ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵԱՆՔԻ ՀԱՅԵԼԻ ՄԱՄՈՒԼԸ ՇՈՒԱՐՈՒՄԻ ԿԸ ՄԱՏՆԷ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԸ

0 0
Read Time:4 Minute, 33 Second

Յ. Պալեան

Երկրի մեծագոյն կարիքն է՝ սէրը եւ վստահութիւնը:

Անթուան տէ Սէնթ’Էկզիւփերի

Ֆրանսացի գրող (1900-1944)

 

            Հայաստանի բնակչութեան ո՞ր տոկոսը այսօր թերթ կը կարդայ, նոյնիսկ առցանց, չեմ կարծեր որ այդ ընթերցողները մեծաթիւ ըլլան: Կը խորհիմ, որ զանգուածը կը գոհանայ հեռատեսիլային լուրերով, իսկ շատեր կը հետեւին նաեւ ռուսական լրատուամիջոցներուն: Հետեւաբար, ինչ որ կրնամ ըսել, սփիւռքահայու կարծիք է, կազմուած արտասահմանեան մամուլի լուրերով, Հայաստանի հեռատեսիլէն լսուած հաղորդումներումներով, եւ փոքրամասնութեան մը կողմէ հայաստանեան թերթերու առցանց ընթերցումներով:

            Կրկնութեան գնով պէտք է ըսել, որ սփիւռքահայ ընթերցողը, Հայաստանի հեռատեսիլին, քաղաքական մարդոց գրութիւններուն եւ խօսքին հետեւողը, կը զարմանայ եւ կ’ընդվզի տառադարձուած օտար հազարաւոր բառեր լսելով եւ ընթերցելով: Հազարաւոր գնահատումը չարամտութիւն եւ անտեղի քննադատութիւն չէ: (Հետաքրքրուողին կրնամ ղրկել ցարդ իմ կողմէ քաղուած օտար տառադարձուած բառերը, դասաւորուած այբբենական կարգով): Այս կէտը կրնայ հետաքրքրել բոլոր անոնք որոնք բծախնդիր են հայերէնի պաշտպանութեան:

            Թէեւ այդ բառերու գործածութիւնը կ’արդարացուի լեզուական (չ)իմաստութեամբ մը, ըստ որուն՝ լեզուն կը յառաջդիմէ: Բայց ո՞ւր հասնելու համար:

            Այս խնդիրը, ի հարկէ, իւրաքանչիւր գիտակից հայուն կը վերաբերի, Հայաստանի եւ սփիւռք(ներ)ի, բայց առաջին հերթին ան պատասխանատուութիւնն է պետութեան, նախագահին, վարչապետին, կառավարութեան, Ազգային Ժողովին, մտաւորականութեան, գրողներուն, լեզուաբաններուն, մամուլին, նաեւ Սահմանադրութեան գործադրութեան պահակներուն, քանի որ Հայաստանի պետական լեզուն հայերէնն է, ոչ մուրացածոյ բառերով խճողուած լեզուն: Ինչո՞ւ Սահմանադրական Դատարանը չի միջամտեր հայերէնի նկատմամբ գործադրուող հեղեղային խախտումներուն դէմ, որոնք, մեղմ խօսքով, արհամարհանք են Սահմանադրութեան նկատմամբ:

            Լեզուական աւերին նկատմամբ անհասկնալի անտեսում, եւ օրէնքի տեսանկիւնէ՝ անպատասախանատուութիւն, Հայկական Հանրապետութեան ինքնապաշտպանական բոլոր օղակներուն:

            Հայաստանի թերթերը եւ լրատուամիջոցները անդադրում լեզուակռուի, անսպառ ու անվերջանալի դատական խնդիրներու հանդէս են, պետական բարձրագոյն ոլորտէն մինչեւ կրկնուող ոճրագործութիւնները, աւազակութիւնները, զրպարտութիւնները, մաքսանենգութիւնները՝ զէնքի, ծխախոտի, գողութիւններ՝ նոյնիսկ չքաւորներու համար սահմանուած մթերքներու: Նոյնութեամբ կ’արտագրեմ մաս մը այն տեղեկութիւններէն, զորս կը կարդամ թերթերուն մէջ.

. կոռուպցիոն չարաշահումներ…

. բացահայտվել են մեկ այլ` Արարատի մարզի Զորակի համայնքապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ կատարված կոռուպցիոն հանցագործություններ…

. Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում…

. Արթուր Վանեցյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանին…

. Հովհաննես Գալաջյանից ներողություն և 3 մլն դրամ են պահանջում. նոր մանրամասներ

. Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ նշված է, որ դատախազության տեղեկություններով՝ 2019 թվականի ընթացքում ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 1984 միջնորդություն, որից 1802-ը բավարարվել է, այսինքն՝ ներկայացված միջնորդությունների 90.8%-ը։ Դատախազութան հաղորդման մեջ նշված է, որ 2019թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1092 միջնորդություն, որոնցից բավարարվել է 968-ը կամ 88.6%-ը

. Դատարան կը դիմուի վարչապետի դէմ…

. Վարչապետի կինը եւ եղբայրը դատարան կը դիմեն…

. Մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց…

. Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված…

. Հայաստանում խոսքի ազատության տակ քողարկվող, ընդհուպ՝ ատելություն պարունակող վիրավորանքն ու զրպարտությունը, թեև շարունակում են հաճախ անպատժելի մնալ, սակայն վերջին դատական որոշումն այս ոլորտի կարգավորման հույսեր է արթնացնում…

. «Դուխով» կոռուպցիա. ԲՀԿ-ական պատգամավորը մեղադրել է իշխանությանը կոռուպցիայի մեջ…

. Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացուն, որը փորձել է պաշտպանել տուգանվող մեկ այլ քաղաքացու…

. «Փաստինֆո» ահազանգած ականատես քաղաքացին պատմել է, որ բերման ենթարկված տղամարդը նկատել էր, որ ոստիկաններն անհիմն տուգանում են մեկ այլ քաղաքացու ու հետաքրքրվել, թե ինչու են նման գործողությունների դիմում, արդյունքում բերման  է ենթարկվել հենց միջամտած քաղաքացին: Դեպքն արձանագրվել է հունիսի 6-ին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում… Ընդ որում` բերման ենթարկվողը եղել է դիմակով, իսկ ոստիկանները` ոչ:

Եւ ի հարկէ նոր իշխանութեան առաջին օրէն բազմապատկուող, տեղ չհասնող դատեր նախկին նախագահներու, բանակի հրամանատարներու, պետական պաշտօնատարներու, եւ բազմաթիւ ուրիշներու դէմ:

            Թերթը գրած էր ատելութիւն… Ո՞ւր առաջնորդելու համար փոքրիկ երկրի փոքրիկ ժողովուրդը:

            Մամուլը կը յորդի նախկիններու ամբաստանութեամբ՝ նորերու կողմէ, նախկինները տեւաբար կը գրեն եւ կը խօսին նորերու խախտումներուն եւ անկարողութեան մասին:

            Քաղաքացին կ’ըսէ, որ դատարանը կ’օգտագործուի քինախնդրութիւններու բաւարարութիւն տալու համար:

            Այն տպաւորութիւնը կ’ունենանք, որ խրամներու ետին կանգնած թշնամի երկու  բանակներ օրնիբուն կրակեն մէկը միւսին դէմ:

            Ընթերցողը իրաւամբ կրնայ մտածել, որ եթէ այսքա՜ն բազմաթիւ դատեր եւ ամբաստանութիւններ կան, դատարանները ինչպէ՞ս պիտի հասնին, եւ եթէ այսքա՜ն մեծ թիւով մարդիկ զբաղած են ամբաստանութեամբ, դատով, դատարանով, եզրակացութիւնը կ’ըլլայ այն, որ համատարած անվստահութեան մթնոլորտ տիրէ երկրին մէջ, նաեւ՝ սարսափ, որ վաղը, այլազան հաշիւներով, քրէական գործ կարելի կ’ըլլայ ստեղծել շարքային քաղաքացիին դէմ:

            Յիշուածները բացառիկ պարագաներ չեն, այսքան չեն միայն:

            Երկու տարիէ ի վեր ամենօրեայ օրակարգ են դատարանները, դատաւորները, հին եւ նոր օրինախախտումները, ըսէ՛ք՝ կոռուպցիա, երբ գրողներ եւ խօսողներ տեսանկիւն կը փոխեն:

            Իսկ աւելի պարզ հարցումը. եթէ այսքան մեծ թիւով քաղաքական գործիչներ, պաշտօնեաներ եւ անոնց հունով՝ լրագրողներ, կը զբաղին դատ-դատաստանով, ո՞վ կ’աշխատի երկրի մը մէջ, որ պատերազմական կացութիւն կը դիամագրաւէ, ուր մահեր խլող համաճարակ կայ, ուր հետզհետէ աճող թշուառութիւն կայ:

            Շարքային քաղաքացին, եթէ դեռ կրնայ մտածել գերանցելով իր անմիջական խնդիրները, սփիւռքի հայը՝ որմէ կ’ակնկալուի, որ հայրենիք վերադառնայ, պարզապէս կը շուարին, առաջինը կ’արտագաղթէ, երկրորդը չի վերադառնար:

            Ազգային-քաղաքական լուծման սպասող անյետաձգելի պատասխանատուութեան առջեւ կանգնած են Հայաստանը եւ սփիւռք(ներ)ը…

            Օր մը, յաղթող եւ պարտուող, կրնանք մենք մեզ գտնել Արտաշէս թագաւորի որդի Արտաւազդի տեղը, եւ անոր պէս ըսել. «Ես աւերակաց ո՞նց թագաւորեմ»…

            Յաճախ կը յիշեմ ամերիկեան ժապաւէն մը, որուն անունն էր. օդաչու մը կա՞յ օդանաւին մէջ:

            Երբ ամէն կարգի հեղինակութիւն կը չքանայ, կը խախտի ժողովուրդի վստահութիւնը եւ անոր հետ՝ ամէն կարգի բարոյական:

            Եւ կ’ուրախացնենք մեր դարանակալ թշնամիները եւ կ’ըլլանք անոնց մեղսակից, կ’ըլլանք անոնց առարկայական դաշնակիցները:

            Թերեւս դեռ կը մնայ տուրիստական գոհունակութիւնը. հասցէն ըլլայ Էյֆէլեան Աշտարակ թէ կապուտակ Սեւան…

            Մեր վաղը այսօրուընէ լաւ կ’ըլլար, եթէ մտածէինք եւ գործէինք ազնուական գրող Սէնթ’Էկզիւփերիին պէս, որ ըսած է.

            «Ղեկավար է ան, որ կը ստանձնէ ամբողջ պատասխանատուութիւնը: Ան կ’ըսէ. «Ես պարտուեցայ»: Ան չ’ըսեր. «Իմ զինուորներս պարտուեցան»*:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Ճեմարանի 90-ամեակ.- Շոքոլան
Next post Թալիշի Մէջ Կը Շարունակուին Վերանորոգման Աշխատանքները

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles