Հարցազրոյցը «Ալ Ճազիրա»-ի Հետ.- «Թուրքիան Պէտք Է Դուրս Բերուի Այս Հակամարտութիւնից, Նրանք Այս Խնդրի Մասը Պէտք Չէ Լինեն»․․․Կը Յայտնէ Հ․Հ․ Նախագահ Արմէն Սարգսեան

Ծ․Խ․- Հ․Հ․ նախագահ Արմէն Սարգսեանի հետ այս հարցազրոյցը կատարուած «Ալ Ճազիրա» հեռատեսիլի կայանին կողմէ, լոյս տեսած է «Հետք»-ի կայքէջի Հոկտեմբեր 1-ի համարին մէջ:
Ստորեւ, մեսրոպեան ուղղագրութեան տարբերակը։
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

Հ – Պարոն նախագահ, ցանկանում եմ սկսել հարցազրոյցը Ձեր վերջին դիրքորոշումից, որտեղ նախազգոյշացրել էիք, որ Կովկասը կարող է դառնալ մէկ այլ Սիրիա, եթէ չդադրեցւեն ռազմական գործողութիւնները Արցախում: Ինչո՞ւ էք այդպէս խորապէս մտահոգուած:
Պ -Կարծում եմ ՝ պէտք է ուսումնասիրել Արցախի հիմնախնդրի պատմական պատկերը: Պատմութեան տեսանկիւնից պէտք է նայել, թէ որտեղ է Արցախը գտնւում, ինչ է Արցախը: Սա պատմական Հայաստանի մի մաս է, որտեղ հայերը բնակութիւն են հաստատել հարիւրաւոր, հազարաւոր տարիներ: Միայն Խորհրդային ժամանակահատուածում Ստալինն այս տարածքը յանձնեց Ատրպէյճանին: Ստալինը «բաժանիր, որ տիրես» սկզբունքի վարպետ էր եւ խնդիրներ ստեղծեց խորհրդային բոլոր երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ատրպէյճանի, կենտրոնական Ասիայի հանրապետութիւնների միջեւ:

Հ – Կը ներէք, պարոն նախագահ, այս պատմական ակնարկը կաեւոր է, սակայն այսօր մենք ունենք հակամարտութիւն, որը կարող է վերածուել լայնածաւալ պատերազմի:
Պ – Խորհրդային Միութեան փլուզման ժամանակ Արցախի ժողովուրդը 1991 թուականին յստակօրէն արտայայտեց իր ցանկութիւնը՝ Արցախի տարածքում, որտեղ բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը դարեր շարունակ հայեր էին, դառնալու անկախ պետութիւն: Սակայն ժողովուրդի կամքը յարգելու փոխարէն Ատրպէյճանը որոշեց կռուել նրանց դէմ, ուղարկեց բանակ, եւ պատերազմ սկսուեց անկախութիւն հռչակած Արցախի հայերի ու Ատրպէյճանի միջեւ: Առաջին պատերազմն աւարտուեց 1994 թուականի հրադադարով: Դրանից յետոյ միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնը՝ ԵԱՀԿ-ն (Եւրոպական Անվտանգութեան եւ Համագործակցութեան Կազմակերպութիւն – ՅՄ), ստեղծեց երկխօսութեան հարթակ՝ Մինսկի խումբը, որը համանախագահում են Միացեալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Այս ընթացքում վարուել են բանակցութիւններ՝ երբեմն յաջող, երբեմն ոչ այնքան, սակայն այս բանակցութիւնների թիրախում Արցախի հակամարտութեան խաղաղ կարգաւորումն էր:
Սեպտեմբեր 27-ին Ատրպէյճանը որոշեց, որ իրենք այլեւս չեն շարունակելու երկխօսութեան եւ խաղաղ կարգաւորման որոնման այս ուղին եւ խնդիրը պէտք է լուծեն ուժի միջոցով: Ատրպէյճանի կողմից ԼՂՀ առաջնագիծ ուղարկուեցին զինուորականներ: Հրետակոծութիւնը շարունակուեց նաեւ քաղաքացիական բնակչութեամբ բնակեցուած վայրերի վրայ:

Հ – Պարոն նախագահ, դուք այսօր պատրա՞ստ էք խնդրի խաղաղ կարգաւորման:
Պ – Այսօր իրավիճակը փոխուել է այն պատճառով, որ ներգրաւուած է Թուրքիան, եւ ներգրաւուած է ուղղակիօրէն՝ գեներալներով, սպաներով, խորհրդատուներով, Սիրիաից բերուած վարձակալներով : նրանք նաեւ օգտագործում են թրքական արտադրութեան դրոններ, F-16 կործանիչներ: Միջազգայնօրէն սա կարող է միաբանուել որպէս էթնիկ զտում: Ի սկզբանէ Արցախի եւ Ատրպէյճանի միջեւ գոյութիւն ուներ խնդիրը խաղաղ կարգաւորելու համար մեխանիզմ՝ բանակցութիւնները: Սակայն այն պահից երբ Թուրքիան ներգրաւուեց…

Հ – Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, թէ Հայաստանի զինուորները կռւում են Արցախի հետ միասին: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք դա:
Պ – Նրանք հայեր են եւ չեն կարող թոյլ տալ, մէկ այլ ցեղասպանութիւն տեղի ունենայ ՝ Օսմանեան կայսրութիւնում իրականացուած հայոց ցեղասպանութիւնից 105 տարի անց: Նրանք կամաւորներ են, ովքեր եկել են աջակցելու իրենց հայրենակիցներին: Նրանք չեն եկել որեւէ երրորդ երկրից, ինչպէս Ատրպէյճանի պարագայում է: Թուրքիան այժմ ներգրաւուած է Արցախի հայերի դէմ կռւում եւ էթնիկ զտման մէջ:
Եթէ կամաւորներն օգնում են իրենց եղբայրների ու քոյրերին, ապա այստեղ որեւէ սխալ բան չկայ:

Հ – Այսինքն դուք ընդունում էք, որ կան հայ կռուողներ, ովքեր ոչ Հայաստանից են եւ ոչ էլ տարածաշրջանից: Սա Ձեզ համար բնակա՞ն է:
Պ – Սա բացարձակ բնական է, քանի որ մենք փոքր պետութիւն ենք, բայց համաշխարհային ազգ: Սա բնական է, քանի որ իւրաքանչիւր հայ յիշում է, որ 105 տարի առաջ նոյն թուրքիան, որն այժմ ներգրաւուած է Արցախում 1,5 միլիոն հայերի կոտորեց: Նոյն Թուրքիան, որը հայերի էթնիկ զտումներ իրականացրեց Օսմանեան կայսրութիւնում եւ ստեղծեց սփիւռքը: Այս բոլոր մարդիկ յիշում են սա: Մենք՝ որպէս ազգ, եւ մեր բարեկամները ոչ մի դէպքում չենք թոյլ տայ, որ ցեղասպանութիւնը կրկնուի:

Հ – Արցախի նախագահն ասում է, որ Արցախում ներկայիս պատերազմը նաեւ պատերազմ է Իրանի դէմ: Համաձա՞յն էք սրա հետ:
Պ – Դա Արցախի նախագահի մեկնաբանութիւնն է աշխարհաքաղաքական փոփոխութիւններին, որոնք տեղի կ՚ունենան, եթէ այս պատերազմը չդադրեցուի:

Հ – Ռուսաստանն առաջարկել է հանդէս գալ միջնորդութեամբ: Դուք բա՞ց էք ռուսական միջնորդութեան համար:
Պ – Ռուսաստանը, Ֆրանսան եւ Միացեալ Նահանգները Մինսքի խմբի համանախագահներն են: Ռուսաստանը լաւ յարաբերութիւններ ունի ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Ատրպէյճանի հետ: Իհարկէ, մենք բաց ենք միջնորդութեան համար, եւ որքան շուտ այն սկսի, այնքան լաւ:
Դա միջնորդութիւն է Արցախի, Ատրպէյճանի եւ նաեւ Հայաստանի միջեւ, իսկ թուրքական ներկայութիւնն ու ռազմական գործողութիւնները պէտք է դադրեցուին:

Հ – Ի՞նչ հիմքով կամ պայմանով էք ընդունելու այս միջնորդութիւնը, քանի որ անգամ Հայաստանի վարչապետն է ասում, որ դուք պատրաստ չէք վերսկսել խաղաղութեան շուրջ բանակցութիւնները հիմա, քանի որ համապատասխան պայմաններ չկան: Իսկ Դուք հիմա ասում էք թէ, բաց էք:
Պ – Այստեղ չկայ հակասութիւն իմ ասածի եւ կառավարութեան խօսքի միջեւ: Դուք ընդհանուր հարց էք տալիս՝ արդեօ՞ք Հայաստանն ընդունում է Ռուսատանի միջնորդութիւնը, եթէ այն սկսի աշխատել: Պատասխանը այս է՝ սկզբունքայնօրէն այո: Սակայն միջնորդութիւնը գործընթաց է, ան սկսւում է յատուկ միջնորդներով, ռազմական, քաղաքական գործիչների, արտգործնախարարութիւնների միջեւ կապերով, սակայն այդ գործընթացը դեռեւս չի սկսուել: Պատասխանն է՝ այո, մենք պատրաստ ենք միջնորդութեան, յատկապէս Ռուսաստանի կողմից, եթէ նման միջնորդութիւն կազմակերպուի:

Հ – Ռուսաստանը խօսե՞լ է այդ մասին…
Պ – Հայաստանի տարբեր պետական մարմիններ կապի մէջ են ռուսական կողմի հետ, Հայաստանի արտգործնախարարը խօսում է Ռուսաստանի գործընկերոջ հետ: Քննարկումներեն են տեղի ունենում կառավարութիւնների, վարչապետի մակարդակով: Քննարկումներ միշտ կան, սակայն դեռեւս չկայ յստակ ձեւաչափ, որպէսզի մենք ասենք, թէ կողմերի միջեւ միջնորդութիւն է սկսուել:

Հ – Դուք Ռուսաստանի հետ կապուած էք Հաւաքական անվտանքութեան համաձայնագրով: կարո՞ղ էք խնդրել Ռուսաստանի ռազմական աջակցութիւնն այս պատերազմում:
Պ – Մենք ՀԱՊԿ (Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութիւն – ՅՄ) անդամ ենք: Այն, Հայաստանից բացի այլ անդամներ էլ ունի: Սակայն մինչ այժմ Հայաստանը չի դիմել կառոյցին, թէպէտ ունի նրա իրաւունքը: Յուսով ենք, որ միջազգային ճնշումը մեր հարեւանի, կամ աւելի ճիշտ կը լինի ասել հարեւանների՝ Ատրպէյճանի եւ Թուրքիոյ վրայ, կը դադրեցնի այս էթնիկ զտումը, որ տեղի է ունենում ԼՂ-ում, եւ պատերազմը, որ տեղի է ունենում ԼՂՀ դէմ, ու մենք կարիք չենք ունենայ դիմել այլ կառոյցների կամ միջազգային կազմակերպութիւնների: Յուսով ենք, որ առողջ բանականութիւնն ու մարդկային տրամաբանութիւնը կը գերակայեն:
Սակայն Հայաստանն իրաւունք ունի դիմել կառոյցի, որի մասն է: Մենք նաեւ հարց ենք բարձրացրել ՆԱԹՕ-ի ղեկավարութեանը, քանի որ Թուրքիան, լինելով այդ կառոյցի անդամ, իրականացնում է գործողութիւններ, որոնք դէմ են կազմակերպութեան ողջ փիլիսոփայութեանը: Նրանք ներգրաւուած են մի հակմարտութեան մէջ, որտեղ ուղիղ /անմիջական հետաքրքրութիւն չունեն, թէպէտ ձեւացնում են , իբր կան PKK զինեալներ կամ սպառնալիք կայ միջազգային էներգետիկ (ուժանիւթային – ՅՄ) աղբիւրների նկատմամբ:

Հ – Նշեցիք, իրաւունք ունէք դիմել Ռուսաստանին ձեզ ռազմական օգնութիւն ցուցաբերելու համար: Իհարկէ, Ռուսաստանի հետ ունէք ընդհանուր պաշտպանական պայմանագիր, ինչպէս նաեւ ռուսական ռազմական կայան կայ Հայաստանում: Ռուսաստանը կամք ցուցաբերե՞լ է՝ միջամտելու այս հակամարտութեանը՝ դրա մասը կազմելու առումով:
Պ – Ձեր հնչեցրած հարցն աւելի շատ ուղղուած է Ռուսաստանի նախագահին, այլ ոչ թէ ինձ: Ես ձեր հարցերին պատասխանում եմ որպէս Հայաստանի Հանրապետութեան նախագահ: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի անդամ է նաեւ ռուսաստանը: Մենք յատուկ պայմանագրեր ունենք Ռուսաստանի դաշնութեան հետ: ինչպէս արդէն նշեցի, Պաշտօնապէս չենք դիմել ո՛չ Ռուսաստանին եւ ո՛չ էլ ՀԱՊԿ-ի անդամ միւս երկիրներին՝ մեզ օգնելու համար: Քանի դեռ չես դիմել նրանց, չես կարող ասել՝ նրանք պատրաստ են աջակցել, թէ ոչ: Սակայն մենք ունենք պայմանագրեր: Մենք չենք ցանկանում լարել վիճակը: Մի բան շատ կարեւոր է՝ մենք չենք ցանկանում Արցախի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի մէջ եղած այս հակամարտութեան շուրջ գերլարուածութիւն ստեղծել: Այդ իսկ պատճառով, ինչպէս նաեւ դուք նշեցիք ձեր խօսքում, եթէ առճակատումը աւելի մեծ լարուածութեան հասնի, ապա Կովկասը կը դառնայ մէկ այլ Սուրիա: Այդ դէպքում թող Աստուած մեզ պահապան լինի, թէ ինչ կը կատարուի ամբողջ տարածաշրջանում: Մենք փորձում ենք զսպել այս իրավիճակը: Այս ամենն անելու գործում կայ մէկ կարեւոր մաս՝ Թուրքիան: Եթէ Թուրքիան Արցախի հայկական գիւղերի եւ քաղաքների վրայ չ՚ուղարկի իր անօդաչու օդանաւերը եւ Էֆ-16-ը՝ կրակելով նրանց վրայ, ապա ներկայ պատերազմը որոշ ժամանակ անց որոշակի հանգուցալուծում կ՚ունենայ: Յուսով ենք, որ կողմերը՝ ներառեալ Ատրպէյճանը, կը լսեն, թէ մենք ինչ ենք ասում: Հաշուի առնելով, թէ ինչ է հիմա կատարւում, եկէք վերադառնանք բանակցային սեղան, քանի որ այլընտրանք չկայ: Այս խնդիրը ռազմական լուծում չունի: Եթէ մենք չլսենք այս ուղերձը, ապա հազարաւոր մարդիկ կը մահանան: Իսկ ինչպիսի՞ն կը լինի արդիւնքը: Մեծ ողբերգութիւն երկու երկիրների՝ ե՛ւ Ատրպէյճանի, ե՛ւ Հայաստանի համար:

Հ – Միւս կողմն ասում է՝ թող Հայաստանը դուրս գայ այդ շրջանից, որը ճանաչուած չէ, կայ Ատրպէյճանի իշխանութեան միջազգային ճանաչում: Ինչպէ՞ս են հայերը արձագանքում այս հարցին, ո՞րն է աւարտը:
Պ – Ճանաչման համար առաջին հերթին ժանանակ է պէտք: Ճանաչման լաւագոյն ճանապարհը հետեւեալն է՝ Արցախն Ատրպէյճանի հետ երկխօսութեան միջոցով ի վերջոյ պէտք է գայ եզրահանգման, ըստ որի՝ երկու կողմերը կը համաձայնեն Ատրպէյճանի եւ Արցախի հետագայ յարաբերութիւնների եւ Արցախի Հանրապետութեան ապագայի վերաբերեալ: Դա է ամենալաւ ճանաչումը:
Այդպիսով, այս խնդրի լուծման հիմնական ուղին մէկ կամ երկու եերկրի կողմից ճանաչումը չէ, որը, հնարաւոր է, կ՚օգնի, սակայն վերջնական լուծումը պէտք է լինի Ատրպէյճանի եւ Արցախի բանակցութիւնների միջոցով: Երբ մենք խօսում ենք տարածքային ամբողջականութեան մասին, մենք պէտք չէ մոռանանք, որ Արցախը Ատրպէյճանի մաս է կազմել միայն խորհրդային տարիներին, այն երբեք Ատրպէյճանի կազմում չի եղել: Այն Ատրպէյճանին տւել է Ստալինը: Երբ խօսում էք ամբողջականութեան մասին, եւ եթէ նկատի ունենք այն ինչ որ Ստալինը ստեղծել է, ապա դա խորհրդային կայսրութիւն էր:
Մարդկանց կամարտայայտմամբ եւ երկխօսութեան շնորհիւ Միացեալ Թագաւորութիւնում (United Kingdom – ՅՄ) Շոտլանդիան (Scotland – ՅՄ) որոշեց հանրաքուէի միջոցով արտայայտել անկախանալու իր ցանկութիւնը: Մեծ Բրիտանիան չասած ոչ. նրանք թոյլ տւեցին Շոտլանդիացիներին հանրաքուէ անցկացնել: Եթէ հանրաքուէն դրական լիներ, ապա Շոտլանդիան այսօր անկախ պետութիւն կը լինէր, սակայն այն բացասական էր: Ինչո՞ւ Միացեալ Թագաւորութիւնում, նախքին Հարաւսլաւիայի պետութիւններում, նորմալ (բնականոն- ՅՄ) մարդկային հասարակութեան դրսեւորում եղաւ, իսկ Արցախը, որի 90 տոկոսը դարերով բնակեցուած է հայերով, երբ անկախութեան հանրաքուէ անցկացրեց, Ատրպէյճանը պատերազմ սկսեց, Թուրքիային ներգրաւեց, սկսեցին կրակել մարդկանց վրայ, մէկ այլ էթնիկական զտում իրականացնել: Կարող էք դա բացատրել ինձ:

Հ – Պարոն Նախագահ, ակնկալո՞ւմ էք, որ Իրանը կը ներգրաւուի այս խնդրում:
Պ – Յոյս ունեմ որ այս ընթացող պատերազմում չի ներգրաւուի ուրիշ որեւէ այլ երկիր: Յոյս ունեմ որ Թուրքիան դուրս կու գայ այս խնդրից, եւ ոչ ոք այլեւս չի միջամտի: Այդ իսկ պատճառով մենք ուրիշներին չենք դիմում: Իւրաքանչիւր նոր ներգրաւում տասն անգամ աւելի շատ լարում կ՚առաջացնի, եւ հակամարտութիւնը հնարաւոր չի լինի կանգնեցնել: Իրանին, Ռուսաստանին կամ միւսներին ներգրաւելու փոխարէն կը ցանկանայի տեսնել այս հակամարտութիւնից թուրքիայի դուրս գալը:

Հ – Ո՞ւմ էք դիմել, որ Թուրքիոյ դուրս մղի: Ո՞վ կը ցանկանայ դուրս մղել Թուրքիոյ:
Պ – Հորդորում եմ անում միջազգային հանրութեանը՝ ճնշում գործադրել Թուրքիոյ վրայ: Իւրաքանչիւրը հասկանում է որ այս հակամարտութեան մէջ Թուրքիոյ ներգրաւումն անհամաչափ, անհիմն է, բոլոր միջազգային օրէնքներին եւ համաձայնագրերին դէմ է: Թուրքիայի ներգրաւումը յիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած հայոց ցեղասպանութեան մասին: Այդ ամենի համար նրանք ունեն արդարացումներ, ինչպէս այսօր են արդարանում, թէ իբր պաշտպանում են միջազգային էներգետիկ (ուժանիւթային – ՅՄ) խողովակաշարերը, PKK զինեալների մասին են խօսում, ինչն ուղղակի անհեթեթութիւն է: 1915 թուականին նրանք ասում էին, որ հայերը քրիստոնեայ են, աջակցում են ռուսներին եւ այլն, եւ այլն:
Դրանք բոլորն արդարացումներ են, իսկ նպատակը շատ պարզ է՝ էթնիկ (ցեղային – ՅՄ) զտումներ անել, հայերին դուրս հանել այն հողից՝ Արցախից, որտեղ նրանք ապրել են հազարաւոր տարիներ: Սա անընդունելի է: Մենք դիմում ենք միջազգային հանրութեանը՝ ճնշում գործադրել թուրքիայի վրայ, քանի որ Թուրքիան դարձել է մեծ բացասական գործօն այս հակամարտութեան մէջ, ինչը թոյլ չի տայ վերադառնալ նորմալ բանակցային սեղան: Ես բանակցուած լուծման կողմնակիցն եմ, որովհետեւ ուրիշ լուծումներ չկան: Կայ միայն մէկ մարդկային ճանապարհ խնդիրների լուծման համար, որը երկխօսութիւնն է:

Հ – Հնարաւո՞ր է երկխօսութիւնը սկսել հիմա՝ հաշուի առնելով իրավիճակը: Հնարաւոր կը լինի՞ առանց փոփոխութիւնների, հրադադարի հաստատման սկսել երկխօսութեան: Դա ընդունելի՞ է Ձեզ համար:
Պ – Դուք ասում էք, թէ արդեօ՞ք հնարաւոր է հիմա երկխօսութիւն սկսել, երբ F-16-երը սպանում են կանանց եւ մարդկանց՝ հրթիռակոծելով գիւղեր եւ քաղաքներ: Ինչպէ՞ս կարող ես բանակցութիւններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտութեան մասը չէ, կրակում է Արցախի քաղաքների եւ գիւղերի վրայ: Բացատրէք ինձ՝ ինչպէ՞ս է հնարաւոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պէտք է դուրս բերուի այս հակամարտութիւնից, նրանք այս խնդրի մասը պէտք չէ լինեն: Այնուհետեւ, ատրպէյճանական կողմը, Արցախը եւ Հայաստանը որոշեն, թէ երբ պէտք է ռազմական գործոծութիւնները դադրեցուեն եւ գնան դէպի բանակցութիւնների սեղան: Բոլորին հորդորում եմ որ դա անել որքան հնարաւոր է շուտ: Թուրքիան իր գործողութիւններով պէտք չէ ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:

Հ – Թուրքիան մինչեւ հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցութիւն է ցուցաբերում, ասում է, աջակցում է ատրպէյճանցիներին եւ ժխտում է ուղղակի միջամտութիւնը այս խնդրում: Ի՞նչ էք մտածում այս մասին:
Պ – Նրանք ճիշտ չեն ասում: Թուրքիան նոյնն է անում Սուրիոյ, Լիպիոյ, Իրաքի դէպքում: Յիշում եմ ամերիկացի նախագահներից մէկի խօսքը, որն ասում էր, կարող էք յիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող էք ինչ-որ մարդկանց յիմարացնել երկար ժամանակ, բայց չէք կարող բոլոր մարդկանց մշտապէս յիմարացնել: Թուրքիան յիմարացնում է միջազգային հանրութիւնը:

Հ – Թուրքիան միջամտում է Սիրիայի խնդրին, եւ դա յայտարարուել է՝ որ Էրտողանը թիրախաւորել է…
Պ – Թուրքիան միջամտում է Արցախի հարցին եւ ձեւացնում է, որ այդպէս չի անում: Հարիւր հազարաւոր փաստարկներ կան թէ ինչպէս են թուրքական ԱԹՍ-ները ներգրաւուած, թէ ինչպէս է թուրքական ռազմական տեխնիկան (սարք – ՅՄ) յայտնուել Ատրպէյճանում, եւ թէ ինչպէս Էֆ-16-ը կրակում Արցախի վրայ: Թուրքիան ասում է այլ բան, սակայն ես ասում եմ սա: Դուք ընտրէք այն, ինչ որ նախընտրում էք: Խաղաղ բնակիչներ են մահանում այն կրակոցներից որոնք գալիս են Արցախի հակառակ կողմից, Ատրպէյճանի կողմից, որտեղ Թուրքիան ամբողջութեամբ ներգրաւուած է: Իմ հարցը շատ պարզ է՝ Ինչո՞ւ է Թուրքիան որոշել ներգրաւուել այս խնդրում: Չէ՞ր կարող Ատրպէյճանը, որն շատ աւելի մեծ է, քան Արցախը, այս գործը գլուխ բերել: Ինչո՞ւ Թուրքիան որոշեց միջամտել այս արիւնալի պատերազմին, որը մարդկանց է սպանում: Նրանք ասում են, որ միջազգային էներգետիկ (ուժանիւթ – ՅՄ)խողովակաշարերի համար սպառնալիք կայ, ինչն ուղղակի անհեթեթութիւն է: Եթէ հայերը ցանկանային կրակել միջազգային էներգետիկի վրայ, նրանք դա կանէին 20 տարի առաջ, երբ սկսում էին կառուցել դրանք: Սակայն այդ խողովակաշարերն այդտեղ են 20 տարի շարունակ եւ Ատրպէյճանը միլիարդաւոր դոլարներ է վաստակել, որոնք օգտագործել է զէնք գնելու եւ Արցախի հայերի դէմ օգտագործելու համար: Ասել, որ հայերն այսօր մտածում են Պաքու-Թբիլիսի-Ջէյհան խողովակաշարին հարուածելու մասին, սխալ է եւ սուտ:

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*