների համայնք, բայց այսօր հեռանում է ազգային արմատներից: Հայկական մշակոյթով երբեմնի լեցուն վրացահայ համայնքի մասին զրուցելիս նա ցաւով է նշում, որ համայնքում հայկական մշակոյթի կրակն արդէն մարել է, հայկական մշակոյթի քարոզչութեամբ զբաղուելու փոխարէն մեծ սիրով վրացական իշխանութիւնների քարոզչութիւնն են անում: «Եթէ հայկական կառոյցները, որոնք այսօր առկայ են Վրաստանում եւ իբր թէ զբաղուած են հայապահպանութեամբ, իրենց աշխատանքը ճիշտ իրականացնեն, ապա մենք կը հասնենք յաջողութիւնների: Բայց, ցաւօք, իւրաքանչիւրը զբաղուած է սեփական գործով, եւ այդ պարագայում տիկնիկային թատրոնը իր ուժերի չափով մեծ ջրաղացի վրայ կարող է մի բուռ ջուր լցնել, որ ջրաղացի աշխատանքը եանկարծ չկանգնի»,- ասում է մեր զրուցակիցը:
Հայկական իշխանութիւնների հետ Արմէն Յովհաննիսեանի համագործակցութիւնը ոչ մի կերպ չի ստացւում միայն օդ շպրտուած խոստումներ, որոնք այդպէս էլ իրականութիւն չեն դառնում:
«Գիտէ՞ք` ինչն է հետաքրքիր, որ այստեղ` Վրաստանում, շատ հիմնադրամներ կան, եւ ինձ բազմաթիւ անգամներ առաջարկել են, որ թատրոնի անունից հանեմ հայկական անունը եւ, օրինակ, տիկնիկային թատրոնն անուանակոչեմ Կովկասեան տիկնիկային թատրոն, դրանով իմ առջեւ կը բացուեն ոչ թէ փոքր, այլ մեծ դռներ: Սակայն չեմ համաձայնել»,- ասում է Յովհաննիսեանը:
Դրան հակառակ` հայկական կողմն արդէն երեք տարի է` չի կարողանում կատարել թատրոնի հիմադրի` Վրաստանի հայաշատ համայնքներում շրջագայութիւն կազմակերպելու համար փոքրիկ գումար յատկացնելու խնդրանքը:
«Հաւատացէք, եւ թող ներեն ինձ, բայց անկեղծութիւնը լաւ բան էգ ես վրացիներից աւելի շատ աջակցութիւն եւ խրախուսանք եմ ստացել: Եւ իմ այս ասածը թող չընկալուի, թէ ես վրացամէտ եմ, ո՛չ, ես հայամէտ եմ եւ անկեղծութիւն յարգող ու գնահատող մարդ»,- ասում է Յովհաննիսեանը եւ յաւելում, որ այսօր էլ բարի նախանձով է նայում, երբ վրացին յարգում ու գնահատում է մշակոյթը, կարողանում ճիշտ մատուցել, իսկ մենք մեր հսկայական մշակոյթը չենք կարողանում գնահատել ու վեր բարձրացնել:
Տիկնիկագործը նաեւ նպատակ ունի Հայաստանում հիմնադրել տիկնիկների թանգարան, արդէն մի քանի անգամ դիմել է, որ պետութիւնը փոքր տարածք յատկացնի, որտեղ կարող են հաւաքել շատ տիկնիկագործների աշխատանքներ, սակայն հայկական իշխանութիւնները դեռ անհաղորդ են եւ ոչինչ չեն ձեռնարկում:
Մեր զրուցակիցը նաեւ յիշեցնում է, որ այս տարածաշրջանի բոլոր երկրներում գոյութիւն ունեն նմանատիպ թանգարաններ, բացառութեամբ Հայաստանի: «Ի դէպ, մենք հայկական տիկնիկային թանգարանում կարող ենք մեր պատմութիւնը ներկայացնել` ծիսականով, ազգագրականով եւ այդպէս շարունակ»,- ասում է հայ տիկնիկագործը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*