«ԴԱՍԵՐ, ՈՐ ՊԷՏՔ ՉԵՆ ԳԱԼՈՒ»

0 0
Read Time:3 Minute, 45 Second

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Յունիս 2020

 

«Դասեր, որ պէտք չեն գալու» բանաստեղծութիւնների ժողովածուն երիտասարդ բանաստեղծուհի՝ Նունէ Լեւոնեանի երկրորդ գիրքն է:

Բանաստեղծուհի Նունէ Լեւոնեանի ստեղծագործութիւններին առաջին անգամ ծանօթացայ «Գրանիշ» գրական կայքէջում: Բանաստեղծուհին ծնուել է Երեւանում: Աւարտել է Երեւանի պետական համալսարանի հոգեբանութեան եւ փիլիսոփայութեան բաժանմունքը: Ինչպէս նշել է իր ինքնակենսագրականում, գրել է սկսել դպրոցական տարիներից: 2006 թուականին լոյս է տեսել նրա բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ «Յոյս» խորագրով:

Նունէ Լեւոնեանի «Դասեր, որ պէտք չեն գալու» ժողովածուն լոյս է տեսել 2015 թուականին: Առաջին հայեացքից, գրքի վերնագրին նայելիս, ընթերցողի մօտ առաջանում է այն հարցը, թէ ի՞նչ դասեր են, որ կեանքում պէտք չեն գալու: Եւ այդպէս, ընթերցողը փորձում է փնտռել ու գտնել հարցի պատասխանը, մի փնտռտո՛ւք, որին շատ պարզ բառերով արձագանգում է բանաստեղծուհին.-

 

Ես ամէն ինչից քաղում եմ դասեր,

                        Որ պէտք չեն գալու:

 

Ակնյայտօրէն, առօրեայ կեանքում ամենասովորական երեւոյթներից, աննշան իրադարձութիւններից անգամ կարելի է դասեր քաղել, որոնք,- բանաստեղծուհու բառերով,- կարող են նոյնիսկ պէտք չգալ: Իսկ արդեօք մարդկային կենսափորձի հոլովոյթին մաս չեն կազմո՞ւմ նաեւ այդ պէտք չեղող դասերը:

Ստեղծաբանութեան նորարարական իւրովի շունչ, իւրովի մօտեցում են ներկայացնում Նունէ Լեւոնեանի ստեղծագործութիւնները, որոնք ընթերցողին տանում են իմացական խորհրդաւոր աշխարհի տարածքները:

 

Չափաւոր խելագարութիւն է, սիրելիս.

                        կ՛անցնի, չմտածես, կ՛անցնի:

                        Կը վերադառնանք քո փափաքած անդունդը՝

                        տագնապներից, կրքից հեռու:

                       

                        Չափաւոր վաղեմութեան մոտիւներ են.

                        վայելում ենք շեղումը օրուայ:

                        Յաւերժի պատկերն ու անունը

                        փոխում ենք վայրկեանը մէկ.

                        Կ՛անցնի, չմտածես, կ՛անցնի:

 

                        Մի օր, երբ գանք սկզբնակէտին՝

                        սնուցուած այսօրուայ տագնապով,

                        մեր բոլոր խոստումներ-պատքերը

                        իրենց ուժն ընդմիշտ կը կորցնեն:

                        Սիրելիս, չափաւոր երջանկութիւն է,

                        չափաւոր վախեր են, որոնք կ՛անցնեն…

 

Նունէ Լեւոնեանի բանաստեղծութիւններում իրերի եւ մարդկանց յարաբերակցութիւնն ու ներազդեցականութիւնը յագեցուած են հոգեբանական ու զգացական խոր արմատներով, մի երեւոյթ, որը նաեւ ինչ-որ տեղ գունաւորւում է փիլիսիփակայան պատկերացումներ ստեղծելու իւրովի թռիչքներով: Շէնքերն ու մարդիկ առարկայական ու ենթակայական իմաստով անտարբերութիւն եւ լրջութիւն են դրսեւորում բանաստեղծուհու մտաշխարհում.-

 

Շէնքերը նորից իրար են նայում

                        անտարբեր ու լուրջ.

                        լուրջ ու անտարբեր.

                        Արձակուրդներից հին հագուստները

                        վերադառնում են՝

                        նորից չմաշուած:

                        Եւ մարդիկ էլի հագնում են դրանք,

                        Հագնում են դրանք լուրջ ու անտարբեր,

                        Եւ ինչ-որ մէկի կանչող հայեացքին

                        Պատասխանում են անտարբեր ու լուրջ:

 

                        Բայց այդ ամէնը ինձ հետ կապ չունի,

                        Աշխարհը եւ ես ապրում ենք իբրեւ

                        նոր հարեւաններ.

                        Եւ զարմանում ենք միշտ հանդիպելիս,

                        Քմծիծաղում ենք լուրջ ու անտաբեր:

 

Մարդու եւ բնութեան իշխանը համարուող ծառի միջեւ յարաբերակցութեան նոր մօտեցում է արտայայտում Նունէ Լեւոնեանի «Ես եւ ծառը» բանաստեղծութիւնը: Խօսքի եւ մտածողութեան ինքնօրինակութիւնը նորովի կառոյցով ու զգացումներով է արտայայտուած այդ քերթուածում, ուր բանաստեղծուհին հակադրութիւնների եւ նմանութիւնների նորախոհ զուգահեռներ է գծում իր եւ ծառի միջեւ.-

 

Ես ու ծառը ծերանում ենք հաւասարաչափ.

                        բայց ծառը դրանից ողբերգութիւն չի ապրում

                        եւ ամէն աշնանամուտին

                        բանաստեղծութիւններ չի գրում տերեւաթափի մասին:

 

                        Ես ու ծառն ունենք ընդհանրութիւններ.

                        սիրում ենք պճնուել եւ գեղեցիկ լինել մահու չափ.

                        բայց ես թոյլ չեմ տալիս,

                        որ պատահական մարդիկ

                        տապից հովանան իմ ստուերում:

 

Ուշագրաւ է Նունէ Լեւոնեանի «Ճանապարհ. աղմուկ, հեռացող լոյսեր» տողերով սկսուող բանաստեղծութիւնը, որը նման է նկարչական պաստառի վրայ խորանարդապաշտական գծագրութիւնների, ընդ որում, բանաստեղծութեան տողերը խորանարդապաշտական համայնապատկերի տեսք են ստանում: Բանաստեղծական տողերում չկան խոնարհուած բայեր, գործողութիւններն ու երեւոյթները անժամկէտ են: Փաստօրէն իրարամերժ, իրարախոյս, իրարայաջորդ պատկերների մի ամբողջութիւն է բանաստեղծութիւնը, հիւսուած ճանապարհի ու շարժման մէջ:

 

 

Ճանապարհ, աղմուկ, հեռացող լոյսեր.

                        Մայթերին փռուած անծայր սեւութիւն,

                        Վառուած ծխախոտ եւ ցաւող ուսեր,

                        Հզօր շարժիչի փառահեղ թնդիւն:

                        Ակերից փախչող ո՜ղջ կենսագրութիւն,

                        Ճանապարհ, մի գիծ կէտերի միջեւ,

                        Ճանապարհ, բայց ո՞ւր, յետեւից առա՞ջ,

                        Թէ՞ տուեալ պահին՝ առջեւից դէպ ետ:

                        Ճանապարհ, ծիծաղ, ոգեւորութիւն,

                        Մարդու մէջ դրուած՝ շարժման հանդէպ սէր,

                        Ճանապարհ՝ ընթացք, սակայն այս դէպքում՝

                        Շարժումների մէջ քարացած մի կէտ:

 

Իտալացի աշխարհահռչակ գեղանկարիչ, գիտնական,  Լէոնարտօ Տա Վինչիի բնութագրմամբ, բանաստեղծութեան եւ գեղանկարչութեան մէջ գոյութիւն ունի համակցուած ներդաշնութիւն, ընդ որում, ասել է նա, «Գեղանկարչութիւնը բանաստեղծութիւն է, որը տեսնում են, իսկ բանաստեղծութիւնը գեղանկարչութիւն է, որին լսում են»: Նունէ Լեւոնեանի ստեղծագործութիւններում այդ լսուող գեղանկարչութիւնը յաճախ միահիւսւում է հոգեկան իրավիճակների, փիլիսոփայական մտքերի դրսեւորման բարդ խորաքանդակներում:

 

Թող հոսեն բոլոր ջրերը դէպի

                        Արեւելք, յետոյ՝ դէպի արեւմուտք,

                        Իսկ յետոյ՝ նորից դէպի արեւելք,

                        Յետոյ էլ հոսեն, որտեղ կամենան,

 

                        Իսկ ես ձեռքերը լուանում եմ իմ՝

                        Անցնող-գնացող բոլոր ջրերում:

 

«Դասեր, որ պէտք չեն գալու»: Ընթերցողը բանաստեղծութիւնների սոյն  հատորում կը գտնի մեր ժամանակների մարդու յուզական, անհանգիստ, բայց բարութեան հորիզոնները փնտռող իրարամերժ առեղծուածային ներաշխարհը: Բանաստեղծուհին ամէն ինչից դասեր քաղելով հանդերձ, լաւատեսական մօտեցմամբ է նայում կեանքին: «Նոր տաշտակ տուր ինձ, Տէր իմ, տուր ամենալաւը»,- որպէս աղօթք բարձրաձայնում է բանաստեղծուհին, աղերսելով, որ Տէրը ամենալաւը պարգեւելով վերականգնի նաեւ կոտրուածը:

1991 թուականի Հայաստանի վերանկախացումը նոր ալիք բացեց հայրենի երիտասարդ, մասնաւորաբար իգական սեռի գրողների առջեւ, որպէսզի կարողանան հանդէս գալ՝ երրորդ հազարամեակի ակնկալաքներին ու նորարարութիւններին համահունչ՝ նոր ասելիքներով ու մօտեցումներով: Արդարեւ, 37-ամեայ երիտասարդ բանաստեղծուհի՝ Նունէ Լեւոնեանը, այդ սերնդի ներկայացուցիչներից է, ով  նոր խօսքով, նոր խոստում է արձանագրում մեր ստեղծաբանութեան արուեստում:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Ճշմարտութիւնը Եւ Իրականութիւնը Տեսանելի Չեն 
Next post Նուիրուած՝ 2020-ի Շրջանաւարտներուն

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles