ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԲԺԻՇԿԸ` ԱՐՑԱԽԸ ՍՐՏՈՒՄ


ԼԵՒՈՆ ԼԱՃԻԿԵԱՆ
Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ իսկական բժիշկը ոչ միայն ու ոչ այնքան այդ մասնագիտութիւնը ժամանակին ընտրած եւ առողջապահութեան ոլորտում լոկ երկար տարիներ աշխատած անձն է, այլ նա, ում փոքրուց խորթ չի եղել մարդկային պարզ կարեկցանքը, իսկ յետագայում էլ երբեք չի լքել ուրիշին օգնելու անհատնում ցանկութիւնը:
Այդ եւ ուրիշ շատ արժանիքներով էր օժտուած ամերիկահայ բժիշկ ու հասարակական գործիչ Ռաֆֆի Յովհաննիսեանը, ով վերջերս Նիւ Ճըրզիում կնքեց մահկանացուն` իր ետեւից թողնելով մնայուն ու յիշատակելի գործերի լուսաւոր մի յետագիծ:
Ծնուել էր 1938-ի Օգոստոսի 16-ին Երուսաղէմում եւ առաջնեկն էր Մեծ եղեռնից մազապուրծ ու վերապրած ծնողների: Ապագայ բժիշկի ստացած հայեցի դաստիարակութեան անկիւնաքարերը եղան Ընտանիքը, Եկեղեցին եւ Հայրենիքը:

Ընտանիքը

Ողջ կեանքում նրան ուղեկցեց հօր` Առաքէլի առասպելական կերպարը: Երախտապարտ որդին իր խօսքում միշտ էր շեշտում, թէ ինչպէս լինելով «պարզ կ՚օշկակար»` հայրն անպայման ուզեցել է 6 զաւակ ունենալ: Ականջներում մշտապէս հօր հետեւեալ խօսքն է հնչել. «տղա՛ս, այնքա՜ն ենք կորցրել, որ պիտի նաեւ այսպէս` շատ զաւակներ ունենալով ծառայենք մեր ազգին»:
Մայրը` Տիրուհին, բուժքոյր էր եւ հաւանաբար հէնց նրա ուղղորդմամբ պատանի Ռաֆֆին որոշեց ընտրել բժշկի մասնագիտութիւնը: Վերջինս, ինչպէս յետագայ ողջ կեանքը ցոյց տուեց, արդիւնք էր նաեւ այլոց օգտակար լինելու բնածին յատկութեան: Տողերիս հեղինակին մի դրուագ անչափ տպաւորեց, երբ լսում էի դոկտորի հարցազրոյցներից մէկը: Հայրը մի օր ջութակ է նուիրում որդուն` լաւ իմանալով բժիշկ դառնալու նրա մտադրութեան մասին: Բոլոր դէպքերում յորդորել է նուագել այդ գործիքը, որպէսզի բժիշկ դառնալիս մատները… «ճկուն ըլլան»:
Նախնական կրթութիւնը Հալէպում ստանալուց յետոյ ուսումնատենչ հայորդին դիմում է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական բաժին: Այդ քաղաքում էլ նա ծանօթանում է իր կեանքի ուղեկցի` գեղատես հայուհի Շողակ Վարժապետեանի հետ: «Աստուծոյ օրհնութեանը փառք կ՚ուտամ, որ Շողակի նման կողակից տուաւ,- սիրում էր կրկնել դոկտորը` շարունակելով,- Ան միշտ կռնակս ու ինձմէ առաջ քայլող էակ եղած է: Միաժամանակ իդէալ մայր` իր 3 զաւակներուն ու 7 թոռներուն համար»:
Այս զոյգի մասին Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Խաժակ արք. Պարսամեանը գրում է. «Անոնք երկուքը, իբրեւ օրինակելի զոյգ, զիրար ամբողջացուցին` իրականացնելով բազմաթիւ ծրագրեր»: Ամենաակնառուն թերեւս Սուրբ Ներսէս ճեմարանի նախկին շէնքի վերանորոգումն էր, որ մեծապէս նրանց ջանքերով հնարաւոր եղաւ իրագործել` ապահովելով ուսումնական այդ կարեւոր հաստատութեան շարունակութիւնը:
1965-ին բնակութիւն հաստատելով Շիքակոյում` եկեղեցասէր այս ամոլը ազգային նոր շունչ հաղորդեց տեղի հայ գաղութին եւ նպաստեց այդ քաղաքում հիմնելու Հ․Բ․Ը․Մ․ տեղական կեդրոն ու «Սիսակ Վարժապետեան» շաբաթօրեայ ազգային վարժարանը:
Հանրայայտ է նաեւ բարեգործ ընտանիքի ներդրումը ժամանակակից հայ նկարչութեան հանրահռչակման ու զարգացման գործում: Երկրաշարժից յետոյ գալով հայրենիք` արդի արուեստի գիտակ ու համադրող Շողակ Յովհաննիսեանն իր, ապա եւ աշխարհի համար յայտնագործեց մեր օրերում ու մեր շուրջն ապրող հայ գեղանկարիչների մի բոյլ, որոնք սակայն ապրում էին աննախանձ պայմաններում: Նա իր արուեստասէր ամուսնու հետ միասին արեց այնպէս, որ շարունակելով ապրել Հայաստանում` այդ արուեստագէտները ստեղծագործէին ապահովութեան մէջ եւ ցուցահանդէսներ կազմակերպէին արուեստի համաշխարհային կեդրոններում: Այդպէս էլ եղաւ: «Մեր նպատակն է, որ շնորհալի հայ արուեստագէտները մնան հայրենիքում, որպէսզի նրանց չկորցնենք օտար ափերում»,- սա՛ է Շողակի գործունէութեան կարգախօսը: Ընդ որում, հայրենի արուեստագէտներին սատար կանգնելը նրանք աւելի շատ պարտականութիւն են դիտել, քան բարեգործութիւն` սովորական իմաստով:
Այսօրուայ պէս յիշում եմ տէր ու տիկին Յովհաննիսեանների այցը 1988-ի երկրաշարժից հիմնակործան եղած Գիւմրու «Օկտետ» երաժշտական դպրոց: Լսելով շնորհալի սաների տպաւորիչ ելոյթները` նրանք հէնց տեղում որոշում ընդունեցին աջակցել միանգամից մի քանի պատանու երաժշտական բարձրագոյն կրթութիւնը, իսկ յետագայում գործուն ջանքեր գործադրեցին դպրոցի շէնքային պայմանների բարելաւման ուղղութեամբ:
Ընտանեկան բարի աւանդոյթները փոխանցելու նպատակով յաճախ էր հայրենասէր զոյգը նախնիների երկիր այցելում զաւակների ու թոռների հետ: Չէ՞ որ պէտք էր նոր սերնդին օգնել հասկանալու ու գնահատելու հայրենի եզերքի իւրայատուկ համն ու հոտը` քաջալերելով, ի հարկէ, նրանց ձեռնարկելիք առաջին բարեսիրական քայլերը:

Եկեղեցին

Հասակ առած լինելով վանական աւանդական մթնոլորտում` Ռաֆֆի Յովհաննիսեանը ողջ կեանքում փարուած մնաց հայ եկեղեցուն ու նրա սրբութիւններին: Դեռ փոքրուց, երբ յաճախում էր Հալէպի «էմմանուէլ» վարժարան, նուիրուեց սուրբ գրային ընթերցանութեան, որի շատ դրոյթներ յետագայում նա հասցրեց իրագործել երկրային կեանքում:
Պէյրութում նա բարեկամութիւն հաստատեց այն օրերին Կիլիկեան աթոռում որպէս միաբան ծառայող, իսկ տարիներ անց Հայոց հայրապետ ընտրուած Գարեգին Ա-ի հետ, որի հետ մտերմութեամբ միշտ էր հպարտանում: Իր կեանքի հանգրուաններին ուր էլ եղաւ, առաջինը դէպի հայ հոգեւոր տաճար տանող ճանապարհը փնտռեց: «Եկեղեցին միշտ իմ մէջ է եղել»,- յետագայում պիտի խոստովանէր բժիշկը: Նա այն համոզումն ունէր, որ եթէ հայերս չընդունէինք քրիստոնէութիւնը, որպէս ազգ կը դադարէինք գոյութիւն ունենալուց:
Պատահական չէր ուստի, որ դոկտոր Յովհաննիսեանը երկար տարիներ անդամակցէր, Հայ առաքելական եկեղեցու Ա․Մ․Ն․ Արեւելեան թեմի Թեմական խորհրդին` լինելով նաեւ դրա փոխատենապետը, իսկ երկու անգամ որպէս ընտրուած պատգամաւոր մասնակիցը դառնար Մայր աթոռում 1995 եւ 1999 թուականներին գումարուած Ազգային գերագոյն ժողովների:
2014-ին Ա․Մ․Ն․ Արեւելեան թեմի կողմից Ռաֆֆի Յովհաննիսեանը հռչակուեց «Եկեղեցուոյ Պատուոյ մարդ», որի առիթով Նիւ Եորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում կազմակերպուած հանդիսութեան ժամանակ պատշաճ մեծարանքի արժանացաւ հայ եկեղեցու եւ ամերիկահայ համայնքի կողմից: Նրան միշտ այն զգացողութիւնն էր ուղեկցում, որ Տէրն է առաջնորդում իր քայլերը եւ ուրախ էր, որ իրագործել է հօր պատգամը. «Սիրել եկեղեցին եւ ծառայել եկեղեցիին»:

Հայրենիքը

Ռաֆֆի Յովհաննիսեանն իր յուշերում նկատում է, որ իրենց տանը փոքրուց միշտ ազգային երգեր են հնչել, որոնք նաեւ հայրն է կատարել: Իսկ հայկական ռատիօն միշտ սպասուած հիւր է եղել իրենց տանը` «Երեւանն է խօսում» յայտնի արտայայտութեամբ:
Ու երբ 1986-ին առաջին անգամ Հայաստան է եկել որդու` Արմէնի հետ, առաջինը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր է բարձրացել` խնկարկելու իր նախնեաց յիշատակը: Անկախութեանը յաջորդած մութ ու ցուրտ տարիներին բժշկի այցերն աւելի յաճախացան. գալիս էր ամէն 3 կամ 6 ամիսը մէկ: Տեսնելով հայրենաբնակ քոյրերի ու եղբայրների դիմագրաւած անմարդկային դժուարութիւնները` այնժամ լռելեայն ուխտեց լինել հարազատ ժողովրդի ու նրա առաջընթացի կողքին: Հետաքրքիրն այն էր, որ նրա համար Հայաստանը նաեւ Ջաւախքն ու Արցախն էին` իրենց հերոս հայորդիներով ու ազգային անխառն նկարագրով:

Յանուն Արցախ աշխարհի

Ռաֆֆի Յովհաննիսեանին համակած բոլոր խոհերն ու ապրումներն այնուհետ պիտի վերածուէին գործի, որ նա ծաւալեց երկար տասնամեակների ընթացքում եւ, ինչպէս ինքը կ՚ասէր, «Ի զուր չվատնեց իր կեանքը»: Ուր էլ եղաւ, ընտանիքի հետ որտեղ էլ բնակութիւն հաստատեց, յանձնառու եղաւ ազգային գաղափարներին ու հայապահպան առաքելութեանը: Այդ նպատակով նա համագործակցեց սփիւռքահայ կրթական-բարեսիրական բազմաթիւ կառոյցների հետ` մաս կազմելով նրանց հայրենաշէն ու ժողովրդանուէր ծրագրերին: 1986-1988 Թուականներին Ամերիկայի հայկական համագումարի Տնօրէնների խորհրդի անդամ էր, իսկ 1989-2000-ին անդամակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կեդրոնական խորհրդին: Երկար տարիների արդիւնաւոր աշխատանքով, սակայն, առանձնացնելի է նրա համագործակցութիւնը յատկապէս Հայ Օգնութեան ֆոնտի հետ, որի բժշկական շատ ծրագրերի նախաձեռնողներից ու քաջալերողներից մէկը դարձաւ:
Հանրայայտ է, անշուշտ, Հայ Օգնութեան ֆոնտի գործօն դերակատարութիւնն ու ներդրումը 1988-ի երկրաշարժից յետոյ մայր հայրենիքի առողջապահական համակարգի բարեփոխումների ու արդիականացման գործում: Նշենք մասնաւորապէս 2005 Մայիսին մեկնարկած եւ մինչ այժմ յաջողութեամբ գործող «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագիրը», որը սկզբից եւեթ նպատակ ունէր բարձրացնել ՀՀ մարզերի բնակչութեան բժշկական սպասարկման որակը` աջակցելով Երեւանից դուրս աշխատող բժիշկների մասնագիտական կատարելագործմանը: Որքան էլ որ շարունակական բժշկական կրթութեան ծիրում ընդգրկւում էին բուժաշխատողներ նաեւ Ջաւախքից ու Լեռնային Ղարաբաղից, միեւնոյն է` յընթացս անհրաժեշտութիւն զգացուեց հիմնելու նոր ծրագիր` յատուկ Արցախի բժիշկների համար:
Մտապահել եմ Հայ Օգնութեան ֆոնտի Երեւանեան գրասենեակում Փետրուար 10, 2011-ին կազմակերպուած մամլոյ ասուլիսը, որին պիտի ազդարարուէր նշեալ ծրագրի մեկնարկը: Դրան ի շարս Հ․Հ․ եւ Արցախի աողջապահութեան նախարարութիւնների բարձրաստիճան այրերի, Հայաստանի պետական բժշկական համալսարանի եւ Հայ Օգնութեան ֆոնտի ներկայացուցիչների մասնակցում էր նաեւ Ա․Մ․Ն․-ից ժամանած Ռաֆֆի Յովհաննիսեանը: Ի հարկէ, բոլորն էին ուրախ, սակայն ամէնից շատ ճառագում էր մեր հայրենակցի դէմքը. չէ՞ որ նա պարզ մասնակից չէր, այլ մէկն այդ ծրագրի հեղինակներից:
Բանն այն է, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ յետխորհրդային հանրապետութիւններում եւ առաւել եւս Ատրպէյճանից ինքնորոշուած Լեռնային Ղարաբաղում փլուզուել էր առողջապահութեան ողջ համակարգը` ներառեալ բուժկատարելագործման գործընթացը: Ընկերային խոցելիութիւնը թոյլ չէր տալիս տեղի բժիշկներին հասնելու Երեւան եւ անցնելու առողջապահութեան ազգային հիմնարկի վճարովի դասընթացները:
Այս համապատկերում իսկական փրկութիւն էր Ամերիկահայ առողջապահական մասնագէտների կազմակերպութեան (AAHPO) կողմից ֆինանսաւորուող վերոյիշեալ ծրագիրը, որի շրջանակներում տարեկան 35-40 բժիշկներ մէկամսեայ անվճար վերապատրաստում են անցնում Երեւանի առաջատար բուժհաստատութիւններում ամենատարբեր մասնագիտացումների գծով, ծանօթանում համաշխարհային բժշկագիտութեան նորագոյն նուաճումներին, համակարգչային գրագիտութիւն սովորում Հանրապետական գիտաբժշկական գրադարանում, ընդլայնում մասնագիտական կապերը Հայաստանի ու արտերկրի բարձրակարգ մասնագէտների հետ` չհաշուած նոր բուժսարքաւորումներով իրենց հաստատութիւնները յագեցնելը: Այսօր Արցախում աշխատող շուրջ 320 բժիշկների մեծ մասն արդէն աւարտել է այս դասընթացը` ձեռք բերելով իրենց ասպարէզի զարգացման համար անհրաժեշտ կրեդիտների զգալի խմբաքանակը: Ըստ Արցախի վաստակաւոր բժիշկ, Շուշիի բուժմիաւորման տնօրէն Վիգէն Խաչատրեանի «Ի շարս այլ կարեւոր հանգամանքների` այս ծրագիրը ստեղծում է կապեր Հայաստանի ու Արցախի մասնագէտների միջեւ, որը յատկապէս էական է դառնում ճգնաժամային պահերին»:
Դոկտոր Ռաֆֆին, որպէս իր գործի գիտակ ու սրտացաւ մասնագէտ, խորապէս գիտակցում էր նաեւ Արցախի գիւղական համայնքների բուժքոյրերի վերապատրաստման անհրաժեշտութիւնը` նկատի ունենալով, որ հայկական երկրորդ հանրապետութիւնը դեռեւս պատերազմի մէջ է ազերիների հետ եւ ամէն վայրկեան կայ կռիւների վերսկսման վտանգ: Բուժքոյրերի մեծ մասը, սակայն, տարիներ շարունակ չէր անցել մասնագիտական վերապատրաստում: Յարկ էր ուրեմն մշակել առաջնային բուժօգնութեան օղակի վերապատրաստման գործնական մոդել ու գտնել ծրագրի հովանաւոր: Դարձեալ հեղինակաւոր բժշկի յորդորով էր, որ ամերիկահայ Նազարեան ընտանիքը ստանձնեց այդ պատասխանատուութիւնը: Արդիւնքում 2018-ին տրուեց մեկնարկը: Ահա թէ ինչ է պատմում Հայ Օգնութեան ֆոնտի փոխտնօրէն եւ բժշկական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնեանը. «Ճիշդն ասած, շատ մարդիկ են հետաքրքրուել այս խիստ հրատապ խնդրով, սակայն խօսել են, խօսել ու… մոռացել: Մինչդեռ դոկտոր Ռաֆֆին, զգալով հարցի կարեւորութիւնը, անմիջապէս անցաւ գործի ու գլուխ բերեց այն»:
Արդէն երրորդ տարին է, ինչ յաջողութեամբ ընթանում է Արցախի բուժքոյրերի վերապատրաստման գործընթացը, որը բացի մայրաքաղաք Ստեփանակերտից եւ 7 շրջկենտրոններից ներառում է նաեւ 301 գիւղական համայնք, որոնք սպասարկում են 600-ից աւելի բուժքոյրեր: Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան հետ համատեղ իրականացուող այս ծրագրում ամէն տարի ընդգրկւում է մօտ 120 բուժքոյր, որոնք տեսական ու գործնական դասընթացից յետոյ զինւում են նոր գիտելիքներով ու հմտութիւններով: Այն, որ աշխարհի յատուկենտ երկրների նման Արցախի Հանրապետութիւնը եւս կարողացաւ յաջողութեամբ դիմակայել կ՚որոնաւիրուսի համավարակին եւ ներկայումս էլ շարունակում է կիրառել վտանգը նուազեցնելու ու կառավարելու արդիւնաւէտ միջոցներ, պակաս դեր չունեն վերոնշեալ բժշկական ծրագրերը:
Աւելացնենք, որ Ռաֆֆի Յովհաննիսեանը երկար տարիներ իր խորհրդատուութեամբ նպաստել է նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի առաջընթացին: Այդ բուհի նախկին պատասխանատու եւ Հայ Օգնութեան ֆոնտի բժշկական շրջանաւարտների միութեան Խորհրդի անդամ Գէորգ Եաղջեանը նշանաւոր բժշկին դիպուկ կերպով բնորոշում է որպէս նշեալ հաստատութեան «Ոչ պաշտօնական արտակարգ ու լիազօր դեսպանն Ամերիկայում»:
…Իր կեանքի վերջին եօթ տարիներին Ռաֆֆի Յովհաննիսեանն անհաւասար կռիւ էր տալիս ու պայքարում դաժան հիւանդութեան դէմ` չընկրկելով ոչ մի պահ եւ դոյզն-ինչ չկորցնելով լաւատեսութիւնը: Մինչեւ կեանքի վերջ էլ, ամերիկահայ համայնքի գործարար ու բժշկական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպելիս, ամէն անգամ բացատրում էր տարուող ծրագրերի կարեւորութիւնը` ի մտի ունենալով դրանց շարունակելիութեան հրամայականը:
Առաջին օրինակը, բնականաբար, ինքն էր ցոյց տալիս: Նրա մահից անմիջապէս յետոյ ստեղծուեց Հօֆ-ի «Ռաֆֆի Յովհաննիսեան կրթական հիմնադրամը», որի թիրախը դարձեալ Արցախ աշխարհն է ու նրա առողջապահական համակարգի զարգացումը: Այն ամէնը, ինչ արեց նուիրեալ հայորդին, ամենեւին էլ փառքի համար չէր: Ընդհակառակը, վերջինս էր անվերջ հետապնդում նրան: Անուանի բժիշկը կենդանութեան օրօք պարգեւատրուեց ամերիկեան ու հայրենի մի շարք մեդալներով ու շքանշաններով: Յիշատակենք միայն մէկը` Ա․Մ․Ն․ պատուաւոր «էլիս Այլընտ» շքանշանը, որին արժանացան թէ՛ ինքը, թէ՛ Շողակ Յովհաննիսեանը:

Բժիշկի պատգամը

Յաւարտ հայրենասէր հայորդու մասին պատմող այս ակնարկի` մի փոքրիկ հատուած մէջբերեմ նրա հարցազրոյցներից մէկից. «Չմոռնանք, որ մենք հայ ենք եւ մեր հիմնական կապը մէկմէկու հետ նոյն ազգին պատկանելն է: Մեր երակներում հոսող արիւնն այնքան մաքուր է, որ պիտի ջանանք չպղծել այն սխալ գաղափարներով, նախանձութեամբ, թշնամութեամբ եւ հակառակութիւններով»: Դժուար է գերագնահատել այս խօսքերի արդիականութիւնն ու նշանակութիւնը մեր օրերում…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*