Հայաստանի «Սիւփըր նախարար»-ն Ու Իր Ոչ Միանշանակ Ընդունուած Որոշումներից Մի Քանիսը

Սիրուն Սիրունեան

Ուղիղ երկու տարի եւ երեք ամիս առաջ Հայաստանի Հանրապետութեան գործադիր իշխանութեան ղեկավարի` վարչապետի առաջարկով, նախագահի հաստատմամբ Հայաստանի կրթութեան ոլորտի պատասխանատու նշանակուեց Արայիկ Յարութիւնեանը: Կրթութեան  նախարարութեան պաշտօնական էջում Արայիկ Յարութիւնեանի կենսագրականից պարզ է դառնում, որ վերջինս մասնագիտութեամբ արաբագէտ է, աւարտել է Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան համալսարանում` ստանալով պատմական գիտութիւնների թեկնածուի աստիճան: Արայիկ Յարութիւնեանը հասցրել է դասախօսել Երեւանի պետական համալսարանում, ներգրաւուած է եղել հայ-թրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնութիւններում, աշխատել է որպէս միջազգային բաժնի պատասխանատու հայկական երկու լրատուամիջոցներում: Նոյն այդ կենսագրականում վառ արտայայտիչ տառաշարով գրուած է, որ Արայիկ Յարութիւնեանը տարիներ առաջ` հեռաւոր 2010-ին,  «հայերէն»-ի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ  հիմնադրել է «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնութիւնը: Համացանցում այս նախաձԵռնութեան մասին յօդուածներից մի քանիսից պարզ է դառնում , որ այն  դէմ է եղել այն ժամանակուայ կրթութեան ոլորտի պատասախանատուների օրակարգում գտնուող «Լեզուի մասին եւ Հանրակրթութեան մասին» օրէնքներում փոփոխութիւնների նախագծին: Նաեւ իր գաղափարակից մի շարք ընկերներ այն ժամանակ պնդում էին` այդ օրինագիծը, որը հնարաւորութիւն էր տալիս Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել, մեծ վնաս կը հասցնի հայալեզու կրթական համակարգին: Նոյն այդ հրապարակումներում աչքի դիպան  մէջբերումներ, որտեղ նախաձեռնութեան անդամները խօսում են ազգային կրթութեան ռազմավարութիւնից, ձուլումից, ազգային արժէքներից եւ այլն , եւ այլն․․․

Նախարար նշանակուելուց յետոյ, սակայն, հայերէնի համար պայքարի դուրս եկած Արայիկ Յարութիւնեանը հէնց այդ «հայերէնին» սկսեց  դիպչել, ոչ լաւ իմաստով: 2019-ի աշնանը  իր գլխաւորած նախարարութեան մշակած «բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագիծը ոտքի հանեց  շատերին: Դժգոհութեան պատճառն այն դրոյթն էր, որով առաջարկւում էր  բուհերում «հայոց լեզու», «հայ գրականութիւն» եւ «հայոց պատմութիւն» առարկաների դասաւանդումը պարտադիր չդարձնել: Այս որոշմանբ հեղինակները պնդում էին ու դեռ պնդում են դպրոցը բաւարար է հայագիտական առարկաների համար, համալսարաններում այն սովորելն անօգուտ: Դասադուլներ, բողոքի ցոյցեր, դասախօսների դժգոհութիւններ, նստացոյցեր յանուն հայագիտական առարկաների: Հէնց այս շրջանում դիտմամբ, թէ պատահմամբ  Արայիկ Յարութիւնեանը իր քննադատների սկսեց արձագանգել քաղաքական գործչին ոչ վայել կեցուածքով: Երբ նախարարութիւնում նա հանդիպում էր իր վարած կրթական քաղաքականութեան դէմ գործադուլ իրականացնող դասախօսների հետ նախարարը սկսեց սպառնալ դասախօսներից մէկին,  ում եղբօրորդին դաշնակացական է` նշելով , որ իբր իր եղբօր տղու կուսակցութիւնը քրէական գործերով լցուած արկղեր է ստանալու, որոնք ի դէպ դեռ տեղ չեն հասել: Զրոյցը, երբ սկսել էր թէժանալ, նախարարը առիթը բաց չթողեց  յոխորտալու տարիքով մեծ կնոջ վրայ: Իհարկէ Արայիկ Յարութիւնեանի այդ յոխորտոցն ու  ինչպէս ամերիկացիներն են ասում «attidude»-ն այլ առիթներով էլ աչքի ընկան, օրինակ երբ նա այցելում էր դպրոցներ, հանդիպում ուսուցիչների հետ, բայց բաւարարուենք այս մէկով:

«Աքթիւիսթ»ի փորձ ունեցող այս նախարարը «աքթիւիսթ» երիտասարդների չի սիրում: Օրեր շարունակ նախարարութեան շէնքի մօտ ցոյց անող Դաշնակցական երիտասարդներին նա արհամարհեց, յետոյ արդէն դիմեց ոստիկանութեան աշխատակիցների օգնութեանը` նրանց հետ բանակցելու, կառուցողական զրոյցի փոխարէն: Արայիկ Յարութիւնեանի գլխաւորած նախարարութեան միւս միանշանակ չընդունուած որոշումը «Հայ եկեղեցու պատմութիւն» առարկայի դասաւանդման կարգը փոխելն էր: Այս առարկան դպրոցներում դասաւանդւում է առանձին եւ աշակերտներին ներկայացնում է, ոչ միայն հայ առաքելական եկեղեցւոյ պատմութիւնը, այլ ունի յատուկ բաժիններ, որտեղ դասաւանդւում են նաեւ քրիստոնէական արժէքներ, Աստուածաշնչեան որոշ հատուածներ: Նախարարութիւնն առաջարկում է այն ներկայացնել հայ ժողովրդի պատմութեան առարկայի շրջանակներում: Հայոց եկեղեցւոյ պատմութիւն» առարկան հանելու կամ փոփոխելու մասին որոշումը Հայաստանի կրթութեան , գիտութեան եւ մարմնամարզի նախարարութեան կողմից դեռ չի կայացուել, հարցը Մայր Աթոռի հետ չի քննարկուել, սակայն  իշխանական որոշ լրատուամիջոցներ ակնարկում են` երկար սպասեցնել չեն տայ:  Մինչդեռ ըստ Մայր Աթոռի, պատմաբանների եւ շատ շատերի Հայոց եկեղեցու պատմութիւն առարկան` որպէս առանձին առարկայ պէտք է շարունակուի դասաւանդուել դպրոցներում, քանի որ առարկայի շրջանակներում ուսումնասիրուող նիւթերի եւ թեմաների զգալի մասը չի կարող ներառուել որեւէ այլ առարկայի մէջ:

Ի դէպ Հայաստանի Կրթութեան, գիտութեան , մշակոյթի եւ մարմնամարզի նախարարութիւնը վերջերս հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագծի «հայոց լեզու» եւ «գրականութիւն» բաժինները եւս: Հայ գրականութիւնը, ըստ այս նախագծի, սկսւում է Խաչատուր Աբովեանից` նոր գրականութեան շրջանից, հին եւ միջնադարեան գրականութիւն ունենալու մասին 12 տարի սովորած աշակերտը չի իմանալու: Այսինքն կրթական այս նոր չափորոշչի համաձայն գրականութեան դասագրքերում Մաշտոցին, Խորէնացուն, Ագաթանգեղոսին, Բիւզանդին, Եղիշէին, Քուչակի, Նարեկացուն փոխարինելու են ժամանակակից հայ ու արտասահմանեան գրողները: Արայիկ Յարութիւնեանը այս տարուայ Օգոստոսին յայտարարել էր, որ թոյլ չի տուել պատմութեան դպրոցական դասագրքերի յետագայ տպագրութիւնը: Լրագրողի այն հարցին, թէ արդեօք պատմութիւնը մէկ այլ ձեւով ներկայացնելու խնդիր կայ, նախարարը հաստատել էր` աւելացնելով, որ «Քանի դեռ յանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացութեան, դասագրքերը չեն տպագրուելու»: Նա ասել էր, որ որոշ մասնագէտներ 180 աստիճանով տարբեր բաներ են գրում դասագրքերի համապատասխան նիւթերում: Մասնագէտները վիճում են, դպրոցները` մնում առանց գրքի: Արայիկ Յարութիւնեանը բազմիցս յայտարարել էր, որ նորագոյն պատմութեան մի շարք իրադարձութիւնների մեկնաբանութիւններ պէտք է փոխուեն:  Սակայն պատմութեան դպրոցական դասագրքերի հեղինակներից, պատմութեան հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեանը պնդում է, որ լիովին չէզոք նիւթեր է գրել: Աւելին նա Ազգային անվտանգութեան ծառայութեան ուշադրութիւնն էր հրաւիրել այն փաստի վրայ , որ  «հայոց պատմութիւն», «համաշխարհային պատմութիւն», «հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագէտների խումբի ղեկավարը Լիլիթ Մկրտչեանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թուականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմութեան ուսուցումը Թուրքիոյ եւ Հայաստանի դպրոցներում. քննադատութիւն եւ այլընտրանքներ» աշխատութիւնը, որտեղ մանրամասն ներկայացուած է, թէ ի՞նչ չափորոշիչներով պէտք է առաջնորդուեն Հայաստանում եւ Թուրքիայում պատմութեան գրքեր կազմելիս: Հիմա այս աշխատութեան հեղինակներից մէկը` Լիլիթ Մկրտչեանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար: «Այս հանգամանքը մեզ (եւ ոչ միայն մեզ) խիստ մտահոգութեան տեղիք է տուել եւ մենք պատրաստւում ենք դիմել Ազգային անվտանգութեան ծառայութեանը, որովհետեւ այստեղ պետական եւ ազգային անվտանգային հարցերի հետ կապուած խնդիրներ ենք տեսնում»,- յայտարարել էր Մելքոնեանը: Նա նշել էր, որ օրինակ Հայոց պատմութիւն առարկայի նոր չափորոշիչներում խախտուած են պատմագիտական ժամանակագրութեան բոլոր չափորոշիչները: Բացի այդ խախտումը, կան կարեւորագոյն թեմաներ, որոնք, դուրս են մնացել ուսումնական ծրագրերից: Դրանցից են օրինակ` հայկական կամաւորական շարժումները, որոնք ազգային ազատագրական շարժման հիմնական մասն են կազմել: Կամաւորական շարժման թեման, առհասարակ, հանուած է:

Նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ  համալսարան չընդունուեցին բարձ գնահատականներ ստացած ուսանողները` կրկին Արայիկ Յարութիւնեանի օրօք: Այս տարօրինակ իրավիճակը ընդունելութեան կարգի փոփոխութեան հետեւանք էր: Այս տարի առաջին անգամ ընդունելութեան մրցոյթն անցկացուել է յայտնի միայն առաջին տողով նշուած մասնագիտութեան գերակայութեամբ: Միւս տողերը հաշուի են առնւում` եթէ թափուր տեղեր կան:  Օրեր շարունակ, քննութիւններից յետոյ իրենց հանգիստ վայելելու փոխարէն , ուսանողները փողոցում էին` պնդելով նոր կարգն իրենց պատշաճ չի ներկայացուել:

Իր ոչ միանշանակ ընդունուած որոշումներով Արայիկ Յարութիւնեանը էլ աւելի սկսեց աչքի ընկնել, երբ կառավարութիւնում տեղի ունեցած կառուցուածքային փոփոխութիւններից յետոյ նրան յանձնուեց նաեւ մարմնամարզի եւ մշակոթյի ոլորտների կառավարումը: Այս ոլորտներում նրա գլխաւորած նախարարութեան կողմից դրամական աջակցութիւն ստացած մի շարք ծրագրեր գուցէ եւ աչք չծակէին, եթէ այդ «ժամանակակից արժէքներից» բացի, նոյնքան աջակցութիւն ստանային նաեւ ազգային ծրագրեր: Արայիկ Յարութիւնեանի գլուխգործոցները շատ են` նիւթն աւարտենք ամենաթարմով: Օրեր առաջ նրան բաց նամակ էին գրել Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի ծննդավայր Դաւիթ Բէկ գիւղի բնակիչնեըը` նախարարին մեղադրելով պատմութիւնը խեղաթիւրելու մէջ: Յիշեցնեմ, որ Արայիկ Յարութիւնեանը Դիմագրքի իր էջում գրել էր․ «Զօրավար Անդրանիկին թուրքերին յանձնող, Հայաստանի անկախութեան վերականգնմանը դէմ արտայայտուող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատուէր կատարող է յայտարարում»:  Դաւիթ Բէկ Գիւղի բնակիչները հակադարձել էին իրենց նամակում․ «Արամ Մանուկեանը եղել է, կայ ու միշտ կը լինի մեծագոյն հայ, որը իր կեանքը նուիրաբերել է հայութեանը, իսկ դուք կը մնաք նրա եւ միւս մեծ հայերի ստուերում»:

1 Comment

  1. Ասի շատ լաւ գրուած հօդուած է. գրողը կասկած չիբերող փաստերով գրած է, որ այս Արայիկ ըսուածը ինչքայն վնասակար գործեր տեսած է մէկ տարի ի վեր: Ասոր դիմացը առնող մէկը չիկայ, որովհետեւ, բացէն խօսինք, ետեւը կեցած է Նիկոլը եւ իր կառավարութիւնը: Աս գրողը միայն Արայիկին վրայ իջած է, մորցեր է որ բուն պատասխանատուն եւ ասանկ վնասակար ծրագիրներ ընողը կառավարութիւնն է: Գլուխնիս վրայ որ կուզեն կորուպցիան հանել, մաքրել, աս մասին համաձայն ենք, բայց ասոր դիմացը եթէ մեր պզտիկներուն եւ պատանիներուն խելքէն, հոգիէն պիտի հանեն հայկական կարեւոր բաները, կամաւորական շարժումին մասին մեր աշակերտները բան մը չպիտի սորվին, ես ալ կըսեմ, որ ասիկա ուրիշ տեսակ կորուպցիա է եւ հայութիւնը պէտք չէ որ լուր կենայ: Ասի 1-2 կուսակցութիւնի գործ չէ, ասի ամմէն հայերուն վնասող գործ է: Աս մարդիկը ամմէն ուջ իրենց ձեռքը առեր են եւ մէկուն մտիկ չեն ըներ, իրենց էշը առջեւ կը հրեն: Ե՞րբ պիտի արթննանք եւ ասոնց իրական ճամբու պիտի բերենք, այսինքն ժողովուրդը պէտք է որ արթննայ եւ չի ձգէ, որ աս կարեւոր պահանջքները 1-2 կուսակցութիւն, 1-2 գրող մէջտեղ բերեն: Լիբանանի մէջ թիւրքերը մեզի դէմ վտանգ կը բերէն, չեմ ուզեր որ ըսենք որ Հայաստանի մէջ ալ բարձր տեղեր մարդիկներ կայ, որ թիւրքի պէս գործ կընէ: Հայը պէտք է միշտ հայ մնայ, ամոթ է որ թիւրքին բախտատենք:

Leave a Reply

Your email address will not be published.


*