Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակ․- Նախագահ Արմէն Սարգսեանի Ուղերձը

0 0
Read Time:2 Minute, 39 Second

 

ԵՐԵՒԱՆ․- Ուրբաթ, Ապրիլ 24-ին, Հ․Հ․ նախագահ Արմէն Սարգսեան Ծիծեռնակաբերդի մէջ յարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին։

Հանրապետութեան նախագահի անունով ծաղկեպսակ զետեղուեցաւ յուշակոթողին մօտ: Նախագահը անմեղ զոհերու յիշատակը յաւերժացնող անմար կրակի մօտ, մէկ վայրկեան լռութեամբ յարգեց անոնց յիշատակը: Ան հետեւեալ ուղերձը յղեց․-

«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում,

Այս տարի Հայոց ցեղասպանութեան զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր յարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների յիշատակին երբեք չի չափուել միայն Եղեռնի յուշահամալիր կամ Հայոց ցեղասպանութեան այլ յուշարձաններ այցելութեամբ:

Մենք յիշում ենք մեր զոհերին մշտապէս ու ամէնուր` աշխարհում ուր էլ որ լինենք, աղօթում ենք նրանց համար մեր հոգում եւ մտքում` անուն առ անուն: Յիշողութիւնն ու կորստի ցաւը` միահիւսուած ապրելո՛վ յաղթելու ու արդարութեան յաղթանակին հասնելու մեր կամքի հետ, ուղեկցում են մեզ արդէն 105 տարի:

Այո՛, աւելի քան մէկ դար է անցել Հայոց Ցեղասպանութիւնից, հայ ժողովրդի հայրենազրկումից եւ ունեզրկումից: Սակայն համայն հայ ժողովուրդը դեռեւս սպասում է ճշմարտութեան յաղթանակին եւ արդարութեան հաստատմանը:

Պատմաբանները եւ վերլուծաբանները, ժամանակի պետական եւ քաղաքական գործիչներն առաջին աշխարհամարտից յետոյ հաստատուած համաշխարհային կարգի ամենամեծ անարդարութիւններից մէկը համարում են հայ ժողովրդի իրաւունքների բացարձակ անտեսումը:

1,5 միլիոն մարդկային կեանքերի կորուստն էապես ազդել է հայ ժողովրդի հետագայ վերարտադրման վրայ. այսօր պէտք է լինէինք ոչ թէ 10-12 միլիոն, այլ առնուազն դրա կրկնակին:

Ցեղասպանութեան ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրութեան եւ Թուրքիայի առջեւ, մի քանի բաղադրիչ ունի` յիշողութեան պարտք, նման ոճրի կրկնութեան բացառում եւ դատապարտում, Ցեղասպանութեան հետեւանքների վերացում:

Անընդունելի է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի դիտարկումն Անգարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպէական շահերի տեսանկիւնից:

Այդ մօտեցմամբ աշխարհն առաջ չի գնայ: Մենք չենք կարող մի կողմից յայտարարել մարդատեացութեան, խտրականութեան, անհանդուրժողականութեան, հակասեմականութեան, ժխտողականութեան եւ այլ համամարդկային չարիքների դէմ համատեղ պայքարի մասին, միւս կողմից Հայոց ցեղասպանութեան հարցով «դիւանագիտութիւն բանեցնել» Թուրքիայի հետ:

Շատ պետութիւններ, որոնք մեծ շահեր ունեն Թուրքիայի հետ, յաղթահարել են այդ պատնէշը, եւ պէտք է արժանին մատուցել նրանց:

Երախտապարտ ենք նրանց, ինչպէս նաեւ այն երկրներին, որոնք Ցեղասպանութիւնից յետոյ իրենց դռները բացել եւ ապաստան են տուել այդ արհաւիրքից փրկուածներին:

Երախտապարտ ենք մարդասիրական կազմակերպութիւններին, միսիոնարներին, դիւանագէտներին եւ այն ժողովուրդներին ու անհատներին, որոնք դաժան այդ օրերին օգնութեան ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:

Անընդունելի է Թուրքիայի իրերայաջորդ կառավարութիւնների դիրքորոշումը, որը խուսափել եւ խուսափում է Ցեղասպանութեան ճանաչումից եւ պետական մակարդակով առաջ տանում ժխտողականութեան քաղաքականութիւնը:

Ցեղասպանութեան յանցագործութիւնը վաղեմութեան ժամկէտ չունի: Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիայի կողմից եւ դրա հետեւանքների վերացումը անվտանգութեան երաշխիք են Հայաստանի եւ հայ ժողովրդի, ինչպէս նաեւ տարածաշրջանի համար:

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանութիւնը եւ չենք կարող հաշտուել դրա հետեւանքների հետ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ցաւագին յիշատակից բացի պէտք է խօսել այդ տարիներին մեր ժողովրդի ցուցաբերած ոգու տոկունութեան եւ հերոսութեան մասին նոյնպէս:

Ցեղասպանութիւնը նաեւ հայ ժողովրդի գոյատեւման ու մաքառումի պատմութիւն է, մարդկային ոգու ու կամքի պայքարի պատմութիւն: Դա պայքար էր կեանքի համար: Պայքար ինքնութեան պահպանման համար, պայքար ազգի յիշողութիւնը չկորցնելու եւ սերունդներին փոխանցելու իրաւունքի ու հնարաւորութեան համար:

Ցեղասպանութիւնը նաեւ մարդկային ամէնօրեայ հերոսութեան պատմութիւն է, երբ ապրելն ու գոյատեւելը արդէն իսկ պայքար է: Մենք մաքառել ենք, տոկացել ու հերոսացել:

Մենք կարողացանք յաղթել մահին, մենք վերապրեցինք եւ վերածնուեցինք: Այսօրուայ անկախ Հայաստանի գոյութիւնն, ազատ Արցախն, ինչպէս նաեւ կազմակերպուած ու յաջողակ սփիւռքը դրա ապացոյցն են եւ նոր հնարաւորութիւն մեզ համար:

Հնարաւորութիւն` համախմբուելու որպէս ազգ եւ ժողովուրդ, մէկտեղելու մեր ջանքերն ու կարողութիւնները եւ հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը: Ես հաւատում եմ դրան:

Յիշում եմ եւ պահանջում: Աստուած պահապան հայ ժողովրդին»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԹՈՒՐՔԻԱ, ՕՍՄԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՒ ՄՈՌՑՈՒՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Next post Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի Նշում

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles