Հայրենիքէն «Հայրենիք»-ին

0 0
Read Time:6 Minute, 59 Second

Սոնա Յակոբեան

 

Բարձունքը մերն է, տղերքը` չկան,

տղերքն աւելի բարձրում մնացին

Դիպան Աստղերին, աստղերը հանգան

եւ Մռմուռ քսուեց մեր ցամաք հացին:

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-

բարձունքը մերն է, տղերքը… չկան:

.

Ձեր կեանքի հաշուին ո՞նց եմ ապրելու`

Մորթապաշտ օրս զինով զրահած,

Ու մթնած հոգուս փչակները խուլ

Ո՞նց բացեմ խինդ ու նուագի առաջ:

Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,

Իմ պղծութիւնն եմ առաւել զգում,

Պստիկ հոգսերի մէջ եմ մոլորել

Իմ փուչ անցեալն ու գալիքն անխոստում: Բանաստեղծութիւնը` Խաչիկ Մանուկեանի

 

Թէեւ պսակաձեւ ժահրի պատճառով այս Ապրիլն ամբոողջ աշխարհի համար այլ  նշանակութիւն ունի, բայց մեզ հայերիս համար  2016 թուականից սկսած բոլոր ապրիլները նրանցն են: 2016-ի Ապրիլ 1-ի, լոյս 2-ի գիշերը արցախա-ատրպէյճանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդը սկսեց լայնածաւալ յարձակողական գործողութիւններ` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական կարողութեան գրեթէ բոլոր հնարաւոր տեսակները: Առաւել թէժ մարտեր ընթացան արցախա-ադրբեջանական սահմանի հարաւային եւ հիւսիսարեւելեան ուղղութիւններում: Հակառակորդը հարուածներ էր հասցնում նաեւ խաղաղ բնակավայրերին եւ մի քանի զօրամասերի մշտական տեղակայման վայրերին: Արցախի  առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր մղեցին` հակառակորդին հասցնելով տեխնիկայի եւ կենդանի ուժի լուրջ կորուստներ: 2016 թուականի Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատուածում հայկական կողմն ունեցաւ աւելի քան հարիւր զոհ: Ինչ վերաբերում է հակառակորդի  զինուժի կորուստներին, ապա պաշտօնական Պաքուն յայտնել է միայն 31 զինծառայողի կորստի մասին: Սակայն զոհերի իրական թիւը գերազանցում է 2.500-ը: Ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ հակառակորդի տարիներ շարունակ մարզուած յատուկ ջոկատայինների դէմ դուրս եկան 18-19-ը տարեկան պատանիներ , ովքեր իրենց կեանքի գնով ամուր պահեցին Արցախի սահմանները: Սասուն Մկրտչեան , Ռոպերթ Ապաճեան , Արմենակ Ուրֆանեան, Անդրանիկ Զոհրապեան ․․․․․․․․շարքը երկար է: Այս տղաներից շատերը 2016-ի Ապրիլին պիտի ընտանիք կազմէին, հայրանային, զինուորական ծառայութեան մեկնելիս ամուր գրկել էին իրենց ծնողներին ու խոստացել վերադառնալ: Բայց դաւադիր հակառակորդը նրանց համար այլ  ուղի էր գծել : Տղաներն 2016-ի ապրիլից յետոյ տուն չվերադարձան , իսկ նրանց ծնողների համար սփոփանք դարձան նրանց հերսութիւնները:

Ապրիլեան պատերազմի օրերին տղաների կատարած սխրանքների ամենանուիրական օրինակը: Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերն արցախա-ատրպէյճանական սահմանի  ողջ երկայնքով թշանամիի աւելի քանի երեք հարիւր հոգինոց խմբերը հրասայլերի աջակցութէամբ փորձ են կատարում գրաւելու հայկական դիրքերը: Հրամանատար Արմենակ Ուրֆանեանը գլխաւորութէամբ` վեց հոգինոց սահմանապահ ուժերն անցնում են պաշտպանութեան` երկու անգամ եաջողութէամբ հետ մղելով հակառակորդի եարձակումները ու խոցելով նաեւ թշնամու մէկ հրասայլ: Անյաջող յարձակման փորձից յետոյ թշնամին նահանջում է եւ կրկին սկսում ռմբակոծել հայկական դիրքերը: Ուրֆանեանը հրահանգում է իր զինուորներին հետ քաշուել, բայց նրանցից երկուսը` Անդրանիկ Զոհրապեանն ու Քեարամ Սլոյեանը հրաժարւում են ենթարկուել ու շարունակում են մարտը իրենց հրամանատարի հետ: Յամառ դիմադրութիւնից յետոյ ` հակառակորդին մեծաթիւ վնասներ պատճառելով Արմենակ Ուրֆանէանը զոհւում է, նրա հետ միասին նաեւ Քիարամ Սլոյեանը : Ոտքի վիրաւորում ստացած Ռոպերթ Ապաճեանը հրամանատարութիւնը վերցնում է իր  ձեռքը եւ պատնէշի վրայից շարունակում մարտը: Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինուորներին ուղղարկում է փամփուշտ բերելու: Այդ ընթացքում հակառակորդին յաջողւում է թափանցել դիրք: Ապաճեանը, կողքին մնացած միակ ծառայակցի` վիրաւորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրապեանին միայնակ դիրքում չթողնելով մի կերպ նահանջում է դէպի դիրքային կացարան: Արիւնահոսութիւնից շուտով մահանում է Զոհրապեանը: Մարտական խորշում դիրքաւորուելով, Ռոպերթ Ապաճեանը մինչեւ վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռուել թշնամիի մեծաթիւ ուժերի դէմ` միեւնոյն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ եւ վերջինիս կարեւոր տեղեկութիւններ հաղորդելով դիրքում կատարուող դէպքերի մասին: Նկատելով իրեն մօտեցող թշնամիին` Ապաճեանը վերջին անգամ կապի է դուրս գալիս  եւ ասում ,  որ արդէն հանել է իր մօտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է` հէնց մօտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չյանձնուի: Տեսնելով իրեն մօտեցող հակառակորդին, Ապաճեանը բացուած նռնակը թաքցնում է ափի մէջ եւ ձեռքերը վեր բարձրացնում, իբր յանձնւում է: Թոյլ տալով, որ բաւականաչափ իրեն մօտենան, Ապաճեանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինուորի: Անձնազոհ քայլով Ռոպերթ Ապաճեանը նաեւ փրկում է թիկունքից օգնութեան հասած հայկական ուժերի զինուորներին:  Ռոպերթն այսօր Արցախի ամենաերիտասարդ հերոսն է, նա   չկայ, բայց  նրա ու շատ հերոս տղաների կեանքի գնով մերն է  Մարտակերտի բարձունքը:

*

Ատրպէյճանը շարունակում է սադրել նաեւ այս համաճարակային ծանր օրերին: Հայաստանի Արտաքին գործերի նախարարութիւնը յայտարութիւն է տարածել , որում նշուած է , որ դատապարտելի է Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից հայ-ատրպէյճանական սահմանին, ինչպէս նաեւ Արցախի եւ Ատրպէյճանի միջեւ շփման գծում իրադրութեան վերաբերեալ պարբերական կեղծ տեղեկատուութեան տարածումը, որի նպատակն է քօղարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի եւ միջազգային հումանիտար իրաւունքի խախտումները: Յիշեցնենք, որ Մարտ 30-ին ատրպէյճանական զինուած ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետեւանքով վիրաւորում էին ստացել Տաւուշի շրջանի Ոսկեւան բնակավայրի անչափահաս բնակիչը եւ երկու զինծառայողներ: Հարկ է ընդգծել, որ այս ռազմական միջադէպի ընթացքում ատրպէյճանական զինուած ստորաբաժանումները քաղաքացիական ենթակառուցուածքում թիրախաւորել էին քաղաքացիական անձի` երեխայի, ինչը միջազգային մարդկային իրաւունքի բացայայտ խախտում է: Ակնյայտօրէն ատրպէյճանը փորձում է օգտագործել պսակաձեւ ժահրի տարածման հետեւանքով հակամարտութեան գօտում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտադիտարկումների ժամանակաւոր կասեցումը հրադադարի խախտումներ իրականացնելու եւ կեղծ տեղեկութիւններ տարածելու նպատակով:  «Եւս մէկ անգամ ընդգծում ենք մեր յանձնառութիւնը` յարգելու ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի կոչերը եւ այս ժամանակաշրջանում խստօրէն պահպանելու հրադադարը եւ ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողութիւններից: Նշենք, որ նման իրադրութիւններում առաւել ընդգծւում է ռիսկերի նուազեցման վերաբերեալ ձեռք բերուած համաձայնութիւնների իրականացման եւ այդ նպատակով արդիւնաւէտ միջազգային մարմինների ստեղծման կ’արեւորութիւնը»,- նշուած է յայտարարութեան մէջ:

*

Անհանգիստ սահման: Ապրիլի 3-ին` ժամը 00:35-ի սահմանում, Պաշտպանութեան հարաւ-արեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում, դեռեւս չպարզուած հանգամանքներում, մահացու հրազէնային վիրաւորում է ստացել զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխեանը, ծնած 2000-ին: Զինծառայողը Աբովեան քաղաքից էր: Շաբաթուայ սկզբին է Հայաստանի Տաւուշի մարզի սահմանամերձ Ոսկեւան գիւղում ադրբեջանական կողմի գնդակոծման հետեւանքով վիրաւորում էր ստացել 14-ամեայ երեխայ: Նախնական տուեալներով, 14-ամեայ դպրոցականը վիրաւորուել է կրծքավանդակի շրջանում` Ոսկեւան գիւղը թիրախաւորած ադրբեջանական զինուժի գնդակոծման հետեւանքով: Երեխան գտնւում է բժշկական անմիջական հսկողութեան տակ, նրա կեանքին վտանգ չի սպառնում:

*

Պսակաձեւ ժահրի դէմ պայքարն աշխարհում եւ Հայաստանում շարունակւում է: Եւ այպէս Հայաստանում Ապրիլի 3-ին ժամը 11:00-ի դրութեամբ թագավարակի հաստատուած դէպքերի ընդհանուր քանակը 736 է: Բուժուածներինը`  43, փաստացի բուժուողներինը` 686: Պսակաձեւ ժահրի պատճառով մահուանը 7-րդ դէպք է արդէն գրանցուել:

Նոր սահմամնափակումներ:  Մինչեւ Ապրիլի 12-ը ներառեալ Հայաստանում երկարացուելու են արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժի եւ տնտեսական գործունէութեան որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:Դադարեցուել են  հանրային փոխադևամիջոցի գործունէութիւնը` բացառութեամբ երկաթուղայինի: Թոյլատրւում է թաքսիների գործունէութիւնը, սակայն մարզից մարզ գնալն այս օրերին հայրենիքում սահմանափակուած է: Տեղաշարժը հնարաւոր է աշխատանք-տուն երթուղիով եւ մէկ-երկու այլ բացառութեան դէպքում: Թոյլատրւում է թեթեւ մարդատար մեքենայով  ընտանիքի անդամների, նոյն կազմակերպութիւնում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման: Հայաստանի բնակիչներն աշխատանքի գնալիս կամ տանից դուրս գալիս պէտք է ունենան տեղաշարժման թերթիկ: Փակ է նաեւ Երեւանի փակուղին:

 

Շաբաթուայ ահազանգ- լուսանկարը Կարէն Տէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրից:  Համացանցում շատ արագ տարածուեց համալիրիի ճեմասրահի լուսանկարը: Այն կահաւորուած էր   մահճակալներով` հնարաւոր վարակակիրներին կամ մեկուսացուած այլ քաղաքացիներին տեղաւորելու համար: Խուճապահար քաղաքացիներին հանգստացնելու համար պարէտատան տարածած յայտարութեան համաձայն իրենք պարզապէս առանձնացուել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդիւնաւէտ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթէ նման անհրաժեշտութիւն կ’առաջանայ: Վայրերից մէկն է Կարէն Տէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրն է եւ շատ հնարաւոր է այն օգտագործելու անհրաժեշտութիւն չլինի:

«Զգուաշէք, նրանք ձեզ լսում են»: Նախագահ Արմէն Սարգսեանը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունուած օրէնքը, ուր նախատեսւում է արձանագրել հեռախօսազանգերը պսակաձեւ ժահրով վարակուածների կապերին գտնելու համար, տեղորոշել նրանց տեղադիրքն ու տեղաշարժը: Այս մասին յայտարարութիւն է տարածել Հ․Հ․ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը: «Աշխարհում համաճարակի  տեսքով մարդկութեանը մարտահրաւէր է նետուած, եւ իւրաքանչիւր պետութիւն ձգտում է հնարաւոր եւ անհրաժեշտ բոլոր միջոցները կեանքի կոչել` համաճարակի յետագայ տարածումը սեղմ ժամկէտներում կանխարգելելու եւ մարդկային բազմաթիւ կեանքեր փրկելու ուղղութեամբ: Արտակարգ դրութեան պայմաններում Սահմանադրութեամբ ամրագրուած մարդու առանձին հիմնարար ազատութիւնների եւ իրաւունքների ժամանակաւոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպէս հանրային շահից, այնպէս էլ իւրաքանչիւրի բարձրագոյն մարդկային իրաւունքի` մարդու կեանքի եւ առողջութեան պահպանման անհրաժեշտութիւնից:Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը ստանձնել է անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնութիւնը եւ պատասխանատու է դրանց իրաւաչափ իրականացման համար` ապաւինելով իւրաքանչիւրիս ողջախոհութեանը: Այս բարդ իրավիճակում կարեւոր է բոլորիս համախմբումը, աջակցութիւնը պատկան մարմիններին: Կառավարութիւնն իր կողմից պարտաւոր է դրսեւորելու բացառիկ հետեւողականութիւն, որպէսզի նախատեսուող սահմանափակումները կեանքի կոչուեն` չյանգեցնելով Սահմանադրութեամբ ամրագրուած մարդու իրաւունքների եւ ազատութիւնների անհարկի միջամտութեանը: Անձնական տուեալների պաշտպանութեան, մասնաւոր եւ ընտանեկան կեանքի անձեռնմխելիութեան, հաղորդակցութեան ազատութեան եւ գաղտնիութեան իրաւունքների սահմանափակումները իրաւասու մարմինների կողմից պէտք է կիրառուեն միմիայն վերը նշուած նպատակներն ապահովելու համար եւ ամենայն պատասխանատուութեամբ»,- ասուած է յայտարարութեան մէջ:

*

Շաբթուայ յուսադրող լուրը: Աղաւնաձորում տեղակայուած մեկուսարաններից մէկում 14 օր մեկուսանալուց եւ պսակաձեւ ժահրի  թեստ յանձնելուց յետոյ, քաղաքացիների մի մասի մօտ արձանագրուել էր բացասական պատասխան: Այս մասին Դիմագրքի  իր էջում գրել է  Աղաւնաձորի մեկուսարանի պատասխանատու, ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսեանը: «Մեր ողջ թիմը ծափերով եւ ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դէպի տուն: Այո,  յետոյ կայ կեանք…Առողջ լինէք…»

 

*

Եւ վերջում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ապրիլի 5-ին նշելու է Երուսաղէմ Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքի տօնը` Ծաղկազարդը: Ինչպէս յայտնում են Մայր Աթոռի տեղեկատուական համակարգից, Տօնի առիթով դուրս կը բերուի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահուող Աստուածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կը կատարուի Անդաստանի արարողութիւն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կ’օրհնուեն աշխարհի չորս կողմերը: Ծաղկազարդի Սուրբ Պատարագը եւ Անդաստանի արարողութիւնը կը հեռարձակուեն:

 

 

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԼԵՆԱ ԹԱՇՃԵԱՆԻ ՀԵՏ.- THE VEGAN ARMENIAN KITCHEN ՆՈՐԱՏԻՊ ԳԻՐՔԻՆ ԱՌԹԻՒ
Next post ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ ԴՈՒՆ ՈՒԽՏԱՎԱՅՐ…

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles