Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեան` Մրցանակակիր

Համաշխարհային WORLD FOLK VISION հեղինակաւոր փառատօնին յաղթական դուրս եկաւ քանոնահարուհի Մարիաննա Գէորգեան, գրաւելով առաջին պատուաւոր դիրքը։

Մարիաննա Գէորգեան ուսանած եւ գերազանց արդիւնքով աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը, հանրապետական, միջազգային մրցում-փառատօներու ոսկիէ մետալակիր է: Ներկայիս կը պաշտօնավարէ Կոմիտասի անուան սենեկային երաժշտութեան տան «Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթին մէջ, որուն գեղարուեստական ղեկավարն է Սեդրակ Երկանեան:

Առցանց դրութեամբ կայացած այս մրցումին մասնակցելով` Գէորգեան ներկայացուց ազգային նուագարան քանոնը` կատարելով Սայաթ Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործութիւնը: Ընտրութիւնը տեւած էր մէկ ամիս: Մրցումին մասնակցած էր 115 երկիրներէ 3950 ներկայացուցիչ, բայց կիսաեզրափակիչ փուլ անցած է 180 երաժիշտ` 60 երկիրներէ: Անոնց մէջ եղած են նուագախումբեր, երգչախումբեր եւ անհատ կատարողներ:

Գէորգեանի մասին գրելով, Մարիամ Միրզոյեան կը յայտնէ․- «Մշակոյթ ունեն բոլոր ազգերը, բայց արուեստ` ոչ: Արուեստը սահմաններ չունի, իսկ ազգային մշակոյթը ունի սահմաններ, ու պէտք չէ խառնել ուրիշ ազգերի մշակոյթներ` նորարարութեան ու նորամուծութեան համար: Մարիաննա Գեւորգեանի արուեստին ծանօթ իւրաքանչիւր ոք կարող է փաստել, որ իր նուագի առաջին նոթայից սիրահարւում է քանոն նուագարանին: Մեծ արհեստավարժութեամբ ու գերբնական ներուժով այս տաղանդաւոր երաժիշտը գերում ու յուզում է բոլորին:․․․ Բազմաթիւ մենահամերգներ նուագած քանոնահարուհին միշտ ընտրում է տարբեր վայրեր եւ, ըստ վայրի, համապատասխան համերգային նուագացանկ, համագործակցելով տարբեր երաժիշտների հետ: Առաջնորդւում է այն սկզբունքով, որ համերգային ծրագրում պարտադիր պէտք է հնչի Կոմիտաս : Ամէն մի մենահամերգ քանոնահարուհու սրտի մի անկիւնում ունի իր տեղն ու թողած հետքը:․․․ Այս քանոնահարուհու յորդալոյս կրակը ճառագելով` սրտից, աչքերից ու մատներից, փառաւորեցնում ու յաւերժացնում է: Քանոնը մի այլ հնչողութեամբ է հնչում , երբ այն յայտնւում է հէնց քանոնի տիրուհու ձեռքերում, դա է ուրոյն ձեռագրի ու ինքնատպութեան կերտուածքը:․․․ Բեմը ընտրեալների համար է, ու իւրաքանչիւր պահը, ծափը, հանդիսատեսի սէրը վայելելու համար շատ երկար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում: Արուեստագէտը, ինչքան էլ լինի բարձր արհեստավարժութեամբ, տաղանդով ու մտաւորական ներուժով հարուստ` լինում են համերգներ, ելոյթներ, երբ հոգու յուզմունքը գերազանցում է․․․»։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*