Երբ Չի Լինում Ելք Ու Ճար, Տաւուշի Խաղաղ Բնակիչն Է Դառնում Ատրպէյճանական Թիրախ

Սոնա Յակոբեան

Յուլիսի 12-ից, այսինքն Տաւուշում ռազմական գործողութիւնների մեկնարկից սկսած, այնտեղ է եղել Մարդու իրաւունքների պաշտպանի փաստահաւաք խումբը: Տաւուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբիւր, Չինարի, Նորաշէն քաղաքացիական բնակավայրերում ռազմական գործողութիւնների օրերին առնուած լուսանկարները մարդու իրաւունքների պաշտպան գրասենեակն արդէն հրապարակել է, շուտով պատրաստ կը լինի նաեւ վերջնական զեկոյցը: Այն թարգմանուելու է օտար լեզուներով եւ ուղղարկուելու է միջազգային մի շարք կառոյցների: Թէ ինչ են այնտեղ տեսել ու արձանագրել Ատրպէյճանն այս օրերուն խնամքով փորձում է հակառակ կերպ ներկայացնել , սակայն ինչպէս ժողովուրդն է սիրում ասել` ստի ոտքերը կարճ են:

«Մեր այցի նպատակն էր տեղում լինել եւ տեղում արձանագրել այն ինչ հրապարկւում էր, ներկայացւում էր քաղաքացիական բնակչութիւնից, համայնքային տեղական իշխանութիւնների կողմից եւ այլն: Եւ պէտք է ասեմ , որ այդ աշխատանքները անկախ էին, որեւէ կապ չունեն կառավարութեան հետ  եւ նպատակ ունէին արձանագրել այն, ինչը իրականում տեղի էր ունեցել»- վստահեցնում է մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը»:

Եւ այսպէս․ ըստ այդ փաստահաւաքի արդիւնքների, որոնք սկսուել են Բերդ քաղաքից, ռազմական գործողութիւնների ժամանակ Ատրպէյճանի համար թիրախային է եղել քաղաքացիական բնակչութիւնը: Աւելին նրանք այդ ամէնը նախապէս դաաւորել էին եւ հայկական խաղաղ բնակավայրերի ուղղութեամբ մտադրուած յարձակում կատարել: Ըստ Արման Թաթոյեանի, դրանք ոչ թէ սովորական կրակոցնէր են եղել , այլ հրետակոծութիւններ: Այդ ամէնն իրականցուել է ամենավտանգաւոր եղանակով` լուրջ սպառնալիք դառնալով ոչ միայն քաղաքացիական բնակչութեան կեանքի, առողջութեան համար, այլեւ այդ ամէնի հետեւանքով մեծ են եղել նաեւ խաղաղ բնակչութեան նիւթական կորուստները:

«Ընդ որում վտանգը նրանում է, որ երբ ուսումնասիրում ենք մանրամասն, պարզ է դառնում ,որ  թիրախաւորուել է յստակ առարկայ ` օրինակ ինքնաշարժ:  Եւ այդ ենթադրեալ  առարկայի վրայ ընկնելով , ռումբը վերածւում է բեկորների, որոնք բաւականին վտանգաւոր են, սուր հատուածներ ունեն  եւ կարող են վեծ վնասներ հասցնել» ,- վստահեցնում է Արման Թաթոյեանը:

Օրինակ իրենք դէպքեր են արձանագրել, երբ այդ փոքր բեկորների պատճառով հաստաբուն ծառեր են գետին տապալուել: Փաստահաւաք խումբը պնդում է, այդ բեկորներն այնքան վտանգաւոր են , որ միանգամից կարող են անդամահատել մարդուն: Այդպիսի հրետակոծութեան հետեւանքով Այգեպարում մի տուն ամբողջովին հրդեհուել է, քանի որ ռումբը հէնց այդ տան վրայ է ընկել: Ըստ Արման  Թաթոյեանի  քաղաքացիական բնակչութեան նկատմամբ հրետակոծութիւններն ատրպէյճանական կողմից եղել են առաւօտեան ժամերին եւ դրանք այնպիսի եղանակով են կատարուել , որ առաւել վնաս հասցուի խաղաղ բնակչութեանը: Ըստ այդ փաստահաւաք խմբի միջազգային մարդասիրական իրաւունքի տեսանկիւնից  կոպտագոյն խախտումը , որ այդ օրերին արել է ատրպէյճանական կողմը, դա Տաւուշի հիւսուածեղէնի արտադրամասի ուղղութեամբ արկեր արձակելն էր, որտեղ այս համաճարակային օրերին դիմակ էին արտադրում: Եւ ամենավատն այն է , որ հակառակորդ կողմը սկսել է կրակ բացել  առաւօտեան ժամը 11-ին` այսինքն ցերեկը, երբ արտադրամասում մօտաւորապէս հարիւր մարդ է աշխատել: Ու թէեւ  հակառակորդը ձախողել էր ու ականը ընկել է հարեւան քոնեաքի գործարանի երկաթեայ տակառի վրայ, տեղացիները վստահեցրել էին , որ  ատրպէյճանական կողմը  յստակ թիրախաւորել էր գործարանը, քանի որ մինչ հրետակոծումն , անօդաչու թռչող սարքով հետախուզում էին արել:

«Նոյնը Չինարիի դպրոցի դէպքում էր, քանի որ դպրոցի հարեւանութեամբ գտնուող տներից մէկի բակում յայտնաբերել էինք չպայթած ռումբ եւ ընդ որում լուսանկարն էլ ունենք: Բարեբախտաբար  այն չէր պաթել, սակայն նման դէպքերը փաստում են , որ յստակ մտադրութիւն է եղել վնասել քաղաքացիական բնակչութեանը։ Սրանք օդից կախուած խօսքեր չեն, այլ յստակ արձանագրուած փաստեր»,- ասում է Արման Թաթոյեանը:

Ատրպէյճանի այս մտադրութիւնը հիմնաւորող շատ փաստեր կան ` վստահեցնւում է Հայաստանում մարդու իրաւունքների պաշտպանը: Առաջին հերթին հայկական դիրքերը գտնւում են մեր բնակավայրերից հեռու, այսինքն այն «առասպելը», որ ատրպէյճանցիները հայկական գիւղերի ուղղութեամբ կրակ են բացել , քանի որ այնտեղից իրենց վրայ հայ դիրքապահներն են կրակել, ամբողջովին հակառակորդի սադրանքն է:  Սակայն այլ բան Ատրպէյճանից սպասել չէր էլ կարելի: Այս երկիրը իր խաղաղ բնակչութեանն անգամ չի խնայում: Ըստ Արման Թաթոյեանի շատ հիմնաւոր ապացոյցեր կան , որ  ատրպէյճանական կողմը  մտադրաբար իր  ռազմական կէտերը տեղադրում է իրենց խաղաղ բնակավայրերի թիկունքում եւ սկսում է այնտեղից հրետակոծել։

«Դա կոչւում է  «human shielding», այսինքն դու պաշտպանւում ես քաղաքացիական բնակչութեամբ: Դա սադրանքի պէս մի բան է։  Եւ յետոյ երբ հայկական կողմը պատասխանում է  այնտեղից եկած ատրպէյճանական կրակոցներին , նրանք սադրում են եւ ներկայացնում , որ հայկական կողմը իրենց քաղաքացիական բնակչութեան հանդէպ ոստնձգութիւն է անում»,- պնդում է Թաթոյեանը:

Սա պարզւում է ատրպէյճանցիների «մարտարուեստ»-ի տեսակներից  մէկն է, քանի օր նոյնն արել են ապրիլեան պատերազմի ժամանակ: Նմանատիպ դէպքեր իրենք այն ժամանակ էլ են արձանագրել: Այն ինչ այս օրերին տեսել, արձանագրել են փաստահաւաք խմբի անդամները հայկական կողմի համար նորութիւն չէ: «Ատրպէյճանը պայքարելու իր  միջոցներով վաղուց բացայայտուած հակառակորդ է: Հաւաքուած փաստերն առաջին հերթին միջազգային հանրութեան համար են։ Ու թէեւ այս օրերին  ատրպէյճանական կողմն էլ է փորձում տեղեկութիւններ ներկայացնել` փորձելով թաքցնել իր  արարքները, հայկական կողմն այդ սադրանքներին չի տրուելու։ Մեզ համար կարեւոր է  ցոյց տալ  քաղաքացիական բնակչութեան հանդէպ տեղի ունեցած հիմնաւոր փաստեր: Այսինքն ինչքան էլ Ատրպէյճանը  փորձի հերքել, կան փաստեր», պնդում է Թաթոյեանը, որ քաղաքացիական բնակչութեանը բացայայտ ահաբեկող յայտարութիւն է որակում նաեւ Մեծամօրի ատոմակայանըը պայթեցնելու Ատրպէյճանի պաշտպանութեան նախարութեան պնդումը: Նա վստահ է սա պատերազմական յանցագործութեան մտադրութիւն է:

Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի փաստահաւաք աշխատանքների լուսանկարները, բացառապէս իրաւապաշտպան սկզբունքներով առաջնային աղբիւրից ձեռք բերուած հաւաստի տուեալները, փաստահաւաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրութիւնների արդիւնքները կ’ուղղարկուեն ինչպէս միջազգային կառոյցներին, այնպէս էլ Հայաստանի համապատասխան պետական ու հասարակական իրաւապաշտպան կառոյցներին: Վստահ է սա այս օրերին ամենակարեւոր քայլն է, որ կարող է անել հայկական կողմը: Ցոյց տալ միջազգային հանրութեանը, որ Հայաստանը խաղաղութիւն է ուզում, պատերազմ` Ատրպէյճանը: Այն որ այս օրերին տեղի ունեցածը միջազգային իրաւունքի խախտում էր միջազգային հանրութիւնն արդէն արձանագրել է, մնում է արձանագրել` իրական մեղաւորին: Յիշեցնեմ `Յուլիսի 24-ին` հայաստանա-ատրպէյճանական սահմանին սկսած լարուածութիւնից ուղիղ 12 օր անց, ԵԱՀԿ Մինսքի խումբը յայտարարութիւն էր տարածել: Համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունել էին Ատրպէյճան-Հայաստան սահմանի երկայնքով Յուլիս 16-ից յարաբերական կայունութիւնը: Նրանք կոչ էին արել օգտուել ակտիւ մարտական գործողութիւնների ներկայ կրճատումից` հակամարտութեան համապարփակ լուծման որոնմանն ուղղուած լուրջ առարկայական բանակցութիւններին նախապատրաստուելու համար: Համանախագահները եւս մէկ անգամ ընդգծել էին, որ այս զգայուն ժամանակահատուածում չափազանց կարեւոր է զերծ մնալ սադրիչ յայտարարութիւններից եւ գործողութիւններից, ներառեալ քաղաքացիական բնակչութեանը կամ  կարեւոր նշանակութեան ենթակառուցուածքներին ուղղուած սպառնալիքներից կամ ենթադրեալ սպառնալիքներից:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*