Հայրենիքէն «Հայրենիք»-ին

Սոնա Յակոբեան

Ապրիլի 30-ը տխրահռչակ «Օղակ» գործողութեան օրն է։ 1991-ի Ապրիլի 30-ին Գանձակում տեղակայուած խորհրդային բանակը, հրասայլների, հրետանու եւ օդուժի աջակցութեամբ, շրջափակել էր Հիւսիսային Արցախի Գետաշէն ու Մարտունաշէն գիւղերը: Գործողութիւնից ժամեր անց այդ տարածքներ ներխուժել էին ատրպէյճանցիները: Շահումեանի շրջանից հայկական բնակչութեան արտաքսման  ուղղուած այս գործողութիւնը ստացել էր «Օղակ» անուանումը: «Օղակ» գործողութիւնը հայաբնակ 35 գիւղերի խաղաղ բնակչութեան դէմ պետական ահաբեկչութեան գործողութիւն էր, որի իրականացման վայրը Լեռնային Ղարաբաղի Շահումեանի, Շուշիի, Մարտակերտի, Հատրութի, Ստեփանակերտ, խորհրդային Հայաստանի Նոյեմբերեանի, Գորիսի, Տաւուշի շրջաններն էին։ Այդ օրը, Արցախեան ազատամարտն անդառնալի կորուստներ ունեցաւ եւ մեկընդմիշտ միաւորեց հինգ հայորդիներ։ Թաթուլ Կրպեյեան, Սիմոն Աչիքկէօզեան, Արթուր Կարապետեան, Վալերի Նազարեան եւ  Զարզանդ Դանիէլեան՝ արդէն 29-ը տարի այս անունները միշտ էլ միասին են հնչում։

80-ականների վերջերին առաջինը հրապարակ դուրս  եկողներից էր Թաթուլ Կրպեյեանը։ Հոկտեմբեր 17, 1987-ին փակուղիի «Մարշալ Բաղրամեան» կայարանի մօտ տեղի ունեցած առաջին ուսանողական ցոյցի կազմակերպիչներից էր: Ցոյցը ցրած անվտանգութեան աշխատակիցները երկար ժամանակ հետեւում եւ հսկողութեան տակ էին նրան պահում: Երեւանի պատմութեան հիմնարկում դասերը  կիսատ թողնելու եւ Գետաշէն մեկնելու որոշման մասին Թաթուլն անձամբ էր դասախօսներին տեղեկացրել ու վստահեցրել՝  ծնողների տեղեակ լինելը պարտադիր չէ։  Թաթուլը Գետաշէն էր հասել ուսուցչի անուան տակ։ Կարեւորում էր մատաղ սերնդի կրթութիւնը,սակայն, դասերն աւարտելուն պէս պատմութեան ուսուցիչ Կրպեյեանն անտառ էր գնում ՝ կռվի։ Գետաշէնցիների հետ մտերմանալուց յետոյ, Թաթուլը, անտառում ջոկատ ունէր։ Արդէն տղաներն անտառներից սկսել էին Գետաշէն իջնել ։  Տեղացիներն էլ նրանց գրկաբաց էին ընդունել, սննունդ էին տալիս, իրենց սահմանները պահող տղաներին ընդունում հարազատ որդիների պէս։

Խորհրդային բանակում ծառայող 23-ամեայ Արթուր Կարապետեանի հայրը որոշել էր՝ գնալու է Մոսկուա ու որդուն համայնավար դարձնի։ Արթուրը , սակայն  զօրացրուելուց յետոյ իր համար այլ ուղի էր ընտրել։ Ծնողներին համոզել էր, որ պէտք է կռիւ գնալ ու հիմնաւորել դա իր պարտքն է։ Առաջին անգամ, երբ վիրաւորուել էր  համոզել էր  թէ ձիուց է ընկել։ Համոզելու վարպետ Արթուրը ծնողներին էլ համոզել էր ՝ Գետաշէնն ազատագրելու են ու ընտանիքով տեղափոխուելու են այնտեղ ապրելու։ Արթուրն ու Թաթուլը կռուի դաշտում իր համար թեւ ու թիկունք էին։ Պատերազմը միաւորել էր նրանց ու երկուսին էլ նոյն օրը տարաւ իրենց մարտական միւս ընկերների  հետ։

53-ամեայ  Սիմոն Աչիքկէօզեանին տղաները «Դեդ» էին ասում։ Պատճառը տարիքը չէր․ իրենց խմբի ամենահոգատարն ու կարդացածն էր։ Մարտունաշէնում հրամանատարն ինքն էր , համալսարանի դասախօս, ում 88-ից յետոյ այլեւս ուսանողնեորը չտեսան համալսարսանում։

Ապրիլ 1991-ին , Գետաշէնում ու Մարտունաշէնում կատաղի մարտեր էին։ Հայկական կողմը փորձում էր դիմակայել Արցախը հայաթափող չարաբաստիկ «Օղակ» գործողութեանը։ Մարտունաշէնում ու Գետաշէնում տղաները դիմադրեցին մինչեւ Ապրիլ 30։ Ասում են , երբ Սեպտեմբեր 1990-ին Թաթուլը մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ «Ինչո՞ւ էք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա, Երեւանի օդակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը յանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»,- ասում էր ազգային հերոս Թաթուլ Կրպեյեանը։ Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս վստահեցնում է . «Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գար, ինձ կը բերեն։ Գետաշէնը կը դատարկուի միայն իմ դիակի վրայով»:

*

Շաբաթը Հայաստանում այնքան էլ յաջող չսկսուեց։ Պատճա՞ռը՝ ոչ թէ համավարակն էր, այլ համավարակի արագութեամբ երկրով մէկ տարածուող անհանդուրժողականութիւնը։

Շաբթուայ ոչ այնքան  պատգամաւորին համապատասխան  բառապաշարով լեզուակռիւը՝ խորհրդարանում․․․։ Ամէն բան սկսուել է նրանից, երբ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան անդամ Անի Սամսոնեանն իր ելոյթում կասկածի տակ է առել խորհրդարանի փոխ-խօսնակ Ալէն Սիմոնեանի՝ լուրջ ընդունուելու հանգամանքը, քանի որ վերջինը խմբակցութեան ներկայացրած առաջարկները ժողովրդական էր համարել։ Պատգամաւորները  միմիանց հասցէին վիրաւորական արտայայտութիւններ են  հնչեցնել։ Նրանց հանդարտեցնելու համար ստիպուած միջամտել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյեանը:

Ալէն Սիմոնեանը ընդունել է մեղքը։ Նա  նշել է , որ ցաւալի էր այն ամէնը, ինչ եղաւ Ազգային Ժողովում եւ ասել , որ չի ուզում մանրանալ, պատմել ինչ եղաւ, ինչպէս եղաւ: «Բայց մի կարեւոր փաստ եմ ուզում նշել: Ուզում եմ ասել, որ այն արտայայտութիւնը, որի համար ինձ քննադատում եք, կապուած տիկին Սամսոնեանի հետ, որը ես արել եմ, ես համարում եմ սխալ եւ ընդունում եմ իմ սխալը: Ելոյթի ժամանակ ես պէտք է զսպէի իմ բարկութիւնը, թէեւ ոչ մի վատ բան նկատի չեմ ունեցել, միգուցէ դա եղել է զուտ բարկութիւնից, լարուածութիւնից դրդուած, ոչ մի ամօթ բան չեմ տեսնում նրա մէջ, որ որպես Ազգային Ժողովի պատգամաւոր, որպէս հայ տղամարդ, եթերով նման բան ասեմ իմ հակառակորդին, նոյնիսկ այն հակառակորդին, որը ոչ այնքան լաւ է արտայայտւում ամպիոնից, նման արտայայտութիուն եմ արել: Ընդունում եմ այն քննադատութիւնը, որը կարդացի, լսեցի եւ ներղութիւն եմ խնդրում»,- ասել է Ալէն Սիմոնեանը։

*

Շաբթուայ ծեծկռտուքը ու որքան էլ տարօրինակ է, գլխաւոր դերակատարներից մէկը կրկին Ալէն Սիմոնեանն է։ Փողոցում այս շաբաթ վէճի են բռնուել  նա եւ «Ատեկվատ»-ի հիմնադիրներից Արթուր Դանիէլեանը։ Ըստ Ալէն Սիմոնեանի, երբ ինքը զբօսնելիս է եղել,Արթուր Դանիէլեանը սեռական բնոյթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից յետոյ ծեծկռտուք է սկսուել: Ըստ «Ատեկվատ» նախաձեռնութեան համահիմնադիր Կոնստանթին Տէր Նակալեանի էլ, Ալէն Սիմոնեանն է վէճը հրահրել։  Կատարուածից յետոյ,  երկու կողմերն էլ ոստիկանութիւն են դիմել , Արթուր Դանիէլեանն էլ քթի վիրահատական միջամտութիւն է ստացել ։  Ըստ նրա Սիմոնեան – Դանիէլեան հակամարտութիւնը 2016-ի Ապրիլեան յեղափոխութեան ժամանակ է սկսուել , երբ Սիմոնեանի գլխաւորած լրատոիամիջոցն Ատպէյճանի պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութիւնն է տարածել։ Ըստ որոշ աղբիւրների Արթուր Դանիէլեանն արդէն բերման է ենթարկուել։

*

Շաբթուայ սարսափը։ Շաբաթը լարուած էր Գեղարքունիքի մարզում:  Նախ Գաւառ քաղաքում հնչած կրակոցների հետեւանքով երկու մարդ մահացել է եւ երկու այլ անձիք մարմնական վնասուածքներով տեղափոխուել են  հիւանդանոց։ Յետոյ արդէն, Գաւառի բժշկական կեդրոն են ներխուժել մեծ թիւով քաղաքացիներ, ովքեր հիւանդանոցում հաշուեյարդար են տեսել սպանութեան վայրից վիրաւորում ստացած 2 հիւանդների նկատմամբ: Ըստ մամուլում տարածուող տեղեկութիւնների՝ վերջիններս երկաթեայ ձողերով մտել են Գաւառի հիւանդանոց, ձողերով եւ դանակներով զինուածները սկսել են ջարդուփշուր արել հիւանդանոցի գոյքը, որից յետոյ, հրելով, քանդելով հիւանդանոցում հսկողութիւն իրականացնող ոստիկանների կազմած պատնէշը, մուտք են գործել այն սենեակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդիւնքում վիրաւորուած երկու անձիք եւ կտրող-ծակող գործիքներով վիրաւորներին մարմնական վնասուածքներ հասցրել: Զանգուածային անկարգութիւններին մասնակցելու կասկածանքով դրութեամբ՝ ձերբակալուել է 15 անձ:

*

Անհանգիստ սահման։ Այս շաբաթ, արցախա-ատրպէյճանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելեան (Մարտունի) հատուածում տեղակայուած  հայկական առաջապահ դիրքերի ուղղութեամբ հակառակորդը կիրառել է 60 մ․մ․-ոց ականանետեր: Միջադէպի արդիւնքում  Արցախի բանակի ստորաբաժանումները որեւէ կորուստ չեն կրել: Ըստ պաշպանութեան բանակի տարածած հաղորդագրութեան հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկուած պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդի շարժումները դադրած են։

*

Արցախի պատասխանը։ Արցախի Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ Արցախի նախկին նախագահ Բակօ Սահակեանը յայտարարել է, որ յարգել եւ յարգելու է ԵԱՀԿ Մինսքի խումբի առաքելութիւնը, քանի որ գտնում է, որ յարաբերական խաղաղութիւնը նաեւ նրանց առաքելութեան շնորհիւ է պահպանւում: Միաժամանակ Բակօ Սահակեանը շեշտել է, որ համանախագահների հետ հանդիպումներում ներկայացրել է Արցախի տեսակէտը, այն է` Արցախի անկախութիւնը եւ անվտանգութիւնը սակարկութեան ենթակայ չէ: «Եւ խնդրել եմ, որ նրանք չընդունեն իմ այդ յայտարարութիւնը, իմ եւ մեր դիրքորոշումը՝ որպէս ծայրայեղութիւն: Այս տարիների ընթացքում մենք չենք շեղուել ո’չ մեր դիրքորոշումից, ո’չ մեր սկզբունքից: Ղարաբաղեան հիմնախնդիրը, ատրպէյճանաղարաբաղեան հակամարտութիւնը, իմ խորին համոզմամբ, աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մէկն է, որն իր մէջ ներառում է բազմաթիւ պահանջներ, եւ մենք պարտաւոր ենք՝ այդ ամէնը հաշուի առնելով եւ յարգելով միջազգային հանրութեան շահագրգռուածութիւնը, հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասցնելու՝ այնուամենայնիւ շարունակելով մնալ մեր դիրքորոշման մէջ: Մենք յարգել եւ յարգելու ենք համանախագահների այս կամ այն առաջարկութիւնները, նրանց անկեղծ ջանքերը՝ ուղղուած հակամարտութեան կարգաւորմանը»,- ընդգծել է Արցախի ղեկավարը: Շարունակելով միտքը՝ Բակօ Սահակեանը հերթական անգամ պնդել է` վերադարձ անցեալին՝ թէ տարածքների, թէ՛ կարգավիճակի առումով, չի լինելու: Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի այն յայտարարութեանը, թէ Արցախեան հակամարտութեան կողմերին ներկայացուել է կարգաւորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր՝ Բակօ Սահակեանն ասել է` Հ․Հ․ գործընկերներն արդէն իսկ պաշտօնապէս յայտարարել են, որ չկայ քննարկուող փաստաթուղթ: Ըստ նրա` Արցախի իշխանութիւնները շարունակելու են դիւանագիտական կարողութիւններ գործադրել, ինչպէս նաեւ ընդհանուր համազգային ճակատում այս կամ այն գործունէութիւնն իրականացնող կազմակերպութիւնների հետ տարուող աշխատանքները:

Եւ վերջում շաբաթուայ  լուսանկարը։ Ճանաչենք մեր Հայրենիքի պաշտպաններին , ոչ թէ անուններով, այլ դէմքերով։   Լուսանկարը ՝ Պաշտպանութեան նախարարի մամլոյ խօսնակի Դիմագրքի էջից , հեղինակը՝ Արեգ Վարդանեան։ Լուսանկարում այս պահին հայրենիքի սահմաններն ամուր պահող, առաջնագծի զինուորներ են։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*