Վրաստանի Ատրպէյճանական Համայնքը Փորձում Է Լարում Մտցնել Հենց Վրացիների Եւ Հայերի Միջեւ…

 

 

 

«Ջաւախք Մետիա»

Եդուարդ Այվազեան
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց Յարութիւն Մըսրլեան
Յուլիս 23, 2020

Ախալքալաքի քաղաքային մարզադաշտում այսօր խաղաղ ցոյց  է տեղի ունեցել, որին մասնակցել էին Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից եւ շրջակայ գիւղերից երիտասարդներ:
ArmDaily.am-ի հետ զրոյցում Սամցխէ-Ջաւախքի մետիա վերլուծական Կեդրոնի տնօրէն Եդուարդ Այվազեանն ասաց, որ թէեւ իրեն չի յաջողուել մասնակցել ցոյցին, սակայն տեղեակ է, մասնակիցներն իրենց մտահոգութիւնն են յայտնել վերջին օրերին հայ-ատրպէյճանական շփման գծում տեղի ունեցող իրադարձութիւնների առնչութեամբ: «Ցոյցի ընթացքում հիմնականում կոչերը եղել են ի աջակցութիւն խաղաղութեան եւ Հայաստանի իշխանութիւնների, սակայն գլխաւոր կոչն ուղղուած է եղել ատրպէյճանական համայնքի սադրանքներին չտրուելուն»:
Նա պատմեց, Վրաստանի ատրպէյճանցիները Յուլիսի 16-ին ցոյց են իրականացրել վրաց-ատրպէյճանական սահմանին եւ իրենց աջակցութիւնը յայտնել Ատրպէյճանին՝ նշելով, որ պատրաստ են մեկնել ռազմական գործողութիւնների դաշտ եւ աջակցել Ատրպէյճանին, ինչպէս նաեւ Վրաստանի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը:
«Սա ստոյգ ծայրայեղական քայլ է եւ գրգռութիւն Վրաստանի ատրպէյճանական համայնքի կողմից, որը միանշանակ ուղղորդուել է ատրպէյճանական իշխանութիւնների կողմից:» Մենք նման սադրանքների արդէն ականատես եղել ենք Վրաստանում, երբ ատրպէյճանական համայնքը փորձում է լարում մտցնել հենց վրացիների եւ հայերի միջեւ, եւ փորձում է վրացիներին եւս ներքաշել հակամարտութեան մէջ: Հայկական համայնքը սա անընդունելի է համարում եւ կոչ անում զուսպ լինել: Հայկական կողմը երբեք չի ցանկացել Վրաստանին ներքաշել հայ- ատրպէյճանական հակամարտութեան մէջ»,- ասաց նա՝ ընդգծելով որ վրացական իշխաանութիւնն պէտք է ամէն ինչ անի, որ Վրաստանում գտնուող այդ սադրիչ ուժերը չկարենան լարել իրադրութիւնը եւ հակամարտութեան մէջ ներքաշել տեղի ատրպէյճանցիներին եւ հայերին:
Եւ նաեւ ընդգծեց, Վրաստանն այն երկիրներից է, որն ամենաշատը չի ցանկանում, որ հայ-ատրպէյճանական գործողութիւններ սկսուեն:
«Վրաստանին շատ դժուար իրավիճակում կը յայտնուի, քանի որ լաւ յարաբերութիւններ ունի թէ՛ Ատրպէյճանի, թէ՛ Հայաստանի հետ: Բացի այդ՝ Վրաստանը մտահոգութիւն ունի, որ տարածքային ռազմավարական նշանակութեան նպատակները՝  Պաքու- Թիֆլիս-Ջէյհան գազատարը, Պաքու- Թիֆլիս-Կարս երկաթագիծը վտանգի տակ կը յայտնուի, այդ պատճառով Թիֆլիսում շատ դէմ են հակամարտութեան սրմանը: Ճիշդ է՝ Վրաստանը հազիւ թէ ուղղակիօրէն ներքաշուի պատերազմի մէջ, սակայն այն մեծ հարուած կը հասցնի Վրաստանի տնտեսութեանը եւ կայունութեանը տարածաշրջանում»:
Անդրադառնալով որոշ փորձագետների դիտարկումներին, թէ Տաւուշում հնչած կրակոցների արձագանգները Վրաստանի սահմանամերձ շրջաններում էլ լսելի են եղել, նա նշեց ինքն էլ տարբեր փորձագէտներից նման արձագանգներ լսել է, թէեւ անձամբ չի կարող նրանք հաստատել, սակայն դա հնարաւոր է համարում: «Շատ հնարաւոր է, քանի որ ծանր հրետանի է աշխատել եւ հնարաւոր է , որ ձայները լսուել են, դա նոյնիսկ հոգեբանական ազդեցութիւնն ունեցել է բնակչութեան եւ փորձագէտների վրայ»:
Այվազեանի դիտարկմամբ՝ տարբեր առաջարկներ են հնչում փորձագէտների մակարդակով, որ Վրաստանը կարող է նոր հարթակ հանդիսանալ երկու երկրների միջեւ լարուածութեան նուազման եւ բանակցային գործընթացն աշխուժացնելու ուղղութեամբ: «Այս առաջարկը հրաշալի առաջարկ է, քանի որ Վրաստանը նաեւ չէզոք պետութիւն է, եթէ Ռուսաստանն իր շահերն ունի Ատրպէյճանում կամ Հայաստանում, ապա Վրաստանի ամենամեծ շահը այս տարածաշրջանի կայունութիւնն է ու տնտեսական զարգացումն է»:

Յուլիս 22, 2020

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*