«Կարևորը Գործող Իշխանութիւնների Պահուածքն Է Եւ Պատրաստակամութիւնը», Կը Յայտնէ Դաւիթ Իշխանեան

Ստորեւ, յապաւումով լոյս կ՛ընծայենք հարցազրոյց մը, կատարուած «Ապառաժ»-ի (Տաթևիկ Աղաճանեան) կողմէ Հ.Յ.Դ. Արցախի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:

 

Հ -Ի՞նչն է պատճառը, որ Հ.Յ.Դ. Արցախի կառոյցը նպատակայարմար չի գտել նոր կառավարութեան մաս կազմել, որո՞նք էին ընտրուած նախագահի հետ բանակցութիւնների թեմաները և արդեօ՞ք պաշտօններ են առաջարկվել Հ.Յ.Դ.-ին:

 

Պ -Նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանը քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցութիւններ է նախաձեռնել համագործակցութեան, ներազգային համերաշխութեան միտումներով: Այդ բանակցութիւններից անմասն չէր նաև Հ.Յ.Դ. Արցախի կառոյցը: Դեռևս Ապրիլի 22-ին Հ.Յ.Դ. Արցախի Կ.Կ. Ստեփանակերտի գրասենեակում մենք առաջին պաշտօնական հանդիպումը ունեցանք և փորձեցինք ճշգրտել մեր սկզբունքները ոչ միայն ձևաւորուող կառավարութեան, այլ ընդհանրապէս երկրի զարգացման ուղղութեամբ:

Մենք չէինք կարող անտեսել այն կարեւոր սկզբունքները, որոնց շուրջ Արցախի քաղաքական ուժերի հետ խորհրդակցութիւնների արդիւնքում հասել էինք որոշ փոխըմբռնման: Խօսքն այն 7 կէտերի մասին է, որոնք մենք հրապարակել էինք դեռևս 2019 Օգոստոսին համապատասխան յայտարարութեան մէջ: Այնուհետև տարբեր քաղաքական ուժերի հետ նախաձեռնել էինք միասնական օրակարգի ձևաւորում այդ սկզբունքների շուրջ: Անշուշտ, այդ սկզբունքները Մարտ 2020-ին կայացած համապետական ընտրութիւններից յետոյ մեր դիտարկմամբ պէտք է լինէին Արցախի զարգացման հիմնական ուղղութիւնները: Այդ սկզբունքներն իրենց մէջ ներառում են թէ ներքին և թէ արտաքին հիմնախնդիրները յաղթահարելու ելքեր: Հենց այդ սկզբունքների շուրջ էին մեր բանակցութիւնները և մենք փորձեցինք նախագահ Յարութիւնեանին մէկ անգամ ևս ներկայացնել դրանք: Դեռևս ընտրութիւններին նախորդած շրջանում այդ օրերին նախագահի թեկնածու և «Ազատ Հայրենիք» կուսակցութեան ղեկավար Արայիկ Յարութիւնեանը սկզբունքօրէն ընդունել է բոլոր կետերը: Այս հանգրուանում, որպէս ընտրուած նախագահ, մեզ համար կարևոր էր մեկ անգամ ևս այդ հարցերի շուրջ քննարկումներ ծաւալելը: Կարծես թե, խորքային առումով ընդունելի էին մեր առաջարկները, բայց միւս կողմից նաև պէտք է մէկ կարևոր կէտի անդրադառնալ:

Մեր համոզմամբ, իշխանութեան մաս կազմելու համար անհրաժեշտ է նաև համապատասխան որոշումների կայացման գործընթացում դեր և ազդեցութիւն ունենալ: Այսինքն,  մեր համագործակցութեան չափը ուղղակի համեմատութեան մէջ է այն բանի հետ, թէ Դաշնակցութիւնն ինչ դեր է ունենալու քաղաքական որոշումների կայացման առումով: Մենք առաջարկել էինք որոշ սկզբունքային հարցերի շուրջ համախոհական կարգով որոշումներ կայացնելու գործելաոճը: Այդ պարագայում մեզ համար երկրորդական էր, թե ինչ ծաւալի պատասխանատւութիւն մեզ կ՛առաջարկուէր: Յանուն ճշմարտութեան պէտք է ասեմ, որ տարբեր գերատեսչութիւններ ղեկավարելու և համագործակցութեան յուշագիր ստորագրելու առաջարկ ևս եղել է: Այնուհանդերձ, Կեդրոնական Կոմիտէն նպատակայարմար չի գտել մաս կազմել այս կառավարութեանը:

Հ -Արցախի նախագահը պատրաստակամութիւն է յայտնել համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, վերջերս նաև յուշագիր է ստորագրուել «Միասնական Հայրենիք» կուսակցութեան հետ: Արդեօ՞ք հնարաւոր համարում էք իշխանութիւնների և այլ քաղաքական ուժերի հետ համագործակցութիւնը:

Պ – Քաղաքականութեան մէջ ոչինչ բացառուած չէ: Մենք մեր յայտարարութեամբ նաև բարի երթ ենք մաղթել նոր ձևաւորուող իշխանութիւններին՝ հաւատարիմ մնալով անցած 30 տարիներին Դաշնակցութեան սկզբունքներին՝ միշտ լինել Արցախի պետութեան կողքին, միշտ աջակցել Արցախի պետականութեան կայացմանը և նրա առջև ծառացած հիմնախնդիրների յաղթահարմանը: Եթէ իշխանութիւններն իրենց գործունէութեան ընթացքում շեղուեն այն ընդհանուր սկզբունքներից, որոնց մասին նրանք բարձրաձայնել են ոչ միայն նախընտրական քարոզարշաւի շրջանում, այլև նախագահ Յարութիւնեանի երդման արարողութեանը յաջորդած ելոյթի ժամանակ, ապա, բնականաբար, Դաշնակցութիւնը ցուցաբերելու է ամենակոշտ կեցուածքը: Իսկ եթէ նրանք հաւատարիմ մնան և շարունակեն այդ սկզբունքների շուրջ կառավարել և ղեկավարել երկիրը, բնականաբար, մենք միշտ էլ լինելու ենք աջակիցը: Մեր գործունէութեան առանցքը լինելու է Արցախի պետութեան հզօրացումը և Արցախի հիմնահարցի վերջնական լուծումը:

Ինչ վերաբերում է վերջերս ստորագրուած յուշագրին, ապա մենք նախկինում ականատես ենք եղել նմանատիպ փաստաթղթի: Ուզում եմ յիշեցնել 2015-ին «Ազատ Հայրենիք» և «Արցախի Ժողովրդավարական» կուսակցութիւնների միջև կնքուած խորհրդարանական համագործակցութեան յուշագրի մասին: Անցած 5 տարիների ընթացքում խորհրդարանում այս երկու քաղաքական ուժերի միջև համագործակցութիւնն այնքան էլ սահուն չէր: Այնպէս որ, կարծում եմ, որ այս փաստաթուղթը ևս վարագոյր է լինելու, որի մի կողմում յուշագիրն է, իսկ միւս կողմում՝ այլ գործընթացներ: Այնուամենայնիւ, երկու քաղաքական ուժերը քաղաքական փաստաթուղթ ստորագրելու պարագայում պէտք է միմիանց և հասարակութեան հանդէպ պատասխանատւութիւն կրեն: Դաշնակցութիւնը, ելնելով հենց այդ պատասխանատւութեան գիտակցումից, առաջարկել է առանցքային հարցերում համախոհութեամբ (կոնսենսուս) որոշումներ կայացնելու փաստաթուղթ ստորագրել, որը չի ընդունուել: Այլ պարագայում մեզ կը վերապահուէր միայն  դիտորդի կամ քաղաքական գործընթացների հետևորդի կարգավիճակը:

Հ -Մաս չկազմելով ձևաւորուող կառավարութեանը, արդե՞օք Հ.Յ.Դաշնակցութիւնը այսուհետ ընդդիմադիր ուժ կը համարուի:

Պ -Դաշնակցութիւնն իշխանական ուժ չէ: Ուրեմն դասական առումով համարւում է ընդդիմութիւն: Սակայն Արցախում քաղաքական դասական այս բաժանումները չեն աշխատել: Դեռևս երեք տարի առաջ իշխանութեան մաս լինելով հանդերձ, մենք դէմ էինք Սահմանադրութեանը, իսկ 2000-2005 թուականներին Դաշնակցութիւնն ունէր նախարար և պատասխանատու պաշտօններ զբաղեցնող կուսակցականներ, բայց խորհրդարանում ընդդիմութիւն էր: Ինչևէ, երևի աւելի ճիշտ կը լինի օգտագործել «կառուցողական ընդդիմութիւն» բառակապակցութիւնը:

Յստակ է, որ քաղաքական ուղեգծի փոփոխութիւն է տեղի ունեցել: Անշուշտ, ընդդիմութիւն հասկացութիւնն ունի իր երանգները: Սա կախուած կը լինի նաև իշխանութիւնների կողմից որդեգրուած քաղաքականութիւնից և գործելաոճից: Չի կարելի իշխանութիւնների գործունէութիւնը գնահատել միայն յայտարարություններով: Անշուշտ, մինչ այժմ շրջանառուող կառավարման սկզբունքներն ու ուղղութիւններն ականջահաճոյ են, սակայն այդ ամենին պէտք է յաջորդեն գործնական քայլերը: Մենք ուշի ուշով հետևելու ենք այդ քայլերին և յոյսով ենք, որ իշխանութիւնները հաւատարիմ կը մնան իրենց հռչակած քաղաքականութեան և կ՛առաջնորդուեն հենց դրանցով:

Հ – Ձեր հայտարարութեան մէջ յոյս էք յայտնել, որ  նոր իշխանութիւնները ջանք չեն խնայի յաջողութիւններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցութիւնների ընթացքում առաւել կարևորուած մի շարք խնդիրների լուծման ուղղութեամբ, ինչպէ՞ս կը մեկնաբանուի այն ընդդիմադիր դիրք որդեգրելու պարագայում:

Պ – Ընդդիմութիւն լինելը ինքնանպատակ չէ: Ընդդիմութեան դերը կայանում է  նրանում, որպէսզի կարողանայ ճիշտ գնահատել, ճիշտ քննադատել, ճիշտ ուղղութեամբ առաջնորդել հանրութեանը և կառուցողական առաջարկներով թէ զսպողի և թէ վերահսկողի դեր ստանձնել իշխանութիւնների նկատմամբ: Միւս կողմից էլ՝ իշխանութիւնը պարտաւոր է տեղ տալ ընդդիմութեանը, զերծ մնալ քաղաքական հալածանքներից, ստեղծել համապատասխան պայմաններ ընդդիմութեան դաշտի կայացման համար: Այս պարագայում կարևոր է, որպէսզի երկուստեք լինի «համադրուած» աշխատանք: Այդ աշխատանքը չպէտք է ձևական բնոյթ ունենայ, իշխանութեան և ընդդիմութեան գործունէութիւնը պէտք է ծաւալուի երկրի առջև ծառացած մարտահրաւէրները յաղթահարելու ուղղութեամբ:

Կարևոր է, որպէսզի երկուստեք թշնամանք չստեղծուի, հակադրութիւնները բնական են, որոնց արդիւնքում հնարաւոր է զարգացում ապահովել, յաղթահարել հիմնախնդիրները: Ցաւօք սրտի, քաղաքական գիտակցութեան բացակայութիւնը յաճախ հանգեցնում է թշնամանքի ու ատելութեան: Ամէն պարագայում այդ թշնամանքից պէտք է խուսափել: Ատելութեան մթնոլորտն Արցախի քաղաքական ուժերին յարիր չէ:

Հ – Ապրիլ 9-ին, Հ.Յ.Դ. Արցախի Կ.Կ.-ի յայտարարութեան մէջ նշւում է, որ Մարտ 31, 2020-ին կայացած ընտրութիւններին նախորդած զարգացումները և քուէարկութեան ընթացքը համադրելի են 2005-ին տեղի ունեցած ընտրախախտումների և արատաւոր երևոյթների հետ: Յստակ ի՞նչի մասին է խօսքը, արդեօ՞ք դրանք վճորոշ ազդեցութիւն են ունեցել ընտրութիւնների արդիւնքների վրայ:

Պ – Մեր ժողովրդի յիշողութիւնից չպէտք է դուրս մղուեն վերջին 30 տարիների ընթացքում ամենաարատաւոր և քաղաքական ծանր հետևանքներ ունեցած 2005-ի ընտրութիւնները: Այն ժամանակ իշխանութիւնն ամէն ինչ արել է, որպէսզի գործող ընդդիմութեանը՝ Դաշնակցութեանը և նրա շուրջ համախմբուած ուժերին, դուրս մղի քաղաքական ասպարէզից կամ նուազեցուի նրա դրա: Այս էր 2005-ի ընտրութիւնների ընդհանուր «փիլիսոփայութիւնը»: Եւ այս առումով 2020-ի համապետական ընտրութիւնները շատ համադրելի են 2005-ի հետ:

Ես չեմ ուզում մանրամասների մէջ մտնել: Սակայն այս ընտրական գործընթացներում ժողովուրդն իր սրտի խորքում զգացել է 2005-ի ընտրական գործընթացների գործիքակազմը: Գուցէ այդ ամէնը ընկալելի և տեսանելի չէր Մարտին նախորդած ժամանակաշրջանում, բայց հետընտրական շրջանում  յետադարձ հայեացք ձգելով և վերլուծելով մենք չենք վարանել և այս ընտրութիւնները համադրելի ենք համարել 2005-ի ընտրութիւնների հետ:

Հ – Անժխտելի է Հ.Յ.Դ. դերակատարութիւնը համահայկական առումով, Հ.Յ.Դ. եղել է այն շարժիչ ուժը, որն Արցախի շուրջ համախմբել է ամբողջ հայութեանը: Նոր իրավիճակում արդեօ՞ք կարող է նուազել Արցախի շուրջ համախմբուելու համազգային ներուժը:

Պ – Դաշնակցութեան ներուժի օգտագործումը բխում է հայ ժողովրդի ազգային և պետական շահերից: Անցած 13 տարիների ընթացքում մենք կարողացել ենք բաւարար չափով համահայկական ներուժն օգտագործել: Այդուհանդերձ, կարևորը  գործող իշխանութիւնների պահուածքն է  և պատրաստակամութիւնը: Խնդիրն այն չէ, թե Դաշնակցութիւնը իշխանութեան մէջ էր կամ ոչ, բայց գործող իշխանութիւնները, ի դէմս Բակօ Սահակեանի, կարողացել են ճիշդ ըմբռնել Դաշնակցութեան տեղն ու դերակատարութիւնը համահայկական տիրոյթում, նաև Արցախեան հիմնահարցի հանգուցալուծման շրջանակներում, Արցախի միջազգային ճանաչման գործընթացում: Մենք յոյս ունենք, որ նոր իշխանութիւնները կը շարունակեն նախորդ իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը:

Բաւականին բարդ ներքաղաքական իրավիճակում մենք կը փորձենք արտաքին ճակատի մեր հնարաւորութիւնները լիարժէքօրէն օգտագործել: Հ.Յ.Դ. Արցախի կառոյցն առանցքային դերակատարութիւն ունի համահայկական մակարդակով թիրախների ճշտման և ուժերի համախմբման գործում:

Հ – Ձեր յայտարարութեան մէջ անդրադարձ է եղել նաև Սահմանադրական փոփոխութիւնների հարցին և նշւում էր, որ դրա շուրջ ինչ-որ համախոհութիւն գոյութիւն ունի: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իշխող քաղաքական ուժը 3 տարի առաջ կողմ է քուէարկել գործող Սահմանադրութեանը, արդեօ՞ք մօտ ապագայում հնարաւոր համարում եք Սահմանադրական բարեփոխումների իրականացումը, այդ ուղղութեամբ քայլեր ձեռնարկւո՞ւմ են:

Պ – 2017-ին Հ.Յ.Դ. Արցախի կառոյցը դէմ արտայայտուեց Սահմանադրութեան առաջարկուած նախագծին և համակիրներին հորդորեց դէմ քուէարկել դրան: Ցաւօք սրտի, այն ընդունուեց և մենք առաջնորդւում ենք այդ Սահմանադրութեամբ: Մեր յայտարարութիւնների մէջ և բանակցութիւնների ընթացքում կարևորուել է Սահմանադրական փոփոխութիւնների հարցը: Այդ հարցի շուրջ մենք քննարկումներ ենք ծաւալել Արցախում գործող 15 կուսակցութիւնների  հետ և գրեթէ բոլորը, այդ թվում նաև իշխող քաղաքական ուժը և նորընտիր նախագահը կողմ էին, որ ընտրութիւններից յետոյ Սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսուի: Դեռևս հնարաւորութիւն չենք ունեցել նախագահ Յարութիւնեանի հետ այդ հարցը քննարկել: Բայց օրեր առաջ Հ.Յ.Դ. Արցախի «Նիկոլ Դուման» կեդրոնում կայացած հանդիպման ժամանակ Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը վերահաստատել է Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտութիւնը:

Մենք յառաջիկայում առիթ կ՛ունենանք այլ քաղաքական ուժերի հետ ևս քննարկումներ ծաւալել: Դաշնակցութիւնը միշտ էլ կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին և առաջիկայում, հաւանաբար աշնանը, մենք կը փորձենք այդ ուղղութեամբ քայլեր ձեռնարկել:

Հ – Ընտրութիւնների արդիւնքում Ազգային Ժողովում նուազել է Հ.Յ.Դ. աթոռների թիւը, արդեօ՞ք հնարաւոր համարում էք այլ խմբակցութիւնների հետ համագործակցութիւնը և ընդհանրապէս ինչպէ՞ս կը գնահատեք ազգային ժողովի նոր կազմը:

Պ –  Պէտք է  շեշտել, որ Դաշնակցութեան դերակատարութիւնը պայմանաւորուած չէ աթոռների թիւով, իհարկէ եթէ բացարձակ մեծամասնութիւն չէ: Անցած 10-ամեակների ընթացքում ազգային-պետական շահերից բխող Հ.Յ.Դ. նախաձեռնութիւնները, հազուադէպ էին համախոհներ գտնում:

Ի համեմատութիւն 6-րդ գումարման Ազգային Ժողովի, այս խորհրդարանի հետ մեծ յոյսեր կապելը դժուար է: Արդեն իսկ կայացած խորհրդարանի առաջին նիստում ակատես եղանք արհեստավարժութեան սկզբունքի անտեսմանը: Խօսքը վերաբերում է նոր Ազգային Ժողովի ղեկավար կազմի՝ յանձնաժողովների նախագահների, փոխնախագահների, ընտրութեանը:

Ինչ վերաբերում է այլ խմբակցությունների հետ համագործակցութեանը, Դաշնակցութիւնն ունի իր ուղեգիծը և ծրագրային հիմնադրոյթները, որոնցով  առաջնորդուելու է:

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*