Հայրենիքէն «Հայրենիք»-ին

0 0
Read Time:4 Minute, 51 Second

 

Սոնա Յակոբեան

Լարուած ներքաղաքական կիրքեր, փոխադարձ մեղադրանքներ եւ հետզհետէ աճող թիւերով պսակաձեւ ժահրի դէմ ոչ այնքան արդիւնաւէտ պայքարով սկսուեց եւ աւարտուեց շաբաթը Հայաստանում: Քաղաքականութիւնը մեր հայրենակիցներին դիմատետրում իրար դէմ պատերազմելու առիթ է դարձել : Սակայն ոչ այս պատերազմն է պատերազմ, ոչ էլ այդ պատերազմում յաղթողներն են հերոսներ: Իրական հերոսներն այն տղաներն ու կանայք են, ովքեր իրենց կեանքը վտանգելով, մեզ խաղաղութիւն են պարգեւել: Այս շաբաթ շատերը յիշատակում էին Ապրիլեան քառօրեայ պատերազմի հերոսներից մէկին` Սասուն Մկրտչեանին, որ կը դառնար 31 տարեկան: 2016 թուականի Ապրիլին Թալիշը պահելու համար Սասուն Մկրտչեանը  վիրաւոր ընկերներին հանում է հակառակորդի կրակոցների տակ գտնուող դիրքից ու անտեսելով վտանգը, շտապում մարտի` Թալիշի կորցրած դիրքերը վերադարձնելու:  Սասունցի պապերի կորցրած  հայրենիքը վերադարձնելու յիշողութիւններով էր մեծացել Սասունը: Անոր մայրն ասում է պարտադիր զինուորական ծառայութիւնն աւարտելուց յետոյ միայն ֆիզիքապէս էր տուն վերադարձել , սիրահարուել էր զինուորական ծառայութեանը: Զօրացրուելուց յետոյ մի որոշ ժամանակ աշխատել է վերաքննիչ դատարանում, յետոյ արդէն որոշել է փոխել աշխատանքը ու անցել ծառայութեան խաղաղապահ զօրքերում: Ծնողներն ասում են նոյնիսկ այդ ժամանակ մտքից զինուորական ծառայութեան վերադառնալու միտքը գլխից դուրս չէր գալիս:

Չնայած ծնողներն այնքան էլ համաձայն չէին, Սասունը անցնում է ծառայութեան յատուկ ջոկատայինների կազմում: Որոշ ժամանակ վերապատրաստուելուց յետոյ, երկու շաբաթը մէկը Արցախ էր գնում, վստահեցնելով ծնողներին, որ զօրանոցում խոհարար է: 2016-ի Ապրիլից յետոյ, սակայն ծնողներն ու հարազատները պիտի պարզէին Սասունը հետախոյզ- գնդացրորդ է: Ապրիլի մէկին Սասունը Արցախից նոր էր տուն վերադարձել, ծնողների հետ զրուցել էր ու որոշել էին` Ապրիլ 7-ին սիրած աղջկայ հետ նշանադրուելու է: Սակայն, Սասունին այլ ԱՊՐԻԼ էր սպասում: 2016-ի Ապրիլի 2-ին սահմանից զանգ էր ստացել` Թալիշը հակառակորդի կրակի տակ է: Շտապել էր Արցախ հասնել: Ապրիլ 2-ի առաւօտեան տագնապի արդիւնքում յատուկ նշանակութեան ջոկատը մեկնում է Թալիշ` հակառակորդի կողմից գրաւուած երեք դիրքերը հետ վերցնելու նպատակով: Սասունն իր ծառայակիցների հետ յաջողութեամբ հետ է վերցրել հակառակորդի կողմից վերահսկուող երկու դիրք: Դրանից յետոյ Սասունի զէնքը` գնդացիրը, փճացել է, հրամանատարը նրան թոյլ չի տուել այլ զէնքով մարտի դուրս գալ: Սասունը փոքր լապտերի լոյսի ներքոյ քանդել եւ վերանորոգել է զէնքը` միւսների հետ դուրս գալով հետ վերցնելու Թալիշի բարձունքում գտնուող եւ կարեւոր երրորդ դիրքը: Փոխհրաձգութիւնից յետոյ Սասունը առաջ է անցել եւ հակառակորդի արձակած գնդակից զոհուել: Սասունի հայրը պատմում է, միայն որդու զոհուելուց յետոյ է հասկացել, թէ ինչու էր որդին այնպէս արել  որ թրքական ալիքով հեռարձակուող ոտնագնդակի խաղը չկարողանար դիտել: Հետախոյզ որդին  ոչ այնքան մեծ հաճոյքով սովորել էր թշնամու լեզուն եւ օգտագործում էր այն միայն ծառայութեան ժամանակ:

+

Անցնենք շաբթուայ լրահոսին: Եւրոպական խորհրդարանի երեսփոխաների սրտով չէ՞  Կապան- Հատրութ նոր ճանապարհը: Եւրոպական Խորհրդարանի` Հայաստան – Եւրոմիութիւն գործընկերութեան կոմիտէի, Ատրպէյճան – Եւրոմիութիւն համագործակցութեան կոմիտէի եւ Վրաստան – Եւրոմիութիւն կոմիտէի պատուիրակութեան նախագահ Մարինա Կալիւրանտը, Հայաստանի մօտ Եւրոխորհրդարանի մշտական զեկուցող Տրական Պեսեսկուն, Ատրպէյճանի մօտ Եւրոխորհրդարանի մշտական զեկուցող Ժելեանա Զովկոն, Յունիս 10-ին համատեղ յայտարարութիւն են ընդունել: Յայտարարութիւնն իր բնոյթով, շեշտադրումների կոշտութեամբ ու հայկական շահերին հասցուած վնասով աննախադէպ է Հայաստան – Եւրոմիութիւն յարաբերութիւններում: Եթէ կարճ ամփոփենք յայտարարութիւնը, ապա կը ստացուի, որ գրչի ետին հեղինակները քննադատում են Կապան-հատրութ նոր ճանապարհի կառուցումը, Արցախի տարածքի համար իրաւասու իշխանութիւններ են համարում ատրպէյճանական իշխանութիւններին, կարծիք են յայտնում, որ նոր ճանապարհը կ’ամրապնդի Արցախի եւ շրջակայ տարածքների անօրինական շրջափակումը: Ինչպէս նաեւ յայտարարութեան համահեղինակները Ատրպէյճանին ու Հայաստանին կոչ են անում աշխուժացնել բանակցութիւնները` Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում հակամարտութեան կարգաւորմանը հասնելու համար:

+

Շաբթուայ ամենաարագ ապաքինումը: Նախորդ շաբաթ պսակաձեւ ժահրով վարակուած վարչապետ Փաշինեանն այս շաբաթ  քննութիւն է նորից յանձնել ու պարզել, որ այս անգամ պատասխանը բացասական է: Այս մասին նա գրառում էր կատարել․ «Սիրելի հայրենակիցնէր: Հէնց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի քննութիւնների պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երէկ: Իհարկէ, մեր վարակուելու ժամկէտները եւ հանգամանքները պէտք է որոշակիօրէն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք դիմադրողականութիւն: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղուած բոլոր բարեմաղթանքների համար: Ես վերադառնում եմ լիարժէք աշխատանքի»:

+


Շաբթուայ մերժուածները: Աշխատանքի վերադառնալուն պէս Փաշինեանը փոխեց ուժային կառոյցների ղեկավարներին: Եւ այսպէս  Հայաստանը ունի նոր ոստիկանապետ, Ազգային անվտանգութեան ծառայութեան պետ ու զինուած ուժերի պետ: Անդրադառնալով այս պաշտօնանկութիւնների «Իրատես» թերթը գրում է․ «Ի՞նչ են նշանակում այս հրաժարականներն ու նշանակումները: Եթէ Արտակ Դաւթեանի դէպքում հրապարակային պատճառը կիրակի օրը որդու հարսանիքն էր, որը չէր կարող նախապէս համաձայնեցուած չլինել վարչապետի հետ, բայց յաջորդեց պատիժը, ԱԱԾ տնօրէնի ու ոստիկանապետի պաշտօնանկութիւններն ու նոր նշանակումները Հայաստանում ստեղծուած իրավիճակում կարող են դառնալ թեքնիքական եւ մի քանի ամսուայ պաշտօնավարման իրողութիւններ, որ նոյնպէս առանձին պատմութիւն է: Պսակաձեւ ժահրի ճգնաժամի պայմաններում հասարակութեան ակնկալած հրաժարականները ոչ ԱԱԾ տնօրէնի, ոչ ոստիկանապետի, ոչ էլ անգամ գլխաւոր շտապի պետինն են: Նրանք չեն պսակաձեւ ժահրի դէմ տարածման մեղաւորները: Կայ յստակ պահանջ` պաշտօնանկել առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանին` համակարգը կաթուածահար անելու, ճգնաժամային կամայական կառավարման, անհրաժեշտ միջոցներով ժամանակին համակարգը չապահովելու պատճառով: Նոյն պահանջը գործում է փոխվարչապետ ու պարէտ Տիգրան Աւինեանի դէպքում` չկազմակերպելու համար առողջապահութեան նախարարութեան ու պետական կառավարման միւս օղակների համադրուած աշխատանքը, ձախողելու ընդունած որոշումների կատարման վերահսկողութիւնը: Անտեղի է, երբ պաշտօնանկւում է ոստիկանապետը, իսկ պարէտը` ոչ»:
Շաբաթուայ ներողութիւնը: Առողջապահութեան նախարարը  ուղիղ եթերում խօսել է պսակաձեւ ժահրի  դէմ պայքարի ընթացքում կայացրած որոշումների, թոյլ տրուած սխալների մասին եւ ներողութիւն է խնդրել։ Իրավիճակը դրդում է հետ նայել, գնահատել քայլերը եւ շտկել սխալները».- ասել է Թորոսեանը: Ի դէպ Հայաստանում պսակաձեւ ժահրով վարակուածների օրէ օր աճող թիւերի պատճառով հնարաւոր է արտակարգ դրութիւնը երկարաձգուի եւս մէկ ամիսով:

+

Շաբթուայ հերքումը: Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի մամուլի խօսնակ Արման Մուսինեանը հերքել է Հայաստանի առաջին նախագահի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպման վերաբերեալ լուրը: Արման Մուսինեանը լուրը հերքող գրառում է կատարել դիմատետրի իր էջում: «Փաստինֆոյ կայքը տեղեկութիւն է հրապարակել, որ իբրեւ թէ երկու օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին: Այս կապակցութեամբ յայտարարում եմ. Փաստինֆոյի տարածած լուրը դաւադիր նպատակներով պատրաստուած բացարձակ սուտ է: Ափսոսում եմ, որ Փաստինֆոյ կայքը հրապարակել է չճշտուած տեղեկութիւն»,- ասուած է գրառման մէջ:

+

Եւ վերջում շաբթուայ ներքաղաքական անցուդարձը մի քանի տողով: Ընդդիմադիր ճամբարում քննարկւում  է վարչապետի հրաժարականի հարցը: Այդ մասին արդէն հրապարակային յայտարարութիւններ են արել «Բարգավարճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանը, Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը: Նա էլ նորաստեղծ «Հայրենիք» կուսակցութեան առաջնորդն է: Ի դէպ հակայարձակման պատրաստւում է նաեւ իշխանական ճամբարը: Ասում են այս օրերին դատարկւում է Ազգային անվտանգութեան ծառայությսան նկուղը․ նոր ձերբակալութիւններ են սպասւում:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Հարցազրոյց՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան Հայկական բաժանմունքի տնօրէն Ռազմիկ Փանոսեանի հետ.-
Next post ՎԵՐՋԱԼՈՅՍԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles