Հայրենիքէն «Հայրենիք»-ին

 

Սոնա Յակոբեան

Սիրոյ եւ հանդուրժողականութեան յեղափոխութիւնից յետոյ Հայաստանում սկսել է նոր ծիլեր տալ անհանդաժողականութիւնը: Յամենայնդէպս, այլ կերպ չի կարելի որակել այն ինչ իրար հասցէին ասում են , ընկերային ցանցերում գրում քաղաքական տարբեր ճակատներում գտնուող մեր հայրենակիցները, որոնք հաւանաբար մոռացել են , որ  իրար հանդէպ թշնամանքից կարող է եւ օգտուել նաեւ մեր իրական թշնամին:  Եւ այսպէս, շաբթուայ սկզբում  հայաստանեան հասարակական , քաղաքական գործիչների մի մասը, անգամ Հայաստանում  մարդու իրաւունքների պաշտպանն անդրադարձան, դատապարտեցին հանրային խորհրդի նախագահ Ս․ Սաֆարեանի ոչ այնքան հաճելի բառապաշարով գրառումը ատրպէյճանագէտ Անժէլա Էլիպէկովայի մասին, ով վերջին շրջանում յաճախ է քննադատում ներկայիս իշխանութիւններին: «Պէտք է դադարեցնել իրար վիրաւորելու, իրար արժանապատուութիւն նսեմացնելու վտանգաւոր սովորութիւնը: Դա բերում է վտանգաւոր հետեւանքների, դա բազմապատկում է վիրաւորանքն ու ատելութիւնը, դա ի վերջոյ սադրում է բռնութիւն: Սա յատկապէս վերաբերում է հանրային գործունէութիւն ծաւալող ու մանաւանդ հանրային պաշտօն զբաղեցնող անձանց, ովքեր պէտք է լինեն զսպուած եւ թոյլ չտան վիրաւորանք, ատելութիւն յառաջացնող, լարուածութիւն առաջացնող որեւէ խօսք: Հանրային պաշտօնեաների դէպքում պահանջներն առաւել խիստ են, քանի որ նրանք ունեն յստակ կարգավիճակ ու սահմանափակուած են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրաւական հետեւանքներ, այդ թւում` պատասխանատուութիւն: Խիստ մտահոգիչ երեւոյթ է, երբ մարդու արժանապատուութիւնը վիրաւորող, նսեմացնող գրառում է անում երկրի հանրային խորհրդի նախագահը` որպէս հանրային պաշտօն զբաղեցնող եւ օրէնքով ստեղծուած խնդիրներ, իրաւական կարգավիճակ ունեցող մարմնի ղեկավար, ում պաշտօնի հրամայականով թելադրուած պարտադիր խնդիրն է հասարակութիւնում փոխադարձ վստահութեան, երկխօսութեան եւ գործընկերային յարաբերութիւնների ձեւաւորմանը նպաստելը: Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրութիւնը վկայում է, որ դա արուել է կնոջը վիրաւորելով` նրա սեռի թիրախաւորմամբ: Առաւել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքոյ արւում են արժանապատուութիւնը նսեմացնող ու ատելութիւն գեներացնող մեկնաբանութիւններ, որոնք ոչ միայն չեն հեռացւում, այլ նաեւ ակնյայտ խրախուսւում են: Ցանկացած տեսակի բանավէճում պէտք է քննարկել միայն բովանդակային կամ առարկայական հարցեր` առանց ընդդիմախօսին վիրաւորանք հասցնելու կամ նրա արժանապատուութիւնը նսեմացնելու: Սրանք կանոննէր են, որ կը նպաստեն հասարակութիւնում համերաշխութեան մթնոլորտի եւ փոխադարձ յարգանքի երշախաւորմանը»,- գրել է Արման  Թաթոյեանը:

*

Շաբթուայ անարդարութիւնը: Օրերս «Երկիր Մետիա»  պատկերասփիւռի ընկերութեան  եթերում, «Երկրի հարցը» հաղորդման հիւրն էր` Հայաստանի  վաստակաւոր արուեստագէտ, Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Շուշան Պետրոսեանը:  Ըստ ընկերութեան պաշտօնական կայքում տեղադրուած մի գրառման, հաղորդման տեսագրութիւնը համացանցում ենթարկուել է բառի բուն իմաստով «հայհոյախառն» յարձակումների, որոնք կրում են ե՛ւ անձնական, ե՛ւ բարոյական բնոյթ: «Ուշագրաւ մէկ դիտարկում․ ցաւալի է, որ որեւէ կառոյց, որեւէ անհատ չարձագանգեց կատարուածին: Չքննադատուեց ու չդատապարտուեց կնոջ հասցէին հնչած որեւէ հայհոյանք, իրաւական ուժ չստացաւ որեւէ սպառնալիք: Իսկ այսօր Տաթեւիկ Ռեւազեանի վերաբերեալ գրառումը Դատախազութիւնն ուղարկել է ոստիկանութիւն»․- նշուած էր գրառման մէջ:

 

*

Շաբթուայ անկեղծը: Այս հինգշաբթի կառավարութեան նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեանն անկեղծացել է․«Կորոնաւիրուսի համավարակի հետ կապուած մեր գործերը լաւ չեն: Քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արուած, նաեւ սոցիալական ցանցերում, թէ եթէ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչու կառավարութիւնում եւ կառավարութեան քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահւում: Եւ մենք պէտք է ապահովենք, որ նաեւ պետական կառավարման մարմիններում առանց դիմակի կարող են լինել մարդիկ միայն այն ժամանակ, երբ որ իրենց աշխատասենեակներում միայնակ են», – նշել է Փաշինեանը: Ի դէպ կառավարութեան այս նիստին ներկաներն անգամ խօսելիս էին դիմակներով:

*

Օգնութիւն Մայր Աթոռից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առողջապահութեան նախարարութեան մարդասիրական օգնութեան կեդրոնին է տրամադրել աւելի քան երկու հազար բժշկական պաշտպանիչ արտահագուստ, որոնց արժէքը կազմում է 16 միլիոն դրամ: Այս մասին յայտնում են Մայր Աթոռի տեղեկատուական համակարգից:

*

Ահագնացող վիճակագրութիւն առողջապահութեան նախարարից: Ըստ Արսէն Թորոսեանի վերջին մէկ օրուայ ընթացքում պսակաձեւ ժահրի դէպքերի թիւն աճել է 335-ով` անցնելով 5 հազար 600-ը: Գրանցուել է հիւանդութիւնից մահուան եւս երեք դէպք: 64, 65 եւ 90 տարեկան տղամարդիկ, ըստ առողջապահութեան նախարարութեան, ունեցել են ուղեկցող հիւանդութիւններ: Մահացածների ընդհանուր թիւը հասել է 70-ի: Անցած օրուայ ընթացքում բուժուածները 162 են, իսկ բուժուողներն այս պահին 2 հազար 928-ը:Կառավարութեան նիստից յետոյ լրագրողների հարցերին պատասխանող Թորոսեանը չի բացառել Հայաստանում իտալական կամ սպանական  պատկերի կրկնութիւնը` մահուան թուերի կտրուկ աճ, եթէ չյաջողուի զսպել վարակի տարածումը:

*

Դաշնակցութիւնը դատապարտում է:  Ըստ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն Մարմնի տարածած յայտարարութեան Հայաստանի իշխանութիւնները  ի սկզբանէ անլուրջ մօտեցում են ցուցաբերել վարակի նկատմամբ: Հատուած յայտարարութիւնից․”Իրավիճակին արագ արձագանգելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու եւ վարակի յետագայ տարածումը կանխելու փոխարէն, քաղաքական իշխանութիւնը, հաշուի չառնելով սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուեն յետաձգելու բազմաթիւ կոչերը, ակտիւօրէն շարունակեց քարոզարշաւը եւ կազմակերպեց բազմամարդ հաւաքներ` նոյնիսկ այն ժամանակ, երբ պաշտօնապէս յայտարարուել էր Հայաստանում պսակաձեւ ժահրի առաջին դէպքի մասին: Բացի այդ, արձանագրուած վարակի առաջին դէպքից յետոյ իշխանութիւնները հաղորդակցութեան սահմանափակումներ գործադրեցին միայն Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ, մինչդեռ վարակման բարձր ցուցանիշ ունեցող մի շարք երկրների հետ շարունակւում էր օդային առօրեայ հաղորդակցութիւնը”: Անդրադարձ է եղել նաեւ տնտեսական վնասների չէզոքացման ապարդիւնաւէտութեանը:

*

Հանդիպում նախագահին հետ: Արմէն Սարգսեանն այս շաբաթ հանդիպել է Հայաստանի գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի եւ Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարուել համավարակի հետեւանքով ստեղծուած իրավիճակին, տնտեսական դժուարութիւններին, դրանց յաղթահարման հնարաւորութիւններին եւ ուղիներին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս մարտահրաւէրը հնարաւոր է յաղթահարել միայն ուժերի համախմբման միջոցով: Հ․Յ․Դ․ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսլականն իրավիճակը յաղթահարելու հնարաւոր ճանապարհների մասին: Մտքեր են փոխանակուել նաեւ երկրի ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերեալ, ինչպէս նաեւ անդրադարձ է եղել համազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, այդ շրջանակում անցկացուած եւ նախատեսուող, այդ թւում` Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին, Սեւրի դաշնագրի կնքման 100-ամեակի եւ Առաջին Հանրապետութեան առաջիկայ տարեդարձին նուիրուած միջոցառումների շուրջ: Հանրապետութեան նախագահին տեղեկութիւններ են ներկայացուել Դաշնակցութեան  ծրագրած մի շարք միջոցառումների մասին, որոնք, համավարակով պայմանաւորուած, ժամանակաւորապէս յետաձգուել են: Անդրադարձ է եղել նաեւ նախագահ Սարգսեանի առաջարկած Համազգային այգու` «հայ պարկ»-ի ստեղծման նախաձեռնութեանը:

*

Ազնաւուր թէ՞ Զուարթնոց:  Այս օրերին Հայաստանի հանրութիւնը  քննարկում է Զուարթնոց  օդակայանը Շարլ Ազնաւուրի անունով անուանակոչելու հարցը:  Նիւթին անդրադարձել է նաեւ «Ազնաւուր» հիմնադրամի համահիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիքոլա Ազնաւուրը:   Յայտարութեան մէջ մասնաւորապէս նշուած է․ «2018 թուականին, երբ հայրս հեռացաւ կեանքից, մենք տեղեկացուել էինք այն մասին, որ անուանափոխութեանն ուղղուած մեծ արշաւ է սկսուել, եւ հիմնադրամն էլ բազում նամակներ էր ստանում` դրա հետ կապուած: Մեր ընտանիքը սգի մէջ էր, եւ այդ օրերին մենք որեւէ կերպ չենք արձագանքել նմանօրինակ նամակներին ու յայտարարութիւններին: Վերջերս, սակայն, տեղեկացանք, որ Յունուարի 11-ից նոյն նախաձեռնութեան նոր ալիք է բարձրացել. լրատուամիջոցներում եւ սոցիալական մետիայում բուռն քննարկւում է առաջարկը ու քուէարկութեան դրւում` պարզելու հանրութեան վերաբերմունքն այդ հարցի շուրջ: Ուսումնասիրելով լրատուամիջոցների հրապարակումները, քննարկումներն ու այլ յայտարարութիւններ հարցի շուրջ` մեզ համար պարզ դարձաւ, որ մարդիկ շատ դրական են վերաբերւում անուանափոխութեանը, բայց ունեն նաեւ համակրանք եւ մեծ կապուածութիւն «զուարթնոցէ անուան հետ: Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ լաւագոյն տարբերակը կարող է լինել օդակայանը կոչել Շարլ Ազնաւուրի անուան Զուարթնոց միջազգային օդանաւակայան: Աշխարհում նման ձեւաչափով անուանակոչման բազում օրինակներ կան, մասնաւորապէս` Փարիզի Շարլ ըը Կոլը, Մոսկուայի Շերեմեթիեւոյի Փուշքին, Հռոմ-ֆիւմիչինոյի Լեօնարտօ Տա Վինչի, Վարշաւայի Ֆրետերիք Շոփէն, Ռիօ տը Ժանէյրոյի Անթօնիօ Քարլոս Ժոպիմ, Լիզպոնի  Հումպերթօ Տելկատօ օդակայանները եւ այլն: Տեղեակ եմ, որ անուանակոչութիւնների համար կառավարութեանը հարկաւոր է ընտանիքի անդամների եւ հեղինակային իրաւունքները տնօրինողների համաձայնութիւնը: Սոյն նամակով ցանկանում եմ յայտնել մեր պատրաստակամութիւնն ու աջակցութիւնը Զուարթնոց օդանակայանի անուանմանը Շարլ Ազնաւուրի անունն աւելացնելու նախաձեռնութեանը: Մենք վստահ ենք, որ նոր անունն է՛լ աւելի մեծ միջազգային հետաքրքրութիւն կը բերի Հայաստանին` օգնելով աշխարհում Հայաստանի առաջխաղացմանը», – ասուած էր նամակում:

*

Շաբթուայ գողօնը: Գողացել են “Հրազդան” մարզադաշտի հարեւանութեամբ տեղադրուած` «Արարատ-73»-ին պատկերող արձանախմբից մի քանի ֆութպոլիստների արձաններ: Արձանախումբը տեղադրուել էր 2016 թուականին: «Արարատ¬73»-ի յաղթանակներին նուիրուած արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղեանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմէն Սամուէլեանը: Այն ստեղծուել է Ողիմպիական Կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանի անձնական միջոցներով:

*

Երգիչներն ու հանդիսավարները հարսանիք ու երգել են ուզում:  Այս շաբաթ կառավարութեան դիմաց բողոքի ակցիայ էին կազմակերպել ռեստորանային համալիրների սեփականատէրերն ու աշխատակիցները, ներկայացուցիչները, միջոցառումների կազմակերպիչներն ու հանդիսավարները: Նրանց պահանջն է աշխատելու թոյլտուութիւն ստանալ: «Եթէ միւս ոլորտներից սահմանափակումները հանուել են, ապա իրենց ոլորտն էլ չպէտք է բացառութիւն լինի»,- պնդում էին հաւաքին մասնակիցները: Նրանցից ոմանք կառավարութիւնից միանուագ աջակցութիւն են ստացել` մօտ 70 հազար դրամ, որով, նշում են, հնարաւոր չէ ապրել: Ոստիկանութիւնից առաւել վաղ յիշեցրել էին, որ արտակարգ դրութեան պայմաններում արգելուած է հաւաքներ կազմակերպելը: Բայց քանի որ ճաշարաններու ոլորտի ներկայացուցիչները, այնուամենայնիւ, հաւաքը կազմակերպել էին, ոստիկանները հսկում էին, որ ընկերային հեռաւորութիւնը պահպանուի:Այդ պահանջի խախտման համար նախաձեռնութեան  մասնակիցներից մի քանիսին անգամ բերման են ենթարկել:

*

Փակագծերը կը բացեն աշնանը: Սեպտեմբերին Ազգային ժողովի Ապրիլեան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողովը պատրաստ կը լինի ներկայացնել հանրութեանը յուզող կարեւոր դրուագներ: Այս մասին յայտնել է յանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարեանը նշել է, որ Եուրի Խաչատուրովը դեռեւս չի ներկայացել, բայց իրենք այլեւս նրան նամակ չեն ուղարկելու, քանի որ գնդապետը գիտի, որ ինքը պէտք է գա, եւ այսօր Արշակ Կարապետեանին երկրորդ անգամ յանձնաժողովի նիստին հրաւիրելը կապուած է եղել նաեւ Խաչատուրովի չգալու հետ: Քոչարեանը տեղեկացրել է, որ յանձնաժողովի աշխատանքները կ’աւարտուեն Յունիս 4-ին:

*

Տեղափոխուենք Արցախ: Այստեղ հրաժեշտ տուեցին նախկին նախագահին եւ դիմաւորեցին նորին` սիրով եւ փոխադարձ շնորհաւորանքներով: Այս առիթով Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանին շնորհաւորել է Հայաստանի ներկայիս նախագահը:Ներկայացնում ենք Արմէն Սարգսեանի  յայտարարութիւնը․”Արցախի Հանրապետութեան նորընտիր նախագահին եւ նորընտիր պատգամաւորներին եւս մէկ անգամ շնորհաւորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհաւորանքներս յղել Արցախի քաղաքացիներին` ժողովրդավարութեան հերթական յաղթանակի համար, յաղթանակ, որը ինքնիշխան պետականութեան ամրապնդմանն ուղղուած եւս մէկ քայլ է: Այլեւս անշրջելի իրողութիւն է, որ Արցախի Հանրապետութիւնը կայացած ժողովրդավարական պետութիւն է: Փաստացի գտնուելով չաւարտուած պատերազմի մէջ` նա վերստին ապացուցում է, որ ունակ է եօթերորդ անգամ կազմակերպել խորհրդարանական եւ վեցերորդ անգամ` նախագահական ընտրութիւններ: Դրանով իսկ ամէն անգամ աւելի ու աւելի են ամրապնդւում պետական եւ ժողովրդավարական ինստիտուտներն Արցախում:

Արցախի քաղաքացիների հետ միասին դրանց կայացման մէջ մեծ ներդրում ունի այսօր իր նախագահական լիազօրութիւններն աւարտող Արցախի Հանրապետութեան երրորդ նախագահ Բակոյ Սահակեանը: Առանձնակի շնորհակալութիւն եմ ուզում յայտնել նրան: 2007 թուականից ստանձնելով Արցախի նախագահի պաշտօնը` նա պետական պատասխանատու գործչին հարիր եւ արցախցուն բնորոշ կամային յատկութիւններով արժանապատուօրէն առաջնորդեց Արցախի Հանրապետութիւնը: Յոյսով եմ, որ պարոն Սահակեանը կշարունակի մասնակցութիւնն Արցախի հզօրացման գործին` իր փորձն ու գիտելիքները փոխանցելով Շնորհաւորում եմ այն քաղաքական միաւորներին, որոնք կազմեցին Արցախի Հանրապետութեան 7-րդ գումարման Ազգային Ժողովը` «Ազատ հայրենիք-ՔՄԴԷ դաշինք, «Միասնական հայրենիք կ’ուսակցութիւն», «Արդարութիւն» կուսակցութիւն, Հ․Յ․Դ․ եւ Արցախի «Ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւններով: Յուսով եմ` շարունակելով արցախեան քաղաքական կեանքի եւ օրէնսդիր իշխանութեան լաւագոյն մշակոյթը, նրանք կը զարգացնեն այն` յանուն Արցախի զարգացման համագործակցելով նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ: 28 տարի առաջ գրեթէ այս օրերին արցախեան պատերազմում տեղի ունեցաւ Շուշիի ազատագրումից յետոյ եւս մէկ բեկումնային իրադարձութիւն: Մայիսի 18, 1992-ին հայկական ուժերը հուժկու հարուածով ազատագրեցին Բերձորը: Բացուեց Արցախը Հայաստանին կապող կեանքի ճանապարհը, եւ ճեղքուեց Արցախի շրջափակման օղակը: Այսօր, Արցախում շարունակուող պետական շինարարութեան գործընթացի հերթական փուլը նաեւ յարգանքի տուրք է ինչպէս այդ ռազմական գործողութեան, այնպէս էլ արցախեան ողջ ազատամարտի ընթացքում իրենց կեանքը նուիրաբերած հերոսների յիշատակին: Աստուած պահապան Հայաստանին, Արցախին եւ ողջ հայութեանը”:

*

Եւ վերջում:  Նրանք կեանքի գնով պաշտպանում են մեր սահմանները ` գիշեր ու ցերեկ: Շաբաթուայ  լուսանկարը: Ճանաչենք մեր Հայրենիքի պաշտպաններին, ոչ թէ անուններով, այլ դէմքերով:   Լուսանկարը ` Պաշտպանութէան նախարարի մամլոյ խօսնակի դիմատետրի էջից, հեղինակը` Արեգ Վարդանեան: Լուսանկարում այս պահին հայրենիքի սահմաններն ամուր պահող, առաջնագծի զինուոր է:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*