Բա Ու՞ր Մնաց Հպարտ Հայը…

Լիլիթ Գալստեան
Հ.Հ. գլխաւոր դատախազի յանձնառութեամբ քրէական գործ է յարուցուել Հ․Հ․ պաշտպանութեան նախարարութեան N զօրամասի վաշտի հրամանատարի տեղակալի նկատմամբ, ում հրամանի արդիւնքում Սթս-ի (անօդաչու սարք, խմբ․) հարուածից զոհուել են 18 զինծառայողներ …
Մեր հազարաւոր զոհերը, մեր ողբերգական, անդառնալի պարտութիւնն ունի մէկ հիմնական մեղաւոր եւ մէկ հիմնական պատասխանատու. դա երկուս ու կէս տարի Հ․Հ․ ղեկավարումն իրականացնող Նիկոլն է, իր քաղաքական թիմով, իր արժեհամակարգով, մեր պետականութիւնն ու ինքնիշխանութիւնը կազմաքանդելու անառարկելի յանձնառութեամբ:
Կատարուածն այլ բան, քան պետական դաւաճանութիւն չի կարող չգնահատուել, եւ այն շարունակւում է ամէն օր` Հ․Հ․ սահմանների բզկտումով եւ պետական անտէրութեամբ…
Թէ ինչու Հ․Հ․ գլխաւոր դատախազութիւնը քրէական գործ չի յարուցում Հ․Հ․ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձի` Նիկոլ Փաշինեանի նկատմամբ, որը բանաւոր ըմբռնումով թուրքին հողեր է յանձնում, թ՜է տարակուսելի է, թէ` պարզ. ըստ էութեան տեղի է ունենում քաղաքական հոգեվարքի մէջ գտնուող իշխանութեան եւ անձամբ Նիկոլի շահերի սպասարկում, քաղաքական կամակատարութիւն…
Դատաստանը լինելու է. իրականութիւնից փախուստ չկայ…
Նիկոլիզմով բթացած ու բանականութիւնը կորցրած ոմանք դեռ մերժում են տեսնել, որ մեր հարաւային դարպասներից շուտով թուրքն իրենց տներն է մտնելու…
Եւ այս ամէնի ֆօնին զարհուրելի է լսել, դժուար է պատկերացնել, որ կան որոշ ստահակների, որոնք ինչ-որ ճանապարհների ասֆալտապատումն ու ստրուկի կարգավիճակից սեփական ազատագրումը նժարում են ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ կորստի հետ:
Դուք ինչպէ՞ս էք կարողանում այդքան համոզուած, այդքան անվարան Հայրենիքը ձեր կերակրափողի մակարդակի իջեցնել:
Միեւնոյն է` ձեր հերոսը վաղ թէ ուշ կանգնելու է դատաստանի առջեւ: Իսկ ստրուկ լինելը ձեր ընտրութիւնն էր կամ հոգեվիճակը. Էութեամբ ազատը երբեք իրեն ստրուկ չի զգայ…
Նաեւ լափաման բառն այդքան հաճոյքով շահարկողներին ասեմ, որ ձեր պաշտելի Նիկոլի օրօք ըստ յայտարարութիւնների Հ․Հ․ պիւտճէ է վերադարձուել 118 միլիոն տոլար, իսկ Հայաստանը տապալման յանգեցրած անհայրենիք ու ձախողուած վարչախումբն իբրեւ պարգեւավճար այդ գումարից աւելին է լափել` 120 միլիոն տոլարից աւելին:
Բա ու՞ր մնաց հպարտ հայը…
Նիկոլ Փաշինեանին այսօր սատարողները մեղսակից են դաւաճանին եւ իրենց խղճի վրայ են վերցնում 5 հազարից աւելի անմեղ զոհերի, 10 հազար վիրաւոր ու անդամալոյծների, անյայտ թուով գերիների ու կորածների, մեր Հայրենիքի կորստի, քառասուն հազար հայրենազուրկ ու տնազուրկ փախստականների, ամէն օր Հ․Հ․ սահմաններից կտոր-կտոր խլուող մեր հողերի մեղքն ու պատասխանատուութիւնը:

․․․Եթէ թիւ կարդալ եւ հասկանալ գիտեն, եթէ ուղեղի մթագնումը վերջնական չէ, լափաման թեմայով մի բան էլ փոխանցեմ. մօտ մէկ տարուայ կտրուածքով պետական պարտքը աճել է 521 միլիար դրամով: Մսխել կամ լափել են 584 միլիար դրամ: Դեկտեմբերի 25-ի դրութեամբ կառավարութեան հաշուի մնացորդը կեդրոնական դրամատունում 280 միլիար դրամ է: Փետրուարին այն 368 միլիար էր:
Երեւի շուտով քանդէք ձեր գիւղի բացակայ ասֆալտն ու թոշակ, աշխատավարձ վճարէք կամ տասնեակ հազարաւոր անտունների կացարան կառուցէք: Կամ էլ այդ ասֆալտից մետալ ձուլէք ու կախէք ձեր տուրիստական կամոֆլեաժներից (զբօսաշրջական ծպտում, խմբ․) …
Իսկ Նիկոլը կանգնելու է դատարանի առջեւ…ու մեղքի, մեղաւորութեան ու յանցակցութեան քարը չի իջնելու ձեր խղճից:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*