Հայրենիքէն «Հայրենիք»-ին

Սոնա Յակոբեան

Հայաստանի ներքաղաքական կեանքը աստիճանաբար «քաոս»-ի է վերածւում։ Քաղաքական վերնախաւի միջեւ սկսած պատերազմը իրար դէմ է լարել հասարակութեան տարբեր շերտերի՝ հայաստանեան հասարակութիւնը երբեք այսքան քաղաքականացուած ու անհանդուրժող չի եղել իրար նկատմամբ։ Ինչեւէ գուցէ ներսում եղածներն այս ամէնը չեն, սակայն հեռուից այն ինչ այս օրերին կատարւում է Հայրենիքում՝ մտահոգիչ է եւ լի՝ լուրջ վտանգներով։ Եւ այսպէս սկսենք շաբթուայ լրահոսի ամփոփումը ամենաթարմ լուրերով։

*

Շաբթուայ վճիռը։ Դատարանն այս Հինգշաբթի բաւարարեց Ռոպերթ Քոչարեանի պաշտպաններից մէկի բողոքը: Նա գրաւի դիմաց ազատ արձակուեց:

*

Շաբթուայ հալածեալը։ Եւ այսպէս իշխանական պատգամաւորների միաձայն համաձայնութեամբ անձեռնմխելիութիւնից զրկուած ՛՛Բարգաւաճ Հայաստան՛՛ կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանն այս շաբաթ յանձնուեց իրաւապահների դատին։ Իհարկէ վերջինս դեռեւս ազատութեան մէջ է, բայց շրջանառւում է նրա հաւանական կալանաւորման մասին լուրը։ Դատական հերթական նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում Գագիկ Ծառուկեանն ասել է ․«Կարող եմ եւս մէկ անգամ հաստատել՝ սա շինծու գործ է»։ Փաստաբան Երեմ Սարգսեանն էլ նշել է, որ բուն կալանքի քննութեանը դեռ չեն հասել:
Ծառուկեանի շուրջ այս թոհուբոհը սկսեց այն բանից յետոյ, երբ վերջինս քննադատեց իշխանութիւններին պսակաձեւ ժահրի դէմ պայքարը ձախողելու մէջ եւ պահանջեց Փաշինեանի հրաժարականը։

*

Փաշինեանի մեկնաբանութիւնը։ Նիկոլ Փաշինեանը «Բարգաւաճ Հայաստան» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրութիւններում ընտրակաշառք բաժանելու վերաբերեալ քրէական գործը համարում է Հայաստանի երրորդ հանրապետութիւնում քննուող ամենակարեւոր գործերից մէկը: Այս մասին Փաշինեանն ասել է Ազգային ժողովում կառավարութեան հետ հարց ու պատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամաւոր Արման Բաբաջանեանի հարցին: «Քննւում է երրորդ հանրապետութեան պատմութեան ամենակարեւոր գործերից մէկը, որովհետեւ ժողովրդի կամքի վրայ բռնանալու համակարգուած հիմնարկ է բացայայտւում»,- ասել է Փաշինեանը: Անդրադառնալով ընդդիմադիր որոշ ուժերի եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան կողմից հնչող այն յհայտարարութիւններին, թէ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի նկատմամբ իրականացուող հետապնդումը քաղաքական է, ոչ թէ իրաւական, Փաշինեանը նշել է, որ իրենք քրէական գործը քաղաքական ուժին վերահսկողութեան տակ պահելու համար օգտագործելու կարիք չունեն: Նիկոլ Փաշինեանը ասել է նաեւ, որ պէտք է արգիլել այն քաղաքական ուժերի գործունէութիւնը, որոնք բռնանում են ժողովրդի ազատ կամքի արտայայտմանը:
*
Վանեցեանն անհանգի՞ստ է։ Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը շեշտել է, որ փորձ է արւում լռեցնել քաղաքական ընդդիմախօսներին ։«Գլխաւոր դատախազը, որը ներկայացրեց մեղադրանքները, որեւէ կերպ չկարողացաւ համոզել հանրութեանը, ինձ, որ մեղադրանքը հիմնաւոր է: Այս գործում չկան հիմնաւոր ապացոյցներ, չկայ ուղիղ ցուցմունք, ուստի այն, ինչ ունենք, հիմք է տալիս ենթադրելու, որ բացակայում է հիմնաւոր կասկածը պարոն Ծառուկեանին մեղադրանք առաջադրելու համար»,- ասել է նա, չբացառելով, որ իր նկատմամբ եւս հետապնդում կարող է իրականացուել։ «Վերջին շրջանում Հ.Հ.-ում իրականացվող ապօրինի եւ քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տան մտածելու, որ իմ նկատմամբ եւս կ՛իրականացուի որեւէ գործողութիւն: Իրաւական առումով ինձ ազատութիւնից զրկելու որեւէ հիմք չկայ, ես ապօրինի ոչինչ չեմ արել»,-նշել է Վանեցեանը։

*

Նոր իշխանութիւնէ՝ հին սովորութիւններ։ Շենգաւիթ վարչական շրջանի ղեկավարը իր օգնականների հետ՝ հենց թաղապետարանում թաղապետարանի աշխատակցի է ծեծի ենթարկել։ Ինչպէս յայտնում է լուսանկարող-լրագրող Գագիկ Շամշեանը՝ թաղապետը, տեղակալն ու օգնականը ծեծի են ենթարկել 52-ամեայ Գէորգ Պօղոսեանին։ Լրագրողի տեղեկութիւններով՝ ծեծի ընթացքում Պօղոսեանը ընկել է գետնն եւ դա չի խանգարել ծեծողներին եւ շարունակել են հարուածել։ Պատճառը եղել է այն, որ Պօղոսեանին, որ աշխատում է Շենգաւիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպէս համակարգչային պատասխանատու, թաղապետն ու տեղակալը ասել են, որ նա պէտք է աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն վերջինս մերժել է առաջարկը, ինչից յետոյ պաշտօնեաները գործի են դրել բռունցքները:

*

Մինչ Հայաստանում իշխանութիւն են բաժանում՝ երկրով մէկ տարածւում է պսակաձեւ ժահրը ՝ իր հետ բերելով տնտեսական եւ առողջապահական խնդիրներ։ Օրէ օր աճող թուերի համար իշխանութիւնները մեղադրում են հասարակութեանը՝ պատճառաբանելով, որ վերջիններս չեն հետեւում հակահամաճարակային կանոններին։ Ըստ Նիկոլ Փաշինեանի շաբթուայ վերջում իրենք 665 նոր դէպք են արձանագրել եւ չի յաջողւում թիւերը իջեցնել։ Այս մասին Յունիս 18-ի կառավարութեան նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ «Մենք գիտենք դրա պատճառը՝ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանւում։ Եւ մենք ստիպուած ենք աւելի ու աւելի կոշտ վարչական մեթոտներ կիրառել հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով։ Գիտէք, որ քաղաքացիները պէտք է իրենց մօտ պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Եւ ես ուզում եմ պարզաբանել, թէ որն է այս որոշման նպատակը: Եթէ, օրինակ, դիմակ չկրելու համար տուգանուելու ընթացքում անձը չունի փաստաթուղթ իր մօտ, նրան վարչական պատասխանատւութեան ենթարկելու գործընթացն աւելի երկար է տեւում, որովհետեւ անհրաժեշտ է տանել ոստիկանական բաժին, անձը պարզել, որից հետո վարչական արձանագրութիւն կազմել»,- ասել է նա։ Վարչապետի խօսքով՝ վերլուծութիւնները ցոյց են տալիս, որ հիմնական վարակի տարածման աղբիւր են հանդիսանում բակերը եւ մօտ հասցէները։ «Այստեղ նոյնպէս մենք պէտք է մեծացնենք մեր վարչական ազդեցութեան միջոցները, ինչքան էլ միջոցները սահմանափակ են։ Ձեւաւորուել են կարգախմբեր՝ ոստիկանութեան եւ պետական այլ մարմիններից բաղկացած, որոնք ամէն օրուայ հետ աւելի ու աւելի մեծ չափերով կ՛իրականացնեն այդ վերահսկողական գործառոյթները»,- ասել է նա։

*

Իշխանութիւնները համավարակի տարածման մէջ մեղադրում են քաղաքացիներին, սակայն շատ հարցերում իրենք էլ թերացումներ ունեն։ Ո՞վ որտեղ է թերացել՝ հասկանալու համար «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնն առաջարկել է խորհրդարանում ստեղծել Հայաստանում պսակաձեւ ժահրի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողով։ Ազգային ժողովի «Լուսաւոր Հայաստան» խմբակցութիւնն էլ յայտարարել է ՝ նախաձեռնությանը կը մինանան յանձնաժողովը նախագահելու պայմանով։ «Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառութեան մէջ է դրուել մեր կողմից մէկ ամիս առաջ: Մենք կ՛աջակցենք ստեղծման գաղափարին, պայմանով, որ յանձնաժողովը նախագահի «Լուսաւոր Հայաստան» ներկայացուցիչը, որովհետեւ դրա գաղափարը մերն է, եւ խորհրդարանում կայ երեք քննիչ յանձնաժողով, որոնցից մէկը գլխաւորում է «Իմ քայլը»-ի ներկայացուցիչը, միւս երկուսը՝ «Բարգաւաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները»,- ասել է Էտմոն Մարուքեանը:

*

Ցաւալի վիճակագրութիւն։ Հայաստանի Հանրապետութիւնում յայտարարուած արտակարգ դրութեան օրերին, նախնական տուեալներով, մօտ 12 հազար մարդ մատնուել է հարկադիր անգործութեան: Այս մասին Յունիս 17-ին Ազգային ժողովում կառավարութեան հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը՝ պատասխանելով «Լուսաւոր Հայաստան» խմբակցության անդամ Կարէն Սիմոնեանի հարցին:

*

Եւ վերջում։ Թրքական ախորժա՞կ։ Թուրքիան Հայաստանի Հանրապետութիւն եւ Յունաստանի Հանրապետություն ներխուժելու ծրագրեր է մշակել: Այս մասին յայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Nordic Monitor-ի կողմից հրապարակուած գաղտնի փաստաթղթերը։

Ենթադրւում է, որ ծրագրերը պատրաստուել են Թուրքիոյ զինուած ուժերի գլխաւոր շտաբի կողմից՝ որպէս անկանխատեսելի հանգամանքներ՝ կապուած Սուրիայում իրադարձությունների զարգացման, զորքերի տեղաշարժման ժամանակ արեւմտեան ճակատում յարձակողական եւ զսպող հնարաւորութիւնների պահպանման հետ:

Փաստաթղթերի փոխանակումն իրականացուել է գլխաւոր շտապի բարձրագոյն հրամանատարների կողմից պաշտպանուած ներքին ելեկտրոնային փոստի միջոցով, հաղորդում է լրատուական գործակալութիւնը:

Գլխաւոր խորհուրդը խուճապի է մատնուել գաղտնի փաստաթղթերի հնարաւոր արտահոսքի պատճառով եւ դատարանին կոչ է արել թոյլ տալ փաստաթղթերի ստուգումը մինչև դրանք ներկայացնելը: Սակայն, ըստ ամենայնի, դատախազներն անտեսել են այդ մտավախութիւնները:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*