Հայ Յայտնիների Բանակը Ջախջախեց Ատրպէյճանին` Նաեւ Համացանցում

Սոնա Յակոբեան

Այս շաբաթ  Միացեալ Ազգերի Կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Անթոնիօ Կութիերէսը առանձին հեռախօսազրոյց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Երկու զրոյցի ընթացքում գլխաւոր քարտուղարն իր անհանգստութիւնն է յայտնել Հայաստան-Ատրպէյճան միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգութիւնների, ինչպէս նաեւ` աճող լարուածութեան մասին հաղորդագրութիւնների վերաբերեալ գլխաւոր քարտուղարը վերահաստատել է մարտական գործողութիւնները անյապաղ դադարեցնելու, լարուածութիւնը թուլացնելու, սադրիչ հռետորաբանութիւնից զերծ մնալու եւ բանակցութիւններին վերադառնալու իր կոչը: Թէեւ միջազգային այս հեղինակաւոր ու խաղարար կառոյցի  յայտարութեան մէջ, սոյն կէտը յստակ նշուած չէ, բայց եթէ նայենք վերջին օրերին երկու կողմերի` Հայաստանի  ու Ատրպէյճանի պաշտօնական աղբիւրների յայտարութիւններին, ապա  առանց երկար բարակ մտածելու կարելի էր գուշակել, որ օրինակ սադրիչ հռետորաբանութեան տեսակին է պատկանում` ասենք Մեծամորի աթոմակայանը պայթեցնլու յայտարարութիւնը: Ինչեւէ գուցէ այդ մասին միջազգային կառոյցները չուզենան բարձրաձայնել, բայց Ատրպէյճանի  դիմակը, որով նա սիրում է ներկայանալ աշխարհին, սկսել է պատռուել ու աշխարհը սկսել է տեսնել այնտեղ թաքնուած յարձակողին: Յամենայնդէպս այլ կերպ չի կարելի  բնորոշել մի երկրի, որը հակամարտ գօտում ռազմական գործողութիւններ սկսեց համաճարակի պայմաններում: Իսկ պաշտօնական Պաքուի  «խաղարար» դիմակը պատռելու հարցում, մեծ դեր ունեցան աշխարհում յայտնի շատ հայեր, որոնք օգտագործեցին Պաքուի դէմ  ժամանակից  ճարտարարուստի ամենահզօրը` ընկերային հարթակը, որը  իսրայէլական արտադրութեան հրթիռներից ոչ պակաս աւերածութիւններ կարող է անել: Հայ- ատրպէյճանական սահմանին տեղի ունեցող իրադարձութիւնները համախմբեցին նաեւ Սփիւռքում ապրող եւ աշխատող շատ յայտնի հայերի, որոնք իրենց ընկերային էջերին  տարբեր հրապարակումներ արեցին,  միլիոնաւոր օգտատէրերի տեղեկացնելով Արցախի խնդրի, հակառակորդի սպառնալիքների մասին, ինչը մեծ ապտակ էր Ատրպէյճանի համար: Առաջինը մօտաւորապէս 175 միլիոն հետեւորդ ունեցող, հայազգի փաստաբան Ռոպերթ Քարտաշեանի դուստր, ամերիկեան յայտնի աստղ Քիմ Քարտաշեանն էր: Նա հայ- ատրպէյճանական սահմանին ծաւալուող ռազմական գործողութիւնների վերաբերեալ գրառում էր արել` ընդգծելով, որ ընթացող համավարակի պայմաններում Ատրպէյճանը, անտեսելով Մ.Ա.Կ.-ի` ամբողջ աշխարհում ռազմական գործողութիւնները դադարեցնելու յորդորը, յարձակուել է Հայաստանի վրայ: Քարտաշեանի գրառմանն անդրադարձել էր Ամն-ի Հայ դատի գրասենեակը ` իր Դիմագրքի էջում  հրապարակելով Քարտաշեանի  գրառումը:

«Հայաստանի տարածքում թիրախաւորուել են քաղաքացիական ենթակառոյցնէր, իսկ այժմ Ատրպէյճանը սպառնում է հարուած հասցնել Հայաստանում գտնուող ատոմակայանին»,-գրել էր Քարտաշեանը` յաւելելով, որ Քոնկրէսում տեղի է ունենալու քուէարկութիւն, որով երաշխաւորուելու է, որ Ա.Մ.Ն.-ը Ատրպէյճանին չի տրամադրում այնպիսի ռազմական օգնութիւն, որն այնուհետեւ օգտագործուելու է Հայաստանի եւ Արցախի դէմ:Քարտաշեանը միջազգային հանրութեանը կոչ էր արել ուշադրութիւն դարձնել այս զարգացումներին եւ միջամտել` կիրառելով այնպիսի քաղաքական եւ դիւանագիտական միջոցներ, որոնք կը կանխեն յետագայ սրումն ու մարդկային կեանքերի կորուստը: «Ես կանգնած եմ հայրենակիցներիս կողքին եւ աղօթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են»,-նշել էր Քարտաշեանը: Ան  իր գրառումն աւարտել է հետեւորդներին ուղղուած կոչով. «Խնդրում եմ ձեր ծերակուտականներին եւ ներկայացուցիչներին` Հայաստանին աջակցելու կոչ անեն»:  Այս կոչից խուճապահար  ատրպէյճանցիները սկսեցին գրոհել Քարտաշեանի ընկերային էջերը, բայց  ապարդիւն: Նոյն հրապարակումից մի քանի ժամ անց, համացանցում հայկական արտադրութեան հերթական հրթիռը պայթեց ատրպէյճանցիների գլխին: Այս անգամ էլ հրթիռակոծողը յայտնի գործարար,  Ռետիթ կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանեանն  էր: Նա Instagram-ի իր էջի 670 հազար հետեւորդներին տեղեկացրել էր հայ-ատրպէյճանական սահմանագօտու իրավիճակի սրման մասին: «Ուշադրութիւն: Ատրպէյճանը տարածաշրջանում պատերազմ է սկսում համաճարակի պայմաններում», –  գրել էր Օհանեանը: Այս բովանդակութեամբ գրառում էր արել նաեւ աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի  Շերը (Շերլին Սարգսեան): Նա  մեկնաբանել էր Ատրպէյճանի` Հայաստանի աթոմակայանը պայթեցնելու սպառնալիքը ` գրելով․«Նրանք սպանում էին հայերին մինչեւ իմ` այնտեղ այցը: Մենք աչք ենք փակում այդ ամէնի վրայ: Նրանք նաւթ ունեն»,  գրել էր Շերը: Տաւուշում տեղի ունեցող իրադարձութիւնների անդրադարձել էր նաեւ աշխարհահռչակ ֆուտպոլիստ Հենրիխ Մխիթարեանը` մեկնաբանելով հակառակորդի սադրանքների հետեւանքով սրուած իրավիճակը: Նա գրառում է կատարել Դիմագրքում: «Մեծագոյն անհանգստութեամբ հետեւում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմաններին տեղի ունեցող լարուածութեան, թիրախաւորուած բնակավայրերի մասին լուրերին եւ ցանկանում զօրակցութիւնս յայտնել մեր քաջ զինուորներին, որոնք կեանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողութիւններով: Խորին վշտով ցաւակցում եմ մեր հերոս նահատակների ընտանիքներին ու աղօթում վիրաւոր զինուորների շուտափոյթ ապաքինման համար: Խաղաղութիւն եմ մաղթում մեր հայրենիքին: Ձեզ հետ եմ»,- գրել էր Մխիթարեան:
Հայ-ատրպէյճանական սահմանին տեղի ունեցող լարուած իրադարձութիւններին անդրադարձաւ նաեւ աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: «Փառք ու պատիւ մեր զինուորներին: Մենք կանք, եղել ենք ու կը լինենք: Յարգանքներս բոլորին»,- գրել էր նաեւ: «Սա Իլհամ Ալիեւն է: Նա Ատրպէյճանի նաւթա-օլիկարխիկ նախագահն է, որը ժառանգել է իշխանութիւնը հորից` Հէյտարից, եւ իր կնոջը դարձրել է երկրի փոխնախագահ», նշել է Թանկեանը: Նա գրել է, որ Ատրպէյճանն ամէն ինչ է, բայց ոչ ժողովրդավարութիւն: Ըստ Սերժ Թանկեանի` Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ երբեք խաղաղութիւն չի լինի, քանի դեռ ատրպէյճանցիները չունեն ճիշտ ղեկավար:  Այս օրերին հակառակորդի սադրանքների դէմ ոտքի է կանգնել ամբողջ Սփիւռքը: Աշխարհի տարբեր անկիւններում, ամենատարբեր միջոցներով հայութիւնը պայքարում է հակառակորդի սադրանքների դէմ` վստահեցնելով միջազգային հանրութեանը , որ համավարակի պայմաններում, երբ միջազգային բոլոր կառոյցները կոչ էին արել  հակամարտ գօտիներում դադարեցնել ռազմական բոլոր գործողութիւնները` առաջինը կրակ բացեց Ատրպէյճանը:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*