Հայրենիքէն «Հայրենիք»-ին

0 0
Read Time:5 Minute, 43 Second

Սոնա Յակոբեան

Այս շաբաթ կրկին հայրենիքեն «Հայրենիք»-ին հասած լուրերի ամփոփումը սկսենք պսակաձեւ ժահրից, որը նախորդ շաբաթ հասաւ նաեւ Արցախ։  Իրավիճակն էլ աւելի վերահսկելու համար Արցախի Հանրապետութեան ամբողջ տարածքում 2020 թուականի  Ապրիլի 12-ի, ժամը 22:00-ից սկսած մինչեւ 2020 թուականի Մայիսի 12-ը, ժամը 22:00-ը ներառեալ՝ յայտարարուել է արտակարգ իրավիճակ: Դիմել արցախցիներին նախագահ Բագօ Սահակեանը նշել է, թէ հաշուի առնելով, որ, չնայած պսակաձեւ ժահրի տարածման կանխարգելման եւ համաճարակի սպառնալիքից բնակչութեան պաշտպանութեան ուղղութեամբ ձեռնարկուած միջոցառումների արդիւնքում տեւական ժամանակահատուածում Արցախի Հանրապետութիւնում վարակի դէպքեր չէին արձանագրուել, սակայն վերջերս վարակի արձանագրուած դէպքերը անհրաժեշտութիւն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման եւ միջոցառումների իրականացման, այդ թւում՝ Ապրիլի 14-ին նախագահական ընտրութիւնների անցկացման ժամանակ։ Ըստ Արցախի առողջապահության նախարարութեան բուժհիմնարկներում և նախատեսուած մեկուսարաններում մեկուսացուած քաղաքացիների ընդհանուր թիւը 10 է, վարակի հաստատման նոր դէպքեր չեն արձանագրուել: Արտակարգ դրութիւնը եւս մէկ ամիսով երկարեցուել է նաեւ Հայաստանում։ Կառավարութիւնը որոշել է երկարաձգել Հայաստանի Հանրապետութիւնում 2020 թուականի Մարտի 16-ին յայտարարուած արտակարգ դրութիւնը 2020 թուականի Ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թուականի Մայիսի 14-ը ժամը 17:00-ը ներառեալ ժամկէտով: «Անհնար է վարակն ամբողջովին վերացնել։ Դրա դէմ պատուաստանիւթի ստեղծումը հնարաւոր կը լինի ամիսներ, եթէ ոչ` մէկ տարի անց։ Պետութիւնների կողմից ձեռնարկուած միջոցառումները մեծամասամբ միտուած են անորոշութիւնները կառավարելուն։ Հասարակութիւնները կանգնած են կարեւոր երկընտրանքի առջեւ` փորձել խուսափել մեծաքանակ զոհերից եւ դանդաղեցնել վարակի տարածման արագութիւնը, որպէսզի առողջապահական համակարգն ի վիճակի լինի սպասարկել հիւանդներին` միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսութեանը, կամ թոյլ տալ վարակի արագ տարածում` մարդկանց մօտ ձեւաւորելով դիմադրողականութիւն և հնարաւոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կեանքին՝ միաժամանակ ունենալով աւելի մեծ թիւով զոհեր։ Պետութիւնների գերակշիռ մասը գնում է առաջին ուղղութեամբ՝ չբացառելով որևէ պահի անցումը երկրորդ տարբերակին»,- ժամկէտների հիմնաւորումն այսպէս է մեկնաբանել Տիգրան Աւինեանը։

*

Նոր վիճակագրական թիւեր Հայաստանից։ Ընդհանուր առմամբ Հայաստանում պսակաձեւ ժահրով վարակուածների թիւը  արդէն հասել է 1201-ի։ Բուժուածների թիւը` 402-ի, տարբեր բժշկական հաստատութիւններում դեռեւս բուժում է ստանում 780 մարդ , ցաւոք մահացողների թիւը հասել է 19-ի։ Վարակի դէմ պայքարում են նաեւ մարզային հիւանդանոցներում։ Օրինակ Շիրակի մարզի հինգ բնակիչներ առանց էական բարդութիւնների յաղթահարել են  հիւանդութիւնը եւ մեկնած հիւանդանոցից։ Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսեանը նշելով, թէ.- «Հիւանդանոցում 11 հիւանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով եւս կը վերադառնան իրենց տները»:

*

«Իրան ըսա, քէֆս ինչքան կու տայ, էդքան պդի վառեմ: Ըդիկ իմ անձնական գործն է»… (Հատուած «Մեր մանկութեան թանկօ» ֆիլմից ):

Այս օրերին Հայաստանի քաղաքացիները իրենց սրտի ուզածի չափով չէ, բայց ինչքան որ անհրաժեշտ է կարող են կազ ու ելեկտրականութիւն սպառել։ Վճարումները նաեւ պետութեան անձնական գործն է։ Ինչպէս գիտէք, այս օրերին տնտեսական վնասները վերացնելու նպատակով կառավարութիւնը հակաճգնաժամային տարբեր ծրագրեր մշակել, որոնցից մէկով նախատեսւում է , որ կառավարութիւնը 30%-ի չափով աջակցութիւն կը տրամադրուի այն բաժանորդներին, որոնց 2020 թուականի Փետրուար ամսուայ ծախսը կազմել է՝

  • բնական կազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառեալ,
  • Ելեկտրականութեան սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառեալ

*

Շաբթուայ մեղադրեալը։ Այս շաբաթ  ազգային անվտանգութեան ծառայութիւնում «օֆշոր»-ի գործով ցուցմունք է տուել Հայ Առաքելական եկեղեցւոյ Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը։ Հարցաքննութեան 4 ժամը լրանալուց եւ դադարից յետոյ այն նորից շարունակուել է։ Նաւասարդ Կճոյեանին Ապրիլի 13-ին կանչել են Ազգային Աապահովութեան Ծառայութիւնը եւ մեղադրանք առաջադրել առանձնապէս խոշոր չափով  խարդախութիւն եւ փողերի լուացում։ Կճոյեանը մեղադրանքը չի ընդունում։  Ի դէպ այս գործի շրջանակներում շօշափւում էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանի անունը։ Սակայն  «Հետք» առցանց պարբերականին տուած հարցազրոյցում Կճոյեանի իրաւապաշտպանը նշել է, որ իր պաշտպնեալի մեղադրանքում նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանի անունը չի շօշափւում։

*

 Շաբթուայ քարկոծուածը։ Ամէն ինչ սկսուեց այն բանից յետոյ , երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.- ը կոչ էր կատարել, հաշուի առնելով պսակաձեւ ժահրի պատճառով ստեղծուած իրավիճակը, կալանքից ազատել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանին։ Մայր Աթոռի տարածած յայտարութեան մէջ նշուած է եղել.- «Հաղորդ լինելով նախագահի առողջութեան առնչութեամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարեւոր ենք համարում, որ արդարադատութեան իրագործման հետ մէկտեղ ձեռնարկուեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թւում՝ խափանման միջոցի փոփոխութիւն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի յետագայ բարդացումներից»։ Այս կոչից յետոյ իշխանութեան որոշ ներկայացուցիչներ ու նրանց սատարողներ մեծ արշաւ սկսեցին Կաթողիկոսի դէմ։ Սակայն ամենաշատը քննարկուեց Ազգային Ժողովի փոխ խօսնակ Ալէն Սիմոնեանի գրառումը, որտեղ նաեւ Գարեգին Բ.-ին դիմել էր մասնաւորապէս այսպէս «Քաղաքացի Կտրիճ  Ներսիսեան»։

*

Այս առիթով նախագահ Արմէն Սարգսեանին «Երկիր Մետիա»-ի ուղարկած հարցմանն ի պատասխան նրա գրասենեակը յայտարարել է թէ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ եկեղեցին եւ պետութիւնն իրարից անջատ են:  Միաժամանակ Սահմանադրութիւնն ընդգծում է նաեւ Հայաստանեաց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում: Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ առանձնայատուկ յարաբերութիւնները  կարգաւորուած են նաեւ օրէնսդրօրէն:

Յայտնի է, որ երկար տարիներ Արմէն Սարգսեանը Հայաստանյայց առաքելական սուրբ  եկեղեցւոյ  բարերարներից  է: Նախագահը  խորին  պատկառանք ունի եւ յարգանք է տածում Հայաստանեաց առաքելական սուրբ եկեղեցւոյ եւ հայ քոյր  եկեղեցիների, հայոց ողջ հոգեւոր ու  պատմամշակութային ժառանգութեան հանդէպ: Հանրապետութեան նախագահը բազմիցս է նշել, որ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում հայ եկեղեցին,  մեր հաւատքն ու մարդասիրական արժէքները եղել ու մնում են մեր ազգային ինքնութեան խարիսխը եւ ազգապահպան կարեւոր յենարանը: Հետեւաբար, իւրաքանչիւրիս գործողութիւնները պէտք է հիմնուած լինեն միմիանց  նկատմամբ յարգանքի եւ հանդուրժողականութեան վրայ: Յատկապէս, որ ընդամէնն օրեր առաջ նշեցինք Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը, որի մէջ մարդասիրութեան, հոգատարութեան, համերաշխութեան եւ հանդուրժողականութեան մեծ խորհուրդ կայ».- ասուած է պատասխան նամակում:

*

Նա ասաց ու գնաց։  Վերջին անգամ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը խորհրդարան էր գնացել, որպէսզի խորհրդարանը իրեն նախագահ ընտրի։ Այս անգամ , սակայն, Սերժ Սարգսեանն այնտեղ էր Ապրիլեան պատերազմի հանգամանքները քննող յանձնաժողովի նիստին մասնակցելու, իրեն ուղղուած հարցերին պատասխանելու համար։ Ըստ յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանի, Սերժ Սարգսեանը մինչ հարցերին պատասխանելը ներածական ելոյթ է ունեցել․ որը կցուել է գործին։ Հարցին՝ արդեօք Սերժ Սարգսեանն իր հերթին որոշ հարցեր ուղղել է իրենց, Քոչարեանը պատասխանել է․- «Սերժ Սարգսեանը մեզ հարցեր չի տուել, հարցեր տոըողը քննիչ յանձնաժողովն է։ Սերժ Սարգսեանը պատասխանում է մեր հարցերին։ Ինքն է որոշողը՝ պատասխանե՞լ, թէ՝ ոչ»: Դիտարկմանը՝ եղե՞լ է հարց, որին Սերժ Սարգսեանը հրաժարուել է պատասխանել՝ Քոչարեանն արձագանգեց․- «Ոչ»։ Նիստի աւարտից յետոյ,  լրագրողների հետ զրոյցում էլ Սերժ Սարգսեանը վստահեցրել է, որ  յայտարարուած արտակարգ դրութեան աւարտից յետոյ Ապրիլեան պատերազմի թեմայով մամուլի ասուլիս կը հրաւիրուի։

*

Շաբթոuայ լաւ լուրը։ Երեւանում պսակաձեւ ժահրով վարակուած մայրիկը առողջ փոքրիկ է լոյս աշխարհ բերել։ «Բարեբախտաբար, շնորհիւ մեր բժիշկներին, թէ’ երեխան, թէ’ մայրը իրենց լաւ են զգում: Ծննդաբերութիւնից յետոյ դրուած քննութիւնը ծննդկանի մօտ տուել է բացասական արդիւնք: Նրանք դեռ 14 օր կը գտնուեն բժշկական հսկողութեան տակ»,- յայտնել է առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը։

*

Մեղրամիս հիւանդանոցում․․․ Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագէտ Նարեկ Վանեսեանը դիմատետրում գրել է, թէ.- «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ բժշկական կեդրոնի վրացահայ բժիշկ Ճորճ Կանտարինան ու նրա՝ մասնագիտութեամբ բուժքոյր  Տաթեւ Կանտարիան են: Այս մեկուսարանի կառավարիչ Արտակ Մանուկեանի խոսքով՝ նրանք վերջերս են ամուսնացել, գտնւում են մեղրամսի մէջ ու այսպէս են անցկացնում համատեղ կեանքի քաղցր ժամերը՝ օգնելով պսակաձեւ ժահրի դրական ախտանշան ունեցող մեր հայրենակիցներին: Հպարտ եմ մեր կամաւորներով…»:

*

Եւ վերջում  առանց մեկնաբանութեան։ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսը, որ ամէն տարի Սուրբ Յարութեան հայրապետական պատարագը մատուցում էր Անթիլիասի բազմամարդ մայրավանքում, ընդունում էր հաւատացեալներին՝ իրենց փոքրիկներով ու լուսանկարւում իւրաքանչիւրի հետ, այսօր միայն հոգեւորականների մասնակցութեամբ մատուցուած պատարագի ժամանակ յուզուեց՝ «Զիմ Կիլիկիա» երգի հնչիւնների ներքոյ։

«Տխուր է Հայրապետը…Իմ, Քու եւ Մեր բոլորին մեղքերուն համար Ան այսօր արցունք կը թափէ։ Թող Ձեր աղօթքները ընդունելի ըլլան Վեհափառ Տէր…»,- գրել է Հայր Պետրոս Մանուէլեանը։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԱՊԱԳԱՅԻ ԱՐՑԱԽԻ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ
Next post ՍԼԱՔ.- ՀԵՔԻԱԹԸ՝ ՇՐՋՈՒԱԾ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles