Մօտիկ Կամ Հեռու Տանող Հետեւութիւններ

0 0
Read Time:6 Minute, 20 Second

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

Համացանցում աչքիս ընկաւ նոյեմբերի 14-ին լոյս տեսած մի հրապարակում, որի վերնագիրն էր. «Կորուստի ահաւորութեան անհամաչափ ընդվզումի լոյսին տակ»: Այս նիւթի հրապարակման օրուանից որոշակի ժամանակ է անցել, բայց, ինչպէս ասում են, արծարծուած խնդիրները արդիականութիւնը չեն կորցրել եւ որոշեցի արձագանգել:

նիւթի հեղինակը այն մարդկանցից է, որոնք 2018-ին Նիկոլի յեղափոխութեան փարոսն ուղեցոյց դարձրած «նոր ուղի» ընտրեցին իրենց համար: Ինչպէս վերնագիրն է յուշում, ասելիքը հեղինակի ծանր ապրումներն է արտայայտում, որոնք էլ հետեւանք են հայ ժողովրդի ներկայ ողբերգութիւնների: Նա հիմա այլ վերաբերմունք ունի Նիկոլ առաջնորդի նկատմամբ, եւ ասածս հաստատելու համար կատարեմ մէջբերում` տուեալ հրապարակումից.

«Մեր կորուստը ահաւոր է»:

Կորսնցուցինք հող, արժանապատուութիւն: Կորուստի ահագնութիւնը պէտք էր փողոց հանէր ամբողջ ժողովուրդը, հայաշխարհի բոլոր տարածքներու բնակիչները պէտք էր ոտքի կանգնէին, ողողէին հրապարակները, ճանապարհները, արտայայտէին իրենց ընդվզումը, բողոքը, հաշուետուութիւն պահանջէին իշխանաւոր պատասխանատուներէն»: Աւելի՛ն. հրապարակման հեղինակը խոստովանում է, որ հաւատացել է Նիկոլ Փաշինեանին եւ հիմա էլ գտնում է, որ Փաշինեանը կարող էր յաջողել, եթէ չանէր այս-այս սխալները եւ եթէ անէր այս ու այն բաները. «Ի միջի այլոց, ես ալ այդ շատերու շարքին էի եւ տակաւին կը հաւատամ, որ յեղափոխութեան հետապնդած նպատակները կարելի էր իրականացնել, եթէ բաւարար ժամանակ ունենայինք, եթէ յեղափոխութեան ղեկավարները, յատկապէս վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարենար իր շուրջ հաւաքել որակաւոր մարդիկ, եթէ կարենար իր յախուռնութիւնը զսպել, եթէ կարենար ճիշդ գնահատել տարածաշրջանային զարգացումները»:

Երբեք չեմ հետեւել, թէ ինչ են անում կամ գրում Նիկոլի մէջ փրկիչ յայտնագործողները, ուզում եմ, սակայն, այս առիթն օգտագործել ոչ թէ որոշակի մարդկանց եւ խմբերի արձագանգելու համար, այլ` խօսելու ընդհանրական երեւոյթի մասին:

Վերը բերուած ծանր մտորումներից յետոյ յիշեալ նիւթի հեղինակը մեղադրում է ընդդիմութեանը. «Բողոք արտայայտեցին ընդդիմադիր կուսակցութիւններ, որոնք չկրցան իրենց անմիջական շրջանակներէն դուրս ամբողջ ժողովուրդի ընդվզումն ու ցասումը ուղղորդել»:

Ես ցանկանում եմ հարցնել` իսկ տեղի ունեցածի համար դուք, որպէս Փաշինեանի համախոհների հաւաքականութիւն, ձեզ մեղաւոր չէ՞ք զգում: 2018 թուականին դուք աստուածացրիք Նիկոլ Փաշինեանին եւ նրան ընդդիմախօսներից պաշտպանելու գործին լծուեցիք հրապարակայնօրէն եւ ոչ հրապարակային կերպով` զուգահեռաբար վատաբանելով որոշակի ուժերի: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թէ դուք, Նիկոլ Փաշինեանի նման, լինելով այդքան ժողովրդավար, ինչու՞ էիք այդպէս սուիններով ընդունում քննադատական խօսքը, որ յաճախ զգուշացման, վտանգից խուսափելու նպատակ էր հետապնդում: Ինչու՞ դրանից առաջ եւ դրանից յետոյ բոլորին ու ամէնուր կարելի էր եւ կարելի է քննադատել, այնինչ Նիկոլը պէտք էր վեր լինէր որեւէ քննադատութիւնից, իսկ քաղաքական դաշտի միւս մասնակիցները, ըստ ձեզ, պարտաւոր էին կցուել Նիկոլի սայլին: Չէ՞ք կարծում, որ ստանձնելով սատանայի փաստաբանի դերը, դուք մեծապէս նպաստել էք, որ ինքնահաւան, ամբարտաւան ու ազգային-պետական պատասխանատուութիւնից զուրկ մէկը պատուհաս դառնայ պետութեան ու ժողովրդի գլխին եւ իրեն իրաւունք վերապահի միանձնեայ տնօրինելու վերջիններիս ճակատագիրը:

Ինչպէս եւ վերը բերուած գրութեան մէջ էք ասում, հաւատացել էք Նիկոլին.

«Ի միջի այլոց, ես ալ այդ շատերու շարքին էի եւ տակաւին կը հաւատամ, որ յեղափոխութեան հետապնդած նպատակները կարելի էր իրականացնել»: Հիմա ես ձեզ հարցնում եմ` ի՞նչ տուեալների հիման վրայ էք դուք նրա «առաքելութեանը» հաւատացել եւ տեսել նրա մէջ այն ինչն իրականում չկայ: Եթէ շարքային «Պօղոսներ»-ի դատողութիւնը ունի մակերեսային բնոյթ եւ յուզական արձագանգ է որոշակի պահի իրադարձութիւններին ու մերկապարանոց ճառերին, ապա դուք, համախոհների խմբակի հետ, ձեր փորձառութեամբ ու անցած ճանապարհով հաստատ այդքան պարզունակ ու դիւրահաւատ չէք:

Նիկոլ Փաշինեանի մէջ Հայաստանի բարեփոխիչ տեսնելու համար դուք ետ նայեցի՞ք նրա անցեալին, տեսա՞ք, որ կեանքի իր դասերն առել է առաջին թալանչիների եւ հող զիջողների կողքին: Վերջիններիս հետ, նոյն պարտուողական փլաթֆորմով մասնակցել է ընտրութիւնների իր իշխանութեան գալուց ուղիղ տասը տարի առաջ:

Չուզեցի՞ք, թէ՞ գլխի չընկաք յիշելու իր նախկին գրածները, որպէսզի դրանց մէջ գտնէիք այն վտանգաւոր գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինեանը ազգի գլխին փորձանքի վերածեց 2020-ի աշնանը: Գլխի չընկա՞ք, որ պաշտպանում էք կրողին մի գաղափարախօսութեան, որի դէմ պայքարին նուիրել էք ձեր կեանքի գուցէ ամենաիմաստալից տարիները:

Լա՛ւ, անցեալը թողնենք անցեալին, իսկ տուեալ պահին ի՞նչ տրամաբանութեամբ պէտք է պատերազմից դուրս չեկած երկրի ճակատագիրը ամբողջովին յանձնուէր միջակ կարողութեամբ, դասալիք, կառավարման փորձից զուրկ, ապագայի գործնական ծրագրեր չունեցող մէկ անձի: Միայն նրա համա՞ր, որ վերջինս գալիս էր պատժելու ու խաղից դու՞րս յայտարարելու նախկիններին, թէ՞ գուցէ նրա համար, որ Նիկոլ ազգասէրի սարքովի կերպարը լաւ աջակից էր նաեւ այլ տեղերում մանր ճակատամարտեր վարելու համար: Դուք, որ բոլորովին էլ անփորձ ու դիւրահաւատ չէք, արդեօ՞ք այն կարծիքին էք եղել, թէ վտանգաւոր ճանապարհի վրայ վատ վարորդին կարելի է փոխարինել մէկով, ով յաջող քննադատում է մեքենայ վարողին, բայց եւ ինքը այդ գործին բացարձակապէս չի տիրապետում: Երկուսուկէս տարի համախոհների հետ պաշտպան կանգնեցիք Նիկոլ վարչապետին` ընդդէմ նրան քննադատողների, հիմա կարո՞ղ էք ասել, թէ երկուսուկէս տարում երկրի համար ի՞նչ լաւ բան արեց ձեր յեղափոխութեան առաջնորդը: Մի կողմ թողնենք, որ եկաւ թէ չէ, ազգը պառակտեց սեւերի ու սպիտակների, արշաւանք ձեռնարկեց Հայոց եկեղեցու ու ազգային մտածողութեան դէմ: Ազգային մշակոյթի ու պատմութեան աւանդական հայեցակարգերը սկսեց դուրս մղել ուսումնական ու գիտական գրականութիւնից ու հաստատութիւններից, իսկ պատերազմի նախօրեակին բացայայտուեց որպէս թուրքերի հետ համագործակցաբար հայոց պատմութիւնն ու Հայ դատի հիմնահարցերը վերանայողների հովանաւոր:

Սրա կողքին, չունեցաւ արտաքին քաղաքականութեան ուղենիշներ, հակասութեան մէջ մտաւ իրականացուած արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ, մսխեց պետութեան վարկը եւ ձեռք չբերեց ոչ մի իրական բարեկամի: Արցախի հարցի լուծման հարցերում եղաւ հակասական եւ զիջումների պատրաստակամ: Սեփական իշխանութեան կայացման գործընթացը պայմանաւորեց ամբողջ պետական համակարգն ու հաստատութիւնները իւրայիններով եւ հնազանդներով փոխարինելու գործելակերպով: Կարճ ժամանակից բացայայտուեց, թէ նրա գլխաւորած նորաթուխ իշխանութիւնն ինչպէ՛ս է յարձակուել պետական պիւտճէի վրայ ու արդէն իսկ իրեն թոյլ է տալիս կատարելու օլիկարխներին վայել անշարժ եւ շարժական գոյքի ձեռքբերումներ: Անբարոյականութիւնն ու անպատժելիութեան համոզումը այնտեղ հասցրին, որ ճակատագրական պատերազմի ծանր օրերին օժանդակութեան գումարները անօրինական ձեւով փոխանցուեցին պետական պիւտճէ եւ միաժամանակ, պետական պիւտճէն շրջանակում, հաստատուեցին իշխանական նորաթուխ վերնախաւի յաջորդ տարուայ պատկառելի պարգեւավճարները:

Ինչ արուեց անցած երկուսուկէս տարում տնտեսութեան բնագաւառում, ընկերային, առողջապահական, մշակութային մարզերում, եւ առհասարակ` որեւէ մի ոլորտում, որ ձեզ այդպէս խանդավառեց նոր վարչապետի գործունէութիւնը: Չխօսենք բանակաշինութեան մասին, որտեղ խաչ է քաշուել կատարելագործման ռազմավարական ընթացքի վրայ, չակերտաւոր բարեփոխումները կրել են կործանարար բնոյթ, կրճատուել են զինուած ուժերի մարտական ստորաբաժանումները: Ի՞նչ տուեալներ ու փաստեր ձեզ ներշնչեցին ստանձնելու այս անձի ու նրա բախտախնդիր, ապազգային խմբի պաշտպանների ու միաժամանակ նրա ընդդիմադիրների գործուն հակառակորդների դերը: Ծիծաղելիութեան չափ անհեթեթ է, երբ մինչ այժմ ձեր մտածողութեան որոշ տեսաբաններ արդարանում ու արդարացնում են, թէ` «Բա որ նախկինները գողանում էին»:

Աշխարհի բոլոր գունաւոր յեղափոխութիւնների մարտավարութիւնն ու ռազմավարութիւնը ի՞նչ բեմագրութեան շուրջ է սարքուած` քննադատել փտած նախկիններին, հրապարակ նետել քաղաքացիական իրաւունքների, իրաւակապաշտպանութեան, բնապաշտպանութեան խնդիրներ եւ արտաքին աղբիւրներից սնուող ապազգային երիտասարդութեան ուժերով իրականացնել յեղաշրջումներ: Թէ ինչպիսի՛ հետեւանքների են ամէնուր հասցրել գունաւոր յեղափոխութիւնները, գաղտնիք չէ, գաղտնիք է միայն, թէ ո՛ւր անհետացան բոլոր ազնիւները, ժողովրդավարները, իրաւապաշտպանները, քաղհասարակութեան դրօշակիրները, երբ մեզանում ակնառու դարձաւ իշխանութեան սանձարձակ, անօրինական, գործունէութիւնը` յարուցելով ընդհանուրի դժգոհութիւնը:

Իշխանութեան պաշտպանները չտեսնելով շօշափելի փաստեր, որոնց հիման վրայ կարելի էր բարձրացնել իշխանութեանը, որոշեցիք յատկապէս անպարկեշտ քարոզչութեամբ հարուածել ու ցածրացնել այդ իշխանութեան ընդդիմադիրներին, ժողովրդի մօտ անվստահութիւն սերմանել վերջինններիս նկատմամբ: Ու հիմա մէկ խելագարի կողմից երկիրը մեծ ողբերգութիւնների մէջ գլորելու իրականութեան յանդիման ասում էք, թէ` «Բողոք արտայայտեցին ընդդիմադիր կուսակցութիւններ, որոնք չկրցան իրենց անմիջական շրջանակներէն դուրս ամբողջ ժողովուրդի ընդվզումն ու ցասումը ուղղորդել»: Իսկ ես համոզուած եմ, որ դուք էք ժողովրդին մոլորեցրել երկուսուկէս տարի` Նիկոլ դաւաճանին փրկիչ ներկայացնելով եւ ձեր ու ձեր նմանների կերակրած սուտն ու կեղծիքն է, որ ցայսօր շատ պարզ մարդկանց միտքը պահում է շփոթի մէջ այն աստիճան, որ մարդիկ չեն կարողանում հաւատալ իրենց աչքերի առջեւ տեղի ունեցածին:

Այսպիսով կարելի էր այս խօսակցութիւնը փակել, եթէ խնդրոյ առարկայ յօդուածի մէջ չառկայծէր մէկ կիսաթաքնուած միտք եւս:

Ինչպէս անդրադարձանք, յօդուածը սկսւում է ընդդիմութեան քննադատութեամբ, այն բանի համար, որ իբր ընդդիմութիւնը վարկաբեկուած է եւ չի կարող ժողովրդային մեծ ալեկոծութիւն առաջ բերել:

Աւարտւում է երկրորդական թուացող ասելիքը վերոյիշեալից բխող տրամաբանական եզրակացութեամբ. «Յոյս պէտք չէ կորսնցնել: Փրկարար ուժը կրնայ ծնիլ որեւէ պահու, տարերայնօրէն, հաւաքելով, համախմբելով, կազմակերպելով ազգի զաւակները մեր վերելքի ծրագիրներու շուրջ»: Աւելի պարզ ասած` այսօր հրապարակ դուրս եկած ընդդիմութեանը պէտք է հաշուից դուրս համարել եւ մտածել, այլեւս քաղաքական դիակի վերածուած գործող իշխանութեանը փոխարինող, բոլորովին այլ ուժի մասին: Իսկ գուցէ ամբողջ շարադրուածը հէնց ա՞յս մեխին զարկելու համար էր: Սա արդէն մի հարց է, որ անկասկած յուզում է Հայաստանի ներքաղաքական ապագայ պատկերով շահագրգիռ շատերին` ներսում, թէ դրսում: Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւնների իրաւունքը թողնում եմ ընթերցողին:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔՆ ԱԼ ՅԱՆՁՆՈՒԵՑԱՒ…
Next post 30 Հազար Ցուցարարներ Մասնակցեցան «Հայրենիքի Փրկութեան Շարժում»-ի Հանրահաւաքին

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles