Հայրենիքէն «Հայրենիք»-ին

0 0
Read Time:4 Minute, 2 Second

Սոնա Յակոբեան

Պետութիւնները սկսեցին իրարից «ընկերային հեռաւորութիւն» պահպանել , մարդկանց մի երկրից միւսը տեղափոխող օդանաւերի մեծ մասը դատարկ կանգնած են օդակայաններում , բայց կարծես աշխարհն աւելի է փոքրացել, պետութիւնների միջեւ հեռաւորութիւնը կարճացել:  Պսակաձեւ ժահրի դէմ պայքարը շարունակւում է, Հայաստանում օրակարգում արտակարգ իրավիճակը երկարեցնելու հարցն է:

Շաբթուայ վիճակագրութիւնը:  Հայաստանում պսակաձեւ ժահրով վարակուածների թիւը հասել է 937-ի, բուժուածներինը` 149-ի: Վերջին տուեալների համաձայն փաստացի բուժւում է 777 մարդ, բացասական քննութիւնների քանակը 5160 է: Ցաւօք մահացածների թիւն արդէն հասել է 11-ի:

Շաբթուայ ոչ այնքան հաճելի կանխատեսումը:  Ըստ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի , եթէ այս իրավիճակը պահպանուի, ապա Ապրիլ 19-ին Հայաստանը կ’ունենայ  մօտ 1800 դէպք, իսկ Ապրիլ 29-ին` 3600 դէպք:  «Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճը աւելի դանդաղ է, քան հաւաքական վերցրած վերջին 10 օրերինը: Բացասականն այն է, որ այս փոքրիկ եւ յարաբերական ձեռքբերումը կրնայ չշարունակուիլ, եթէ մենք թուլանանք եւ կրկին վերադառնանք մեր առօրեայ կեանքին` չպահպանելով հիւանդութեան տարածումը կանխող կանոնները… », – նշեց Թորոսեան:

Շաբթուայ ծափերը: Աշխարհում եւ Հայաստանում այս օրերին շնորհակալութիւն են ասում ու ծափահարում  այն բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են համավարակի դէմ:  Երեւանում Նորքի հիւանդանոցը իր «դիմատետր»-ի մէջ  տեղադրել է այս օրերին ծանրաբեռնուած իրենց աշխատանքային պարտականութիւնները կատարող բժիշկների լուսանկարները հետեւեալ մեկնաբանութեամբ.- «Մեր բժիշկների հերթական ծանրաբեռնուած օրը, ինչը նրանք, չգիտես ինչպէս կարողանում են ցոյց չտալ եւ մինչ օրուայ վերջ կարողանում են աշխատել նոյն հեւքով: Հիւանդների գոհունակութիւնն ու անկեղծ շնորհակալական խօսքերը, մաղթանքներն են իրենց ուժ տուողը»:

Ցաւօք, պսակաձեւ ժահրը հասաւ նաեւ Արցախ: Տեղւոյն  ոստիկանութիւնից տեղեկացնում են, որ նոր տիպի պսակաձեւ ժահրի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատուած անձանց հետ հնարաւոր շփում ունեցած անցակէտում ծառայութիւն իրականացնող ոստիկանութեան չորս ծառայողները, որոնք թէեւ ծառայութիւն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով եւ ձեռնոցներով, բայց, ապահովութեան նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացուել են: Լուրը հաղորդում է Արցախի Հանրապետութիւնում ձեւաւորուած համավարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող յանձնաժողովի տեղեկատուական շտապը:

 

Պսակաձեւ ժահրով վարակուած զինծառայողների վիճակը լաւ է: Ըստ պաշտպանութեան նախարարի մամլոյ խօսնակ Շուշան Ստեփանեանի վարակուած զինծառայողների թիւը չի փոխուել: «Վեց  զինծառայողների վիճակը լաւ է, ինքնազգացողութեան որեւէ խնդիր չունեն: Յառաջիկայ օրերին կրկնակի թեստաւորում կ’անենք, յոյս ունենանք, որ արդէն բացասական կը լինի պատասխանը եւ կը կարողանան վերադառնալ իրենց սովորական առօրեային»-նշել է Շուշան Ստեփանեանը: Անդրադառնալով մեկուսացուածներին խօսնակը նշել է, որ մեկուսացուածների մօտ եւս խնդիր չկայ: 14 օրը լրանալէն ետք, կը շարունակեն իրենց ծառայութիւնը:

 

Շաբթուայ աջակցութիւնը, բայց ոչ բժշկական: Ըստ վարչապետի գրառման կառավարութեան ընդունած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխուել է 10 միլիառ 700 միլիոն դրամի տնտեսական եւ ընկերային աջակցութիւն:  Այս օրերին Հայաստանում քաղաքացիների մեծ մասը չի աշխատում, թանկացումներն արդէն սկսուել են եւ շատ ընտանիքներ աջակցութեան կարիք ունեն:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի նախաձեռնութեամբ էլ, սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում դատաւորների համար նախատեսուած ինն շարժական համակարգիչներ փոխանցուել են Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեանը` առցանց ուսուցման ընթացքում կարիքաւոր աշակերտներին տրամադրելու նպատակով :

Համավարակից բացի , ոչ նախորդ ամիսների նման ,  բայց լարուած են կրքերը նաեւ ներքաղաքական կեանքում: Ինչպէս գիտէք նախորդ շաբաթ լուր տարածուեց, որ Հայաստանի «Արմինիա» օդանաւային ընկերութիւնը զրկուել է միջազգային արտօնագրից: Աւելի ուշ,  հերքուեցաւ  այս տեղեկութիւնը:  Ըստ հաղորդագրութեան, 2020 թուականի փետրուարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատուածում թռիչքային անվտանգութեան եւրոպական գործակալութեան եւ Եւրոպական միութեան մասնագէտների կողմից կոմիտէում եւ ընկերութիւններում իրականացուել է գնահատման այց: Ստուգումների արդիւնքում պարզուել է, որ կոմիտէն ունի լուրջ խնդիրներ, որոնք ըստ պատասխանատուների, նոր չեն եւ պահանջում են երկար ժամանակ եւ միջոցնէր` կառոյցն արդիականացնելու համար: Խնդրի վերաբերեալ խօսել է նաեւ Քաղաքացիական օդանաւարդութեան կոմիտէի ղեկավար Տաթեւիկ Ռեւազեանը: Հանրային հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում տիկին Ռեւազեանը հաստատելով, որ կան լուրջ խնդիրներ, նաեւ հաստատել է, որ հայկական ընկերութիւնները չեն կարող թռիչքներ կատարել Եւրոպական երկրներ` մինչեւ որ հարցը չկարգաւորուի: Տաթեւիկ Ռեւազեանը նշել է. «Իրենցից ժամանակաւոր վերցրել են այդ թոյլտուութիւնը` իրականացնել թռիչքներ դէպի Եւրոպա »:

Այս աղմուկ-աղաղակից յետոյ իր իսկ դիմումի համաձայն աշխատանքից ազատուել է այս հարցերով վարչապետի խորհրդական Յակոբ Ճաղարեանը: Նա նշել է , որ աշխատանքից հեռանալու պատճառը ցուցաբերուող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մօտեցումներն են, որոնց մասի նա բաւականին երկար ժամանակ ահազանգել է վարչապետին: Ի դէպ իր հեռանալը հրապարակայնացնելուց յետոյ Ճաղարեանին հրաւիրել են Ազգային անվտանգութեան ծառայութիւն` հարցաքննութեան:

 

Շաբթուայ ամենայուզիչ գրառումը:  «Թող մեր բարեկամութիւնը Արարատից բարձր լինի ու Եանկցի գետից երկար»  գրութեամբ տուփերով մարդասիրական օգնութիւնը Չինաստանից Հայաստան հասաւ այս շաբաթ: Երեւանում վայրէջք է կատարել  Չինաստանից Հայաստան տեղափոխուող Հ.Հ. պետական միջոցների հաշուին ձեռքբերուած, Չինաստանի պետական մարմինների, ինչպէս նաեւ հայ եւ չինացի բարերարների կողմից նուիրաբերած բժշկական պարագաների եւ սարքաւորումների խմբաքանակը:

Տուեալ չուերթով Հայաստան են ժամանել նաեւ օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանութիւնում բնակուող Հայաստանի երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրեայ ինքնամեկուսացում: Ի դէպ վերջապէս Հայրենիք վերադարձան նաեւ Թուրքիայում գտնուող  Հայաստանի 73 քաղաքացիները :

Շաբթուայ արդարացումը: Նիկոլ Փաշինեանն արդարացրել է արդէն շուրջ երկու տարի պետական համակարգի բազմամիլիոնանոց պարգեւատրումների աշխատելաոճը ու հրապարակել թիւր, որոնք արագ հերքուեցին փորձագիտական շրջանակների կողմից: Վարչապետ յայտարարել, որ բարձրաստիճան պաշտօնեաներին տարեկան  իր որոշմամբ տրուել է 1 միլիառ դրամ, որը թոշակառուներին բաժանուելու դէպքում նրանց կենսաթոշակը ամսական կ’աւելանար միայն 168 դրամով: Շատերը նկատել են, որ վարչապետը խօսել է միայն «բարձրաստիճան » պաշտօնեաների մասին, եւ ոչ ամբողջութեամբ պետական համակարգի, որին տարեկան տրուած պարգեւավճարը անցած տարուայ ընթացքում կազմել է 28 միլիառ դրամ: Միայն Երեւանի քաղաքապետարանի դէպքում այն եղել է երկու միլիառ դրամ:   Յիշեցնենք, որ լուրեր տարածուեցին որ այս օրերին խորհրդարանում հերթական պարգեւատրումն են ստացել:

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՀԻԱՍԹԱՓՈՒԹԵԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԱԳՈՅՆ ՇԱՀԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻՆ ՄԻՋԵՒ
Next post Արցախի Մէջ Պսակաձեւ Ժահրով Վարակուածներուն Թիւը Կը Բարձրանայ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles